վոդևիլներում՝ դրսևորելով դիմախաղի, ժեստի մեծ վարպետություն։ Վ․ Գ․ Բելինսկին, բարձր գնահատելով Մ–ի արվեստը, հատկապես ընդգծել է Սինիչկինի (Դ․ Տ․ Լենսկու «Լև Գուրիչ Սինիչկին», 1840) դերակատարումը։ Մ–ի ստեղծագործության երգիծական ուղղվածությունն ավելի վառ արտահայտվել է Ն․ Գոգոլի պիեսներում (Խլեստակով, «Ռևիզոր», 1843 ևն)։ Մ–ի ստեղծագործական նոր շրջանն սկսվել է Ի․ Ս․ Տուրգենեի և Ա․ Օստրովսկու պիեսների կերպարների անձնավորումներով։ Հոգեբանական ռեալիզմի խոշոր նվաճում է եղել Մոշկինի (Տուրգենևի «Ամուրի», 1859) դերակատարումը։ Ռուս թատրոնի պատմության մեջ անջնջելի հետք է թողել Մ–ի Տիխոնը (Ա․ Օստրովսկու «Ամպրոպ», 1859)՝ դաժան ռեժիմից կործանված մարդու կերպարը։ Խաղացել է 600-ից ավելի դեր՝ սուր երգիծական գրոտեսկային կոմիզմից երբեմն հասնելով ողբերգության։
Գրկ. Альтшуллер Α., Α. Ε. Мартынов, Л.-М., 1959.
ՄԱՐՏԻՆՈՎ Լեոնիդ Նիկոլաևիչ (1905, Օմսկ – 1980, Մոսկվա), ռուս սովետական բանաստեղծ։ Սիբիրի անցյալին են նվիրված Մ–ի 1930-ական թթ․ գրած պոեմ-վիպակները («Տոբոլյան տարեգիր», «Դրախտ որոնողը», «Տնահյուս Վեներան»), որոնք աչքի են ընկնում ինքնատիպ ֆաբուլայով։ Մ–ի ռոմանտիկ քնարերգությունը կապված է առասպելական-ֆանտաստ․ կերպարի հետ («Ծովածոց», «Էրցինյան անտառը», ժողովածուներ, երկուսն էլ՝ 1945)։ Հասուն շրջանի քնարական գործերից են «Բանաստեղծություններ» (1955), « Առաջնեկություն» (1965, ՌՍՖՍՀ Մ․ Գորկու անվ. պետ․ մրցանակ, 1966), «Բնության ձայնը» (1966) ժողովածուները։ 1950-ական թթ․ Մ․ հանդես է եկել նաև որպես թարգմանիչ («Տարբեր երկրների բանաստեղծներ», 1964)։ ՍՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1974)։
ՄԱՐՏԻՆ ՍՈՆ (Martinson) Հարրի Էդմունդ (ծն. 1904), շվեդ գրող։ Շվեդ. ակադեմիայի անդամ (1949)։ Եղել է նավաստի։ «Բնություն» (1934), «Պասսատ» (1945), «Ցիկադա» (1953) ժողովածուներին, որ մեծ մասամբ սպիտակ ոտանավորով են գրված, բնորոշ է բնությունը փիլիսոփայորեն իմաստավորելու ձգտումը։ Առավել նշանակալի գործերից են «Աննպատակ ճանապարհորդություններ» (1932), «Մնաս բարով, Կապ» (1933) ուղեգրությունները և «Ճանապարհ դեպի Կլոքրիկե» (1948) վեպը, որոնցում Մ․ զարգացրել է այն ուտոպիական գաղափարը, թե բուրժ. քաղաքակրթության չարիքը հաղթահարելու միջոցը անվերջ թափառելն է։ «Եղինջը ծաղկում է» (1935) և «Կյանքի ուղին» (1936) ինքնակենսագրական վեպեր են։ «Անիարա» (1956) պոեմում Մ․ հոռետեսորեն է նայում տեխ․ առաջընթացին, որը, նրա կարծիքով, սպառնում է մարդկության գոյությանը։ Նոբելյան մրցանակի դափնեկիր (1974):
ՄԱՐՏԻՏ (< լատ․ Mars — երկաթի ալքիմիական անվանումը), միներալային նյութ, մագնետիտի ()՝ հեմատիտի () փոխարկվելու արգասիքը։ Մ–ի առաջացումը տեղի է ունենում մագնետիտի օքսիդացման ընթացքում ինչպես հողմահարման կեղևի զոնայում, այնպես էլ խորքային պայմաններում։ Մարտիտային հանքանյութերը համարվում են բարձրորակ երկաթի հանքաքար։
ՄԱՐՏԻՐՈՍ, գյուղ Հայկական ՍՍՀ Ազիզբեկովի շրջանում, Վայքի լեռնաշղթայի հյուսիսային լանջին, շրջկենտրոնից 16 կմ հարավ–արևելք։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև ծխախոտագործությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կինո, կենցաղսպասարկման տաղավար, մանկապարտեզ, բուժկայան։ Մ–ից 2 կմ արմ. հին գյուղատեղին է, որն ըստ գյուղամիջում պահպանված գրանիտե (3,35 մ բարձրությամբ) գեղաքանդակ հուշարձան–խաչքարի (կերտել է Շնորհավոր Աղբարը) արձանագրության, 1283-ին հիմնել է Դեղկա որդի Մխիթարը՝ Պռոշ իշխանի և նրա որդի Պարոն Հասանի հրամանով։
Մ–ի երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկը կառուցվել է 1866-ին, հին եկեղեցու տեղում, վերջինիս բեկորների և խաչքարերի օգտագործումով։ Գյուղի շրջակայքում կա երեք գերեզմանոց՝ XIII-XVII դդ․ խաչքարերով և տապանաքարերով։ Մ–ից մոտ 4 կմ հվ–արլ. գտնվում է Ս․ Աստվածածին վիմափոր վանքը (XIII դ․)՝ ամբողջովին կերտված Նզար լեռան մեջ։ Բաղկացած է նախագավթից, ժամատնից ու եկեղեցուց։ Քառակուսի հատակագծով (3 X 3 մ) նախագավթից արլ. խոշոր ժամատունն է (6,7 X 7 մ, 9,4 մ բարձրությամբ), որն ունի խաչվող թաղերի ձևով փորված ծածկ ու լուսավորվում է գմբեթանման երդիկով։ Հվ. պատի արմ. անկյունից դուռ է բացվում դեպի վերգետնյա քարաշեն եկեղեցու ճարտ․ ձևերով փորված խաչաձև կենտրոնագմբեթ հորինվածքով եկեղեցին։ Խաչաթևերը ուղղանկյուն են, գլանաձև ծածկով, բացի արլ–ից, որտեղ բեմի կիսաշրջանաձև աբսիդն է։ Եկեղեցու չորս անկյուններում փորված են ուղղանկյուն ավանդատներ։ Գմբեթատակ քառակուսուց անցումը դեպի կլոր թմբուկը իրականացված է առագաստներով։ Գմբեթակիր կամարները նստում են պարզունակ իմպոստների վրա։ Եկեղեցին լուսավորվում է գմբեթի փոքր երդիկով։ Ըստ ներսում պահպանված արձանագրությունների, վանքը կառուցել է Մատթևոս վարդապետը 1286-ին (ճարտարապետն է Գրիգորիկը)։
Գրկ. Հովսեփյան Գ․, Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ, մաս 1, Վաղ–պատ, 1928։ Եղիազարյան Հ․, Ազիզբեկովի շրջանի կուլտուրայի հուշարձանները, Ե․, 1955։ Դիվան հայ վիմագրության, պր․ 3, Ե․, 1967 (կազմ․ Ս․ Բարխուդարյան)։ «Материалы по археологии Кавказа», в. 13, М., 1916, с. 157-159․
ՄԱՐՏԻՐՈՍ ԴԻ ԱՌԱՔԵԼ (ծն. և մահ. թթ․ անհտ․), XVIII դարի առաջին կեսի հայ ժամանակագիր, գրիչ, ճանապարհորդ։ Եղել է Պարսկաստանում, Հնդկաստանում, Իտալիայում։ Կազմել է Սեֆյան Պարսկաստանի (ընդգրկում է մինչև 1729-ը) և «(Վասն) թագաւորաց Հընդկաց» համառոտ ժամանակագրությունները։
ՄԱՐՏԻՐՈՍ ԵՐԶՆԿԱՑԻ (ծն. և մահ. թթ․ անհտ․), ճանապարհորդ։ 1489-96-ին ուղևորություն է կատարել Արևմտյան Եվրոպայում՝ անցնելով ավելի քան 13000 կմ։ Մ․ Ե․ եղել է հարյուրավոր քաղաքներում ու գյուղերում, որոնց մասին համառոտակի պատմում է իր ուղեգրության մեջ (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ․ № 3488)։ Այնտեղ նկարագրված են խոշոր քաղաքները, վանքերը, տվյալներ են բերված բնակչության թվի, տնտ․ կյանքի վերաբերյալ։ Կարծիք է հայտնվել (Ս․ Մարտեն, Հ Աճառյան, Ք․ Պատկանյան) թե Մ․ Ե․ Բիսկայան ծովագնացների հետ Ատլանտյան օվկիանոսով նավարկություն է կատարել Քրիստափոր Կոլումբոսի օրինակով «նոր երկրներ գտնելու համար», որը, սակայն, չի հաստատվում։
Գրկ. Հակոբյան Վ․, Մարտիրոս Երզնկացու ճանապարհորդական նոթերը, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս․ գիտ․», 1957, № 6։ Տаint-Martin М., Relation d’un voyage.. «Journal Asiatigue», P., 1826 (decembre).
ՄԱՐՏԻՐՈՍ ԽԱՐԱՍԱՐՑԻ (ծն. և մահ. թթ․ անհտ․), XVI դարի հայ տաղերգու։ Բանաստեղծությունների հնագույն օրինակները պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում (№ 33 ձեռագիր)։ Գրել է սիրո տաղեր, որոնք
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/346
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ