Գեղանուշ վտակներով), Շիկահող, Ծավ գետերը։ Կան բազմաթիվ աղբյուրներ։ Հայտնի են Ողջիի վերին հոսանքի շրջանում գտնվող «Թթուջուր» հանքային աղբյուրները։ Զանգեզուրի բարձրադիր լեռնաշղթայում են Կապույտ լիճը և Ղազանգյոլը։ Գերակշռում են լեռնաանտառային, լեռնամարգագետնային դարչնագույն, ալպյան ճմատորֆային հողերն ու լեռնային սևահողերը։ Տարածված են չորասեր ծառատեսակներն ու թփուտները, ենթալպյան մարգագետիններն ու ալպյան գորգերը։ Անտառները զբաղեցնում են 42034 հա (տարածքի ավելի քան 30%-ը)։ Հիմնական ծառատեսակներն են հացենին, բոխին, թխկին, կաղնին, սոսին, խնձորենին, տանձենին, ընկուզենին, հոնին, զկեռենին են։ Լեռնային բարձրադիր շրջանները ծածկված են ալպյան բուսականությամբ։ Ղ․ շ–ի տարածքում է Շիկահողի արգելանոցը՝ Ծավի սոսիների պուրակի հետ։ Կենդանիներից կան արջ, վայրի խոզ, այծյամ, վայրի ոչխար (մուֆլոն), քարայծ, գայլ, լուսան, հովազ, կզաքիս են։ Շատ են թռչունները։
Բնակչությունը։ Հիմնական մասը հայեր են։ Բնակվում են նաև ադրբեջանցիներ, ռուսներ, ուկրաինացիներ։ Խտությունը 1 կմ² վրա 42 մարդ է։ Ունի շրջանային ենթակայության մեկ քաղաք (Քավարան) և 50 գյուղական բնակավայր․ Ագարակ, Աղվանի, Անտառաշատ, Աջիբաջ, Առաջաձոր, Արծվանիկ, Բահառլու, Գեղանուշ, Գեղի, Գյարդ, Գոմարան, Դավիթ Բեկ, Դովրուս, Եղվարդ, Լեռնաձոր, Խալաջ, Խդրանց, Ծավ, Կաղնուտ, Հաջաթին, Զորաստան, Ղարատղա, Ղարաչիման, Ղովշուտ, Ճակատեն, Մուսալլամ, Ներքին Գիրաթաղ, Ներքին Գյոդաքլու, Ներքին Խոտանան, Ներքին Հանդ, Նորաշենիկ, Շաբադին, Շիկահող, Շիշկերտ, Շրվենանց, Չայքենդ, Չափնի, Սրաշեն, Սևաքար, Սըզնակ, Վերին Գիրաթաղ, Վերին Գյոդաքլու, Վերին Խոտանան, Տանձավեր, Ուժանիս, Փայահան, Փիրիլու, Քիրս, Քյուրուտ, Օխտար։
Պատմական ակնարկ։ Ղ․ շ–ի տարածքում մարդը բնակություն է հաստատել դեռևս քարի դարում։ Հայաստանում միասնական պետականության ստեղծումից (մ․ թ․ ա․ VI դ․) հետո Ղ․ շ–ի տարածքը Արտաշեսյանների և Արշակունիների հայկ․ թագավորությունների մեջ էր և կազմում էր Սյունիք նահանգի Բաղք, Զորք, մասամբ՝ Կովսական գավառների մասը։ Հայոց Արշակունիների անկումից (428) հետո եղել է պարսկ․, ապա՝ Արաբ, խալիֆայության (640–885) տիրապետության տակ։ 886-ից մտել է հայ Բագրատունիների, 980-ից՝ Սյունիքի թագավորության կազմի մեջ, եղել նրա արքունի ոստանը։ XI դ․ Զորք գավառը կոչվել է Կապան՝ նույնանուն քաղաքի անունով, որը գտնվում էր այժմյան Ղափան–Քաջարան երթուղու կիսաճանապարհին, Կապան (այժմ՝ Ողջի) գետի աջ ափին։ 1103-ին Կապան գավառի տարածքը ենթարկվել է սելջուկ թուրքերի ասպատակումներին, Կապան քաղաքը ավերվել է։ Սյունյաց թագավորության մայրաքաղաք է դարձել Բաղաբերդը (Կապան քաղաքից ոչ հեռու, Ողջի գետի ափին)։ 1170-ին սելջուկ–թուրքերը գրավել են նաև Բաղաբերդը, ավարի մատնել այնտեղ պահվող 10 հզ․ ձեռագիր։ XIII դ․ 30-ական թթ․ Սյունիքը (այդ թվում և Ղ․ շ–ի տարածքը) գրավել են մոնղոլ–թաթարները։ Այդ շրջանում տնտ․ կարևոր նշանակություն ունեին Աճանանի պղնձի հանքերը։ Գործում էր պղնձաձուլարան՝ Քյարխանա անունով (ավերակները պահպանվել են Ղափան քաղաքի մոտակայքում)։ XV դ․ Ղ․ շ–ի տարածքը եղել է կարա-կոյունլուների և ակ-կոյունլուների տիրապետության տակ։
XV դարից հետո Ղ․ շ–ի տարածքը մտել է Բեխի մելիքության կազմի մեջ։ 1639-ին, Թուրքիայի և Իրանի միջև կնքված պայմանագրով, Ղ․ շ–ի տարածքը, Զանգեզուրի մյուս գավառների հետ, անցավ Իրանին, իսկ XVIII դ․ 1-ին քառորդում մտնում էր Դավիթ Բեկի իշխանության կազմի մեջ։ 1730-ին Ղափանը գրավեցին թուրք. զորքերը, 1735-ին՝ Իրանի Նադիր շահը։ Պարսկ․ գերիշխանության շրջանում Ղ․ շ–ի տարածքը կազմում էր Ղափանի մահալի մասը։ 1805-ին այն միացվեց Ռուսաստանին և 1829-ից ընդգրկվեց Ղարաբաղի նահանգի կազմի մեջ։ 1861-ից կազմել է Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի մասը։
Հեղափոխական բանվորական շարժումները Ղ․ շ–ում սկսվել են XX դ․ սկգբներին։ Հայտնի է Ղափանի պղնձահանքերի բանվորների գործադուլը (տես Ղափանի բանվորների գործադուլ 1907), որը ավարտվեց հաղթանակով։ Բանվորական շարժումները Ղ–ի շրջանում նոր թափ ստացան Ռուսաստանում Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո։ 1919-ին Ղափանում ստեղծվեցին կոմունիստական բջիջներ, որոնք և 1920-ին ղեկավարում էին աշխատավորների ելույթները՝ դաշնակների տիրապետության դեմ։ 1920-ի հուլիսի 11-ին նրանց օգնության եկած կարմիր բանակի մի զորամաս մտավ Ղափան։ Շրջանում հռչակվեց սովետական իշխանություն, կազմվեց հեղկոմ՝ Բ․ Հարությունյանի ղեկավարությամբ։ Սակայն նույն թվի հոկտեմբերին դաշնակցական կառավարությանը հաջողվեց վերականգնել իրենց իշխանությունը Ղափանում։ 1921-ի հուլիսին Ղ․ շ–ում վերջնականապես հաստատվեցին սովետական կարգեր։
Մինչև 1981-ի սկիզբը Ղափանի կուսակցական շրջանային կազմակերպությունում տեղի է ունեցել 41 կոնֆերանս, 100 սկզբնական կուսակցական կազմակերպություններում ընդգրկված էր 3900 կոմունիստ, իսկ 157 ԼԿԵՄ կազմակերպություններում՝ 12620 կոմերիտական։
Տնտեսությունը։ Առաջատար ճյուղը արդյունաբերությունն է, հատկապես՝ հանքարդյունաբերությունը։ Առաջին համաշխարհային պատերազմի ու դաշնակցական իշխանության տարիներին խիստ անկում ապրող պղնձարդյունաբերությունը վերականգնվեց միայն սովետական կարգեր հաստատվելուց հետո։ Շրջանում ստեղծված առաջին արդ․ ձեռնարկությունը Փայտամշակման արտելն էր, որի բազայի վրա հետագայում ստեղծվեց կահույքի ֆաբրիկան։ Գործում են պղնձամոլիբդենային կոմբինատը (տես Պղնձամուիբդենային գործարան Քաջարանի), շինարարական իրերի, մսի կոմբինատները, կաթի, գարեջրի գործարանները, «Հայգյուղտեխնիկա»-ի շրջանային բաժանմունքը, կենցաղսպասարկման կոմբինատը, շինվերանորոգման տեղամասը, ճանապարհների շահագործման և շինարարության Ղափանի տեղամասը, շարժական մեքենայացված շարասյունը (ՇՄՇ)։ Քաջարան քաղաքում գործում է տրիկոտաժի գործարանի մասնաճյուղը։ Շրջանում կա 125 հիմնարկ ձեռնարկություն։ Ղ․ շ–ի բնակավայրերը միավորված են 8 կոլեկտիվ և 7 սովետական տնտեսություններում։ Կա մեկ մեղվաբուծական տնտեսություն։ Շրջանի հողային ֆոնդը 134484 հա է, որից վարելահող՝ 69337 հա, անտառներ՝ 42034 հա, արոտավայրեր՝ 21667 հա, խոտհարքներ՝ 1631 հա, պտղատու և խաղողի այգիներ՝ 280 հա։ Ոռոգվող հողատարածությունները կազմում են 1052 հա։ Գործում են Սյունիքի, Նորաշենիկի, Ծավի ջրհան կայանները, կառուցվելու են Գեղիի և Դավիթ Բեկի ջրամբարները։
Գյուղատնտեսության հիմնական ճյուղը անասնապահությունն է, որը տալիս է գյուղատնտ․ արտադրանքի 60–70% –ը։ Շրջանում կա 18900 խոշոր, 48 հզ․ մանր եղջերավոր անասուն, 4200 խոզ։
Տրանսպորտը։ Ղափան–Մինջևան երկաթուղով կապվում է Երևան–Բաքու երկաթուղու հետ։ Խճուղային ճանապարհների երկարությունը 270,5 կմ է, որից 134,7 կմ՝ կոշտ ծածկով։ Օդային մշտական կապ կա Երևանի հետ։
Առողջապահությունը։ Բացի Ղափան և Քաջարան քաղաքների բուժհիմնարկներից շրջանում գործում են գյուղական տեղամասային 3 հիվանդանոց (75 մահճակալով), 2 ամբուլատորիա, 9 դեղատուն, 42 բուժմանկաբարձական կետ։ Կա 160 բուժաշխատող, որից 7-ը՝ բժիշկ։
Մշակույթը։ Ղ․ շ․ հարուստ է միջնադարյան ճարտ․ հուշարձաններով՝ Բաղաբերդ (IV–XI դդ․), Երիցավանք (V– XI դդ․), Վահանավանք (X դ․), Տանձափարախի անապատ (XVII դ․), Հալիձորի բերդ (XVII–XVIII դդ․)։ Ուշ միջնադարից պահպանվել են բազմաթիվ եոանավ բազիլիկներ (Լեռնաձոր, Եղվարդ, Նորաշենիկ ևն), կամուրջներ (Բաղաբուրջ, Կեմանց, ճակատեն, Ջրափոր), ձիթհաններ։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/35
Արտաքին տեսք
Այս էջը հաստատված է
ՂԱՓԱՆԻ 35