օրենքի ընդունման համար պահանջվում է նրանց միասնական դիրքորոշումը։ Մ․ Բ-ի համազգային ներկայացուցչական հաստատությունը ներքին պալատն է՝ Համայնքների պալատը (630 դեպուտատ, Անգյիայից՝ 511, Ուելսից՝ 36, Շոտլանդիայից՝ 71, Հյուսիսային Իռլանդիայից՝ 12)։ Ընտրություններն անց են կացվում մաժորիտար համակարգով՝ 1 օկրուգից 1 դեպուտատ։ Ըստ օրենքի դեպուտատ կարոդ է ընտրվել 21 տարին լրացրած յուրաքանչյուր բրիտ․ հպատակ, սակայն բացառությունները շատ են։ Ակտիվ ընտրական իրավունք ունեն 18 տարին լրացրած քաղաքացիները։ Լորդերի պալատը (պառլամենտի վերին պալատ) կազմում են աշխարհիկ և հոգևոր պերերը (ավելի քան 1000 մարդ)։
Ձևականորեն պառլամենտի գերիշխանությունը բացարձակ է, սակայն փաստորեն օրենքներն ու բյուջեն ընդունում է կառավարությունը։ Մինիստրների գերակշռող մասը Համայնքների պալատի անդամ է, Լորդերի պալատում կառավարությունը ներկայացված է նրանց փոքր մասով։ Կառավարությունը գլխավորում է պրեմիեր մինիստրը, որը, սովորաբար, Համայնքների պալատում մեծամասնություն կազմող կուսակցության ղեկավարն է։ XVIII դ․ սկզբից Մ․ Բ-ի գործադիր իշխանության բարձրագույն մարմինը փաստորեն կառավարությունն է՝ Մինիստրների կաբինետը (կազմվում է ընտրություններում հաղթանակ տարած կուսակցության անդամներից), որն իր ձեռքում կենտրոնացրել է ներքին և արտաքին քաղաքականության կարևորագույն լծակները։ Թեև կաբինետը չի կարող հրապարակել նորմատիվ ակտեր, սակայն իրականացնում է ամբողջ իրավաստեղծ գործունեությունը։ Մ․ Բ–ի օրենսդրությամբ մինիստրների կաբինետի ստեղծում չի նախատեսված։ Իրավապես կառավարությունը հաշվետու է Համայնքների պալատին։
Մ․ Բ․ ունիտար պետություն է՝ կազմված չորս պատմական մարզերից (Անգլիա, Ուելս, Հյուսիսային Իռլանդիա, Շոտլանդիա)։ Անգլիան, Շոտլանդիան և Ուելսը ունեն տեղական ինքնավարության սեփական մարմիններ, իրավական և դատական ինքնուրույն համակարգ, ազգային եկեղեցի։ Մ․ Բ–ի Մինիստրների կաբինետի կազմի մեջ մտնում են Ուելսի և Շոտլանդիայի հարցերով պետ․ քարտուղարներ։ Հյուսիսային Իռլանդիան վարչական ինքնավարության սահմանափակ իրավունքներ ունի։ Այստեղ գործադիր լիազորություններով օժտված է նահանգապետը, որին նշանակում է թագավորը, օրենսդրական մարմինը երկպալատ (Համայնքների պալատ, Սենատ) պառլամենտն է։ Բոլոր մարմինների լիազորությունները սահմանափակ են, և փաստորեն Հյուսիսային Իռլանդիան կառավարում է Մ․ Բ–ի կառավարությունը։ Երկրի վարչական բոլոր միավորների ինքնավարության մարմինը ընտրովի խորհուրդն է։ Կոմսությունների, մետրոպոլ–կոմսությունների և մունիցիպալային քաղաքների խորհուրդների կազմի մեջ մտնում են նախագահը և ավագները (օլդերմեններ)։ Տեղական ինքնավարության մարմինները զբաղվում են բարեկարգման, տրանսպորտի, ջրամատակարարման, կրթության, հասարակական կարգի պահպանման, քաղաքացիական պաշտպանության, հակահրդեհային ևն հարցերով։
Մ․ Բ–ում միասնական դատական համակարգ գոյություն չունի։ Բարձրագույն կենտրոնական մարմինը արդարադատության գերագույն դատարանն է, որի կազմի մեջ մտնում են բարձր և ապելյացիոն դատարանները։ Դատական բարձրագույն ատյանը Լորդերի պալատն է։ Փաստորեն գործում է դատական 3 համակարգ։ Անգլիայում և Ուելսում քրեական գործերի առաջին ատյանը մագիստրատների դատարանն է։ Այդպիսի դատարանի կազմի մեջ մտնում են 2–7 հաշտարար դատավոր (մասնագիտությամբ ոչ իրավաբան)։ Խոշոր քաղաքներում հաշտարար դատավորներ կարող են նշանակվել իրավաբաններ, որոնք գործերը քննում են միանձնյա։ Կոմսություններում և քաղաքներում տարեկան ոչ պակաս, քան 4 անգամ հրավիրում են հաշտարար դատավորների նստաշրջաններ, որտեղ երդվյալ ատենակալների մասնակցությամբ քննվում են առավել կարևոր քրեական գործեր։ Ասիգների դատարանները քննում են հաշտարար դատավորների հարուցած գործերը։ Լոնդոնի կենտրոնական քրեական դատարանը քննում է Մեծ Լոնդոնում կատարված հանցագործությունների գործերը։ Ապելյացիոն գանգատները տրվում են բարձր դատարանին կամ, առանձին դեպքերում (երբ ծագում են «համապետական նշանակության իրավաբանական հարցեր»)՝ Լորդերի պալատին։ Անգլիայում և Ուելսում քաղաքացիական գործերով առաջին ատյանը կոմսության դատարանն է, որտեղ դատավորը գործերը քննում է միանձնյա (կողմերից մեկի խնդրանքով գործի քննությանը կարող են մասնակցել երդվյալ ատենակալները)։ Շոտլանդիայում քրեական գործերով առաջին ատյանի դատարանները քաղաքների ոստիկանական դատարաններն են, մարզերում՝ հաշտարար դատարանները։ Կան նաև շերիֆային դատարաններ։ Առավել կարևոր գործերը որպես առաջին ատյանի դատարաններ քննում է բարձր դատարանը, որը նաև ապելյացիոն իրավասություն ունի։ Բարձրագույն ատյանը նստաշրջանային դատարանն է, որի վերին պալատը քննում է քաղաքացիական գործեր, ներքինը ապելյացիոն ատյան է։ Հյուսիսային Իռլանդիայում քրեական և քաղաքացիական գործերի առաջին ատյանի դատարանները օկրուգների և խառը իրավասության (փոքր նստաշրջաններ) դատարաններն են։ Դատական բարձրագույն ատյաններն են գերագույն դատարանը՝ բաղկացած բարձր և ապելյացիոն դատարաններից, և քրեական ապելյացիոն դատարանը։ Մ. Բ–ում կան նաև տարբեր տեսակի հատուկ դատարաններ, վարչական տրիբունաներ, զինվորական դատարաններ։
III․ Բնությունը
Մ․ Բ․ գտնվում է Եվրոպայի բարեխառն գոտու մերձատլանտյան հատվածում։ Բնության վրա հսկայական ազդեցություն ունի ծովը։ Ափագիծը խիստ կտրտված է։ Առավել խոշոր ծոցերն են՝ արմ–ում Ֆերթ օֆ Լոոն, Ֆերթ օֆ Կլայդ, Սոլուեյ Ֆերթ, Քարդիգան, Բրիստոլի, հվ–ում՝ Լայմ, արլ–ում՝ Ուոշ, Ֆերթ օֆ Ֆորտ, Մարի Ֆերթ։
Ռելիեֆը։ Շոտլանդիայում, Հյուսիսային Իռլանդիայում, Ուելսում ու Հյուսիսային Անգլիայում գերիշխում են միջին բարձրության լեռները և գետահովիտներով խոր կտրտված, գագաթային մասում հարթված բարձրությունները։ Ռելիեֆի ձևավորման գործում կարևոր դեր են խաղացել տեկտոնական ուղղաձիգ շարժումները, ինչպես նաև հողմահարումն ու պլեյստոցենյան սառցապատումը։ Առավել խիստ մասնատված է Շոտլանդիայի ռելիեֆը, ուր բարձրանում են Հյուսիսշոտլանդական բարձրավանդակը (այստեղ է Մ․ Բ–ի ամենաբարձր կետը՝ Բեն Նևիս լեռը, 1343 մ) և Հարավշոտլանդական բարձրությունը (Մերիկ լեռ, 842 մ), որոնք անջատված են Միջինշոտլանդական դաշտավայրով։ Հարավային Շոտլանդիայի ռելիեֆի նման ռելիեֆ ունի Հյուսիսային Իռլանդիան։ Շոտլանդիայից հվ․ տարածվում են Պենինյան (Քրոս Ֆել լեռ, 893 մ) և Քամբերլենդի (Սքոֆել լեռ, 978 մ), Ուելս թերակղզում՝ Քեմբրի լեռները (Անոուդոն լեռ, 1085 մ)։ Հարավ–Արևելյան Անգլիայում մակերևույթն առավելապես հարթավայրային է, գերակշռում են տափարակ դաշտավայրը (Միդլենդ, Լոնդոնի ավազան ևն)։
Բրիտանական կղզիները գրեթե ամբողջապես գտնվում են կալեդոնյան ծալքավորության զոնայում, միայն ծայր հվ․ մասում կան հերցինյան համակարգի ծալքեր։ Օգտակար հանածոներից կան քարածուխ, երկաթի, անագի և այլ գունավոր մետաղների հանքավայրեր։ Ետպատերազմյան տարիներին Մ․ Բ–ի ափերի մոտ, Հյուսիսային ծովի հատակի ընդերքում, հայտնաբերվել են նավթի և բնական գազի խոշոր հանքավայրեր։
Կլիման օվկիանոսային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը տատանվում է 7°C-ից (Կոռնուոլ թերակղզի) 3,5°C-ի (Արևելյան Անգլիա) միջև, արլ–ում լինում են սառնամանիքներ (մինչև –18°С)։ Հուլիսին ջերմաստիճանը 16–17°C–ից (Լոնդոնի շրջանում) իջնում է մինչև 11–13°С (Շոտլանդիայում)։ Տեղումները գրեթե հավասարաչափ են բաշխվում ամբողջ տարվա ընթացքում, առավել առատ են Շոտլանդիայում, Հյուսիսային Իռլանդիայում, Անգլիայի և Ուելսի լեռնային շրջաններում (տարեկան՝ 1000–1500 մմ, տեղ–տեղ՝ մինչև 3000 մմ), նվազագույնը Հարավ–Արևելյան Անգլիայում է (600–750 մմ)։ Բնորոշ են նշանակալի ամպամածությունն ու մառախուղները։
Ներքին ջրերը։ Մ․ Բ․ ունի կարճ, բայց ջրառատ գետերի խիտ ցանց։ Գլխավոր գետերն են Սևեռնը, Թեմզան, Ուզը, Թիսը, Թայնը, Իդենը, Թուիդը։ Գետերը չեն սառցակալում, հիմնականում ունեն անձրևային սնում, հորդանում են աշնան–ձմռան ամիսներին։ Լեռներում կան շատ լճեր (Լոխ Նեյ, Լոխ Լոմոնդ, Լոխ Նես ևն)։
Հողերը, բուսական և կենդանական աշխարհը։ Շոտլանդիայի հս–ում գերիշխում են լեռնապոդզոլային և լեռնատունդրային, արլ․ շրջաններում՝ հումուսա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/405
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ