Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պոդզոլային, Շոտլանդիայի հվ–ում և Հյուսիսային Իռլանդիայում՝ անտառային ոչ պոդզոլային թթու հողերը, երկրի մերձափնյա դաշտավայրերում՝ ալյուվիալ հողերը։ Հողերը խիստ կուլտուրացված են։ Անտառներն զբաղեցնում են տարածքի մոտ 7%-ը։ Հիմնական զանգվածները գտնվում են արլ․ և հվ․ շրջաններում։ Առավել տարածված են սոճին, կաղնին և կեչին, հանդիպում են նաև բոխի, հաճարենի և հացենի։ Մեծ տարածում ունեն մարգագետինները, լեռնային շրջաններում՝ ճահճոտ պարապուտներն ու հավամրգիի մացառուտները։ Բնորոշ կենդանիներից են աղվեսը, նապաստակը, սկյուռը, ոզնին, թռչուններից՝ վայրի աղավնին, Շոտլանդիայում՝ սալամ–կաքավը, խլահավը։ Գետերն ու լճերը հարուստ են ձկներով։ Բնության պաշտպանության համար Մ․ Բ-ում ստեղծված են ազգային պարկեր, ազգային բնական (կոմպլեքսային), անտառների և ջրային թռչունների արգելոցներ։ Առավել խոշոր ազգային պարկերն են Լեյք Դիստրիքտը (Քամբերլենդում), Սնոուդոնիան (Ուելսում)։ Խոշոր արգելոցներ են Դորտմուրը և Բերկոն Բիկոնսը։
IV. Բնակչությունը Բնակչության 84%–ը անգլիացիներ են (1978), բնակվում են նաև շոտլանդացիներ, իռլանդացիներ, օլսթերցիներ (անգլո–իռլանդացիներ և շոտլանդա–իռլանդացիներ), ուելսցիներ կամ վալլիացիներ, գելեր, հրեաներ և այլ երկրներից եկած վերաբնակիչներ՝ ճամայկացիներ, հնդիկներ, լեհեր, հայեր և այլք։ Պետական լեզուն անգլերենն է, դավանանքը՝ բողոքականությունն ու կաթոլիկությունը, տոմարը՝ գրիգորյանը։ Բնակչության միջին խտությունը 1 կմ² վրա 229 մարդ է։ Տնտեսապես ակտիվ բնակչությունը 1970-ական թթ․ կեսերին կազմում էր ամբողջ բնակչության 46%–ը։
Մ․ Բ․ աչքի է ընկնում ուրբանիզացիայի բարձր մակարդակով, բնակչության մոտ 80%–ը ապրում է քաղաքներում։ Քաղաքային բնակչության 2/5-ը կենտրոնացած է քաղաքային խոշոր շրջաններում՝ կոնուրբացիաներում՝ Լոնդոնի, Մանչեստրի, Արևմտյան Միդլենդի, Արևմտյան Յորքշիրի, Մերսիսայդի և Թայնսայդի։
V․ Պատմական ակնարկ Մ․ Բ–ի տարածքում մարդու բնակության հնագույն հետքերը վաղ և միջին հին քարի դարից են։ Ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանում (մ․ թ․ ա․ 800–700) մայր ցամաքից կղզի են գաղթել կելտական ցեղեր՝ բրիտները։ Մ․ թ․ I դ․ կեսին կղզին նվաճել են հռոմեացիները (Բրիտանիա պրովինցիա), V դ․ կեսից մինչև VII դ․ սկիզբը՝ հյուսիս–գերմ․ ցեղերը՝ անգլերը, սաքսերը, յուտերը (բացառությամբ Ուելսի և Շոտլանդիայի), որոնք ստեղծել են մի շարք վաղֆեոդալական թագավորություններ (Քենտ, Ուեսեքս, Մերսիա ևն)։ Անգլո–սաքսոնական նվաճումների ընթացքում բրիտների մեծ մասը ոչնչացվել է, մի մասը արտամղվել հս․ (Կալեդոնիա) և արմ․ (Ուելս, Կոռնուոլ), մյուսը գաղթել Արմորիկա թերակղզի (ներկայիս Բրետան)։ Մնացողները դարձել են ստրուկ կամ կիսազատ, ձուլվել նվաճողների հետ։ VI դ․ վերջին սկսվել և VII դ․ 2-րդ կեսին ավարտվել է անգլո–սաքսերի քրիստոնեացումը։ VIII դ․ վերջին սկսվել են նորմանների (անգլ․ պատմության մեջ ընդունված է դանիացիներ) արշավանքները․ նրանք նվաճել են երկրի ամբողջ հս–արմ․ և այնտեղ տարածել իրենց սովորույթներն ու բարքերը (այսպես կոչված՝ «դանիական իրավունքի մարզ»)։ IX դ․ սկզբին ավարտվել է անգլո–սաքսոնական պետությունների միավորումը մեկ միասնական թագավորության՝ Անգլիայի մեջ։ Ալֆրեդ Մեծ թագավորի (871 – մոտ 900) օրոք կազմվել է օրենքների առաջին համաանգլիական ժողովածուն։ Հաստինգսի ճակատամարտից (1066) հետո Անգլիան նվաճել է նորմանդական դուքս Վիլհելմը և դարձել Անգլիայի թագավոր (Վիլհելմ I Նվաճող, Նորմանդական դինաստիայի հիմնադիրը)։ Երկրում արագացել է ֆեոդալական հարաբերությունների զարգացումը։ Թագավորները խոշոր ֆեոդալների դեմ պայքարում հենվելով ասպետության և քաղաքների վրա՝ ուժեղացրել են իրենց իշխանությունը, դրան է նպաստել նաև Ֆրանսիայի զգալի մասի նվաճումը Հենրի II Պլանտագենետի օրոք (1154-89)։ XII դ․ 2-րդ կեսից սկսվել է Իռլանդիայի նվաճումը։ Հովհան Անհողի (1199–1216) ներքին և արտաքին անհաջող քաղաքականությունն առաջ է բերել բարոնների ապստամբություն (1215)․ թագավորը ստիպված ստորագրել է Ազատությունների մեծ խարտիան, որով զգալի զիջումներ է կատարել խոշոր ֆեոդալներին ու հոգևորական վերնախավին։ 1265-ին ստեղծվել է պառլամենտ, որը վերջնականապես ձևավորվել է Էդուարդ I-ի (1272–1307) օրոք։ Պարտվելով Ֆրանսիայի դեմ հարյուրամյա պատերազմում 1337–1453՝ Անգլիան կորցրեց մայր ցամաքի իր բոլոր տիրույթները, բացի Կալեից։ XIV դ․ ուժեղացավ դասակարգային պայքարը գյուղում և քաղաքում։ Գյուղացիական հուզումները վերածվեցին հակաֆեոդալական ապստամբության (տես Ուոտ Թայլերի ապստամբություն 1381) և ընդգրկեցին ամբողջ Անգլիան։ XV դ․ գրեթե լիովին վերացավ գյուղացիների անձնական ճորտական կախումը։ Երկու ախոյան ֆեոդալական դինաստիաների՝ Լանքաստերների և Յորքերի մրցապայքարը գերիշխանության համար (տես Կարմիր և սպիտակ վարդերի պատերազմներ 1455–1485) ավարտվեց երկու տոհմերի, ինչպես նաև գրեթե ամբողջ ֆեոդ. ավագանու կործանմամբ, և իշխանության գլուխ անցավ Թյուդորների նոր դինաստիան (1485-1603)։
Կապիտալի նախասկզբնական կուտակումը Անգլիայում տեղի էր ունենում գյուղացիների հողակտորները բռնագրավելու, դրանք ցանկապատելու (տես Ցանկապտում) և արոտավայրերի վերածելու ուղիով։ Հողազուրկ գյուղացիներին կլանում էր օրավուր աճող կապիտալիստական մանուֆակտուրան։ Հենրի VIII-ի (1504–47) ժամանակ սկսված Ռեֆորմացիան (1530-ական թթ․), որը վերացրեց պապի իշխանությունը անգլ․ եկեղեցու նկատմամբ և եկեղեցին ենթարկեց թագավորին, ուղեկցվում էր վանքապատկան հողերի բռնագրավմամբ, որոնք անցնում էին «նոր ազնվականությանը» (ջենտրիներ) ու բուրժուազիային։ Եղիսաբեթ թագուհու (1558–1603) օրոք Անգլիան ձեռնամուխ եղավ գաղութային նվաճումների (Իռլանդիայում, Հյուսիսային Ամերիկայում)։ Ծովում գերիշխելու պայքարը Իսպանիայի դեմ ավարտվեց Անգլիայի հաղթանակով (իսպ․ «Անհաղթ արմադայի» ջախջախումը 1588-ին)։ Ֆեոդալաբացարձակապետական կարգերի՝ XVI դ․ վերջին սկսված ճգնաժամի պայմաններում Ստյուարտների [Հակոբ I (1603–25) և Կարլոս I-ի (1625–49)] ներքին և արտաքին քաղաքականության անհամապատասխանությունը բուրժուազիայի ու ջենտրիների շահերին առաջ բերեց բուրժ․ ընդդիմություն բացարձակապետությանը։ 1640-ին, ժող․ ապստամբության իրավիճակում, սկսվեց բուրժ․ հեղափոխություն (տես Անգլիական բուրժուական հեղափոխություն 1640–1660), իշխանությունն անցավ Երկարատև պառլամենտին։ Առաջին (1642–46) և երկրորդ (1648) քաղաքացիական պատերազմներն ավարտվեցին թագավորական զորքերի ջախջախմամբ, Անգլիան հռչակվեց հանրապետություն։ Իշխանության գլուխ կանգնեց արմատական բուրժուազիան՝ ինդեպենդենտները, որոնք սկսեցին հալածել դեմոկրատական շարժումը, հատկապես լեվելլերներին և