Ա․ Գարդեն, Հ․ Կրեբս, Ա․ Մարտին Ռ․ Սինգ և ուրիշներ) իրենց արժեքավոր հետազոտությունների ու կարևոր հայտնագործությունների համար արժանացել են նոբելյան մրցանակի։ Բժշկության համար մեծ նշանակություն ունեցող երևույթ է եղել պենիցիլինի հայտնագործումը (Ա․ Ֆլեմինգ, նոբելյան մրցանակ, 1945)։ 1962-ին նոբելյան մրցանակով են նշվել նաև Ֆ․ Քրիքի և Մ․ Ուիլքինսի աշխատանքները (ԴՆԹ–ի կառուցվածքային մոդելի ստեղծումը)։
Մ․ Բ-ի գիտնականները զգալի ավանդ են ներդրել նաև գենետիկայի (Ու․ Բեթսոն, Ջ․ Հոլդեյն, Ջ․ Բեռնալ), նեյրոֆիզիոլոգիայի (Է․ Էդրիան), մոլեկուլային կենսաբանության, մանրէաբանության, բուսաբանության, անասնաբուծության, Երկրի մասին գիտությունների զարգացման գործում։
2․ Հասարակական գիտությունները
Փիլիսոփայությունը։ Փիլիսոփայությունը Մ․ Բ–ում, արտահայտելով ազգային ինքնատիպությունը, միաժամանակ զարգացել է եվրոպական այլ երկրների փիլ․ մտքի հետ սերտ փոխազդեցությամբ, ակտիվորեն մասնակցել փիլ․ գաղափարների ձևավորմանը։ Անգլ․ փիլիսոփայությանը բնորոշ է կողմնորոշումը դեպի էմպիրիկ գիտելիքը [նոմինալիզմ (տես Նոմինալիզմ և ռեալիզմ), էմպիրիզմ], դեպի արտաքին զգայական փորձը (սենսուալիզմ)։ Առաջին փիլիսոփան էր Ալկուինը (մոտ 735–804)՝ Օգոստինոսի աստվածաբանական ավանդույթների կողմնակիցը։ Փիլ․ առաջին համակարգը մշակել է (IX դ․) իռլանդացի Յոհան Սկոտը Էրիուգենան, որի հայացքները նպաստեցին հակասխոլաստիկական միտումների զարգացմանը։ Ի տարբերություն նրա, Անսելմ Քենտրբերացին (XI–XII դդ․) հավատը համարում էր ռացիոնալ գիտելիքի նախադրյալ։ Միջնադարի անգլ․ սխոլաստներից էր նաև Յոհան Սոլսբերացին՝ այդ շրջանում փիլիսոփայության պատմության առաջին ակնարկի հեղինակը, որի հայացքներում առկա են փորձի և գիտափորձի ըմբռնման առաջին սաղմերը։ Նշանակալի է Ռ․ Բեկոնի ներդրումը, որը առաջին պլան մղեց փորձնական գիտելիքը, գիտափորձը և մաթեմատիկան։ Սխոլաստիկայի ծաղկման շրջանի հայտնի դեմքերից են Դունս Սկոտը և Ուիլյամ Օկամը։ Ֆեոդալիզմի քայքայման և կապիտալի նախնական կուտակման շրջանի հասարակական մտքի պատմության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում Թ․ Մորի ուտոպիական սոցիալիստական հայացքները։
Ֆեոդալիզմից կապիտալիզմին անցմանը ուղեկցեց անգլ․ փիլիսոփայության կտրուկ շրջադարձը։ XVII դ․ Ֆ․ Բեկոնը սկզբնավորեց հստակ մատերիալիստական ավանդույթը։ Ի տարբերություն սխոլաստիկայի և աստվածաբանության, հռչակեց գիտության նշանակությունը։ Այդ ավանդույթները շարունակեցին Թ․ Հոբսը, Ջ․ Լոկը։ XVII դ․ անգլ․ մատերիալիզմի հակակրոնական միտումները զարգացրեց XVIII դ․ դեիզմը։ Է․ Չերբերին դրեց սխոլաստիկային տրամագծորեն հակառակ խնդիր՝ բանականությունը դարձնել հավատի չափանիշ։ Գ․ Ս–Ջ․ Բոլինգբրոկը, Ա․ Քոլինզը, Մ․ Թինդալը և հատկապես բացահայտ մատերիալիստներ Ջ․ Թոլանդը, Դ․ Հարթլին և Ջ․ Պրիստլին խորացրեցին այդ միտումը։ Իդեալիստական միտումները պարզորոշ արտահայտվեցին Զ․ Բերկլիի սուբյեկտիվ–իդեալիստական փիլիսոփայության մեջ և Դ․ Հյումի սկեպտիցիզմում։ Հակամատերիալիստական միտումներ են ունեցել նաև միստիցիզմով ներծծված քեմբրիջյան պլատոնիկների դպրոցը և շոտլանդական դպրոցը։ XIX դ․ սկզբին ձևավորվում է Ռ․ Օուենի ուտոպիական սոցիալիզմը։
Կապիտալիզմի հաստատման և բուռն զարգացման շրջանում ձևավորվում է պոզիտիվիզմը։ Շնորհիվ Ջ․ Ս․ Միլի ինդուկտիվ տրամաբանության և Հ․ Սպենսերի ձևակերպած էվոլյուցիոն սկզբունքի պոզիտիվիզմը որոշակի ներդրում ունեցավ գիտության մեթոդաբանության մեջ։ Էվոլյուցիոն սկզբունքի պոզիտիվիստական մեկնաբանությանը հակադրվում է Թ․ Հեքսլիի մատերիալիստական մեկնաբանությունը։ Ազգային փիլ․ ավանդույթներից յուրօրինակ շեղում էր XIX–XX դդ․ սահմանագծին տարածված նեոհեգելականությունը։ XX դ․ սկզբին իդեալիստական փիլիսոփայության անգլ․ ավանդույթներին վերադարձ նշանավորեց նեոռելաիզմը (Բ․ Ռասել, Ջ․ Մուր, Չ․ Դ․ Բրոուդ, Ա․ Ալեքսանդեր, Գ․ Հ․ Պրայս, Ա․ Ն․ Ուայթհեդ)։ XX դ․ կեսին որոշիչ ազդեցություն ձեռք բերեց նեոպոզիտիվիզմը, մասնավորապես՝ տրամաբանական պոզիտիվիզմը (Ռասել, Լ․ Վիտգենշտեյն, Ա․ Այեր, Կ․ Պոպեր), որը նշանակալի ավանդ մուծեց մաթ․ տրամաբանության մեջ։ 1950-ական թթ․ տրամաբանական վերլուծության փիլիսոփայությունն իր առաջատար տեղը զիջեց լեզվաբանական վերլուծության փիլիսոփայությանը (Ջ․ Ռայլ, Ջ․ Օստին, Ջ․ Ուորնոք, Ջ․ Էրմսոն): Անտեսելով փիլիսոփայության հիմնական ավանդական պրոբլեմները, այդ հոսանքի ներկայացուցիչները սահմանափակվեցին առօրյա լեզվի մանրակրկիտ ուսումնասիրությամբ։ 1960-ական թթ․ այդ ուղղությունը քննադատեցին ոչ միայն մարքսիստ փիլիսոփաները և նրան հակադրվող այլ ուղղությունների ներկայացուցիչներ (նաև Ռասելը), այլև իրենք՝ լեզվաբանական անալիտիկները (Պ․ Ստրոուսոն, Ս․ Հեմփշիր)։
Մ․ Բ–ում է հիմնականում անցել Կ․ Մարքսի և Ֆ․ Էնգելսի ստեղծագործական գործունեությունը, որոնք մի շարք երկերում վերլուծել են Մ․ Բ–ում փիլիսոփայության զարգացումը և նրա առանձնահատկությունները։ Էնգելսի «Բանվոր դասակարգի դրությունը Անգլիայում» (1845) աշխատությունը առաջին լուրջ սոցիոլոգիական ուսումնասիրություններից էր։ Անգլիայում մարքսիզմի առաջին պրոպագանդիստներից են եղել Մարքսի դուստր Էլեոնորան և նրա ամուսինը՝ Է․ Էվելինգը։ Արդի առավել հայտնի անգլ․ մարքսիստ փիլիսոփաներից են Մ․ Քորնֆորտը և Ջ․ Լյուիսը։ Սակայն մարքսիստական դիալեկտիկական մատերիալիզմը, Մ․ Բ–ում բանվորական շարժման զարգացման յուրահատկությունների պատճառով, անգլ․ փիլիսոփայության մեջ դեռևս մեծ ազդեցություն չունի։
Փիլ․ ուսումնասիրությունների և կրթության գլխավոր կենտրոններն են՝ Թագավորական փիլ․ ինստ–ը, Օքսֆորդի, Քեմբրիջի, Լոնդոնի համալսարանները։ Փիլ․ հիմնական ընկերություններն են՝ Արիստոտելյան ընկերությունը, Մայնդը, Քեմբրիջի, Օքսֆորդի փիլ․ ընկերությունները։ Փիլ․ առաջատար ամսագրերն են՝ «Մայնդ» («Mind», 1876-ից), «Ֆիլոսոֆի» («Philosophy», 1926-ից)։
Պատմագիտությունը։ Անգլ․ պատմագիտությունը սկզբնավորվել է վաղ միջնադարում։ Առաջին նշանավոր աշխատությունը, որն ազդել է Անգլիայի միջնադարյան հետագա պատմագիտության վրա, ստեղծել է (մոտ 731-ին) անգլո–սաքսոնական վանական Բեդա Պատվարժանը։ IX դ․ վերջին Ալֆրեդ Մեծ թագավորի օրոք (ինչպես գտնում են) սկսվել է «Անգլո–սաքսոնական ժամանակագրության» կազմումը։ Ամբողջ միջնադարի ընթացքում պատմագրության կենտրոնները եղել են վանքերը։ Քաղաքների զարգացման հետ XV դ․ առաջացել են, այսպես կոչված, քաղաքային ժամանակագրությունները (առավել հայտնի է Ֆաբիանի ժամանակագրությունը)։ XVI դ․ անգլ․ պատմագրության մեջ երևացել են հումանիզմի գաղափարներ։ Կապիտալիստական հարաբերությունների առաջացմամբ, որն ընթանում էր սոցիալական սուր բախումներով, անգլ․ պատմագիտությունն ստանում է քաղ․ բնույթ։ Ֆեոդալա–կղերական աշխարհայեցողության հետ խզմամբ սկսվել է պատմության աստիճանական վերաճումը գիտության։ Պոլիդոր Վերգիլիոսի և Ու․ Քեմդենի աշխատություններում ի հայտ են գալիս պատմական աղբյուրների գիտական քննադատության տարրեր։ Ֆ․ Բեկոնը առաջիններից է Անգլիայում, որ փորձել է հիմնավորել պատմության տեղը գիտության մյուս բնագավառների կողքին։ Պատմագիտության զարգացման վրա մեծ ազդեցություն է գործել XVII դ․ Անգլիական բուրժ․ հեղափոխությունը։ XVII դ․ 2-րդ կեսի պատմական աշխատություններում իրենց արտահայտությունն են գտել հեղափոխության հիմնական հակադիր ուժերի հայացքները։ XVIII դ․ անգլ․ պատմագիտությունը հիմնականում զարգացել է Լուսավորականության գաղափարների հիման վրա։ Լուսավորիչ պատմաբանները (մասնավորապես Դ․ Հյումը) միջին դարերը դիտել են որպես տգիտության և քաղ․ քաոսի դարաշրջան։ Լուսավորականության շրջանի խոշոր պատմաբանը Է․ Գիբոնն էր (Հռոմ․ կայսրության անկման ու կործանման պատճառների մասին աշխատության հեղինակ)։ Անգլ․, ինչպես նաև եվրոպական պատմագիտության մեջ խոշոր ավանդ ունեն շոտլանդական պատմաբաններ Ու․ Ռոբերտսոնը և Ջ․ Միլարը։
XIX դ․ 1-ին կեսին անգլ․ պատմագիտության վրա ներգործել են Անգլիայում արդ․ հեղաշրջման ավարտը, բուրժուազիայի՝ իշխանության համար պայքարի, ինչպես նաև Ֆրանս. մեծ հեղափոխությունն ու անգլ․ պրոլետարիատի առաջին զանգվածային շարժումը՝ չարտիզմը։ Պատմագիտության
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/413
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ