Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հրաժարվելուն նպաստել են փիլիսոփա և ալքիմիկոս, եվրոպական փորձարարական գիտության հիմնադիր Ռոջեր Բեկոնի աշխատությունները։ XV–XVI դդ․ գիտական առաջընթացի համար կարևոր խթան է եղել Անգլիայի մասնակցությունը Աշխարհագրական մեծ հայտնագործություններին (Ջ․ և Ս․ Կաբոտներ, Ֆ․ Դրեյկ, Հ․ Հուդզոն, Ու․ Բաֆին և ուրիշներ), ինչպես նաև հանքարդյունաբերության, մետալուրգիայի և մանուֆակտուրային արտադրության զարգացումը։ Ծովագնացությունն իր հերթին խթանել է աստղագիտության և մաթեմատիկայի զարգացումը։ Անգլիացի մաթեմատիկոս Ջ․ Նեպերին է պատկանում լոգարիթմների գյուտը։ 1600-ին Ու․ Գիլբերտն առաջինն է ցույց տվել, որ Երկիրը մի մեծ մագնիս է։
XVII դ․ գիտական հետազոտությունների կենտրոնը Իտալիայից, ապա և Ֆրանսիայից ու Հոլանդիայից աստիճանաբար տեղափոխվում է Մ․ Բ․, որը թևակոխել էր զարգացման կապիտալիստական ուղին և դարձել ծովային հզոր պետություն: 1662-ին կազմակերպվել է Լոնդոնի թագավորական ընկերությունը, որը մշակել է գիտական ու գործնական մեծ նշանակություն ունեցող հետազոտությունների լայն ծրագիր։ 1675-ին ստեղծվել է Գրինվիչի աստղադիտարանը։ Բնագիտության մեթոդոլոգիան ձևակերպել է Ֆ․ Բեկոնը, որի գաղափարների ազդեցությունը խիստ զգալի է եղել անգլ․ գիտության զարգացման վրա։ XVII դ․ 2-րդ կեսին գիտնականները մշակել են մեխանիկայի, օպտիկայի, քիմիայի, ֆիզիոլոգիայի հիմունքները։ Այդ շրջանի գիտական խոշոր հայտնագործությունները կապված են Ռ․ Բոյլի, Ռ․ Հուկի, Ու․ Հարվեյի, Ի․ Նյուտոնի անունների հետ։ XVII դ․ անգլ․ գիտության հաղթանակը իրավամբ կարելի է համարել տեսական մեխանիկայի և, մասնավորապես, երկնային մեխանիկայի հիմունքների ստեղծումը: Դինամիկայի հիմնական օրենքների ձևակերպումը և տիեզերական ձգողության օրենքի հայտնագործումն անմահացրին Ի․ Նյուտոնի անունը։ Նա, Լայբնիցից անկախ, հայտնագործել է նաև դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվները։ XVIII–XIX դդ․ Մ․ Բ․ հայտնի էր որպես «մեքենաների հայրենիք»։ Այդ ժամանակաշրջանում են ստեղծվել ջուլհակահաստոցը (Է․ Քաթրայթ), ունիվերսալ շոգեմեքենան (Ջ․ Ուատտ), շոգեքարշը (Ռ․ Տրետիվիկ) և առաջին շոգեքարշային երկաթուղին (Ջ․ Ստեֆենսոն)։ XVIII դ․ Մ․ Բ–ում քիմիայի բնագավառի ներկայացուցիչներն էին Եվրոպայի խոշորագույն գիտնականներ Ջ․ Բլեկը, Հ․ Կավենդիշը, Ջ․ Պրիստլին։ Նրանք կարևոր ավանդ են ներդրել օդի բաղադրության, այրման պրոցեսի ուսումնասիրման գործում։ Ջ․ Դալթոնը շարադրել է ատոմային տեսության սկզբունքները, որոնց հիման վրա 1802–08-ին հայտնագործել է բազմապատիկ հարաբերությունների օրենքը։ XVIII դ․ շարունակվել է աշխարհագրական (նշանակալի էին Ջ․ Կուկի շուրջերկրյա երեք ճանապարհորդության արդյունքները), կենսաբանական և երկրաբանական գիտելիքների կուտակման պրոցեսը։ Զգալի են եղել հաջողությունները աստղագիտության բնագավառում։ Ջ․ Բրադլեյը հայտնաբերել է լույսի աբեռացիան, Վ․ Հերշելը կառուցել է հզոր հեռադիտակներ, հայտնագործել Ուրան մոլորակը, ինչպես նաև Ուրանի ու Սատուռնի արբանյակները։
XIX դ․ 30-ական թթ․ սկսած, գյուղատնտեսության և արդյունաբերության արագ զարգացման շնորհիվ, Մ․ Բ–ի գիտությունը առաջատար տեղ է գրավել աշխարհում։ Մեքենաշինության աճը պայմանավորել է մետալուրգիայի և մետաղամշակման զարգացումը, իսկ երկրի ներսում արդ․ նոր շրջանների երևան գալը խթանել է տրանսպորտի ու կապի կատարելագործումը։ 1866-ին շարք է մտել Մ․ Բ–ի և ԱՄՆ–ի միջև անդրատլանտյան ստորջրյա հեռախոսագիծը։ 1881-ին կառուցվել է առաջին էլեկտրակայանը, ավելի ուշ շահագործման է հանձնվել առաջին էլեկտրիֆիկացված երկաթուղին։ XIX դ․ անգլիացի նշանավոր ֆիզիկոսներ Ջ․ Ջոուլը, Ու․ Թոմսոնը, Ջ․ Մաքսվելը, Թ․ Յունգը, Դ․ Բրյուստերը, Ջ, Սթոքսը, Ջ․ Ռելեյը և ուրիշներ կարևոր դեր են կատարել ֆիզիկայի բոլոր բնագավառների արմատական վերակառուցման և, առհասարակ, այդ գիտության զարգացման գործում։ Այդ ժամանակաշրջանի խոշորագույն նվաճումներից էր էլեկտրամագնիսական դաշտի և դրա հիմնական օրենքների հայտնագործումը (Մ․ Ֆարադեյ, Ջ․ Մաքսվել)։ Մաքսվելի տեսությունը հանգեցրել է լույսի էլեկտրամագնիսական բնույթի բացահայտմանը։ Մաթեմատիկայի զարգացումը սերտորեն կապված էր տեսական ֆիզիկայի պրոբլեմների հետ: Արժեքավոր ուսումնասիրություններ են կատարել Համիլտոնը (կոմպլեքս թվերի հանրահաշիվ), Ջ․ Բուլը (մաթ․ տրամաբանություն), Չ․ Բեբիջը (մշակել է մաթ․ հաշվողական մեքենայի գաղափարը)։ Աստղագետ Ջ․ Ադամսը կանխահաշվել է Նեպտուն մոլորակի դիրքը։ Անգլիացի քիմիկոսների աշխատանքները նպաստել են քիմ․ միացությունների կազմության վերաբերյալ պատկերացումների ձևավորմանը։ Է․ Ֆրանկլենդը մուծել է արժեքականության հասկացությունը։ XIX դ․ վերջին Ու․ Ռամզայը Մ․ Տրավերսի հետ համատեղ հայտնագործել է իներտ գազերը։ Երկրի մասին գիտությունների զարգացման գործում մեծ դեր են կատարել անգլ․ արշավախմբերը (Ու․ Պարի, Ջ․ Ռոս, Ջ․ Կ․ Ռոս, Դ․ Լիվինգստոն և ուրիշներ)։ Նշանակալի հաջողությունների են հասել երկրաբանությունն ու երկրաֆիզիկան (Չ․ Լայել, Ա․ Ուոլես, Զ․ Էրի, Ջ․ Պրատ և այլք)։ Գյուղատնտեսության ինտենսիվացումը և անասնաբուծության աճը Մ․ Բ–ում մեծ նշանակություն են ունեցել կենսաբանության զարգացման համար։ XIX դ․ անգլ․ և համաշխարհային գիտության աննախադեպ նվաճումներից է Չ․ Դարվինի էվոլյուցիոն ուսմունքը։ Բժշկագիտության համար բացառիկ նշանակություն են ունեցել Չ․ Շերինգտոնի (նոբելյան մրցանակ, 1932) աշխատանքները՝ ողնուղեղի ռեֆլեքսային գործունեության ուսումնասիրման ուղղությամբ։
Մինչև XX դ․ 40-ական թթ․ անգլ․ գիտությունը պահպանել է իր առաջատար դերը մի շարք բնագավառներում, հատկապես ֆիզիկայում։ XIX դ․ վերջին համաշխարհային ճանաչում է ձեռք բերում Կավենդիշի լաբորատորիան (Քեմբրիջ), որը հաջորդաբար գլխավորել են Մաքսվելը, Ռելեյը և Ջ․ Թոմսոնը։ Թոմսոնի ղեկավարությամբ (1884–1919) այն դարձել էր փորձառական հմտության դպրոց, որը XX դ․ առաջին տասնամյակներին մեծ ազդեցություն է գործել շատ երկրների ֆիզիկոսների վրա։ Դեռևս 1-ին համաշխարհային պատերազմից առաջ Չ․ Բարկլան հայտնագործել է բնութագրական ռենտգենյան ճառագայթները (նոբելյան մրցանակ, 1917), Ռեզերֆորդն իր աշակերտների հետ մշակել է ատոմի մոլորակային մոդելը։ Թոմսոնի և Ֆ․ Աստոնի ստեղծած մասսպեկտրաչափը հնարավորություն է տվել հայտնաբերելու քիմ․ տարրերի իզոտոպներն ու իրագործելու դրանց բաժանումը (նոբելյան մրցանակ, 1921)։ Ռեզերֆորդի աշխատանքների արդյունքն են եղել ռադիոակտիվ տրոհման տեսության ստեղծումը (Ֆ․ Սոդիի հետ համատեղ), ատոմի միջուկի հայտնագործումը և միջուկների արհեստական ճեղքման առաջին փորձերը։ 1932-ին Ջ․ Կոկրոֆտը և Է․ Ուոլտոնը Կավենդիշի լաբորատորիայում ստեղծել են տարրական մասնիկների արագացուցիչ և իրագործել միջուկների ճեղքումը պրոտոններով։ XX դ․ գիտության նոր ուղղության՝ տիեզերական ճառագայթների ֆիզիկայի զարգացման գործում կարևոր ավանդ են ներդրել Պ․ Բլեկետը (նոբելյան մրցանակ, 1948), Ս․ Պաուելը և Օկիալինին (նոբելյան մրցանակ, 1950), Գ․ Ռոչեստերը, Գ․ Բատլերը և ուրիշներ։ Արժեքավոր հետազոտություններ են կատարվել նաև տեսական ֆիզիկայի ասպարեզում (Պ․ Դիրակ, Ո․ Փայերլս, Ն․ Մոտտ, Ա․ Վիլսոն և ուրիշներ)։
Մ. Բ–ում մաթեմատիկան զարգանում է հիմնականում հետևյալ ուղղություններով՝ մաթ․ տրամաբանություն (Բ․ Ռասել, Ա․ Ուայթհեդ), թվերի տեսություն և ֆունկցիաների տեսություն (Գ․ Հարդի, Ջ․ Լիթլվուդ), մաթ․ վիճակագրություն (Ռ․ Ֆիշեր), հաշվողական մաթեմատիկա։
Ֆիզիկական քիմիայի և քիմ․ ֆիզիկայի բնագավառում հայտնի են Ս․ Հինշելվուդի աշխատանքները, որը շղթայական քիմ․ ռեակցիաների տեսության ստեղծման համար 1956-ին Ն․ Ն․ Սեմյոնովի (ՍՍՀՄ) հետ արժանացել է նոբելյան մրցանակի։ Գիտության հիմնարար ուղղությունների հետ մեկտեղ զարգացել են նաև կիրառական և տեխ․ գիտությունները, հատկապես էլեկտրոնիկան և ռադիոֆիզիկան։ 1925–28-ին Ջ․ Բերդը զբաղվել է սև–սպիտակ և գունավոր հեռուստատեսության պրոբլեմով, իրականացրել հեռուստահաղորդման փորձեր։ 1941-ին առաջին թռիչքն է կատարվել տուրբառեակտիվ շարժիչ ունեցող փորձնական ինքնաթիռով։ Ետպատերազմյան տարիներին գիտական հեղափոխությունը վերածվում է գիտատեխ․ հեղափոխության։ Մ․ Բ–ում արագորեն աճում է ռազմ. արդյունաբերության հետ կապված հետազոտությունների տեսակարար կշիռը։
Համաշխարհային ճանաչման է արժանացել կենսաքիմիայի անգլ․ դպրոցը, որի մի շարք ներկայացուցիչներ (Ֆ․ Հոպկինս,