Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(Մ․ Դոբ, Պ․ Դատ, Դ․ Իտոն), որոնք ժամանակակից կապիտալիզմի էկոնոմիկայի առանձնահատկությունների բացահայտման հիման վրա մերկացնում են դրանց ջատագովական էությունը։ 1970-ական թթ․ անգլ․ տնտեսագիտության համար բնորոշ էր մասնագիտացված ճյուղերի (գիտատեխ․ առաջընթացի և տնտեսության կոնկրետ ճյուղերի էկոնոմիկաներ) զարգացումը, մաթ․-կիբեռնետիկական մեթոդների և էլեկտրոնային հաշվողական տեխնիկայի, տնտեսագիտական հետազոտություններում՝ հարակից գիտությունների (սոցիոլոգիա, հոգեբանություն, դեմոգրաֆիա ևն) օգտագործումը, տնտ․ կանխատեսման և ծրագրավորման արագ ընդլայնումը։
Տնտեսագիտական պետ․ հիմնարկությունների աշխատանքը կոորդինացնում է կրթության և գիտության մինիստրությանն առընթեր սոցիալական գիտությունների խորհուրդը։ Տնտեսագիտական հետազոտությունների կենտրոններ են համալսարանները (Քեմբրիջի, Լոնդոնի, Բիրմինգհեմի, Գլազգոյի ևն), ինստ–ները (Տնտեսագիտական հետազոտությունների ազգային, Քաղ․ և տնտ․ պլանավորման, Տնտեսագիտության ևն)։ Տնտեսագետների պրոֆեսիոնալ կազմակերպություններից խոշորագույնը Թագավորական տնտեսագիտական ընկերությունն է։
Իրավագիտությունը։ Իրավագիտությունը Մ․ Բ-ում ծագել է ընդհանուր իրավունքին (իրավունքի համակարգ Անգլիայում, որի հիմնական աղբյուրը դատական նախսդեպերն են) գրեթե զուգահեռ (XI–XII դդ․)։ Անգլ․ իրավաբանական միտքը զարգացել է ինքնուրույն՝ հռոմ․ իրավունքի ազդեցությունից անկախ։ Ի տարբերություն մայրցամաքային Եվրոպայի երկրների, անգլ․ իրավագիտությունն ստեղծել և կատարելագործել են իրավաբան–պրակտիկները՝ հիմնականում դատական որոշումների մեկնաբանման ճանապարհով։ Արդարության իրավունքի (ընդհանուր իրավունքի հետ զուգահեռաբար գործող իրավունքի համակարգ, որը կիրառվել է ընդհանուր իրավունքի դատարանների որոշումներից դժգոհ քաղաքացիների՝ թագավորին ուղղված բողոքների կապակցությամբ։ Գործերի քննության համար լորդ–կանցլերին կից ստեղծվել է դատարան, որը ընդհանուր իրավունքի նորմերի փոխարեն ղեկավարվել է, իբր, արդարության սկզբունքներով (առաջացմանը զուգահեռ զարգացել է իրավագիտության համապատասխան ուղղությունը, որը, ի տարբերություն ընդհանուր իրավունքի, կրել է հռոմ․ և կանոնական իրավունքի ազդեցությունը)։ Անգլ․ իրավական համակարգում չկան հանրային և մասնավոր իրավունքներ կամ, ինչպես մայրցամաքային Եվրոպայում, իրավունքի առանձին ավանդական ճյուղեր, հստակորեն չեն տարանջատված նյութական և դատավարական իրավունքները, և այդ յուրահատկությունն արտացոլված է նաև անգլ․ իրավագիտության մեջ։ Իրավունքի առաջին տրակտատներում (Գլենվիլդ, Բրակտոն) մշակվել են վեստմինստերյան դատարաններ (միջնադարյան Անգլիայի բարձր դատարանների ընդհանուր անվանումը) դիմելու արարողության կանոնները։ XV–XVI դդ․ Տ․ Լիթլտոնի, Ջ․ Ֆորտեսքյուի, Սենտ–Ջերմենի աշխատություններում վարդապետական մեկնաբանման ենթարկվեցին անգլ․ իրավունքի կարևորագույն ինստ–ներն ու դատական նախադեպերը։ XVII դ․ ստեղծվեց Է․ Կոկի «Անգլիական իրավունքի ինստիտուտներ» հիմնարար աշխատությունը։ Իրավունքի բուրժ․ գաղափարախոսությունն առավել լրիվ արտացոլվել է ժամանակակից իրավագիտության հիմնադիր Բլեքսթոնի աշխատություններում («Անգլիական օրենքների մեկնաբանություններ»)։ XVIII դ․ առավել նշանակալի էին սահմանադրական իրավունքի լիբերալ–բուրժ․ ուղղության հիմնադիր Ե․ Բենթամի աշխատությունները։
XIX դ․– XX դ․ սկզբին աչքի ընկան մի շարք պետականագետներ (Ու․ Բեջգոտ, Ջ․ Ս․ Միլ, Ս․ Դայսի, Ու․ Էնսոն, Ա․ Լոու, Թ․ Մեյ և ուրիշներ), որոնք կանխորոշեցին պետության մասին անգլ․ բուրժ․ գիտության և քաղ․ գիտության հիմնական ուղղությունները։ Նորագույն ժամանակներում ընդհանուր իրավունքի, արդարության իրավունքի, քաղաքացիական, քրեական իրավունքի, իրավունքի անգլ․ պատմության ևն խնդիրների մշակման հարցում աչքի են ընկել Ֆ․ Մեյտլենդը, Կ, Քեննին, Պ․ Դաֆֆը, Դ․ Տերները, Դ․ Սթրիտը, Ա․ Կրոսսը, Դ․ Դոբը և ուրիշներ։ Սահմանադրական իրավունքի, քաղ․ գիտության, վարչական իրավունքի և տեղական կառավարման ուսումնասիրությամբ են զբաղվել Ա․ Ջենինգսը, Հ․ Մորիսոնը, Հ․ Լասկին, Ռ․ Մյուրը, Ա․ Քիտը, Դ․ Մեյը, Բ․ Քարտերը, Դ․ Մուդին, Լ․ Էմերին, Ու․ Մորիս Ջոնսոնը, Դ․ Մակինտոշը և ուրիշներ, որոնք անգլ․ պետ․ իրավունքի ու իրավունքի մյուս ճյուղերի խնդիրներն ուսումնասիրում են կապիտալիստական պետականությունը ջատագովելու ոգով՝ բրիտ․ պետությունը հռչակելով «համընդհանուր բարօրության պետություն»։ Անգլ․ ժամանակակից իրավագիտության մեջ հատուկ տեղ են զբաղեցնում մարքսիստ գիտնականներ Ջ․ Գոլանը, Դ․ Հարվին և ուրիշներ։
Իրավունքի բնագավառի գիտական կարևոր կենտրոններն են Լոնդոնի, Քեմբրիջի և Օքսֆորդի համալսարանները։ Հրատարակվում են իրավաբանական բազմաթիվ ամսագրեր։
3․ Գիտական հիմնարկները
Անգլ․ գիտության ու տեխնիկայի զարգացման առանձնահատկությունները պայմանավորված են հետազոտական աշխատանքի կազմակերպմամբ։
XX դ․ սկզբին բոլոր խոշոր համալսարաններն ունեին իրենց հետազոտական լաբորատորիաները։ Հիմնարար և տեխ․ հետազոտությունների կապն անբավարար էր։ 1915–40-ին կառավարությունը արդյունաբերության մեջ տեխ․ հետազոտությունների արմատավորման քայլերի դիմեց։ Մասնավորապես քիմ․ ու էլեկտրամեքենաշինական արդյունաբերության մեջ հիմնվեցին մասնավոր լաբորատորիաներ, որոնք զբաղվում էին նոր տեխնոլոգիայի մշակմամբ։ 1939-ին արդեն կար այդպիսի 10 խոշոր լաբորատորիա։ 1945-ից հետո հետազոտական կենտրոնների թիվը շեշտակիորեն ավելացավ։ 1969-ին գիտական հետազոտություններ էին կատարվում 34 համալսարաններում, «նորագույն տեխնիկայի» 11 կոլեջներում, 500-ից ավելի աշխատող և 3 մլն ֆունտ ստեռլինգից ավելի առևտրական շրջանառություն ունեցող բոլոր ֆիրմաներում։ Բոլոր աշխատանքների 70%-ը կատարում են մասնավոր արդ․ լաբորատորիաները։ Ետպատերազմյան շրջանում ավելի քան կրկնապատկվեց կոոպերատիվ հետազոտական ընկերությունների թիվը։ 1954-ին ձևավորվեց միջուկային ֆիզիկայի և էներգետիկայի պրոբլեմները հետազոտող պետ․ ինստ–ների ցանցը։ Ստեղծվել են միկրոկենսաբանության, քվանտային էլեկտրոնիկայի, ռադիոաստղագիտության և այլ գիտական կենտրոններ։ 1949-ին ստեղծվել է ազգային հետազոտությունների զարգացման կորպորացիան, որը հետազոտական հիմնարկներին աջակցում է գյուտերի արտոնագրերի մշակման և իրացման գործում։ 1964-ին գիտության մինիստրությունը վերակազմվեց կրթության և գիտության մինիստրության, որն ունի բժշկագիտության, բնական, գյուղատնտ․, սոցիալական գիտությունների հետազոտական խորհուրդներ։ Տեխ․ հետազոտությունները կոորդինացնում է ավիացիայի մինիստրությունը։ Կտրուկ աճում է գիտության ֆինանսավորումը։ Կրթության և գիտության մինիստրությանը կից գործում է գիտատեխ․ ինֆորմացիայի վարչությունը։
XII․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը
Մ․ Բ-ում լույս են տեսնում ավելի քան 140 օրաթերթ, 1200 շաբաթաթերթ, 4 հզ․ ամսագիր և այլ պարբերական հրատարակություններ։ Մամուլում իշխում է մոնոպոլիաների մի նեղ խումբ։ Թերթերի մեծ մասը արտահայտում է պահպանողական կուսակցության շահերը։ Դրանցից են՝ «Դեյլի թելեգրաֆ էնդ մորնինգ պոստ» («The Daily Telegraph and Morning Post», 1855-ից) և «Սանդի թելեգրաֆ» («The Sunday Telegraph», 1961-ից)։ Պահպանողական դիրքերից են հանդես գալիս նաև «Դեյլի էքսպրես» («Daily Express», 1900-ից), «Սանդի էքսպրես» («Sunday Express», 1918-ից), «Դեյլի մեյլ» («Daily Mail», 1896-ից), «Սանդի թայմս» («Sunday Times», 1822-ից) թերթերը, «Էքոնոմիստ» («The Economist», 1834-ից), «Սփեկթեյթըր» («Spectator», 1828-ից) հանդեսները և մի շարք այլ հրատարակություններ։ «Թայմս» («The Times», 1785-ից) թերթն անկախ է, սակայն գործնականում մոտ է կանգնած պահպանողականներին։ Լեյբորիստական կուսակցության թերթերն են՝ «Դեյլի միրոր» («Daily Mirror», 1903-ից), «Սանդի միրոր» («Sunday Mirror», 1915-ից), «Փիփըլ» («The People», 1881-ից)։ Կուսակցության ձախ թևի տեսակետն է արտահայտում «Տրիբյուն» («Tribune», 1937-ից) շաբաթաթերթը։ Լիբերալ մտավորականության հայացքներն են արտահայտում «Գարդիան» («The Guardian», 1821-ից), «Օբսերվեր» («The Observer», 1791-ից) թերթերը։ Կոմունիստական կուսակցության հրատարակություններն