Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/420

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1822-ին Լոնդոնում բացվել է Երաժշտության թագավորական ակադեմիան, 1872-ին՝ «Տրինիտի կոլեջ»-ը, 1883-ին՝ Թագավորական երաժշտ․ կոլեջը։ 1878-ին ստեղծվել է ժող․ համերգային ընկերությունը։ Ազգային կոմպոզիտորական դպրոցը սկզբնավորել է Է․ Էլգարը («Հերոնտիոսի երազը», օրատորիա, 1900)։ Ֆ․ Դիլիուսի «Գյուղական Ռոմեոն և Ջուլիետը» օպերայում, Գ․ Հոլսթի և Հ․ Բանտոկի երկերում օգտագործվել են անգլ․ ֆոլկլորային մոտիվներ։ 1898-ին ֆոլկլորիստ-երաժշտագետ Ս․ Շարփը Լոնդոնում հիմնադրել է ժող․ երգի ընկերությունը։ Անգլ․ ազգային դպրոցը («անգլ․ երաժշտ․ վերածնունդ») գլխավորում էր Ռ․ Վոան–Ուիլյամսը։
XX դ․ սկզբին Մ․ Բ-ի երաժշտ․ կյանքը բուռն զարգանում է՝ ընդգրկելով նորանոր քաղաքներ, որոնցում ստեղծվում են երաժշտական դպրոցներ, նվագախմբեր, երգչախմբային ընկերություններ, անց են կացվում փառատոներ և մրցույթներ (Բիրմինգհեմ, Լիդս, Նորիջ, Շեֆֆիլդ և այլուր)։ Մ․ Բ-ի երաժշտ․ արվեստում հատուկ տեղ են գրավում Բ․ Բրիտտենի միջազգային ճանաչում գտած ստեղծագործությունները։ Մ․ Բ-ի առաջադեմ երաժիշտները դրսևորում են երաժշտ․ արվեստը ժող․ զանգվածների պահանջներին մոտեցնելու ձգտում։ Դեմոկրատական այդ շարժումը գլխավորում է ազգ․ երաժշտ․ հասարակական գործիչ, կոմպոզիտոր Ա․ Բաշը։ Մ․ Բ-ի երաժշտ․ մշակույթի մեջ մեծ ավանդ ունեն երաժշտության պատմաբաններ Ջ․ Գրովը («Երաժշտության և երաժիշտների բառարան», 1-ին հրտ․ 1879), Պ․ Ա․ Սքոլսը, Հ․ Կ․ Քոլեսը և Է․ Բլոմը։ Կատարողական կոլեկտիվներից աչքի են ընկնում Լոնդոնի ֆիլհարմոնիկ և սիմֆոնիկ նվագախմբերը, Բի–Բի–Սիի սիմֆոնիկ նվագախումբը (գլխ․ դիրիժոր՝ Մ․ Սարջենտ), Մանչեստրի նվագախումբը, դիրիժորներից՝ Ջ․ Բարբիրոլլին․ Ա․ Ս․ Բոուլթը, դաշնակահարներից՝ Ջ․ Մուրը, Մ․ Լիմպանին, Ջ․ Օգդոնը, Ջ․ Լիլը, ջութակահար Ա․ Կամպոլին, երգիչներից՝ Ու․ Հայդը, Ջ․ Մակ–Քորմակը, Պ․ Փիրսը, երգչուհիներից՝ Կ․ Նովելլոն, Ջ․ Վիվիենը, Ջ․ Համմոնդը, Կ․ Շեքլոքը։ Մ․ Բ-ի օպերային արվեստի պրոպագանդման համար մեծ նշանակություն ունեցավ «Քովենտ–Գարդեն»-ի գլխավոր դիրիժոր Թ․ Բիչեմի գործունեությունը։ 1940–50-ական թթ․ ամենամյա ավանդական փառատոներ են անցկացվում Էդինբուրգում, Օլդբորոյում, Բաթում, միջազգային երաժշտ․ մրցույթներ՝ Լիդսում։ 1960-ական թթ․ լայն զարգացում ստացավ երաժշտ․ էստրադան, այսպես կոչված, «պոպ–երաժշտությունը»։ Հատկապես հանրաճանաչ էր երիտասարդ երգիչների «Բիթլգ» (The Beatls) վոկալ–գործիքային քառյակը։ Ժամանակակից երաժշտ․ ուսումնական հաստատություններից են Երաժշտության թագավորական ակադեմիան և կոլեջը Լոնդոնում, երաժշտ․ կոլեջները Մանչեստրում, Լիվերպուլում, Բիրմինգհեմում, Գլազգոյում, Էդինբուրգում և այլ քաղաքներում։ Երաժշտագիտություն է դասավանդվում համալսարաններում (Օքսֆորդ, Քեմբրիջ, Բիրմինգհեմ ևն)։
XVI․ Բալետը
Բեմական ավանդույթները, որոնց հիման վրա ձևավորվել է անգլ․ բալետը, սկիզբ են առել XVI դ․ դիմակների պալատական ներկայացումներից։ Պուրիտանության տարածումը (XVI–XVII դդ․) կասեցրել է բալետային արվեստի ձևավորումը։ XVIII–XIX դդ․ Լոնդոնում բալետներ են բեմադրել օտարերկրացի բալետմայստերներ Շ․ Դիդլոն, Ժ․ Պեռոն։ 1920–1930-ական թթ․ ռուս արտիստների (Ա․ Պ․ Պավլովա, Ս․ Պ․ Դյագիլևի խումբ) ազդեցությամբ նորից հետաքրքրություն է արթնացել բալետի նկատմամբ։ Ստեղծվել են պարարվեստի խոշոր կոլեկտիվներ՝ «Բալետային ակումբ» (1930, հետագայում՝ «Բալե Ռամբեր»), «Վիկ Ուելս Բալե» (1931, 1942-ից՝ «Սադլերս Ուելս Բալե», 1957-ից՝ Թագավորական բալետ)։ Անգլ․ մնջախաղի ավանդույթներն առանձնապես պարզորոշ երևում են բալետմայստեր Ն․ դը Վալուայի վաղ բեմադրություններում, բալետմայստեր Ռ․ Հելփմենի ողբերգական ներկայացումներում։ Անգլ․ բալետի անցումը պարարվեստի մեծ ձևերին իրականացրել է բալետմայստեր Ֆ․ Աշթոնը (Հ․ Վ․ Հենցի «Ունդինա», 1958, Լ․ Ֆ․ Հերոլդի «Զուր նախազգուշության» նոր խմբագրումը, 1960)։ Բալետմայստեր Ջ․ Կրանկոն 1950-ական թթ․ Թագավորական բալետ խմբում բեմադրել է Բ․ Բրիտտենի «Եղանակների արքայազնը» բալետը (1957), Կ․ Մակմիլլանը՝ Ս․ Ս․ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետի (1965) և Ի․ Ֆ․ Ստրավինսկու մի շարք բալետների իր խմբագրումները։ 1930–60-ական թթ․ բալետի առաջատար արտիստներից են Ա․ Մարկովան, Ա․ Դոլինը, Մ․ Ֆոնտեյնը, Մ․ Սոմսը, Ս․ Բերյոզովան, Ն․ Ներինան, Բ․ Գրեյը, Ա․ Գրանտը, Ա․ Լինդենը։ Մ․ Բ–ում գործում են Թագավորական բալետի (1931-ից), Մարի Ռամբերի (1920-ից), Ն․ Լեգատի (1926-ից) դպրոցները։ 1920-ից գոյություն ունի Պարի թագավորական ակադեմիան (նախկինում կոչվել է Օպերային պարի ընկերություն)։
XVII․ Թատրոնը
Ինչպես Արևմտյան Եվրոպայի շատ երկրներում, Մ․ Բ-ում ևս թատրոնն սկզբում եղել է կրոնական արարողությունների բաղկացուցիչ մասը։ Միջնադարյան քաղաքային մշակույթի ծաղկման շրջանում ներկայացումներն ստացել են տոների օրերին տեղի ունեցող համաժող․ տոնախմբությունների բնույթ, բեմադրվել են կոլեկտիվ միստերիաներ։ XV դ․ երևան են եկել ինտերլյուդները (ֆրանս․ ֆարսին մոտ կոմիկական տեսարաններ) և մորալիտեները։ Վերածննդի դարաշրջանում սիրողներին վերջնականապես դուրս են մղել պրոֆեսիոնալ դերասանները։ Այդ ժամանակաշրջանում բարձր ծաղկման է հասել դրամատուրգիան (Ք․ Մառլո, Ու․ Շեքսպիր, Բ․ Ջոնսոն և ուրիշներ)։ Ճանաչված դերասաններից էին Է․ Ալեյնը (հանդես էր գալիս Մառլոյի պիեսներում) և Ռ․ Բյորբեջը (Շեքսպիրի պիեսներում)։ 1576-ին Լոնդոնում կառուցվել է «Թատրոն» առաջին թատերական շենքը, ապա՝ «Գլոբուսը» (1599), ուր խաղացել է Շեքսպիրի խումբը, «Ֆորտունան» (1600) ևն։ Շեքսպիրի ժամանակների թատրոնում դերասանուհիներ չեն եղել, կանանց դերերը կատարել են պատանիները։
Եթե XVI դ․ վերջին և XVII դ․ սկզբի թատրոնը հիմնականում եղել է ժող․ ներկայացում, ապա XVII դ․ 20-ական թթ․ այն գնալով վերածվել է արիստոկրատական զվարճության։ XVII դ․ Անգլիական հեղափոխության սկզբին պուրիտանները, իշխանության գլուխ անցնելով, արգելել են թատերական ներկայացումները։ Օ․ Կրոմվելի պրոտեկտորատի տարիներին միայն արքունիքին կից տրվել են օպերայի տիպի ներկայացումներ։ 1860-ին, Ստյուարտների միապետության վերականգնումից հետո, վերսկսվել է արքունիքի հովանավորության և վերահսկողության տակ գտնվող թատրոնների գործունեությունը։ Մտցվել է թատերական մոնոպոլիա․ ներկայացումների իրավունքի վկայագրեր են ստացել երկու նորաստեղծ խմբեր՝ թագավորի և դուքսի (հետագայում անվանվել են «Դրուրի Լեյն» և «Քովենտ–Գարդեն»)։ XVII դ․ վերջին առաջին անգամ հայտնվել են դերասանուհիներ։ XVII դ․ վերջին, երբ բուրժուազիան դարձել էր գերիշխող դասակարգի ճանաչված մասը, մտցվել է խիստ գրաքննություն։ XVIII դ․ թատրոնի ծաղկումը կապված էր լուսավորականության և արվեստի ու գրականության մեջ ռեալիզմի հաստատման հետ։ Դարաշրջանի դերասանական արվեստի գագաթը ռեալիստ–դերասան Դ․ Գարրիկի ստեղծագործությունն էր, որը 1747–76-ին գլխավորել է «Դրուրի Լեյն» թատրոնը։
XVIII դ․ վերջին և XIX դ․ սկզբին երևան է եկել կատարման նոր՝ վեհապանծ-խիստ ոճ, որի խոշոր ներկայացուցիչներից էին Ջ․ Քեմբլը և նրա քույրը՝ Ս․ Սիդոնսը։ 1843-ին «Քովենտ–Գարդենի» և «Դրուրի Լեյնի» մոնոպոլիայի վերացումից հետո երևան են եկել նոր թատրոններ։ XIX դ․ հաստատվել է թատերական շենքի ժամանակակից տիպը, բարելավվել թատերական լուսավորումը, երևան են եկել նկարված դեկորացիաներ, իսկ դարի վերջին՝ դարձիչ շրջանը։
XIX դ․ նշանավոր դերասաններից էին Է․ Քինը, նրա որդին՝ Չ․ Քինը, Ու․ Մաքրեդին (նրա խաղընկերուհին էր Է․ Տերրին) և ուրիշներ։ XIX դ․ 2-րդ կեսին դերասան և ռեժիսոր Հ․ Իրվինգը ստեղծել է «Լիցեում» թատրոնը, ուր իրականացվել են Շեքսպիրի պիեսների մոնումենտալ բեմադրություններ։ Թատրոնը խուսափում էր սաղմնավորվող նոր դրամատուրգիայից, հասարակությունը, սակայն, պահանջում էր սուր պրոբլեմատիկայով հրատապ ներկայացումներ։ Այդ պայմաններում 1891-ին քննադատ Ջ․ Գրեյնը Լոնդոնում ստեղծել է «Անկախ թատրոն»։ Այնուհետև երևան են եկել «Նոր դարի թատրոնը», «Գրական թատրոնի ընկերությունը»։ Դեռևս 1818-ին բացված «Օլդ Վիկ» թատրոնի գործունեությունը անգլ․ թատերական մշակույթի համար առավել նշանակալի է դարձել 1898-ից, երբ թատրոնը գլխավորում էր Լ․ Բեյլիսը։ Այս թատրոնների հաջողությունը պայմանավորված էր նոր խաղացանկով, նոր դրամայի ռեալիստական ու նատուրալիստական միտումներին համապատասխանող կատարողական