Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ու․ Հոլֆորդ)։ Մինչև 1960-ական թթ․ կեսերը կիրառվել է միկրոշրջանացման սկզբունքը, կառուցվել են բնակելի համալիրներ (Հոլֆիլդը Լոնդոնում, 1949–1956, ճարտ․ Լ․ Դրեյք, Դ․ Լեսդեն և ուրիշներ) և արբանյակ–քաղաքներ (1946-ից՝ Հառլոու, Լոնդոնի մոտ, ճարտ․ Ֆ․ Գիբերտ և ուրիշներ)։ Ետպատերազմյան շրջանի խոշոր շինություններից են Թագավորական համերգային դահլիճը Լոնդոնում (1949–51, ճարտ․ Ռ․ Մեթյու, Լ․ Մարտին), Քովենթրիի տաճարը (1954–62, ճարտ․ Բ․ Սփենս)։ Սակայն արդի ճարտ․ զարգացումը արգելակվում է մասնավոր հողատիրության, կապիտալիստական անարխիայի պատճառով․ քաղաքների պատմականորեն ձևավորված տեսքը խաթարում են գրասենյակային բարձրահարկ շենքերը։
XX դ․ արվեստում ռեալիստական դիմանկարային և ժանրային գեղանկարչության ու գրաֆիկայի ծաղկումը (Օ․ Ջոն, Ու․ Օրփեն, Ֆ․ Բրենգվին, Ս․ Փեփլո) զուգակցվել է նոր առաջացող հոսանքների հետ, որոնք գալիս էին ֆովիզմից (Մ․ Սմիթ, Ա․ Հիթչենս), ֆուտուրիզմից և կուբիզմից (Ու․ Լյուիս), ձգտելով դեպի ֆանտաստիկան (Ս․ Սպենսեր, Պ․ Սազերլենդ, Պ․ Նեշ, Ֆ․ Բեյքոն) կամ աբստրակցիոնիզմը (Բ․ Նիքոլսոն, քանդակագործ՝ Բ․ Հեփուորթ), սյուրռեալիզմն ու աբստրակցիան (քանդակագործ՝ Հ. Մուր)։ 1930-ական թթ․ առաջ են եկել իրենց ստեղծագործությունը պրոլետարիատի և հակաֆաշիստական պայքարի հետ կապող նկարիչների խմբեր, 1950-ական թթ․ ձևավորվել է «սոցիալական ռեալիստների» խումբը։ Գրաֆիկներ Պ․ Հոգարթը, Է․ Արդիզոնը, գեղանկարիչներ Լ․ Լաուրին, Կ․ Ռոն, Դ․ Գրիվսը, Պ․ դը Ֆրանսիան, քանդակագործներ Լ․ Բրեդշոն, Բ․ Ռին, Բ․ Շոցը ստեղծել են մի շարք ռեալիստական գործեր, որոնցից շատերը նվիրված են խաղաղության պայքարին, Մ․ Բ–ի ժողովրդի, այդ թվում՝ բանվոր դասակարգի կյանքին։ Հասարակ անգլիացիների կյանքի դժվարին, ծանր կողմերն արտացոլված են Է․ Միդլդիչի, Ջ․ Սմիթի, Ջ․ Բրեթբիի մի շարք նկարներում։
Մ․ Բ–ի ժող․ արվեստը ծաղկում է ապրել XVIIIդ․։ Անգլիայում հնուց տարածված են բրուտագործությունը, փայտի քանդակազարդումն ու նախշանկարումը, լուբոկները։ Շոտլանդիան հռչակված է վանդակավոր գործվածքներով («տարտան»), կաշվե պայուսակներով, դաշույններով, Ուելսը՝ քանդակազարդ կաղնե կահույքով և վառ ներկված դեկորատիվ խեցեղենով։
XV․ Երաժշտությունը
Մ․ Բ–ի երաժշտության ակունքները կապված են կելտական ցեղերի երաժշտական մշակույթին։ Անգլիայում քրիստոնեության հաստատումից հետո (VII դ․ 2-րդ կես) եկեղեցական ժամերգության մեջ մտած ժող․ և կրոնական երաժշտության հիման վրա սկսել է զարգանալ պրոֆեսիոնալ երաժշտությունը, սկզբում՝ ունիսոն երգեցողության ձևով, X դարից՝ երկձայն։ XII դ․ ժող․ երաժշտության ազդեցությամբ սկսել է զարգանալ բազմաձայնությունը։ Միջին դարերում անգլ․ եկեղեցական երաժշտության մեջ տիրապետել է կաթոլիկական (գրիգորյան) խորալը։ Լիթուրգիան ուղեկցվել է երգեհոնի նվագակցությամբ (առաջին երգեհոնը դրվել է Ուինչեստերի տաճարում, X դ․)։ Նորմանդացի նվաճողների ազդեցությամբ Անգլիայում զարգացել է մենեստրելների երաժշտական–բանաստեղծական արվեստը։ XIV դ․ վերջին–XV դ․ սկզբին քաղաքային բուրժ․ մշակույթի աճի հետ տեղի է ունեցել երաժիշտների պրոֆեսիոնալացում։ Թագավորի արքունիքին կից և խոշոր ֆեոդալների դղյակներում կազմակերպվել են վոկալ և գործիքային կապելլաներ։ XV դ․ 1-ին կեսին սկզբնավորվել է պոլիֆոնիստների անգլ․ դպրոցը՝ Ջ․ Դանսթեյբլի գլխավորությամբ։ Վերածննդի դարաշրջանում երաժշտությունը կարևոր տեղ է գրավել արիստոկրատիայի և քաղաքաբնակների հասարակական կյանքում և կենցաղում, երևան են եկել կոնսորտներ (տարբեր գործիքներ նվազողների խմբերի «ընկերակցություն»), որոնց կատարողների թիվն աստիճանաբար ավելանալով՝ հասել է 30–40 մարդու (նվագախմբի սկզբնական ձևերը)։ XVI դ․ վերջին, լյուտնյայից, վիոլայից և պորտատիվից (փոքր երգեհոն) բացի, տարածվել է վյորջինելը (փոքր կլավեսին)։ Մասսայական է դարձել մադրիգալը, որի անգլ․ ազգային դպրոցի հիմնադիրն է Ու․ Բյորդը։ Նրա հետևորդները՝ Ջ․ Բուլլը, Օ․ Գիբոնսը, ավելի ուշ՝ Ջ․ Բլոունը, որոնք արևմտաեվրոպական կլավիրային երաժշտության սկիզբն են դրել, գրել են նաև մադրիգալներ և պոլիֆոնիկ երգչախմբային պաշտամունքային երգեր՝ կաթոլիկական մեսսաներ և անգլ․ հիմներ։ Աշխարհիկ բազմաձայնության զարգացման մյուս գիծը Թ․ Մոռլիի, Թ․ Ուիլքսի և Ջ․ Ուիլբիի ստեղծագործությունն է, որոնք, մադրիգալներից բացի, գրել են «բալետներ» և երաժշտություն՝ Ու․ Շեքսպիրի, Ք․ Մառլոյի և այլոց պիեսների համար։
Ազգային անգլ․ երաժշտական թատրոնի ստեղծողն է XVII դ․ խոշորագույն կոմպոզիտոր Հ․ Պյորսելը («Դիդո և Էնեաս» օպերա)։ Սակայն Մ․ Բ–ի օպերային մշակույթը կրում էր իտալ․ օպերայի ազդեցությունը, որից ազատագրվելուն նպաստեցին Գ․ Ֆ․ Հենդելի (Լոնդոնում ապրել է շուրջ 50 տարի) օրատորիաներն ու օպերաները։ 1728-ին Լոնդոնում բեմադրվել է Ջ․ Գեյի և կոմպոզիտոր Ջ․ Փեփուշի «Աղքատների օպերա»-ն, որը սկիզբ դրեց նոր ժանրի՝ երգային մոնտաժի սկզբունքով կառուցված, այսպես կոչված, «բալլադային օպերայի»։ XVIII դ․ վերջին Լոնդոնում աշխատում էին Յո․ Ք․ Բախը («լոնդոնյան» Բախ, Յո․ Ս․ Բախի որդին), Յո․ Հայդնը (այստեղ գրել է 12 «Լոնդոնյան սիմֆոնիա»), Մ․ Կլեմենտին (որը դարձավ անգլ․ դաշնամուրային դպրոցի գլխավորը) և ուրիշներ։ Երևան եկան բազմաթիվ երաժշտական հիմնարկներ, միություններ և ընկերություններ՝ բազմաձայն երգեցողության սիրահարների «Քեթչքլուբ» (1761), Թագավորական երաժշտ․ ընկերություն (1762), կազմակերպվեցին երաժշտ․ հրատարակչություններ (1778), հիմնադրվեց ստեղնավոր գործիքների «Ջ․ Բրոդվուդ» աշխարհում հնագույն ֆիրման (1773-ից արտադրում է ռոյալներ)։ XVIII դ․ կեսին ձևավորվել է երաժշտագետների անգլ․ դպրոցը, որոնցից առավել հայտնի է երաժշտության պատմաբան Չ․ Բյոռնին՝ «Երաժշտության համընդհանուր պատմության» (հրտ․ 1776–89) հեղինակը։ XIX դ․ Մ․ Բ–ի կոմպոզիտորները գլխավորապես աշխատել են օպերային ժանրում (Հ․ Բիշոփ, Մ․ Բալֆ)։ Լոնդոնը դարձել է եվրոպական երաժշտ․ կենտրոններից մեկը։ 1885-ից անց են կացվել երաժշտ․ մեծ փառատոներ։