ծախսը ստորին հոսանքում 14,8 հզ․ մ3/վրկ է, առավելագույնը 33 հզ․ մ3/վրկ (առանձին տարիների՝ մինչև 67 հզ․ մ3/վրկ)։ Հարուստ է ձկներով, նավարկելի է 700 կմ, վարարումների ժամանակ՝ մինչև 1600 կմ։ Ափերին են Լուանգպրաբանգ, Վիենտյան, Պնոմպեն քաղաքները։
ՄԵԿՈՒՍԱՐԱՆ, իզոլյատոր (ֆրանս․ isolateur, < isoler – առանձնացնել, մեկուսացնել) (բժշկական), վարակիչ հիվանդների կամ վարակի նկատմամբ կասկածելի և հատուկ վտանգավոր հիվանդությունների զոնայում եղած անձանց մեկուսացման համար նախատեսված հատուկ սարքավորված շինություն։ Առավել կատարելագործված Մ․ է բոքսը, որն ունի առանձին մուտք և ելք, օգտագործվում է լրիվ մեկուսացման համար։ Մնացած դեպքերում մեկուսացնում են կիսաբոքսերում, շլյուզավորված և բոքսավորված հիվանդասենյակներում։ Մ․ ապահովվում է հատուկ գույքով, դեղամիջոցներով, ախտահանիչ նյութերով, անկողնային պարագաներով ևն։ Մ․ են հարմարեցնում նաև մանկամսուրներում, մանկապարտեզներում, պիոներական ճամբարներում, առողջարաններում, հանգստյան տներում։ Մ․ անհրաժեշտ է տեղավորել սննդամթերքների պահեստներից, խոհանոցներից, ջրամատակարարման աղբյուրներից, իսկ ռազմ. պայմաններում՝ վիրավորների տեղափոխման ճանապարհներից հեռու։ Հիվանդ կենդանիների համար Մ․ նախատեսվում է կառուցել անասնապահական շենքերից 200 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա։ Մ–ի մուտքի մոտ փորվում է փոսորակ, որը նախատեսվում է վարակազերծող նյութերի համար։
ՄԵԿՈՒՍԱՑԱԾ ԿԵՏ, որևէ բազմությանը պատկանող կետ, որի բավականաչափ փոքր շրջակայքում չկան այդ բազմության ուրիշ կետեր։ Այս սահմանումը ենթադրում է, որ -ում մտցված է նրա տարրերի միջև մոտիկության գաղափարը։ Այդ առումով Մ․ կ–ի գաղափարը տոպոլոգիական է (տես Տոպոլոգիա)։ Երկրաչափության մեջ դիտարկվում են կորի կամ մակերևույթի Մ․ կ–երը։ Կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսության գաղափարներից է անալիտիկ ֆունկցիայի մեկուսացած եզակի կետը։
ՄԵԿՈՒՍԻՉ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ, 1․ մեծ տեսակարար էլեկտրական դիմադրություն ունեցող նյութ (տես Մեկուսիչ էլեկտրատեխնիկական նյութեր)։ 2․ Էլեկտրասարքավորման՝ տարբեր էլեկտրական պոտենցիալներ ունեցող մասերը մեկուսացնելու և հողի, իրանի, կառույցի հետ կարճ միացումը կանխելու համար ծառայող էլեկտրատեխնիկական սարք։ Տարբերում են գծային (հաղորդալարերը էլեկտրահաղորդման գծերի հենարաններին ամրացնելու համար), կայանային (բաշխիչ հարմարանքներում հոսանքատար մասերի մոնտաժման համար), ապարատային (էլեկտրական ապարատներում ու մեքենաներում դետալների ամրացման և բաժանման համար) մեկուսիչներ։ 3․ Մետաղական Մ․ է․, մեկ կողմից կարճ միացված երկլար կամ համառանցք գծի հատված, որը հավասար է աշխատանքային ռադիոալիքի երկարության 1/4–ին և գծի մյուս ծայրում ունի մեծ էլեկտրական դիմադրության։ Գերբարձր հաճախականության ռադիոկոնստրուկցիաներում կիրառվում է որպես հենարան, իսկ գծերում՝ որպես բացակ (խզում)։
ՄԵԿՈՒՍԻՉ ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ, կիրառվում են էլեկտրատեխնիկական և ռադիոտեխնիկական սարքավորումներում՝ տարբեր պոտենցիալ ունեցող հոսանքակիր մասերի առանձնացման, կոնդենսատորների ունակության մեծացման համար։ Դրանք նաև ջերմահաղորդիչ միջավայր են էլեկտրական մեքենաներում, ապարատներում ևն։ Իբրև Մ․ է․ ն․ օգտագործում են դիէլեկտրիկները, որոնք հաղորդիչ նյութերի համեմատությամբ ունեն զգալիորեն ավելի մեծ տեսակարար ծավալային դիմադրություն (109–1020 օհմ•սմ)։ Մ․ է․ ն–ի հիմնական բնութագրերն են տեսակարար ծավալային և մակերևութային դիմադրությունները, հարաբերական ղիէլեկտրիկ թափանցելիությունը, դիէլեկտրիկ թափանցելիության ջերմաստիճանային գործակիցը, դիէլեկտրիկ կորուստների անկյունը, էլեկտրական ամրությունը (էլեկտրական դաշտի այն լարվածությունը, որի դեպքում տեղի է ունենում դիէլեկտրիկի ծակում)։ Մ․ է․ ն․ դասակարգվում են ըստ ագրեգատային վիճակի, քիմ․ բաղադրության, ստացման եղանակների ևն։ Ագրեգատային վիճակից կախված՝ տարբերում են պինդ, հեղուկ և գազանման Մ․ է․ ն․։ Պինդ Մ․ է․ ն․ ամենաընդարձակ խումբն են կազմում և իրենց հերթին ստորաբաժանվում են մի շարք ենթախմբերի՝ շերտավոր պլաստիկներ, թղթեր և գործվածքներ, լաքագործվածքներ, փայլարներ, էլեկտրախեցեղեն նյութեր ևն։ Այս խմբին են պատկանում նաև լաքերն ու այն հեղուկ բաղադրությունները, որոնք իբրև Մ․ է․ ն․ օգտագործելուց առաջ պնդացվում են։ Պինդ Մ․ է․ ն–ի էլեկտրական ամրությունը (20°C–ի և 50 հց հաճախականության դեպքում) տատանվում 1 Մվ/մ–ից մինչև 120 Մվ/մ սահմաններում։ Հեղուկ Մ․ է․ ն․ էլեկտրամեկուսիչ յուղերն են, այդ թվում նաև նավթային, բուսական և սինթետիկ յուղերը։ Սրանք միմյանցից տարբերվում են մածուցիկությամբ և էլեկտրական բնութագրերով։ Էլեկտրական լավագույն հատկություններով օժտված են կոնդենսատորային և մալուխային յուղերը։ Հեղուկ Մ․ է․ ն–ի էլեկտրական ամրությունը 12– 25 Մվ/մ է (տես նաև Հեղուկ դիէլեկտրիկներ)։ Գոյություն ունեն կիսահեղուկ Մ․ է․ ն․՝ վազելիններ։ Գազանման Մ․ է․ ն․ են օդը, էլեգազը (ծծմբի հեքսաֆտորիդ), ֆրեոն–21-ը (դիքլորֆտորմեթան)։ Օդը բնական մեկուսիչ է, ունի 3 Մվ/մ էլեկտրական ամրություն։ Էլեգազի և ֆրեոն–21-ի էլեկտրական ամրությունը 7,5 Մվ/մ է․ դրանք կիրառվում են հիմնականում մալուխներում և էլեկտրական զանազան ապարատներում։ Ըստ քիմ․ բաղադրության՝ տարբերում են օրգ․ և անօրգանական Մ․ է․ ն․։ Աոավել տարածված են անօրգանական Մ․ է․ ն․ (փայլար, խեցենյութեր ևն)։ Բացի այդ, Մ․ է․ ն․ լինում են բնական և արհեստական։ Արհեստական նյութերը, որոնք կարող են օժտված լինել էլեկտրական և ֆիգիկաքիմիական ցանկացած հատկություններով, լայնորեն կիրառվում են էլեկտրատեխնիկայում և ռադիոտեխնիկայում։ Ըստ նյութի մոլեկուլների էլեկտրական հատկությունների՝ տարբերում են բևեռային (դիպոլային) և ոչ բևեռային (չեզոք) Մ․ է․ ն․։ Բևեռային նյութերին են պատկանում բակելիտկերը, հալովաքսը, պոլիվինիլքլորիդը, սիլիցիումօրգանական նյութերի մեծ մասը։ Ոչ բևեռային Մ․ է․ ն–ից են ջրածինը, բենզոլը, պոլիստիրոլը, պարաֆինը ևն։
Պինդ Մ․ է․ ն–ի համար մեծ նշանակություն ունեն մեխանիկական հատկությունները՝ ամրությունը, կարծրությունը, մշակելիությունը, ջերմային հատկությունները՝ ջերմակայունությունը, ջեռակայունությանը (բարձր ջերմաստիճանների ազդեցությանը դիմանալու հատկությունը), ինչպես նաև խոնավաանթափանցությունը, կայծակայունությունը ևն։ Առավել ջեռակայուն են անօրգանական նյութերը (փայլար, ճենապակի, որոշ ապակիներ)։ Փխրուն նյութերի (ապակի, ճենապակի) համար կարևոր է նաև ջերմաստիճանի անկումներին դիմանալու հատկությունը։ Մ․ է․ ն–ի կարևոր հատկություններից է նաև ջերմահաղորդականությունը։ Հեղուկ Մ․ է․ ն–ում ջերմահաղորդականության գործակիցը մեծացնելու նպատակով ավելացնում են հանքային լցիչներ։ Խոնավաանթափանցությունը բարձրացնելու համար ծակոտկեն Մ․ է․ ն․ տոգորում են յուղերով, սինթետիկ հեղուկներով, կոմպաունդներով։ Բացարձակ խոնավակայուն Մ․ է․ ն․ կարելի է համարել ճենապակին, ապակին։
Գրկ․ Электротехнический справочник, 5 изд․, т․ 1, М․, 1974․
ՄԵՀԵԿԱՆ, հայկական հեթանոսական տոմարի 7-րդ ամսվա անունը։ Կապվում է Միհր աստծո անվան հետ։ Մ–ի 1-ը համապատասխանում է փետր․ 7-ին։
ՄԵՀԵՆԱԳԻՐ, գրանշանների ենթադրվող համակարգ, որը, որոշ հայագետների կարծիքով (Ա․ Գ․ Աբրահամյան և ուրիշներ), գործածվել է հեթանոսական Հայաստանում՝ որպես հայ մեհենական գրականության գիր։ Հայագետների մի զգալի մասը (Հ․ Աճառյան, Է․ Աղայան և այլք) չի ընդունում հայկ․ ինքնուրույն գրատեսակի գոյությունը մինչմեսրոպյան շրջանում։ Սակայն մեհենական գրականության առկայության փաստը, ինչպես և միջնադարյան մատենագրության մեջ հանդիպող գաղափարագիր նշանները ինչ–որ չափով հավանական են դարձնում Մ–ի գործածությունը նախաքրիստոնեական Հայաստանում։ Բացառված չէ, որ այն եղած լինի քրմական դասի պաշտամունքային գաղափարագիրը՝ նաև հայերենով գրելու համար։
Գրկ․ Աճառյան Հ․, Հայոց գրերը, Ե․, 1968։ Աբրահամյան Ա․ Գ․, Հայոց գիր և գրչություն, Ե․, 1973։ Աղայան Է․ Բ․, Նախամաշտոցյան հայ գրի ու գրականության, մեսրոպյան այբուբենի և հարակից հարցերի մասին, Ե․, 1977։
ՄԵՀԵՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ, հեթանոսական Հայաստանում գործող գրադարաններ, որոնք գտնվել են տաճարներում՝ մեհյաններում կամ կից շինություններում։ Քրիստոնեությունից առաջ Հայաստանում
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/443
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ
ՄԱՀԵՆԱԿԱՆ 443