Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/453

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
ՄԵՅԵ 453

Ս․ Արծրունին, Հ․ Առաքելյանը, Զ․ Մսերյանը, Ա․ Երիցյանը, Գ․ Արծրունին։Լ․ Գևորգյան ՄԵՂՈՒՑԻԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում։ Մ․ գավառի ամենամեծ հայաբնակ գյուղն էր։ 1909-ին ուներ 185 ընտանիք հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին, Կամախի կիրճում։ Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում։
ՄԵՂՔ իրավունքում, իրավական նորմի խախտումով վնասակար կամ հանրության համար վտանգավոր գործողության (անգործության) ներքին սուբյեկտիվ կողմը, անձի հոգեկան–իմացական վերաբերմունքը իր կատարած արարքի ու նրա հետևանքների նկատմամբ։ Դրսևորվում է դիտավորությամբ և անզգուշությամբ։ Ըստ սովետական իրավունքի, անձը քրեական պատասխանատվության կարող է ենթարկվել միայն այն դեպքում, եթե նրա գործողություններում առկա են հանցակազմի սուբյեկտիվ կողմի հատկանիշները, այսինքն՝ Մ․։ Մ–ի ինստ․ նախատեսվել է դեռևս հռոմ․ օրենքներով։ Մխիթար Գոշի, Սմբատ Սպարապետի դատաստանագրքերում, «Կանոնագիրք հայոց»-ում Մ–ի ձևերն ու տեսակները դրվում էին պատասխանատվության հիմքում։ Սկսած բուրժ․ հեղափոխությունների շրջանից Մ․, որպես պատասխանատվության բացառիկ հիմք, ընդունվել և կիրառվում է նաև բուրժ․ երկրների օրենսդրությամբ։Ա. Թովմասյան ՄԵՃԻՏ–ԷՈԶԻՎ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Ամասիայի գավառում։ 1915-ին ուներ մոտ 200 տուն հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, ինչպես նաև արհեստներով, առևտրով։ Կար եկեղեցի և վարժարան։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, բնակիչները ողջակիզվել են թուրք. ջարդարարների կողմից։ Միայն մի քանի հոգու է հաջողվել փրկվել և անցնել Արևելյան Հայաստան։
ՄԵՄԲՐԱՆ (< լատ․ membrana – թաղանթ), բարակ ճկուն թաղանթ, որը պրկվում է արտաքին ուժերի ազդեցությամբ և ձեռք բերում առաձգականություն։ Մ․ պետք է տարբերել թիթեղից, որի առաձգական հատկությունները կախված են նյութի տեսակից և հաստությունից։ Պրկումն իրագործող արտաքին կոնտուրի ձևից կախված՝ Մ–ները լինում են ուղղանկյունաձև, կլոր, էլիպսաձև ևն։ Մ–ի սեփական տատանումները կարելի է ներկայացնել կանգուն ալիքների համակարգերով, որոնք ունեն հանգուցային գծերի այս կամ այն պատկերը (հանգուցային գծերը բաժանում են Մ–ի՝ տարբեր փուլերով տատանվող մասերը, նկ․)։ Մ–ի ստիպողական տատանումները տեղի են ունենում արտաքին ուժերի ազդման հաճախականությամբ։ Առաձգականության տեսության մեջ Մ․ են անվանում այն բարակ ճկուն թիթեղը, որի ծռվածքի կոշտությունը հավասար է զրոյի։ Մ․ պատրաստում են տարբեր նյութերից։ Մետաղե Մ․ կիրառվում է աներոիդներում, չափիչ հարմարանքներում, հեռախոսափողերում, ձայնագրիչ սարքերում։ Ոչ մետաղական Մ․ (ռետին, կաշի ևն) օգտագործվում է պնևմոավտոմատիկայի սարքերում, մեմբրանային (դիաֆրագմային) պոմպերում։
ՄԵՄԵԼ (Memel), Լիտվական ՍՍՀ Կլայպեդա քաղաքի նախկին անվանումը։
ՄԵՄԼԻՆԳ (Memling) Հանս (մոտ 1440, Զելիգենշտադ, Հեսսեն – 11․8․1494, Բրյուգգե), նիդերլանդացի նկարիչ։ Սովորել է, հավանաբար, Ռոգիր վան դեր Վեյդենի մոտ, 1465-ից աշխատել Բրյուգգեում։ Մ–ի ստեղծագործությունները աչքի են ընկնում հանդարտ տրամադրությամբ, հստակ գուներանգով, կրոնական տեսարանների բյուրգերական, կենցաղային մեկնաբանմամբ («Տիրամայրը սրբերի հետ» եռապատկերը, 1468, Ազգային պատկերասրահ, Լոնդոն)։ Միաժամանակ դրանց բնորոշ է հին նիդերլանդական արվեստի արտահայտչամիջոցների պահպանողական կիրառումը (Կույս Մարիամի կոստյոլի բեմի «Ահեղ դատաստանը», մոտ 1473, Գդանսկ)։ Մ–ի արվեստի հումանիստական տարրերն առանձնապես տեսանելի են դրսևորվել դիմանկարներում (մեծ մասամբ նվիրատուների) և «Բերսաբե» երփնագրում (մոտ 1485, Բադեն–Վյուրտեմբերգ երկրի թանգարան, Շտուտգարտ), որ նիդերլանդական գեղանկարչության մեջ հազվադեպ՝ բնական չափի կնոջ մերկ մարմնի պատկերումներից է։
ՄԵՄՈՒԱՐՆԵՐ (ֆրանս․ memoires – հուշեր), տես Հուշագրություն։
ՄԵՄՓԻՍ (հուն․ Μέμφις, եգիպտ․ Մեննեթեր), քաղաք Հին Եգիպտոսում։ Հիմնվել է մ․ թ․ ա․ III հազարամյակի սկզբին, Վերին և Ստորին Եգիպտոսի սահմանում, Նեղոսի ձախ ափին։ Եղել է Եգիպտոսի կրոնական, քաղ․, մշակութային և արհեստագործական կենտրոն, Հին թագավորության (մ․ թ․ ա․ XXVIII–XXIII դդ․) մայրաքաղաքը։ Ալեքսանդրիայի հիմնադրումից (մ․ թ․ ա․ 332–331) հետո կորցրել է նախկին նշանակությունը։ Մ–ում պահպանվել են Պտահ աստծո տաճարի (մ․ թ․ ա․ III հազարամյակ) մնացորդները, Նոր թագավորության ժամանակաշրջանի սֆինքս, Ռամզես II-ի երկու կոթողը (մ․ թ․ ա․ XIV դ․ վերջ–XIII դ․ կես), Սերապիոնը։ Թագավորների և ավագանու բուրգերն ու դամբարանները գտնվում են այժմյան Գիզայի, Սաքարայի, Աբուսիրի, Դաշուրի մոտ։
ՄԵՅ ԼԱՆ ՖԱՆ (1894–1961), չին դերասան, մանկավարժ, թատերական և հասարակական գործիչ։ Կատարել է կանանց դերեր։ 1910-ական թթ․ ստեղծել է «արդի զգեստներով ներկայացման» («Սիրահարները հանդիպում են բանտում» ևն) և դասական սյուժեներով ու հնաոճ զգեստներով ներկայացման («Չան Է–ն փախչում է Լուսին» ևն) նոր տեսակներ։ 1949-ից աշխատել է Պեկինի երաժշտական դրամայի թատրոնում, 1951-ից եղել Ավանդական երաժշտական դրամայի ԳՀԻ (ավելի ուշ՝ Ավանդական երաժշտական թատրոնի ակադեմիա) տնօրեն։ Լավագույն դերերը խաղացել է «Տիեզերքի սուրը», «Զբոսանք այգում և ընդհատված երազ» և այլ ներկայացումներում։ 1935, 1952 և 1957-ին այցելել է ՍՍՀՄ։
ՄԵՅԵ (Meillet) Անտուան (11․11․1866, Մուլեն – 21․9․1936, Շատոմեյան, թաղված է Մուլենում), ֆրանսիացի լեզվաբան, հայագետ, սլավոնագետ, հասարակական գործիչ։ Ֆրանս. ակադեմիայի (1924), արտասահմանյան շատ ակադեմիաների և գիտական ընկերությունների անդամ, Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1906)։ 1885–89-ին սովորել է Սորբոնի համալսարանում։ Աշակերտել է Մ․ Բրեալին, Ֆ․ դը Սոսյուրին, Օ․ Կարիերին, որից սովորել է ժամանակակից հայերեն։ 1890–91-ին եղել է Վիեննայի Մխիթարյան միաբանությունում, աշակերտել Հ․ Տաշյանին, նրանից սովորել է գրաբար։ 1891-ին այցելել է Հայաստան (երկրորդ անգամ՝ 1903-ին), Էջմիածնի մատենադարանում զբաղվել բանասիրական աշխատանքով, ուսումնասիրել գրաբարի հնչյունաբանությունը։ 1902–05-ին գրաբար ու ժամանակակից հայերեն է դասավանդել Արևելյան կենդանի լեզուների դպրոցում, 1906–36-ին հնդեվրոպական լեզուների համեմատական քերականություն և ընդհանուր լեզվաբանություն՝ ֆրանս․ կոլեջում: 1919-ին Ֆ․ Մակլերի և ուրիշների հետ հիմնել է «Մոսիետե դեզ էտյուդ Արմենիեն»-ը