458 ՄԵՆԱՏԻՊ
հարստացել և դարձել են իշխող կարգերի գաղափարական հենարան։ Այնուհետև բուդդայական Մ–ներ են հիմնվել Բիրմայում, Թաիլանդում (II–III դդ․), Վիետնամում, Չինաստանում (IV դ․)․ Կորեայում, Ճապոնիայում, Ինդոնեզիայում (VI–VIII դդ․)։ III–IV դդ․ քրիստոնեական Մ–ները սկզբնապես ձևավորվել են որպես անապատականների կամ ճգնավորների բնակավայրեր (Եգիպտոս, Ասորիք, Պաղեստին, Հռոմեական կայսրություն)։
Հայաստանում Մ–ները հիմնականում առաջացել են քրիստոնեությունը պետ․ կրոն հռչակելուց (301) հետո՝ Գրիգոր Ա Պարթևի (Լուսավորիչ) և նրա հաջորդների նախաձեռնությամբ։ Ըստ հայ պատմիչների, Հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծը IV դ․ կեսին հիմնել է 1040 Մ․, որոնց թիվը հետագա դարերում բազմապատկվել է։ Մ․ գլխավորել է վանահայրը։ Հայաստանում Մ–ներն առաջնորդվել են Գրիգոր Ա Պարթևի մշակած կանոնադրությամբ, որը հետագայում փոփոխվել ու լրացվել է։ Տնտ․ առումով Մ–ները եղել են ինքնասպասարկող մարմիններ։ Եթե առաջին Մ–ները ստեղծվեւ են հավասարության հիմունքով, ապա, ֆեոդալիզմի զարգացմանը զուգընթաց, դրանց ներսում կատարվել է շերտավորում, վանականները բաժանվել են կարգերի՝ ըստ իրենց ֆունկցիայի, հասարակական դիրքի։ Մ–ների վերնախավը ձուլվել է տիրապետող դասակարգին։ Իշխանության աջակցությամբ Մ–ները, ձեռք բերելով զանազան արտոնություններ (ապահարկություն, դատական, վարչական ինքնավարություն ևն), հողային ընդարձակ տարածություններ, գյուղեր, ագարակներ, դարձել են խոշոր կալվածատիրական տնտեսություններ, որոնցում ֆիզիկական աշխատանքը դրվել է ենթակա գյուղացիների վրա։ Զարգացած միջնադարում Մ–ները մեծամասամբ եղել են երկրագործական և արհեստագործական, իսկ տարանցիկ մայրուղիներին մոտիկները՝ առևտրական կենտրոններ։ Կաթոլիկ Մ–ների հիման վրա առաջացել են վանական օրդեններ, որոնցից շատերը միավորվել են միաբանություններում։ Խաչակրաց արշավանքների ժամանակ (XII – XIII դդ․) կազմավորված հոգևոր–ասպետական օրդեններն օժանդակել և սպասարկել են խաչակիրներին։ Նոր երկրներ գաղութացնելու և նրանց ժողովուրդներին պապությանը հպատակեցնելու նպատակով կաթոլիկ Մ–ներից զանազան երկրներ են ուղարկվել քրիստոնեական քարոզիչներ՝ միսիոներներ (տես Միսիոներություն)։ Մ–ները եղել են նաև աղանդավորական շարժումների դեմ պայքարի կենտրոններ։
Վաղ միջնադարում Մ–ները նպաստել են կրթության տարածմանը, գիտության զարգացմանը, նրանց կից գործել են դպրոցներ, գրչության արվեստանոցներ։ Սակայն մշակույթի հետագա զարգացման և գիտությունը աստվածաբանության կապանքներից ազատագրվելու ճանապարհին Մ–ները դարձել են գիտական մտքի ու առաջավոր գաղափարների դեմ պայքարի կենտրոններ։ Ռեֆորմացիայի դարաշրջանում (XVI դ․) Մ–ներն առժամանակ ապրել են տնտ․ և քաղ․ անկում։ Սակայն հակառեֆորմացիայի ժամանակաշրջանում (XVI դ․ վերջ–XVIII դ․) Մ–ները դարձյալ ամրապնդել են իրենց դիրքերը՝ կատաղի պայքար ծավալելով հեղափոխական խավերի դեմ։ Կաթոլիկ Մ–ներում գործող ճիզվիտական կազմակերպությունները դարձել են կղերականության գլխավոր զենքը՝ ընդդեմ առաջադեմ ուժերի։ XVII–XIX դդ․ եվրոպական բուրժ․ հեղափոխությունները (հատկապես Ֆրանսիական մեծ հեղափոխությունը) լուրջ հարված հասցրին Մ–ներին։ Կապիտալիստական շատ երկրներում Մ–ները դադարեցին ինքնուրույն տնտ․ միավորներ լինելուց, նրանց խոշոր կալվածատիրական իրավունքը վերացվեց, վանականների թիվը խիստ կրճատվեց։ ՍՍՀՄ–ում գոյատևող աննշան քանակությամբ Մ–ները սոսկ կրոնական կազմակերպություններ են։
Գրկ․ Ինճիճյան Ղ., Հնախօսութիւն աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի, հ․ 3, Վնտ., 1835։
ՄԵՆԱՏԻՊ, մոնոտիպիա (մոնո․․․ և հուն. τύπος – դրոշմ), տպագիր գրաֆիկայի տեսակ։ Մ․ տեխնիկայի տպանմուշ ստանալու համար բացարձակ ողորկ տպագրական կաղապարի մակերեսին ձեռքով անց են կացնում ներկերը՝ հաստոցի վրա հերթականությամբ տպելու նպատակով։ Թղթի վրա ստացված դրոշմանկարը լինում է միակը, եզակին։ Մ․ տեխնիկայով կատարված աշխատանքներին բնորոշ են նուրբ գունահարաբերումները, մեղմ ու սահուն ուրվագծերը և արտաքնապես ջրաներկ նկարներ են հիշեցնում։ Մ․ հայտնի է XVII դարից, սակայն տարածում է գտել XIX դ․ վերջին և հատկապես՝ XX դ․։
ՄԵՆԴԵԼ (Mendel) Գրեգոր Յոհան (1822–1884), ավստրիացի բնագետ, ժառանգականության մասին գիտության հիմնադիրը (տես Մենդելիզմ)։ 1843-ին ավարտել է Օլմյուցի համալսարանին կից փիլ–յան բաժինը և ձեռնադրվել Բրյունի Ավգուստինյան վանքի վանական (1868-ից՝ վանահայր)։ 1851–53-ին Վիեննայի համալսարանում, որպես ազատ ունկնդիր, ուսանել է ֆիզիկա, բուսաբանություն, հնէաբանություն և վերլուծական քիմիա։ 1856–63-ին կատարել է ոլոռի 22 սորտերի խաչասերման փորձեր։ Ստացված հիբրիդների քանակական հաշվառման հիման վրա ձևակերպել է ժառանգական գործոնների անկախ տեղաբաշխման և զուգակցման օրինաչափությունները, որոնք ժառանգականության մասին ուսմունքի հիմք հանդիսացան և հետագայում կոչվեցին Մենդելի օրենքներ։ Մ․ զբաղվել է նաև մեղվաբուծությամբ, օդերևութաբանությամբ, այգեգործությամբ, կատարել սպիտակ և մոխրագույն մկների խաչասերման փորձեր։ Մ–ի հայտնագործությունները չհասկացվեցին և չգնահատվեցին ժամանակակիցների կողմից և համընդհանուր ուշադրության արժանացան միայն 1900-ին, երբ Ի․ դե Ֆրիզը (Հոլանդիայում), Կ․ Կորենսը (Գերմանիայում) և Է․ Զ․ Չերմակը (Ավստրիայում), միմյանցից անկախ, սեփական փորձերի հիման վրա հաստատեցին Մ–ի հայտնաբերած օրինաչափությունները։ 1965-ին համաշխարհային գիտական հասարակայնությունը հանդիսավոր կերպով նշեց Մենդելի հայտնագործությունների հարյուրամյակը։ Տես նաև Գենետիկա։
ՄԵՆԴԵԼԵ ՄՈՅԽԵՐ–ՍՖՈՐԻՄ (իսկական ազգանունը՝ Բրոյդե, ըստ անձնագրի՝ Շոլոմ–Յակով Աբրամովիչ, 1835–1917), հրեա գրող։ Նախապես գրել է իվրիտով։ 1860-ին լույս է տեսել նրա «Աշխարհի դատաստանը» բանաստեղծությունների և հոդվածների ժողովածուն՝ ուղղված կրոնական մոլեռանդության և կահալների (հրեական համայնքի ժողով) պարագլուխների բռնությունների դեմ։ Գրողն այդ ժամանակ կանգնած էր լուսավորականության դիրքերում։ Պրոպագանդել է բնական գիտությունները, կազմել եռահատոր «Բնության պատմություն»-ը (1862–67)։ 1862-ին գրել է «Լավ սովորեք» (2-րդ, ընդլայնված խմբագրությամբ՝ «Հայրեր և որդիներ», 1868) վիպակը։ 60-ական թթ․ նրա հայացքները լուսավորական–նարոդնիկականից դարձել են հեղափոխական–դեմոկրատական։ Այդ շրջանում Մ․ Մ–Ս․ սկսել է գրել իդիշով՝ ժողովրդի խոսակցական լեզվով։ «Փոքրիկ մարդուկը» (1864) վիպակում ծաղրել է հարստության ձգտող խարդախներին։ Նույն ոգով է գրված նաև «Գորշուկաշուն կամ Քաղաքային բարերարների հրոսակ» (1869) դրամատիկական պամֆլետը, որտեղ պատկերված են հրեական միջավայրի դասակարգային բախումները։ Աշխատավորների նկատմամբ սիրով է տոգորված «Կաղ Ֆիշկան» (1869) վիպակը։ 70-ական թթ․ իր ստեղծագործության մեջ Մ․ Մ–Ս․ շարունակել է երգիծանքը («Յաբու», 1873, «Բենիամին Երրորդի ճանապարհորդությունը», 1878)։ «Երդմնադրյալ մատանի» (մաս 1–2, 1888), «Շլոյմե րեբ Հայիմ» (1894–1917, «Հայրեր և որդիներ»-ի վերամշակված տարբերակը) երկերում պատկերված է հրեա ժողովրդի կյանքը։ Մ․ Մ–Մ․ հրեական նոր գրականության առաջին դասականը, գրական լեզվի հիմնադիրն է։ Նրա ստեղծագործությունը մեծ ազդեցություն է գործել հրեական գրականության զարգացման վրա, թարգմանվել է աշխարհի շատ լեզուներով։
ՄԵՆԴԵԼԵԵՎ Դմիտրի Իվանովիչ [27․1 (8․2)․1834, Տոբոլսկ – 20․1(2․2) 1907, Պետերբուրգ], ռուս քիմիկոս, տարրերի պարբերական համակարգի հայտնագործողը, բազմակողմանի գիտնական, մանկավարժ, հասարակական գործիչ։ Ավարտել է Պետերբուրգի գլխավոր մանկավարժական ինստ–ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը (1855), աշակերտել Ա․ Վոսկրեսենսկուն,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/458
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ