Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
ՄԵՆՇՈՎ 463

որոշ հիվանդությունների (օրինակ՝ արախնոիդիտի են) դեպքում։
Բուժումը․ ստրիխնինի, պրոզերինի ներարկումներ, ֆիզիոթերապետիկ պրոցեդուրներ (ՈւԲՀ, գալվանական օձիք), բուժական մարմնամարզություն, ներքին ականջի և ուղեղի արյան անոթները լայնացնող (պիլոկարպին, նիկոտինաթթու, պապավերին), ուղեղաբնի գրգռականությունն իջեցնող (ծծմբաթթվային ատրոպին, ամինազին, հալոպերիդոլ ևն) դեղանյութեր, երբեմն՝ վիրաբուժական միջամտություն։
ՄԵՆՅՈՒԿ Գեորգի Նիկոլաևիչ (կեղծանունը՝ Ջորջե Մենյուկ, ծն․ 20․5․1918, Քիշնև), մոլդավացի սովետական գրող։ ՍՄԿԿ անդամ 1953-ից։ Սովորել է Բուխարեստի համալսարանի փիլ․ ֆակուլտետում (1937–40)։ 1939-ին լույս է տեսել նրա «Ներքին տիեզերական աշխարհ» բանաստեղծությունների ժողովածուն։ «Արշալույսի երգը» (1948) պոեմում արտացոլել է մոլդավ․ գյուղի սոցիալիստական վերափոխումները։ Հրատարակել է «Բալլադներ և սոնետներ» (1955), «Ընտիր բանաստեղծություններ» (1958), «Լերայի ժամանակը» (1969) ժողովածուները, գրական էսսեների մի քանի գիրք, «Վերջին վագոնը» (1965), «Դելֆին» (1969, Մոլդավ․ ՍՍՀ պետ․ մրցանակ, 1972) պատմվածքների ժողովածուները և այլ գործեր։
Գրկ․ Կաչաղակի խնջույքը, Ե․, 1971։
ՄԵՆՆԻՆԳ Կարլ (1874–1941), էստոնացի ռեժիսոր։ Էստոնական թատրոնի պրոֆեսիոնալ ռեժիսուրայի հիմնադիրը։ 1893–1901-ին սովորել է Տարտուի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում։ 1906-ից ղեկավարել է «Վանեմույնե» (Տարտու) թատրոնը։ Լավագույն բեմադրություններից են՝ Իբսենի «Հասարակության նեցուկները» (1907), «Ժողովրդի թշնամին» (1908), Կիտցբերգի «Քսակի աստվածը» (1912)։ Մ–ի ղեկավարությամբ ձևավորվել է մի շարք էստոնացի նշանավոր դերասանների արվեստը։ 1914-ին ստիպված թողել է թատրոնը։ Մինչև 1918-ը եղել է թատերական քննադատ, այնուհետև (մինչև 1937-ը) զբաղվել դիվանագիտական գործունեությամբ։
ՄԵՆՇԵՎԻԶՄ, գլխավոր օպորտունիստական հոսանքը Ռուսաստանի սոցիալ–դեմոկրատիայի մեջ, միջազգային օպորտունիզմի տարատեսակ, մտել է II Ինտերնացիոնալի (տես Ինտերնացիոնալ II) օպորտունիստական մեծամասնության մեջ։ Ձևավորվել է ՌՍԴԲԿ երկրորդ համագումարում (1903), միավորելով նոր տիպի մարքսիստական կուսակցության (տես Բոլշևիզմ) ստեղծման լենինյան պլանի հակառակորդներին։ Անունն ստացել է կուսակցության կենտրոնական մարմինների ընտրության ժամանակ փոքրամասնություն (меньшинство) կազմելու պատճառով։ Մ–ի ղեկավարներն էին Լ․ Մարտովը, Ա․ Մարտինովը, Ա․ Պոտրեսովը, Պ․ Աքսելրոդը, Ֆ․ Դանը։ ՌՍԴԲԿ II համագումարից հետո Մ–ին հարեց Դ․ Վ․ Պլեխանովը։ Մ․ մանրբուրժուական կուսակցության էր, որը չուներ մասսայական պրոլետարական բազա, «․․․մենշևիկները,– նշել է Վ․ Ի․ Լենինը,– ոչ–պրոլետարական խավ են։ Այդ խավի մեջ պրոլետարական են միայն աննշան վերնամասերը, իսկ նա ինքը կազմված է մանր ինտելիգենցիայից» (Երկ․, հ․ 29, էջ 212)։ Որպես քաղ․ հոսանք Մ․ միասնական չէր։ Մ–ի տարատեսակներից էր տրոցկիզմը՝ իր առաջացման շրջանում։ Մ․ մարքսիզմը ընկալում էր դոգմատիկորեն, չհասկանալով նրա դիալեկտիկան։ Ընդունելով հեղափոխության իրականացման համար օբյեկտիվ պայմանների նշանակության մասին մարքսիստական դրույթը՝ Մ․ կեղծ հետևություն էր անում սուբյեկտիվ գործոնի՝ հեղափոխության նախապատրաստման և իրականացման ընթացքում նրա ավանգարդի գիտակցականության ու կազմակերպվածության աննշան դերի մասին։ Այստեղից էլ պրոլետարիատի գաղափարական առաջնորդի ու կազմակերպչի՝ կուսակցության դերի լրիվ անտեսումը Մ–ի կողմից։ ՌՍԴԲԿ II համագումարում Մ–ի օպորտունիզմը դրսևորվեց կազմակերպական հարցերում, կենտրոնացված մարքսիստական կուսակցության և կուսակցական խիստ կարգապահության անհրաժեշտության ժխտում, կողմնորոշում դեպի Արևմտյան Եվրոպայի ս–դ․ կուսակցությունները, որոնք կիրառում էին «բաց դռների» քաղաքականություն, այստեղից էլ Մ–ի թեզը՝ կուսակցության մեջ բոլոր ցանկացողներին ընդունելու մասին, առանց պարտավորեցնելու նրանց լինել կուսակցության կազմակերպություններից որևէ մեկի անդամ և ենթարկվելու կուսակցական կարգապահությանը։ Քողարկվելով մարքսիզմով՝ Մ․ իրականում խեղաթյուրում էր այն։ Համագումարից հետո Մ․ ՌՍԴԲԿ–ի մեջ ձևավորվեց որպես առանձնակի ֆրակցիա, կանգնելով կուսակցության պառակտման ու կազմալուծման ուղու վրա։ Մ–ի քաղ․ և տակտիկական դիրքորոշումը ձևակերպվեց մենշևիկների Ժնևի կոնֆերանսում (1905)՝ Ռուսաստանում սկսված բուրժուա–դեմոկրատական հեղափոխության (1905–07) պայմաններում։ Հաշվի չառնելով պատմական նոր պայմանները, Մ․ պրոլետարիատին կողմնորոշում էր դաշինքի լիբերալ բուրժուազիայի հետ, ժխտում էր գյուղացիության հեղափոխական դերը, պրոլետարիատի գլխավորությամբ բանվոր դասակարգի և գյուղացիության դաշինքի՝ որպես հեղափոխության հաղթանակի գլխավոր պայմանի անհրաժեշտությունը։ Մ․ հանդես էր գալիս ընդդեմ պրոլետարիատի և գյուղացիության հեղափոխական–դեմոկրատական դիկտատուրայի, սոցիալ–դեմոկրատների մասնակցությանը ժամանակավոր հեղափոխական կառավարությանը, զինված ապստամբության նախապատրաստմանը։ Մենշևիկները բանվորների դեպուտատների սովետները համարում էին միայն տեղական ինքնավար մարմիններ՝ չկապելով նրանց գործունեությունը զինված ապստամբության հետ։ Ագրարային հարցում հանդես էին գալիս ընդդեմ կալվածատիրական հողերի բռնագրավման, առաջ քաշելով հողի մունիցիպալացման (մունիցիպալիզացիայի) ռեֆորմիստական ծրագիրը։ Դեկտեմբերյան զինված ապստամբության (1905) պարտությունից հետո մենշևիկները այն անվանեցին «պատմական սխալ»՝ հետևություն անելով, որ «պետք չէր զենքի դիմել»։ Ռեակցիայի տարիներին (1908–10) մենշևիկները ձգտում էին վերացնել անլեգալ մարքսիստական բանվորական կուսակցությունը և ստեղծել լեգալ ռեֆորմիստական «ստոլիպինյան բանվորական կուսակցություն» (տես Լիկվիդատորներ)։ Կուսակցության անլեգալ կազմակերպությունների լիկվիդացման դեմ հանդես եկավ մենշևիկ–կուսակցականների ոչ մեծ խումբ Պլեխանովի գլխավորությամբ։ ՌՍԴԲԿ VI (Պրագայի) համառուսաստանյան կոնֆերանսը (1912) կուսակցությունից վտարեց մենշևիկ–լիկվիդատորներին, մենշևիկ–կուսակցականների այն մասը, որը չընդունեց կոնֆերանսի որոշումները, նույնպես դուրս մնաց կուսակցությունից։ Այդ պահից Մ․ գոյատևեց որպես ինքնուրույն կուսակցություն՝ կրելով նույնպես ՌՍԴԲԿ անվանումը և ապա ընտրելով իր կենտրոնը՝ Կազմակերպական կոմիտեն։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18) տարիներին մենշևիկների հիմնական մասը կանգնեց սոցիալ–շովինիզմի դիրքերում՝ քարոզելով «հայրենիքի պաշտպանության» բուրժ․ լոզունգը։ 1917-ի Փետրվարյան բուրժուա–դեմոկրատական հեղափոխության ժամանակ մենշևիկները, էսէռների հետ սովետներում գրավելով ղեկավար դիրք, իշխանությունը հանձնեցին բուրժ․ ժամանակավոր կառավարությանը և ապա մտան նրա մեջ։ 1917-ի հուլիսյան օրերից հետո մենշևիկները վերջնականապես անցան հակահեղափոխության կողմը՝ մերկացնելով իրենց որպես բուրժուազիայի գործակիցներ։ Մ․ հանդես եկավ 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխության դեմ։ 1917-ի նոյեմբերին կայացած Մ–ի վերջին համագումարն անցավ հակաբոլշևիզմի և հակասովետական պայքարի համար ուժերի մոբիլիզացման նշանաբանով։ Մենշևիկները պահանջում էին իշխանությունը հանձնել Սահմանադիր ժողովին, դեմ էին Բրեստի հաշտությանը 1918, արդյունաբերության ազգայնացմանը, կարմիր բանակի ստեղծմանը ևն։ Քաղաքացիական պատերազմից (1918–20) հետո մենշևիկների մնացուկները, անցնելով ընդհատակ, շարունակեցին իրենց հակասովետական գործունեությունը։ 1931-ին մերկացվեց մենշևիկների «ՌՍԴԲԿ ԿԿ–ի միութենական բյուրո» հակահեղափոխական խումբը, որը վնասարարական աշխատանք էր տանում սովետական տնտ․ մարմիններում։ Մ–ի լիակատար սնանկացումը մենշևիկների կողմից դեմոկրատիայի և սոցիալիզմի գործին դավաճանելու օրինաչափ հետևանք էր։
Գրկ․ Լենին Վ․ Ի․, Մենշևիզմի կրիզիսը, Երկ․, հ․ 11։ Նույնի, Մենշևիկյան նոր կոնֆերենցիան, նույն տեղում, հ․ 9։ Նույնի, Մենշևիկների տակտիկական պլատֆորմը։ Մարտի երկրորդ կես, նույն տեղում, հ․ 12։ Նույնի, Մենշևիկների ու նարոդնիկների խայտառակ բլոկը «Единство»-ի հետ, նույն տեղում, հ․ 24։ ՍՄԿՊ–ն համագումարների, կոնֆերենցիաների և Կենտկոմի պլենումների բանաձևերում ու որոշումներում, մաս 1, Ե․, 1954։ История КПСС, т․ 1– 3, М․, 1964-67․
ՄԵՆՇՈՎ Դմիտրի Եվգենևիչ (ծն․ 1892, Մոսկվա), սովետական մաթեմատիկոս,