Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

466 ՄԵՇՏՈՒՃՅԱՆ
Սպլիտում է Մ–ի պատկերասրահը, Զագրեբում՝ տուն–թանգարանը։
Գրկ․ Тупицын И․ К․, Иван Мештрович, М., 1967.
ՄԵՇՏՈՒՃՅԱՆ Վարդան (Վիկտոր) Գևորգի (1869–1942), ռումինահայ հրապարակախոս, մանկավարժ, գրող, պատմաբան, թարգմանիչ։ Սովորել, ապա դասավանդել է Կ․ Պոլսի Ենի Գափու թաղամասում՝ հոր բացած «Մեշտուճյան վարժարանում»։ 1890-ական թթ․ կեսին, հետապնդվելով թուրք. ոստիկանությունից, անցել է Բուլղարիա, 1896–97-ին աշխատակցել «Իրավունք» թերթին, 1898-ին գրող Երուխանի հետ հիմնադրել «Շարժում» թերթը։ 1899-ին տեղափոխվել է Բուխարեստ։ 1906-ին հրատարակել է «Աուրորա», 1924–42-ին՝ «Արարատ» ռում․ հայագիտական ամսագրերը։ Եղել է 1920-ին Բուխարեստում վերաբացված «Միսաքյան ազգային վարժարանի» տնօրենը, հայ գաղթականների հարցով զբաղվող «Ռումինիայի հայերի միության» ընդհանուր քարտուղարը, ապա՝ տնօրենը։
Մ․ հրապարակել է ռում․ «Նախագծեր և ֆիլմեր» (1913) պատմվածքների ժողովածուն, «Ջետտա» (1916) վեպը, «Բուխարեստ-Սահարա» (1913), «Երուսաղեմ» (1914) ուղեգրությունները, «Հայոց պատմություն» (հ․ 1–-2, 1923–26) պատմաքննական երկը։ Ռում․ է թարգմանել Հ․ Զոհրաբյանի «Հայ եկեղեցու պատմությունը քրիստոնեության մուտքից մինչև մեր օրերը» (1934), «Հայկական պատարագը» (1937), կազմել և թարգմանել «Հայ բանաստեղծների փոքր ժողովածու»-ն (1934)։ Ֆրանսերենից ռում․ է թարգմանել Վ․ Հյուգոյի «Թշվառները» (1913), Գ․ դը Մոպասանի նովելներից։Ս․ Քոլանջյան ՄԵՈՐԴԻՎԼԻՎՔ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի համանուն գավառում։ 1909-ին ուներ 18 ընտանիք հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին, Կամախի կիրճում։
«ՄԵՈՐԵ–ԴԱՍԻ» (վրաց․ «Երկրորդ խումբ»), հասարակական–գաղափարական հոսանք Վրաստանում XIX դ․։ 1877-ին անջատվել է միասնական դեմոկրատական այսպես կոչված թերքդալեուլիների (վրաց․ վաթսունականների) հոսանքից։ Մեորեդասական էին Ն․ Նիկոլաձեն, Գ․ Ծերեթելին, Ս․ Մեսխին, Օ․ Բաքրաձեն և ուրիշներ, որոնք շատ հարցերում կողմնակից էին ուտոպիստ–սոցիալիստների և ռուս. հեղափոխական–դեմոկրատների գաղափարներին, դեմոկրատական դիրքերից քննադատում էին կապիտալիզմի բացասական կողմերը։ Իրականում արտահայտում էին վրաց․ զարգացող բուրժուազիայի շահերը։ Իրենց հայացքները պրոպագանդում էին առաջադիմական թերթերի և ամսագրերի՝ «Դրոեբա», «Կվալի», «Մոամբե» էջերում։
Գրկ․ Ратиани П. К․, Грузинские шестидесятники в русском освободительном движении, пер․ с груз․, Тб․, 1968․
ՄԵՉՆԻԿՈՎ Իլյա Իլյիչ [3(15)․5․1845 – 2(15)․7․1916, Փարիզ], ռուս կենսաբան, ախտաբան, էվոլյուցիոն սաղմնաբանության, իմունոլոգիայի հիմնադիրներից։ Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1883-ից), պատվավոր անդամ (1902-ից)։ 1864-ին ավարտել է Խարկովի համալսարանը, մասնագիտացել Գերմանիայում, Իտալիայում ուսումնասիրել անողնաշարավոր կենդանիների սաղմնաբանությունը։ 1870–82-ին եղել է Օդեսայի Նովոռոսիյսկյան համալսարանի պրոֆեսոր։ 1887-ին տեղափոխվել է Փարիզ, աշխատել Լուի Պաստյորի ինստ–ում, 1905-ից ինստ–ի դիրեկտորի տեղակալ։ Նամակագրական կապի մեջ է եղել Կ․ Տիմիրյազևի, Ի․ Սեչենովի, Ի․ Պավլովի, Դ․ Մենդելեևի և ուրիշ խոշոր գիտնականների հետ։ 1866–86-ին մշակել է համեմատական և էվոլյուցիոն սաղմնաբանության հարցերը (Ա․ Կովալևսկու հետ)։ 1883-ին հայտնաբերել է ֆագոցիտոզի երևույթը, հետագայում տվել իմունիտետի ֆագոցիտային տեսությունը (1901), որի համար 1908-ին արժանացել է նոբելյան մրցանակի (Պ․ Էրլիխի հետ)։ Ն․ Գամալեայի հետ Ռուսաստանում կազմակերպել են բակտերիալոգիական առաջին կայանը (1886)։ Տվել է բազմաբջիջ օրգանիզմների ծագման մասին տեսությունը։ Աշխատանքներ է կատարել խոլերայի, որովայնային տիֆի, տուբերկուլոզի ևն վարակիչ հիվանդությունների համաճարակագիտության բնագավառում։
Զբաղվել է նաև ծերացման հարցերով, գտնում էր, որ մարդ ծերանում և մահանում է բնականից վաղ, որի պատճառը օրգանիզմի ինքնաթունավորումն է մանրէային և այլ թույներով։ Նշված երևույթների կանխման համար առաջարկել է մի շարք միջոցներ (սննդի վարակազերծում, մսի օգտագործման սահմանափակում, կաթնամթերքների առատ օգտագործում)։ Ռուսաստանում Մ․ ստեղծել է մանրէաբանների, իմունոլոգների և ախտաբանների առաջին դպրոցը, ակտիվորեն մասնակցել մի շարք ԳՀԻ–ների հիմնադրմանը։ Եղել է արտասահմանյան շատ ԳԱ–ների, գիտական ընկերությունների պատվավոր անդամ։
Երկ․ Академическое собр․ соч․, т. 1–16, М․, 1950-64․
Գրկ. Могилевский Б., Илья Ильич Мечников, М., 1958; Резник С. Е., Мечников, М., 1973․
ՄԵՋԲԵՐՈՒՄ, որևէ գրավոր աղբյուրից (երբեմն նաև բանավոր խոսքից) անփոփոխ բերված քաղվածք՝ սեփական տեսակետը հիմնավորելու նպատակով։
ՄԵՋԻԹԼՈՒ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառում։ 1909-ին ուներ 125 ընտանիք հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Մ–ի հայերը 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ գաղթել են Արևելյան Հայաստան։ 1918-ին վերադարձել են հայրենի գյուղ, 1920-ին կրկին գաղթել։ Բնակություն են հաստատել Արագածի լանջերի գյուղերում։
ՄԵՋԼԻՍ (արաբ. ժողով, խորհուրդ), Իրանի պառլամենտի ստորին պալատի անվանումը։ Երբեմն էլ Մ․ են կոչում Թուրքիայի պառլամենտը՝ Ազգային մեծ ժողովը։
ՄԵՌԱԾ ԼԵԶՈՒՆԵՐ, որպես կենդանի հաղորդակցման միջոց այլևս չգործածվող լեզուներ։ Տարբերում են չորս կարգի Մ․ լ․՝ 1․ իրենց կրող ժողովուրդների հետ մեկտեղ պատմական ասպարեզից անհետացած լեզուներ, որոնց երբեմնի գոյության մասին կարելի է ենթադրել հարևան ժողովուրդների լեզուների վրա թողած ազդեցությամբ (իրանական որոշ լեզուներ կամ բարբառներ, որոնցից կատարված փոխառությունները պահպանվել են հայերենում)։ 2․ Լեզուներ, որոնց անվանումները և որոշ բառեր՝ հիմնականում անձնանուններ և տեղանուններ, պահպանվել են այլ ժողովուրդների գրավոր աղբյուրներում (սկյութերեն, հայասերեն, թրակերեն են)։ 3․ Լեզուներ, որոնց կրողները ոչնչացել կամ ձուլվել են այլ ժողովուրդների հետ, բայց իրենք ավանդված են բավական հարուստ գրավոր հուշարձաններով (ուրարտերեն, խեթերեն, սումերերեն, եգիպտերեն են)։ 4․ Ներկայումս գոյություն ունեցող կենդանի լեզուների՝ գրավոր աղբյուրներով ավանդված ավելի հին վիճակը ներկայացնող լեզուներ, որոնք, կենդանի գործածությունից դուրս գալուց հետո, երկար ժամանակ պահպանվել են իբրև գրական լեզու (լատիներեն, սանսկրիտ, գրաբար, եկեղեցասլավոներեն են)։Լ․ Հովսեփյան ՄԵՌԵԼՈՑ, մեռելոց օր, հանգուցյալների հիշատակին նվիրված օրեր։ Հայ եկեղեցական հինգ մեծ տոներին (հարություն, այլակերպություն են) հաջորդող երկուշաբթի օրերը և բուն բարեկենդանի նախընթաց վերջին ուտիք հինգշաբթին։ Ննջեցյալների հիշատակին են նվիրված նաև պահոց ուրբաթները։ Հայ եկեղեցում կատարվում է Մ–ին նվիրված հատուկ կարգ։ Մ–ի օրերին հարազատներն օրհնել