Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/470

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

470 ՄԵՍՐՈՊ
դա ապահովել հետագայի համար, 4․ ամրացնել երկրի քաղաքականապես երկու մասի բաժանված հատվածների հոգևոր, լեզվական և մշակութային միասնությունը, որը քաղ․ միասնության հիմք պիտի դառնար երկրի պետ․ անկախությունը վերականգնելու հնարավորության դեպքում։ Մ․ Մ–ի այս ծրագիրը ձևավորվեց Գողթնում ունեցած գործունեությունից հետո, երբ, ըստ Կորյունի, «Նա մտքում դրեց ավելի հոգալ նույնպես համայն [Հայոց] աշխարհի ժողովրդին մխիթարելու մասին» (Կորյուն, Վարք Մաշտոցի, 1962, էջ 98)․ գրքում բերվում են նաև Մ․ Մ–ի խոսքերը․ «Տրտմություն է ինձ համար, և անպակաս են իմ սրտի ցավերն իմ եղբայրների, և ազգակիցների համար» (նույն տեղում)։
387-ին կաթողիկոս դարձած Սահակ Պարթևը, որ միշտ եղել է ազգակենտրոն քաղաքականության առաջամարտիկ և Մ․ Մ–ի գլխավոր հենարանը նրա գործունեության սկզբից ևեթ, ունեցել է նույն մտահոգությունները։ Գալով Վաղարշապատ, Մ․ Մ․ կաթողիկոսին հայտնում է իր ծրագիրը և անմիջապես ստանում նրա լիակատար հավանությունը։ Գումարվում է ժողով՝ նվիրված հայերեն գիր ունենալու հարցին։ Վռամշապուհ թագավորը հավանություն է տալիս նպատակին՝ հայտնելով, որ Ասորիքում Դանիել անունով եպիսկոպոսի մոտ հայերեն գրեր կան։ Ժողովի խնդրանքով թագավորը հայ գրերի նախանձախնդիր մի իշխանի՝ Վահրիճ անունով, ուղարկում է Դանիելի մերձակից Հաբել երեցի մոտ։ Վերջինս Դանիելից առնելով գրերը՝ Վահրիճի հետ բերում է Հայաստան։ Այստեղ հիմնվում են դպրոցներ, Մ․ Մ․ ստանում է վարդապետի (ուսուցչի) կոչում և սկսում մանուկներին հայոց լեզու ուսուցանել բերված գրերով։ Սկիզբ է դրվում հայերեն դպրությանը։ Մոտ երկու տարվա (ըստ ոմանց՝ երկու ամսվա) դասավանդումից հետո պարզվում է, որ դանիելյան նշանագրերը ժամանակի հայերենն արտահայտելու համար անբավարար են ու անհարմար լեզվի վանկարկման և ուսուցման տեսակետից, «․․․հասկացան, որ այդ նշանագրերը բավական չէն հայերեն լեզվի սիղոբաները-կապերն ամբողջությամբ արտահայտելու համար» (նույն տեղում, էջ 100)։ Դանիելյան նշանագրերի մասին բանասերները հակադիր ենթադրություններ են արել, բացառված չէ, որ դրանցով ինչ–որ ժամանակ գրվել է հայերեն, իսկ Մ․ Մ–ի օրոք դրանք չեն բավարարել հայերեն դասավանդելու, թարգմանելու և հայոց դպրություն ստեղծելու համար։
Սահակ Պարթևի երաշխավորությամբ, թագավորի հրամանով այս անգամ Մ․ Մ․ իր աշակերտ–օգնականների հետ, մի խումբ մանուկներ առած, ուղևորվում է Ասորիք։ Լինում է Ամիդ, ապա՝ Եդեսիա քաղաքներում, հայոց գրերի մասին խորհրդակցում ասորի հոգևորականների հետ, բայց՝ ապարդյուն։ Մանուկների մի մասին ասորական կրթության է տալիս Եդեսիայում, մյուսին ուղարկում ավելի հյուսիս՝ Սամոսատ, հուն. կրթության։ Եդեսիայում Մ․ Մ․ ստեղծագործական երկունք ապրեց, «․․․նա շատ նեղություններ քաշեց իր ազգին մի բարի օգնություն գտնելու համար» (նույն տեղում, էջ 101)։ Մ․ Մ․ 405 թ․ ստեղծում է հայերենի հնչյունական համակարգը ճշգրտորեն արտահայտող, ուսուցանելու, թարգմանելու և դպրություն ստեղծելու նպատակին լիովին հարմար նշանագրեր․ «Նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր և սքանչելի ծնունդներ՝ հայերեն լեզվի նշանագրեր» (նույն տեղում)։ Եդեսիայում Մ․ Մ․ նորագյուտ տառերը դասավորում է՝ օգտվելով հուն. այբուբենի հերթականությունից, տառերին տալիս է անուններ (այբ, բեն), որոշում է նրանց թվային արժեքները (Ա=1, Ժ=10, Ճ=100)։ Ապա անցնելով Սամոսատ՝ հմուտ հունագետ Հռոփանոսի օգնությամբ կատարելագործում է նորագյուտ տառերի գծագրությունը, նոր տառերն ուսուցանում իր օգնականներին և այդտեղ հուն. կրթություն ստացող մանուկներին, իր աշակերտներ Հովհան Եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու հետ սկսում է նոր գրի օգնությամբ Աստվածաշնչից հայերեն թարգմանել Սողոմոնի առակները, որոնց սկիզբն է՝ «ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»․ սրանք մեսրոպատառ գրված առաջին բառերն են։
Հայոց գրերը ստեղծելիս՝ Մ․ Մ․ պետք է լուծեր մի շարք բարդ խնդիրներ, որոնցից էին՝ Հայաստանի ավելի քան 300 հզ․ կմ2 տարածքում խոսվող բարբառների պայմաններում միասնական գրական հայերենի համար հնչյունական կանոնի որոշումը, գրության ձախից աջ (ինչպես հունարենում) և աջից ձախ (ինչպես ասորերենում) եղած տարբերակներից մեկն ընտրելը, ձայնավորների համար տառեր ունենալու թե չունենալու և կամ ձայնավորները հավելանշումներով (դիակրիտիկ նշաններով) արտահայտելու հարցի լուծումը ևն։ Հայերենի հնչյունական համակարգը որոշելիս Մ․ Մ․ առավելապես նկատի առավ արքունիքում, նախարարական որոշ տներում, հոգևորականության շրջանում ձևավորված ծառայողական (ատենական) հայերենը, որը հենված էր արարատյան (ըստ այլ կարծիքների՝ Տարոնի) խոսվածքի վրա և ինքը գործածում էր Ս․ գիրքը բանավոր թարգմանելիս ու քարոզելիս։ Շրջանցելով խոսվածքային նեղ առանձնահատկությունները՝ նա որոշեց բառակազմիչ հնչյունների (հնչույթների) իրական քանակը, հայերենի համար բացասեց վանկային և ձայնավորներ չունեցող գրային համակարգերը, առաջնորդվեց մեկ հնչյունին (հնչույթին) մեկ գիր սկզբունքով, հայերենի յուրաքանչյուր հնչյունի համար ստեղծեց մեկ նշանագիր (բացառություն էր ու հնչյունը, եթե այն երկբարբառային արտասանություն չուներ)։ Մ․ Մ․ իրավացիորեն հրաժարվեց տառերի ձայնային արժեքը փոփոխող կետերից ու գծիկներից՝ յուրաքանչյուր դեպքում գերադասելով ունենալ առանձին տառ։ Այդպես ստեղծեց 36 տառ, որոնց կիրառությունը ճշտեց Սողոմոնի առակները թարգմանելիս՝ որդեգրելով գրելու հորիզոնական աջընթաց հարմարագույն եղանակը, դրեց հայերենի ուղղագրության հիմքը (օրինակ՝ թեև ստեղծել էր ը տառը, բայց, նկատի առնելով համապատասխան հնչյունի հաճախակի գործածությունը հայերենում, ը տառի գրությունը սահմանափակող կանոն հաստատեց)։ Մ․ Մ–ի ստեղծած գիրը և ուղղագրությունը դարձան ամենից լիարժեքը ժամանակի մյուս գրային համակարգերի շարքում և չհնացան անցած մոտ 1600 տարիներին։ Միջնադարում Մ․ Մ–ի այբուբենին ավելացան միայն օ և ֆ տառերը։ Հետագայում արվել են մի քանի ուղղագրական փոփոխումներ (հատկապես արևելահայերենի համար՝ 1922-ին, 1940-ին)։
Մաշտոցը նորաստեղծ գրերով վերադառնում է հայրենիք։ Երկրում ծավալվում է թարգմանչաց շարժումը, որը լուսավորական–կրթական ընդարձակ ու երկարատև գործունեություն էր (երկրի բոլոր մասերում հայկ․ դպրոցների հիմնադրում, թարգմանական ծավալուն աշխատանք, հայ դպրության ստեղծում, եկեղեցու և քարոզչության հայացում, հայ գրչության կենտրոնների ու գրադարանների հիմնում)։
Սահակ Պարթևն ու Մ, Մ․ աշակերտների հետ սկսել են Աստվածաշնչի թարգմանությունը՝ մի մասն ասորերենից, մյուսը՝ հուն–ից։ Մ․ Մ․ նախքան այդ, իր քարոզչական գործունեության ժամանակ, բազմիցս բանավոր թարգմանած լինելով Աստվածաշնչի առանձին հատվածներ, դրանց զգալի մասն անգիր գիտեր, և մնում էր ստուգել ու գրի առնել նորագյուտ տառերով։ Կարճ ժամանակում Ս․ գրքի հիմնական մասը թարգմանվել է հայերեն և բազմացվել գրչությամբ։ Այդ ընթացքում թարգմանվել են նաև փիլ․, ժամանակագրական, բնագիտական և այլ բնույթի երկեր։
Տառերի գյուտից հետո Մ․ Մ․ իր օգնականների հետ շրջագայել է Հայաստանում, հավաքագրել աշակերտներ, հիմնել դպրոցներ (տես Մեսրոպյան դպրոցներ), ինքը տվել հայերենի դասավանդման առաջին օրինակը, հիմնադրել է վանքեր, որոնք դարձել են ուսման, գրչության ու գիտության կենտրոն և օրինակ՝ հետագա դարերում նորերը հիմնելու։
Առաջին երեք շրջագայությունները Մ․ Մ․ կատարել է Արևելյան Հայաստանում, չորրորդը՝ Արևմտյան Հայաստանում։ Այստեղ Անատոլիս կուսակալը, Մ․ Մ–ին պատիվներով ընդունելուց հետո, նրա մտադրությունները հայտնել է Բյուզանդիայի Թեոդոս II կայսրին։ Սա Մ․ Մ–ին շնորհել է Ակումիտ (տքնող, արթուն հսկող) պատվավոր տիտղոսը, սակայն զրկել է գործունեության իրավունքից, և Մ․ Մ․, օգնականների մի մասին թողնելով Փոքր Հայքի Մելիտենե (Մալաթիա) քաղաքում, մնացածների հետ մեկնել է Կ․ Պոլիս, բանակցել կայսրի և հունաց Ատտիկոս պատրիարքի հետ, ստացել հայ երեխաներին մայրենի լեզվով կրթելու և հայ հոգևորականների դասեր հաստատելու կայսերագիր իրավունք։ Վերադառնալով Արևմտյան Հայաստան՝ այստեղ նույնպես հիմնել է հայկ․ դպրոցներ, մշակութային կենտրոններ։
Ըստ Կորյունի, Արևելյան Հայաստանում կատարած երրորդ շրջագայության ժամանակ, «սկսեց Տիրոջից իրեն շնորհվածի համեմատ նշանագրեր հորինել վրացերեն