ՄԵՏԱՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, գիտություն, որն ուսումնասիրում է մետաղների և համաձուլվածքների բաղադրության, կառուցվածքի և հատկությունների միջև եղած կապը, ինչպես նաև տարբեր տեսակի ներգործությունների (քիմիական, ջերմային, մեխանիկական) հետևանքով առաջացող փոփոխությունների օրինաչափությունները։ Որպես ինքնուրույն գիտություն Մ․ ծագել և ձևավորվել է XIX դ․՝ մետաղաբանություն անվան տակ։ «Մ․» տերմինը մտցվել է XX դ․ 20-ական թթ․ Գերմանիայում (Metallkunde), իսկ «մետաղաբանություն» տերմինն առաջարկվել է պահպանել միայն մետաղների և համաձուլվածքների միկրո– և մակրոկառուցվածքների ուսումնասիրման համար։
Մ–յան զարգացման առաջին փուլում (XIX դ․ 70-ական թթ․) ուսումնասիրվել են մետաղների միկրոկառուցվածքը, տեխ․ մետաղների և համաձուլվածքների հատկությունների վրա ջերմային մշակման ազդեցությունը։ Ստեղծվել է մետաղական համակարգերի վերլուծության ֆիզիկաքիմիական եղանակ, ձևակերպվել են մետաղական նյութերի որակի գնահատման կարևորագույն չափանիշները, մշակվել որակյալ և լեգիրված պողպատի արտադրության հիմունքները։ Մ–յան պատմության նոր փուլը սկսվել է XX դ․ 20-ական թթ․՝ ռենտգենակաոուցվածքային վերլուծության կիրառմամբ։ Վերջինս հնարավորություն տվեց բացահայտելու մետաղների ատոմական կառուցվածքի՝ ջերմային, քիմ․ և մեխանիկական մշակման հետևանքով առաջացած փոփոխությունների օրինաչափությունները։ Մ–յան զարգացման այս ժամանակաշրջանը բնութագրվում է ֆիզիկայի նորագույն մեթոդների լայն օգտագործմամբ (տես Մետաղաֆիզիկա, Էլեկտրոնագրաֆիա, Նեյտրոնագրաֆիա)։ Ռենտգենակառուցվածքային վերլուծությունից բացի մետաղների ատոմաբյուրեղային կառուցվածքի ուսումնասիրման համար կիրառվում է էլեկտրոնային սպեկտրոսկոպիան, որը հնարավորություն է տալիս բացահայտելու համաձուլվածքների կառուցվածքի տեղային խախտումները (տես Արատանշում)։ Մ․ պայմանականորեն բաժանվում է տեսականի և կիրառականի (տեխ․)։ Տեսական Մ․ ուսումնասիրում է տարբեր ներգործություններից մետաղներում և համաձուլվածքներում տեղի ունեցող պրոցեսների հիմունքներն ու կառուցվածքի օրինաչափությունները։ Տեսական Մ–յան հիմնական բաժիններն են․ մետաղների և համաձուլվածքների մետաղական վիճակի և ֆիզիկական հատկությունների տեսությունը, բյուրեղացումը, մետաղներում և համաձուլվածքներում ֆազային հավասարակշռությունը, դիֆուզիան, պինդ վիճակում ֆազային փոխակերպումները, պլաստիկ դեֆորմացիայի, ամրության, քայքայման և վերաբյուրեղացման պրոցեսների տեսությունը։ Կիրառական Մ–յան խնդիրներն են․ մետաղական նյութերի կոնկրետ խմբերի (օրինակ, երկաթածխածնային համաձուլվածքների, կառուցվածքային պողպատի, չժանգոտող պողպատի, մագնեզիումի համաձուլվածքների ևն) բաղադրության, կառուցվածքի, մշակման տեխնոլոգիական պրոցեսների և հատկությունների ուսումնասիրությունը։
Գրկ․ Физические основы металловедения, М., 1955; Лившиц Б․ Г․, Металлография, М․, 1963; Физическое металловедение, пер․ с англ., в․ 1–3, М., 1967–68․
ՄԵՏԱՂԱԹԵՐՄԻԱ (մետաղներ և հուն. θέρμη – ջերմություն), մետալուրգիայի բնագավառ, որի հիմքում ընկած են օքսիդներից և այլ միացություններից ավելի ակտիվ մետաղների միջոցով մետաղների վերականգնման պրոցեսները։ Մ–ի ժամանակ անջատվում է մեծ քանակությամբ ջերմություն։ Որպես մետաղական վերականգնիչ լայնորեն կիրառում են ալյումինը (ալյումինաթերմիա), իսկ ոչ մետաղներից՝ սիլիցիումը (սիլիկաթերմիա)։ Գոյություն ունեն մետաղաթերմիական պրոցեսի մի քանի տարատեսակներ, արտավառարանային (ռեակցիայի ջերմությունը բավարար է վերամշակվող նյութերի վերականգնման և հալեցման համար), էլեկտրավառարանային (ջերմության մի մասը մատուցվում է էլեկտրատաքացման միջոցով) և վակուումային (որոշ նյութերի բարձր ցնդելիության պատճառով պրոցեսը կատարվում է վակուումի պայմաններում)։
Գրկ․ Рысс М․ А., Производство ферросплавов, М., 1968; Беляев А. И., Металлургия легких сплавов, 6 изд․, М., 1970․
ՄԵՏԱՂԱԽԵՑԵԳՈՐԾՈւԹՅՈՒՆ, նույնն է, ինչ Փոշեմետալուրգիան։
ՄԵՏԱՂԱԾՆԱԿԱՆ ԳՈՏԻ, մետաղաբեր տարածքներ, որոնք համընկնում են երկրագնդի տեկտոնական խոշորագույն գոտիների հետ, օրինակ՝ Խաղաղօվկիանոսյան, Միջերկրածովյան գոտիները։ Մ․ գ–ները կազմված են ավելի ցածր կարգի փոխկապակցված մետաղաբեր տարածքներից՝ մետաղածնական պրովինցիաներից։ Մ․ գ–ները կարող են ձևավորվել մի քանի տեկտոնամագմատիկ ցիկլերի կամ մետաղածնական դարաշրջանների ընթացքում, որոնցից յուրաքանչյուրը բնութագրվում է հանքայնացման որոշակի տիպերով։ Խոշոր Մ․ գ–ու երկարությունը կազմում է տասնյակ հազար կմ, լայնությունը՝ հարյուրավոր կմ, իսկ զբաղեցրած տարածությունը՝ 10–15 մլն կմ2։ Որոշ երկրաբաններ առաջարկում են Մ․ գ․ համարել այն հանքաբեր տարածքները, որոնք չափերով ավելի փոքր են և համապատասխանում են մետաղածնական պրովինցիաներին (Ուրալյան, Մոնղոլա–Օխոտյան)։ Բազմաթիվ հետազոտողներ Խաղաղօվկիանոսյան և Միջերկրածովյան խոշորագույն գոտիների հետ մեկտեղ Մ․ գ․ են անվանում նաև Ուրալյանը, Սկանդինավյանը ևն։
ՄԵՏԱՂԱԾՆԱԿԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆ, հանքայնացման պրոցեսների զարգացման երկրաբանական ժամանակահատված, որը համապատասխանում է տեկտոնամագմատիկ ցիկլին (լեռնակազմական ժամանակաշրջանին)։ Մ․ դ․ հասկացությունն առաջարկել է դը Լոնեն, հետագայում Լինդգրենը մետաղածնական կամ հանքածնական դարաշրջաններ է անվանել ժամանակի այն հատվածները, որոնք նպաստավոր են եղել որոշակի օգտակար հանածոյի առաջացման համար։ Այդ ժամանակահատվածները տևողությամբ և երկրաբանական բովանդակությամբ տարբեր են և մի դեպքում համապատասխանում են օրոգեն դարաշրջաններին (հերցինյան են), իսկ մյուս դեպքում՝ երկրաբանական ժամանակաշրջաններին (պալեոզոյան, յուրայի, կավճի Մ․ դ․)։ Նախընտրելի է ծալքավոր մարզերի ներծին մետաղածնության հարցերով զբաղվող հետազոտողների մեծամասնության տեսակետը, որի համաձայն Մ․ դ․ համապատասխանում է տեկտոնամագմատիկ ցիկլին։
ՄԵՏԱՂԱԾՆՈՒԹՅՈՒՆ, մետաղային հանքավայրերի մասին ուսմունքի բաժին, ուսումնասիրում է հանքավայրերի բաշխման օրինաչափությունները ժամանակի և տարածության մեջ։ Մ․ սերտորեն կապված է երկրակեղևի առանձին մարզերի երկրաբանական զարգացման ընդհանուր ընթացքի հետ և պայմանավորված է հիմնական երկրաբանական գործոններով (մագմատիզմ, տեկտոնիկա, նստվածքակուտակում, լիթոլոգիա, մետամորֆիզմ, էրոզիա ևն)։ Դիտելով որևէ տարածքի սահմաններում հանքայնացման բաշխման կամ որևէ մետաղի հանքավայրերի տեղաբաշխման օրինաչափությունները, խոսում են տվյալ տարածքի (Ուրալ, Կենտրոնական Ղազախստան) կամ տվյալ մետաղի (ոսկի, անագ ևն) Մ–յան մասին։
ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿԱՊ, տես Քիմիական կապ։
ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ, մետաղներից պատրաստված շինարարական կոնստրուկցիաների ընդհանուր անվանումը։ Առավել տարածված են պողպատե կոնստրուկցիաները։ Արդյունավետ են թեթև համաձուլվածքներից պատրաստված կոնստրուկցիաները։ Տես նաև Ալյումինե կոնստրուկցիաներ։
ՄԵՏԱՂԱՀԱՏ ԳՈՐԾԻՔՆԵՐ, տաշեղահանման եղանակով մետաղե նախապատրաստուկ մշակելու գործիք։ Տարբերում են հաստոցային և ձեռքի Մ․ գ․։ Ըստ տեխնոլոգիական նշանակման հաստոցային Մ․ գ․ բաժանվում են հետևյալ ենթախմբերի․ կտրիչներ, ֆրեզներ, միջաձգիչներ, ատամնահատիչ, պարուրակատաշիչ, անցքերի մշակման, հղկանյութային ու ալմաստային գործիքներ ևն (նկարը տես 476-րդ էջում)։ Ձեռքի գործիքների դասին են պատկանում հատիչները, նադֆիլները, մետաղասղոցները, քերանները ևն։ Մ․ գ–ի կտրող մասի պարամետրերի ընտրությունը կախված է մշակվող նյութի հատկություններից, կտրման պայմաններից և կտրման մակերևույթների առաջացման կինեմատիկայից։ Մ․ գ–ի կտրելու ունակությունը որոշվում է կտրող մասի նյութի հատկություններով։ Առավել կարևոր ցուցանիշներից է նյութի շիկակայունությունը։ Մ․ գ–ի տեխնոլոգիական պարամետրերը կախված են կտրման խորությունից, մատուցումից, կտրման արագությունից (տես Մետաղամշակում կտրումով)։
ՄԵՏԱՂԱՀԱՏ ՀԱՍՏՈՑ, մետաղահատ գործիքներով հիմնականում տաշեղահանման եղանակով շինվածքներ մշակելու մեքենա։ Օգտագործվում է նաև ոչ մետաղական նյութեր (պլաստմասսաներ, ապակի, խեցենյութ ևն) մշակելու համար։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/475
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ
ՄԵՏԱՂԱՀԱՏ 475