Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/474

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

474 ՄԵՏԱԿԵՆՏՐՈՆ
Մոտավորապես մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակի կեսերին մարդը սկսել է յուրացնել հանքաքարից երկաթի ստացման դժվարին ու աշխատատար պրոցեսը։ Այդ նպատակով սկզբում կիրառում էին խարույկներ, իսկ հետագայում՝ հալման փոսեր, որոնց մեջ օդ ներփչելով (բնական հոսքով կամ փուքսերով) օքսիդների անմիջական վերականգնումով հանքաքարը վերածվում էր փափուկ, կռելի երկաթի (սպունգային երկաթ)։ Այս պրոցեսի հետագա զարգացումը (ածխածնով երկաթի հարստացումը, այսինքն՝ պողպատի ստացումը և մխումը) նպաստեց երկաթի ավելի լայն կիրառմանը (երկաթի դար)։ Երկաթի Մ–ի հետագա զարգացման շնորհիվ XIV դ․ կեսերին սկսեցին կիրառվել դոմնային վառարաններ (տես Դոմնային արտադրություն), որոնցում ստացված թուջը վերամշակվելով վերածվում էր պողպատի (Մարտենյան արտադրություն, Բեսեմերյան պրոցես են)։ Պղնձի և երկաթի ստացումից բացի մարդիկ ծանոթ են եղել նաև ոսկու, արծաթի, անագի, կապարի և սնդիկի ստացման եղանակներին։ Ոսկու ստացումը և արծաթից դրա անջատումը սկսվել է մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակի կեսերին։ Արծաթից և այլ խառնուկներից ոսկին մաքրելու համար կիրառել են օքսիդացման, քլորացման և զտման պրոցեսներ։ Ոսկու Մ–ում ավելի ուշ սկսեցին կիրառել ամալգամը (տես Ամալգամներ) և ցիանացման պրոցեսները, որոնք այժմ էլ հանքաքարից ոսկու ստացման հիմնական եղանակներից են։ Ոսկու կորզման համար կիրառվում են հանքաքարի ֆլոտացիոն և գրավիտացիոն հարստացման եղանակներ։
Արծաթի ստացումը մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակում կապված է եղել հալենիտից (կապարի հանքաքար) կապարի և արծաթի համաձուլվածքի ստացման և լիքվացիոն հալման եղանակով նրանց առանձնացման պրոցեսի հեա։ Արդի պայմաններում արծաթը հիմնականում ստացվում է բազմամետաղ հանքաքարի մշակմամբ։ Հնում անագի ստացման տեխնոլոգիան բաղկացած է եղել հանքաքարի մանրման և պարզ պրոցեսներով հարստացման, պարզ հորանաձև վառարաններում հալման, լիքվացիոն և օքսիդացնող զտման պրոցեսներից։ Ժամանակակից տեխնոլոգիան ընդգրկում է հանքաքարի կոմպլեքսային մշակման ավելի բարդ պրոցեսներ։ Սնդիկի արտադրության առաջին եղանակները հիմնված էին հանքաքարի թրծման ժամանակ առաջացող գոլորշիների կոնդենսացման պրոցեսի կիրառման վրա։
Ժամանակակից Մ․, որպես մետաղների և համաձուլվածքների արտադրության հիմնական տեխնոլոգիական գործողությունների համախումբ, ընդգրկում է՝ 1․ հանքաքարի նախապատրաստումն ու հարստացումը․ 2․ հիմնական մետաղի կորզումը հրամետալուրգիական (տես Հրամետալուրգիա), հիդրոմետալուրգիական կամ էլեկտրոլիտային եղանակով, 3․ հիմնական մետաղի մաքրումն ու զտումը, 4․ հիմնական մետաղին ուղեկցող այլ մետաղների ու միացությունների ստացումը, 5․ մետաղներից և համաձուլվածքներից ձուլուկների կամ ձուլվածքների ստացումը (տես Ձուլման արտադրություն), 6․ ճնշմամբ մետաղների մշակումը (տես Դարբնոցա–դրոշմիչ արտադրություն), 7․ եռակալման եղանակով մետաղական փոշիներից շինվածքների պատրաստումը (տես Փոշեմետալուրգիա), 8․ բյուրեղաֆիզիկական կամ այլ ֆիզիկաքիմիական եղանակներով մետաղների զտումը և բարձր մաքրության, հատուկ հատկություններով մետաղների ստացումը, 9․ մետաղների ջերմային, ջերմամեխանիկական մշակումը (տես Ջերմամշակում մետաղների), 10․ պաշտպանական պատվածքների ստեղծումը։ Մ–ի հետ սերտորեն կապված է կոքսաքիմիական և հրակայուն նյութերի արտադրությունը։
ՀՍՍՀ–ում զգալի զարգացում է ստացել պղնձի Մ․ (Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատ), ալյումինի Մ․ (Քանաքեոի ալյումինի գործարան), պղնձամոլիբդենային և բազմամետաղ հանքաքարերի հարստացման արտադրությունը (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ)։ Սկսում են կիրառում գտնել պղնձի փոշեմետալուրգիան և երկաթի ուղղակի վերականգնման պրոցեսները։
Ժամանակակից մետալուրգիական արտադրության համար բնորոշ են՝ հումքի լրիվ օգտագործումը, բազմամետաղ հանքաքարերի կոմպլեքսային մշակումը, արտադրության կազմակերպումն առանց թափոնների, արտադրական պրոցեսների մեքենայացման ու ավտոմատացման բարձր մակարդակը։
Գրկ․ Основы металлургии, т․ 1–7, М., 1961–75; Металловедение и термическая обработка стали, 2 изд․, перераб. и доп․, т․ 1-2, М․, 1961-62․Լ․ Գասպարյան ՄԵՏԱԿԵՆՏՐՈՆ, կետ, որի դիրքից է կախված լողացող մարմնի հավասարակշռության կայունությունը։ Հավասարակշռության դեպքում, լողացող մարմնի վրա մարմնի ծանրության կենտրոնում (ԾԿ) կիրառված Р ծանրության ուժից բացի, ազդում է նաև А վերամբարձ ուժը, որի ազդման գիծն անցնում է այսպես կոչված ջրատարողության կենտրոնով՝ ՋԿ (մարմնի ընկղմված մասի ծավալով հեղուկի զանգվածի ծանրության կենտրոնը)։ Այն դեպքում, երբ լողացող մարմինն ունի սիմետրիայի երկայնական հարթություն, այդ հարթության և վերամբարձ ուժի ազդման գծի հատման կետն էլ կոչվում է Մ․։ Մարմնի թեքվելու դեպքում Մ–ի դիրքը փոխվում է։ Լողացող մարմնի հավասարակշռությունը կլինի կայուն, եթե Մ–ներից ամենաստորինը (երբեմն այն էլ անվանում են Մ․) գտնվում է մարմնի ծանրության կենտրոնից վեր։
ՄԵՏԱԿՐԻԼԱԹԹՈՒ, a-մեթիլակրիլաթթու, СН2= С(СН3) - СООН, չհագեցած միահիմն կարբոնաթթու։ Սուր հոտով, անգույն հեղուկ է, հալ․ ջերմաստիճանը՝ 16°С, եռմանը՝ 160,5°С, խտությունը՝ 1015,3 կգ/մ3 (20°С–ում)։ Լուծվում է ջրում և օրգ․ լուծիչներում։ Մ․ նատրիումի ամալգամով վերականգնվում է իզոկարագաթթվի, հիմքերի և սպիրտների հետ առաջացնում է մետակրիլատներ [CH2= C(CH3)–COOR]։ Հեշտությամբ պոլիմերվում է՝ առաջացնելով պոլիմետակրիլաթթու, որն անգույն, փխրուն, խիստ խոնավածուծ նյութ է։ Արդյունաբերության մեջ Մ․ ստանում են ացետոնից և կապտաթթվից։ Մ․ և նրա ածանցյալներն օգտագործվում են պոլիմերային նյութեր ստանալու համար։ Առավել նշանակություն ունի մեթիլմետակրիլատը, որն օգտագործվում է օրգ․ ապակու, կարբօքսիլատային կաուչուկների, անբեկոր ապակու, սոսինձների, իոնափոխանակային խեժերի արտադրության մեջ։ Պոլիմետակրիլաթթվի աղերն օգտագործվում են որպես էմուլգատորներ։
ՄԵՏԱՂԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, մետաղագիտության բաժին, ուսումնասիրում է մետաղների և համաձուլվածքների կառուցվածքի փոփոխությունը՝ կախված նրանց քիմիական բաղադրության և մշակման պայմանների փոփոխումից։ Մ–յան հիմնական ուղղություններն են՝ մակրոկառուցվածքի, միկրոկառուցվածքի և ատոմաբյուրեղային կառուցվածքի ուսումնասիրումը ռենտգենյան ճառագայթների օգնությամբ։ Համաձուլվածքների մեխանիկական ու ֆիզիկական հատկությունները կախված են ոչ միայն նրանց քիմ․ բաղադրությունից, կառուցվածքից և այս կամ այն ֆազի հարաբերական քանակից, այլև համաձուլվածքի տարբեր ֆազերի բյուրեղների ձևից, չափերից և փոխադարձ դասավորությունից։ Մ–յան բնագավառում ուրույն տեղ ունի տարածաչափական Մ․, որի հիմնադիրն է հայազգի գիտնական Ս․ Ա․ Սալտիկովը։
ՄԵՏԱՂԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, մետաղային հանքավայրերի և հանքաերևակումների առկայությունը որոշակի շրջաններում կամ երկրաբանական գոյացումներում (ապարներում, հաստվածքներում, շերտախմբերում)։ Առաջին դեպքում տերմինը օգտագործվում է, երբ խոսքը վերաբերում է որևէ տարածքի, օրինակ, Ուրալի, Կենտրոնական Ղազախստանի, Փոքր Կովկասի Մ–յանը, իսկ երկրորդ դեպքում՝ եթե նկատի ունեն ինտրուզիվների, նստվածքային ապարների, տեկտոնական զոնաների Մ․։ Հանքային նյութի կուտակումը սովորաբար տեղի է ունենում մագմատիկ հալոցքի ներդրման, օջախից ջրային և գազաջրային լուծույթների, գազերի անջատման ու գործունեության հետևանքով։ Հանքաբեր լուծույթների առաջացումը և հանքավայրերի ձևավորման համար անհրաժեշտ մետաղային միացությունների կուտակումն ընթանում է երկրաբանական և ֆիզիկաքիմիական բարենպաստ պայմաններում։