484 ՄԵՏԱՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
մեկնաբանությունների, նրա անհակասականության ու լրիվության ուսումնասիրության հարցերը։ Մ–յան դրույթի օրինակ են Կ․ Գյոդելի թեորեմները։ Ցանկացած Մ․ իր հերթին կարող է ձևայնացվել և ծառայել որպես առարկայական տեսություն նոր Մ–յան՝ մետամետատեսության համար։
Մ–յան գաղափարը ներմուծել է Դ․ Հիլբերտը դասական մաթեմատիկայի հիմնավորման իր ֆորմալիստական ծրագրի իրականացման նպատակով։ Այս բնագավառում մեծ ներդրում ունեն Ա․ Տարսկին, Ռ․ Կառնապը, Տ․ Կյոռին։
Գրկ․ Ավետիսյան Ս․ Հ․, Մաթեմատիկական տրամաբանության հիմնական տարրերը, Ե․, 1969։ Клини С. К., Введение в метаматематику, пер․ с англ․, М, 1957, гл․ III-VIII, XIV, XV; Чёрч А․, Введение в математическую логику, пер․ с англ․, т. 1, М., 1960 (введение); Его же, Математическая логика, пер․ с англ., М․, 1973.
ՄԵՏԱՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ժամանակակից տրամաբանության բնագավառ, որն ուսումնասիրում է տրամաբանական տեսությունների կառուցվածքն ու հատկությունները։ Մ․ ըստ էության բովանդակային մետատեսություն է, որի ուսումնասիրման առարկան կազմում են ձևական տրամաբանական հաշիվները՝ որպես առարկայական (օբյեկտ) տեսություններ։ Մ–յան դասական դրույթ է, օրինակ, Ա․ Չյորչի թեորեմը այն մասին, որ լուծելիության պրոբլեմը պրեդիկատների նեղ հաշվում անլուծելի է։ Մ–յան մեջ առանձնացվում է ձևաբանությունը, որտեղ քննարկվում են տրամաբանական հաշիվների կառուցման օրենքները, և իմաստաբանությունը, որը վերաբերում է այդ հաշիվների մեկնաբանության պրոբլեմներին։ Մ–յան շրջանակներում ծագում են նաև պրոբլեմներ, կապված սովորական բովանդակային կշռադատությունների իմաստային նշանակության և նրանց հոգեբանական ասպեկտների վերլուծության հետ (պրագմատիկա)։
ՄԵՏԱՔՍ, բնական տեքստիլ թել՝ բոժոժի հյուսման ժամանակ շերամորդի մետաքսագեղձերից անջատվող նյութ։ Առավել կարևոր արդ․ նշանակություն ունի մետաքսագործական տնտեսություններում բազմացվող թթենու շերամորդի Մ․ (տես Մետաքսագործություն)։ Շերամորդի բոժոժից (տես Շերամապահություն) ստացվում է մետաքսահումքը։ Այն ենթարկվում է ոլորման (տես Մետաքսաոլորում), իսկ Մ–ի թափոնները վերամշակվում են մանված Մ–ի՝ մետաքսաթելի (տես Մետաքսամանում)։ Մետաքսե գործվածքները, ոլորված Մ–ի որոշ տեսակները, ինչպես նաև թափոնները (մինչև մանումը) սոսնձազերծվում են, որից հետո դառնում փափուկ, փայլուն և հեշտ ներկվող։ Մ․ ունի բարձր մեխանիկական հատկություններ, խզման լարումը 40 կգ/մմ2 կարգի է, խզման երկարացումը՝ 14–18%։ Սովորական օրգ․ լուծիչներում չի լուծվում, լույսի հանդեպ կայունությունը մեծ չէ։ Ոլորված Մ․ օգտագործում են գործվածքների, տրիկոտաժի պատրաստման և տեխ․ նպատակների համար, իսկ մանված Մ․ հիմնականում գործվածքների պատրաստման համար։
ՄԵՏԱՔՍ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ, տես Մանրաթելեր։
ՄԵՏԱՔՍԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, մանածագործության (ոստայնանկության) ճյուղ, մետաքսյա թելեր ստանալու և դրանցից գործվածքներ պատրաստելու արհեստը։ Չինաստանում, որը համարվում է Մ–յան հայրենիքը, մետաքսե գործվածքներ պատրաստել են դեռևս մ․ թ․ ա․ III հազարամյակում։ Միջին Ասիայում, Իրանում, Կովկասում և Բյուզանդիայում Մ․ հայտնի դարձավ V–VII դդ․, հետագայում տարածվեց նաև այլ երկրներում ու մայր ցամաքներում։ X դ․ արդեն Թաբարստանը, Ջուրջանը և Անդրկովկասի երկրները դարձել էին Մ–յան խոշոր կենտրոններ։ Սկսած հին ժամանակներից մետաքսե գործվածքները միջազգային առևտրի ամենահարգված առարկաներից էին։ «Մետաքսի ճանապարհը», որով կատարվում էր մետաքսեղենի առևտուրը Արևելքի և Արևմուտքի միջև, ձևավորվել էր դեռևս մ․ թ․ ա․ II դ․ և գործում էր մինչև XVI դ․։
Մ․ նշանակալից զարգացման էր հասել միջնադարյան Հայաստանում։ IX–XIII դդ․ հայ և արաբ հեղինակները հիշատակում են Հայաստանում, մասնավորապես Դվինում արտադրվող մետաքսե գործվածքները։ Մեզ հասել են նաև այդ ժամանակաշրջանի մետաքսե գործվածքների նմուշներ (Անիի պեղումներից)։ «Կերպասագործ» տերմինը մետաքսագործ իմաստով գործածել է Անանիա Շիրակացին (VII դ․), իսկ XI դ․ հեղինակ Գրիգոր Մագիստրոսը Մ․ համարում է առանձին արհեստ և արհեստավորին անվանում «մետաքսագործ կերպասի կամ կերպասոց»։ Հանդիպում են նաև աբրեշում, ապրեշումագործ բարբառային ձևերը։ Հայաստանում պատրաստված մետաքսաթելը և մետաքսե գործվաքները (կերպասներ, թավիշներ, նուրբ գործվածքներ, դրանց թվում և շղարշներ) ունեին գեղեցիկ փայլ, նուրբ էին, փափուկ, դիմացկուն, և լավ ներկվում էին։ Հայտնի էին հատկապես որդան կարմրով ներկած հայկ․ մետաքսաթել ծիրանին (բյուզանդացիներն անվանում էին «պորփյուրիկոն») և դիպակները։ Մեր օրերում, երբ բացի բնական մետաքսից արտադրվում է նաև մեծ քանակությամբ արհեստական մետաքս, Մ․ դարձել է մանածագործական արդյունաբերության կարևոր ճյուղերից մեկը (տես Մետաքսյա գործվածքների արդյունաբերություն)։
Գրկ․ Առաքելյան Բ․ Ն․, Քաղաքները և արհեստները Հայաստանում IX–XIII դդ․, հ․ 1, Ե․, 1958։
ՄԵՏԱՔՍԱՄԱՆՈՒՄ, մետաքսագործության և մետաքսի արդյունաբերության թելքավոր թափոններից մետաքսամանվածքի պատրաստման տեխնոլոգիական պրոցեսների համախումբ։ Մ–ման ժամանակ օգտագործում են մանման 3 համակարգ․ սանրային՝ առանց սանդերքագզման, սանրային՝ սանդերքագզումով, և ապարատային։ Մ․ բաղկացած է հետևյալ գործողություններից, հումքի տեսակավորում, նախապատրաստում և սոսնձազերծում (տես Մետաքս), մանվածքի փխրեցում և կտրատում, գզում, նախամանում և մանում, ոլորում և վերջնամշակում։
ՄԵՏԱՔՍԱՈԼՈՐՈՒՄ, մետաքսահումքից ոլորված մետաքսի պատրաստման տեխնոլոգիական պրոցեսների համախումբ։ Ըստ կառուցվածքի տարբերում են պարզ, բարդ և ձևավոր ոլորքի մետաքս։ Մ–մյան ժամանակ մետաքսահումքի կծիկները թրջում են օճառաճարպային էմուլսիայի մեջ, որից հետո քամում են, հարթում և չորացնում։ Այնուհետև կծիկները քանդում են փաթաթիչ մեքենաների օգնությամբ և հեռացնում թելերի արատավոր մասերը։ Ավելի հաստ թել ստանալու համար կատարում են մի քանի թելերի միահյուսում, որն ապահովում է թելի ամրությունը հետագա ոլորման ժամանակ։ Վերջինս կատարվում է հարկային կամ օղակավոր ոլորիչ մեքենաներով։ Ետոլորումից խուսափելու համար թելերը մշակում են գոլորշիով։ Ոլորված մետաքսը սովորաբար ստանում են տարբեր ոլորքի (50-ից 3000 ոլորք 1 մ–ի վրա) մի քանի (2–5) թելերից։
ՄԵՏԱՔՍԱՏՊՈՒԹՅՈՒՆ, տես Տրաֆարետային տպագրություն։
ՄԵՏԱՔՍԵ [Պողոսյան Մետաքսե Սերոբի, ծն․ 23․12․1928, գ․ Եգանլար (այժմ՝ Արևշատ, ՀՍՍՀ Արթիկի շրշանում)], հայ սովետական բանաստեղծուհի։ ՍՄԿԿ անդամ 1948-ից։ Ավարտել է Երևանի Խ․ Աբովյանի անվ․ մանկավարժական (1952) և Մոսկվայի Մ․ Գորկու անվ․ գրականության (1958) ինստ–ները։ Առաջին ժողովածուն լույս է տեսել 1957-ին՝ «Ջահելություն» խորագրով։ Այնուհետև հրատարակել է «Կնոջ սիրտ» (1960), «Ուրիշի արցունքները» (1963), «Նվիրում» (1968), «Զգույշ, սիրտ է» (1974), «Սերը հավատ է» (1977) ժողովածուները։ Գրել է նաև մանուկների համար («Լիլիթը և բադիկները», 1977, պատմվածքներ): Թարգմանել է Բ․ Ախմադուլինայի «Բանաստեղծություններ» (1964) և սլովակ բանաստեղծ Մ․ Վալեկի «Հեռավոր հանդիպում» (1979) ժողովածուները։ Մ–ի բանաստեղծությունները թարգմանվել են ՍՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։
ՄԵՏԱՔՍԵ ԳՈՐԾՎԱԾՔ, բնական մետաքսից կամ քիմիական մանրաթելերից պատրաստված մանածագործվածք։ Տարբերում են տեխնիկական գործվածք, զգեստներ, վերնաշապիկներ, կոստյումներ, վերարկուներ, փողկապներ կարելու, ինչպես նաև կանացի արդուզարդի և գալանտերեային ապրանքների համար նախատեսված Մ․ գ–ներ։ Պատրաստում են նաև հատային արտադրանք՝ թաշկինակներ, սփռոցներ, ծածկոցներ ևն։ Մ․ գ–ների զգալի մասն են կազմում կրեպե (կրեպդեշին, կրեպ–ժորժետ, կրեպ–սատին) և խավոտ (թավիշ, նրբաթավիշ, թավշամահուդ) գործվածքները։ Ացետատային թելի հետ ոլորված վիսկոզային կրեպե թելերից պատրաստում են Մ․ գ–ներ կոստյումների, զգեստների համար, իսկ կապրոնե մետաքսից, պերլոնից, նայլոնից՝ նրբագույն Մ․ գ․՝ սպիտակեղենի և կանացի բլուզների համար։ Թողարկվում են միագույն,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/484
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ