Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/485

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
485 ՄԵՏԱՖԻԶԻԿԱ

երփներանգ, դաջովի են Մ․ գ–ներ։ Տես նաև Մետաքսագործություն։
«ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀ», Չինաստանը Առաջավոր Ասիայի և ապա՝ Եվրոպայի հետ կապող առևտրակարավանային մայրուղու անվանումը։ Գործում էր սկսած մ․ թ․ ա․ II դ․ մինչև մ․ թ․ XVI դ․։ «Մ․ ճ․»-ով փոխադրվող հիմնական ապրանքը չինական մետաքսն էր։ «Մ․ ճ․» սկիզբ էր առնում կենտրոնական Չինաստանից և Լանչժոուով անցնելով Դունխան՝ երկատվում էր․ հվ․ երթուղին անցնում էր Խոթան, Յարքենդ, Բալի և Մերվ քաղաքներով, հս․՝ Տուրֆան, Կաշգար, Սամարղանդ, Մերվ, ուր միանալով հվ–ին՝ ձգվում էր Հեկատոմպիլ, Էկբատան, Բաղդադ քաղաքներով դեպի Միջերկրական ծովի Տյուրոս, Անտիոք նավահանգիստները։ Մ․ ճ–ի մի հատվածն Իրանի հս․ շրջաններից ձգվում էր Արաքսի հովիտը՝ Ջուղայի գետանցով դեպի Նախճավան և Արտաշատ, այնտեղից՝ Սև ծովի նավահանգիստները։ «Մ․ ճ․»-ի երկարությունը ավելի քան 7 հզ․ կմ էր։ Իր գոյության առաջին դարերում «Մ․ ճ․»-ով առևտրի միջնորդության համար գերակշիռ դեր ձեռք բերելու նպատակով սուր պայքար էր գնում Հռոմի և Պարթևստանի թագավորության առևտրական վերնախավերի միջև։ V–VI դդ․ «Մ․ ճ․»-ի զգալի մասը պարսկա–սողդիական վաճառականների ձեռքում էր, իսկ Արաբական խալիֆայության կազմավորումից (VII դ․) հետո գերակշռություն ստացան արաբ առևտրականները։ Ծովագնացության հետագա զարգացման հետևանքով, սկսած XIV դ․, «Մ․ ճ»-ի նշանակությունը գնալով նվազեց։ «Մ․ ճ․» մեծ չափով նպաստեց Ասիայի և Եվրոպայի ժողովուրդների տնտ․ և մշակութային կապերի զարգացմանը։Լ․Պետրոսյան ՄԵՏԱՔՍՅԱ ԳՈՐԾՎԱԾՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, տեքստիլ արդյունաբերության ճյուղ, որը զուտ մետաքսյա, բնական ու սինթետիկ, ինչպես նաև խառը մանրաթելերից գործվածքներ է արտադրում։ Մետաքսագործության հայրենիքը Չինաստանն է։ Ռուսաստանում Մ․ գ․ ա․ սկսել է զարգանալ XVII դ․ վերջերից։ Բոժոժամանման արտադրությունը կենտրոնացված էր Անդրկովկասում, մասնակիորեն՝ Ռուսաստանի կենտրոնական շրջանում (Մոսկվա և Մոսկվայի նահանգ), բոժոժի հիմնական մասն արտահանվում էր, իսկ մետաքսահումքի 80%-ը՝ ներմուծվում։ Մետաքսյա գործվածքները բարձրորակ էին, իսկ դիպակե և նախշավոր տեսակներն արտահանվում էին տարբեր երկրներ։ Մ․ գ․ ա–յան համալիր զարգացումն սկսվեց սովետական իշխանության հաստատումից հետո։ Աճեց մետաքսահումքի, մետաքսյա գործվածքների արտադրության ծավալը, ընդլայնվեց արտադրանքի տեսականին։ Մինչև 1941-ը մետաքսագործական ու հումքի մշակման ձեռնարկություններ կառուցվեցին Սամարղանդում, Լենինաբադում, Թբիլիսիում, Երևանում ևն։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Լենինաբադի, Մարգելանի և Օշայի ֆաբրիկաների բազայի վրա կազմակերպվեցին մետաքսյա գործվածքների խոշոր կոմբինատներ, իսկ Օրենբուրգում՝ մանածագործական արտադրություն։ Ետպատերազմյան շրջանում ճյուղի ձեռնարկություններն ընդլայնվեցին, կառուցվեցին նորերը (Կրասնոյարսկում, Կալինինում, Լենինգրադում ևն), ներդրվեցին բարձրարտադրողական սարքավորումներ։ Դրա շնորհիվ 1979-ին, 1940-ի համեմատ, ՍՍՀՄ–ում մետաքսյա գործվածքների արտադրությունն ավելացավ 25,9 անգամ, կազմեց 1724 մլն մ2։
Սոցիալիստական մյուս երկրներից Մ․ գ․ ա․ առավել զարգացած է Լեհաստանում (1979-ին արտադրվել է 181 մլն մ2 մետաքսյա գործվածք), ԳԴՀ–ում (120 մլն մ2), Ռումինիայում (130 մլն մ2), իսկ կապիտալիստական երկրներից՝ ԱՄՆ–ում (7600 մլն մ2), Ճապոնիայում (2790 մլն մ2) և ԳՖՀ–ում (390 մլն մ2
Հայկական լեռնաշխարհում շերամապահությամբ և մետաքսագործությամբ զբաղվել են հեռավոր ժամանակներից։ Ֆեոդալական կալվածքներում և հատուկ «գործատներում» պատրաստվում էին մետաքսաթել, գործվածքներ և «Մետաքսի ճանապարհով» արտահանվում հարևան ու հեռավոր երկրներ։ Ռուսաստանին միավորվելուց հետո (1828) Արևելյան Հայաստան մուտք գործեց ռուս. մետաքսյա գործվածքը, որն աստիճանաբար դուրս մղեց տեղական տնայնագործական արտադրանքը։ Սակայն բոժոժից մետաքսաթելերի ստացումն ու գործվածքների արտադրությունը պահպանվեց և XIX դ․ 60-ական թթ․ ստացավ մանուֆակտուրային բնույթ։ Դարավերջին Հայաստանում գործում էր տարեկան 350–400 փութ մետաքսաթել արտադրող 32, նաև տնայնագործական սեզոնային 7 արհեստանոց, որոնք հիմնականում կենտրոնացված էին Երևանի նահանգում ու Մեղրու շրջանում։ Ընդ որում, գործվածք թողարկելու համար մետաքսաթելի մոտ 70%–ը առաքվում էր Ռուսաստան։ Առաջին համաշխարհային պատերազմի և դաշնակների տիրապետության տարիներին շերամապահությունն անկում ապրեց, մետաքսաթելի ու գործվածքների արհեստանոցները փակվեցին։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո միջոցներ ձեռնարկվեցին շերամապահության վերականգնման, մետաքսաթելի ու Մ․ գ․ ա–յան ստեղծման ու զարգացման համար։ 1921-ին մետաքսաթելի ու գործվածքների ձեռնարկություններն ազգայնացվեցին, այնուհետև վերացվեցին մետաքսաթելի մանր արհեստանոցները։ 1928-ին գործարկվեց Երևանի Մարտի 8-ի անվ․ մետաքսաթելի ֆաբրիկան, որին 1931-ին հանձնվեց Ղափանի մետաքսաթելի ֆաբրիկայի ամբողջ սարքավորումը։ 1940-ին արհեստագործական կոոպերացիայի Երևանի ու Շահումյանի մետաքսյա գործվածքների արտելները միավորվեցին և ընդգրկվեցին թեթև արդյունաբերության համակարգի մեջ։ 1953-ին դրանց բազայի վրա ստեղծվեց Երևանի մետաքսի կոմբինատը, որին միավորվեց նաև Մարտի 8-ի անվ․ մետաքսաթելի ֆաբրիկան (1958-ին)։ Մ․ գ․ ա–յան ձեռնարկությունների սարքավորումների նորացման, քիմ․ մանրաթելերի արտադրության զարգացման շնորհիվ աճել է արտադրության ծավալը, ընդլայնվել թողարկվող գործվածքների տեսականին։ 1979-ին արտադրվել է 21,7 մլն մ2 մետաքսյա գործվածք։ Ճյուղի տեխ․ զարգացման գիտահետազոտական ու կոնստրուկտորափորձարարական աշխատանքներով զբաղվում է թեթև և տեքստիլ մեքենաշինության համամիութենական ԳՀԻ–ի Երևանի մասնաճյուղը։
Գրկ․ Սովետական Հայաստանի տնտեսական զարգացումը, 1920 – 1960, Ե․, 1960։ Դարյան Վ․ Ա․, Թեթև արդյունաբերության զարգացումը Սովետական Հայաստանում, Ե․, 1960։ Նույնի, Шелковая промышленность Армянской ССР, Е., 1956; Корнеев А․ М., Текстильная промышленность СССР и пути ее развития, М․, 1957.Վ․ Դարյան ՄԵՏԱՖԱԶ (մետա․․․ և հուն, φάσις – երևալը, հայտնվելը), տես Միտոզ։
ՄԵՏԱՖԻԶԻԿԱ, 1․ փիլիսոփայության բնագավառ, որը հավակնում է մտահայեցողական եղանակով հետազոտելու ամբողջությամբ վերցրած աշխարհը, կեցության սկզբունքներն ու վերջնական պատճառները՝ ի տարբերություն մասնավոր գիտությունների, որոնք առանձնացնում են կեցության մի մասը և սահմանափակվում անմիջական փորձնական պատճառներով։ Արիստոտելի գործերը դասակարգելիս «Մ․» անունը (հուն. μετὰ τὰ φυσικά – բնության մասին գիտությունից՝ ֆիզիկայից հետո) տրվել է նրա «առաջին փիլիսոփայությանը» վերաբերող գործերին՝ նկատի ունենալով, որ դրանցում հետազոտվում է այն, ինչ կարող է ճանաչվել բնությունից հետո, որովհետև ընկած է նրանից այն կողմ, նրա հետևում՝ կազմելով նրա հենքը։ Հայ միջնադարյան փիլիսոփաները Դավիթ Անհաղթի միջոցով ժառանգել են այս անտիկ ավանդույթը։ Միջնադարում, կորցնելով կապն աշխարհի գիտական հետազոտության հետ, Մ․ աստիճանաբար մերվեց աստվածաբանությանը՝ որպես աշխարհի հոգևոր նախասկզբի, աստվածային էության բնական ըմբռնման եղանակ։ Նոր ժամանակում փորձնական բնագիտության և փիլ–յան դասականները մերժեցին միջնադարյան Մ․ և առհասարակ արտափորձային վերացական «թաքնված էությունների» ու մտահասու «վերջնական պատճառների» գաղափարը՝ միաժամանակ ընդունելով «բնական փիլիսոփայության» կազմում, ֆիզիկայի հետ միասին, «առաջին փիլիսոփայության» անհրաժեշտությունը, որը հետազոտում է աշխարհի անվերջ բազմազանությունը միասնության հանգեցնող վերջավոր պարզագույն ձևերը (Ֆ․ Բեկոն), վերացական հասկացությունները (Թ․ Հոբս, Բ․ Սպինոզա) ևն։ Մետաֆիզիկական համակարգեր կառուցեցին Ռ․ Դեկարտը և Դ․ Լայբնիցը։ Նույն ժամանակին են վերաբերում նաև Ստեփանոս Լեհացու կողմից Արիստոտելի «Մետաֆիզիկայի» հայերեն թարգմանությունը և մեկնաբանությունը, որոնք կրոնափիլիսոփայական գաղափարախոսության տիրապետության պայմաններում նպաստեցին աշխարհիկ փիլ–յան միտումների զարգացմանը։ Բնագիտության ինքնուրույն զարգացումը XVIII դարից սկսած առարկայազուրկ դարձրեց Մ–ի գոյաբանական նկրտումները։ Սակայն Մ․ գոյատևեց զանազան տարբերակներով (գերմ․ դասական