488 ՄԵՏՐՈՊՈԼԻՏ
ճշգրիտ որոշելու և վերարտադրելու գործիք։ Բաղկացած է ճոճանակից և մեկ րոպեում նրա տատանումների քանակը ցույց տվող սանդղակից։ Ճոճանակի տատանման տարբեր հաճախականությունները ընդունվում են որպես երաժշտական ստեղծագործության մետրական որևէ միավորի բացարձակ տևողություն։ Կիրառվում է XVII դ․ վերջից։ Տարածված է ավստրիացի Յո․ Մելցելի կատարելագործած Մ․ (1816), որով Բեթհովենը իր երկ 106 Սի–բեմոլ մաժոր սոնատում և Իններորդ սիմֆոնիայում առաջինն է նշել կատարման արագությունը։ Ներկայումս կան տարբեր կոնստրուկցիաների (մասնավորապես՝ գրպանի ժամացույցի ձևի և էլեկտրական) Մ–ներ։ Բեմական և ֆիլմային տեսարանների երաժշտության ճշգրիտ զուգորդման համար գործածվում է Կ․ Բլյումի երաժշտական խրոնոմետրը (1926)։
ՄԵՏՐՈՊՈԼԻՏ, միտրոպոլիտ (հուն․ μητροπολίτης – մայրաքաղաքացի), հոգևոր բարձր պաշտոնյա քրիստոնեական եկեղեցիներում։ Սկզբնապես եղել է տվյալ նահանգի գլխավոր քաղաքի (մետրոպոլիայի, որից և անվանումը) եպիսկոպոսը Հռոմեական կայսրությունում։ Մ–ի իրավասության շրջանակները վերջնականապես որոշվել են Նիկիայի 1-ին տիեզերաժողովում (325), ապա Անտիոքի եկեղեցաժողովում (341)։ Մ–ները իրավունք ունեին գումարել նահանգի եկեղեցական ժողովները, հսկել իրենց հոգևոր իշխանությանը ենթակա գավառների եկեղեցական գործերը։ Մ–ներին ընտրում էին եպիսկոպոսները։ Արևմտյան Եվրոպայում V դարից հետո Մ–ների իրավասության շրջանակները նեղացել են, հետզհետե նրանք հավասարվել են եպիսկոպոսներին (բացառությամբ Անգլիայի, ուր ցարդ պահպանվել է Մ–ի հոգևոր իրավազորությունը)։ XI դարից Մ–ները զրկվել են նույնիսկ գավառներում եկեղեցական ժոդովներ հրավիրելու իրավունքից։ XIX դ․ կաթոլիկ եկեղեցիներում Մ․ պաշտոնը անվանական էր, հիշվում էր սոսկ որպես տիտղոս։ Բողոքական եկեղեցիներում Մ–ների իրավունքները որոշ չափով պահպանվեցին։ Ռուսաստանը մինչև 1589-ը (պատրիարքության հաստատվելը) դիտվել է որպես մեկ մետրոպոլիտություն՝ Մ–ի գլխավորությամբ, որը մինչև XIII դ․ նստում էր Կիևում, ապա՝ Վլադիմիրում, իսկ XIV դարից՝ Մոսկվայում։
Հայաստանյայց եկեղեցում, ըստ Հովհաննես Դրասխանակերտցի պատմիչի, Մ․ պաշտոնը եղել է տակավին IV դարից և պահպանվել նաև հետագայում (XIII դ․ Սյունյաց Մ․ էր պատմագիր Ստեփանոս Օրբելյանը ևն)։ Հայ եկեղեցական նվիրապետության մեջ Մ․ դասվել է ընդհանրական և տեղական կաթողիկոսներից հետո։ Երբեմն Էջմիածնի Մայր աթոռը Մ–ի տիտղոսը շնորհել է եպիսկոպոսներին, սոսկ որպես պատիվ։
ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ, մետրո (ֆրանս․ metropolitan, < հուն․ μητροπολίς — գլխավոր քաղաք, մայրաքաղաք), քաղաքային արտափողոցային երկաթուղի՝ ուղևորների զանգվածային շտապ փոխադրումների համար։ Մ․ աչքի է ընկնում մեծ թողունակությամբ, գնացքների շարժման կանոնավորությամբ և շահագործման բարձր արագությամբ։ Մ–ի գծերն անցնում են ստորգետնյա թունելներով, ուղանցներով կամ փողոցի հատուկ առանձնացված տեղամասերով։ Առավել տարածված են Մ–ի ստորգետնյա գծերը։ Դրանք չեն խախտում քաղաքի հատակագիծը, չեն սահմանափակում գետնընթաց տրանսպորտի և հետիոտների երթևեկությունը։ Մ–ի անհրաժեշտությունը, հիմնականում, զգացվում է 1 մլն և ավելի բնակչություն ունեցող քաղաքներում (տես Քաղաքաշինություն)։
Մ․ կառույցների և սարքերի մեծ համալիր է, որը բաղկացած է կայարաններից, նախասրահներից, շարժասանդուղքային սարքերից, տեղափոխման թունելներից, միահավաքման խցերից և փակուղիներից, վագոնային դեպոներից, քարշիչ և ցածրացնող էլեկտրական ենթակայաններից, ինչպես նաև ինժեներային և սանտեխնիկական սարքավորման, օդափոխման, ջրամատակարարման և ջրհանման համար նախատեսված թունելային կառույցներից։ Մ–ի կառույցների համալիրում առանձնահատուկ տեղ են գրավում կայարանները, նախասրահները և գնացքները փոխելու հանգույցները, որոնք անմիջականորեն կապված են ուղևորների սպասարկման հետ։ Մ–ի խորանիստ կայարաններում ուղևորների վեր բարձրացումն ու իջեցումը սովորաբար կատարվում է շարժասանդուղքներով։
Ոչ խորանիստ կայարանները կառուցվում են, հիմնականում, մակաբացման եղանակով։ Վրածածկումը կատարվում է կանգնակա–հեծանային կամ կամարակապ կոնստրուկցիաներով, որոնք նախատեսված են 1–2,5 մ խորության հողաշերտի և գետնընթաց փողոցային տրանսպորտի բեռնվածքները կրելու համար։
Խորանիստ կայարանները, սովորաբար, ներկայացնում են 2, 3 կամ մի քանի թունելների զուգակցում։ Թունելի երեսարկը կատարվում է թուջե կամ երկաթբետոնե տյուբինգներից պատրաստված և միմյանց հետ միացված փակ օղակներով։
Մ–ի սարքավորման կարևորագույն հանգույցներն են էլեկտրամատակարարման
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/488
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ