Դարայի ճակատամարտում թուրք․ բանակը ջախջախվեց և որպես ակտիվ ռազմունակ ուժ դադարեց գոյություն ունենալուց (տես Քյուրուկ–Դարայի ճակաաամարտ 1854)։
1854-ի սեպտ․ 2-ին ափ ելնելով Եվպատորիայում՝ անգլո–ֆրանսիական–թուրքական բանակը հանդիպեց ռուս․ զորքերի (33,6 հզ․ զինվոր) դիմադրությանը։ Սակայն Ալմա գետի վրա ռուսները պարտվեցին և նահանջեցին Սևաստոպոլ, այնտեղից էլ՝ Բախչիստրայ՝ Սևաստոպոլը թողնելով ճակատագրի հույսին։ 18 հզ․ ռուս․ ծովայիններ և զինվորներ փոխծովակալներ Վ․ Կոռնիլովի և Պ․ Նախիմովի գլխավորությամբ կազմակերպեցին քաղաքի հերոսական պաշտպանությունը (տես Սևաստոպոլի պաշտպանություն 1854-1855)։
1855-ի հունվարին պատերազմի մեջ մտավ Սարդինիան, որը Ղրիմ ուղարկեց 15 հզ-անոց կորպուս։ Եվպատորիայում կենտրոնացավ Օմեր փաշայի 35 հզ-անոց թուրք. կորպուսը։ Թշնամու ուշադրությունը Սևաստոպոլից շեղելու ռուս. հրամանատարության փորձերը [Բալակլավայի (1854-ի հոկտ․ 13), Ինկերմանի (հոկտ․ 24), Չյորնայա գետի (1855-ի օգոստ․ 4) ճակատամարտերը] հաջողություն չունեցան։ Թշնամու տեխ․ և թվական գերակշռությունը, ռազմամթերքի պակասությունը,գլխավոր հրամանատարների (Ա․ Մենշիկով, Մ․ Գորչակով) ապաշնորհությունը, ղեկավարության անկարգությունները ևն հանգեցրին Սևաստոպոլի անկմանը (1855-ի օգոստոս)։
Անդրկովկասում գեն․ Ն․ Մուրավյովի կորպուսը (մոտ 40 հզ․) 1855-ի գարնանը ետ մղեց Բայազետի և Արդահանի թուրք. կորպուսները դեպի Էրզրում և պաշարեց Կարսի 33 հզ-անոց կայազորը։ Կարսը փրկելու համար դաշնակիցները Սուխումում ափ հանեցին Օմեր փաշայի թուրք․ 45 հզ–անոց կորպուսը, որը Ինգուրի գետի վրա հոկտ․ 23–25-ին հանդիպելով գեն․ Ի․ Բագրատիոն–Մուխրանսկու ռուս. ջոկատի ուժեղ դիմադրությանը, կանգնեցվեց Ցխենիսծղալի գետի վրա։ Թուրք. թիկունքում ծավալվեց վրացիների և աբխազների պարտիզանական շարժում։ Նոյեմբերի 16-ին Կարսի կայազորը հանձնվեց։
1855-ի վերջին ռազմ. գործողությունները փաստորեն դադարեցին։ 1856-ի մարտի 18-ին Փարիզում ստորագրվեց հաշտության պայմանագիր (տես Փարիզի հաշտության պայմանագիր 1856), համաձայն որի Ռուսաստանին արգելվում էր ռազմ. նավատորմ և ռազմ. բազաներ ունենալ Սև ծովում, Ռուսաստանը Թուրքիային էր զիջում Բեսարաբիայի հվ․ մասը, պարտավորվում էր ամրություններ չկառուցել Ալանդական կղզիներում և ճանաչել մեծ տերությունների հովանավորությունը Մոլդովայի, Վալախիայի և Սերբիայի վրա։ Ռուսաստանը Թուրքիային էր վերադարձնում Անդրկովկասում գրաված բոլոր տարածքները (այդ թվում և Կարսը)։ Ղ․ պ․ երկկողմանի անարդարացի զավթողական պատերազմ էր։ «Ղրիմի պատերազմը ցույց տվեց ճորտատիրական Ռուսաստանի փտածությունն ու անզորությունը» (Վ․ Ի․ Լենին, Երկ․, հ․ 17, էջ 132)։ Ցարիզմի պարտությունը խախտեց նրա միջազգային և ներքին հեղինակությունը, արագացրեց Ռուսաստանում 1859–61-ի հեղափոխական իրադրությունը և ճորտատիրական իրավունքի վերացումը։
Ինչպես XVIII դ․ վերջի և XIX դ. սկզբի ռուս–թուրքական պատերազմների ժամանակ, այնպես էլ Ղ․ պ–ում, հայերը իրենց ազատագրության հույսը կապելով ռուս. զենքի հաղթանակի հետ, ռազմ. և նյութական մեծ օգնություն ցույց տվեցին ռուս. զորամասերին Ղրիմի և Կովկասյան ռազմաճակատներում։ Պատերազմում Կովկասյան կորպուսի հրամանատարն էր Բ․ Բեհբութովը, Սև ծովի Կովկասյան ափերը պաշտպանելու, թուրք. նավատորմի և դեսանտային ուժերի դեմ պայքարի գործում Պ․ Նախիմովի հետ աչքի ընկավ հայազգի փոխծովակալ Լ․ Սերեբրյակովը։ Ռազմ. գործողությունների հենց սկզբին Հայաստանի մի շարք վայրերում (Երևան, Ալեքսանդրապոլ, Նախիջևան, Վաղարշապատ, Կարս, Իգդիր, Ղարաբաղ, Փամբակ–Շորագյալ և այլուր) կազմակերպվեցին հետևակային և հեծյալ կամավորական ջոկատներ, որոնք ռուս. զորքերի հետ միասին գործուն մասնակցություն ունեցան թշնամու դեմ մղված մարտերին։ 1853-ին Վաղարշապատում Գևորգ Մալինցյանի և Ստեփան Սամսոնյանի ղեկավարությամբ կազմավորվեց 300 հոգուց բաղկացած կամավորական ջոկատ։ 1853–1854-ին Շիրակի և Փամբակ–Շորագյալի գյուղացիները կազմեցին դրուժինաներ, որոնք պահպանում էին սահմանները, կռվում հակառակորդի դեմ։ Հայ կամավորական ջոկատները մասնակցեցին Բաշկադըքլարի ճակատամարտին։ 1854-ի հունիսին, երբ թուրք․ 200 հոգուց բաղկացած հեծելազորը հարձակվեց Բայանդուր գյուղի վրա, Շիրակի հայ կամավորները, մինչև ռուս. զորքերի օգնության հասնելը, Ի․ Թարխանյանի ղեկավարությամբ 10 ժամ հերոսաբար մարտնչեցին թշնամու գերակշռող ուժերի դեմ։ Հայ–վրացական հետևակային և հեծյալ ջոկատներն աչքի ընկան Ախալցխայի մոտ տեղի ունեցած մարտերում։ Երևանի նահանգի բնակիչներից ձևավորվեց 500 հոգուց կազմված կամավորական մի գունդ։ 1854-ի մայիսին Ավետիս Տեր–Գրեկուրովի նախաձեռնությամբ Նախիջևանում կազմվեց 125 հոգուց բաղկացած հեծյալ ջոկատ։ Երևանի, Վաղարշապատի, Նախիջևանի, Շարուր–
Դարալագյազի և Օրդուբադի կամավորական ջոկատները ապահովեցին սահմանները, կազմակերպեցին ռազմամթերքի ու սննդամթերքի փոխադրումը, ինչպես նաև
մասնակցեցին թշնամու դեմ մարտերին։ Կամավորները արիության և քաջության օրինակներ ցույց տվեցին Քյուրուկ–Դարայի Ճակատամարտում (1854)։ Կարսի պաշարման ժամանակ, ինչպես տեղի հայերը, այնպես էլ հայ կամավորները ամեն ջանք գործադրեցին քաղաքի ազատագրման համար։ Գեն․ Ն․ Մուրավյովը վկայում է Կարսի գրավման ժամանակ երիտասարդ գնդապետ Մ․ Լոռիս-Մելիքովի ջոկատի քաջագործությունների մասին։ Ռազմաճակատում իր սխրանքներով հայտնի էր դարձել կամավոր Դանիել Հարությունովը, որին կոչում էին «քաջ Դանիլկի»։ Հայ կամավորները Թումանյանի գլխավորությամբ հարձակվեցին թուրք. զորակայանի վրա և գերեցին Ալի Փաշային։
Ծովանկարիչ Հ․ Այվազովսկին ստեղծել է Սևաստոպոլի հերոսամարտին նվիրված կտավներ («Սինոպի ծովամարտ», 1853, «Ծովամարտ», 1855), պաշարված քաղաքում բացել ցուցահանդես (1854), ոգևորել ու օգնել նրա պաշտպաններին։
Ղ․ պ–ում հայերի դերը բարձր են գնահատել ռուս զորավարները, ականատեսները (Ն․ Մուրավյով, Մ․ Բոգդանովիչ, Մ․ Լիխուտին, Ֆ․ Գեյրոտ և ուրիշներ)։
Գրկ․ Պողոսյան Ա․ Մ․, Ղրիմի պատերազմի Կովկասյան ռազմաճակատը և հայերի մասնակցությունը, Ե․, 1958։ Богданович М․ И., Восточная война 1853–1856 гг․, т․ 1–4, CПB, 1876; Тарле Е․ В․, Крымская война, т․ 1–2, 2 изд., M․, 1950․
ՂՐԻՄԻ ՕՊԵՐԱՑԻԱ 1944, սովետական զորքերի (4-րդ Ուկրաինական ռազմաճակատ, Մերձծովյան առանձին բանակ, Սևծովյան նավատորմ, Ազովի ռազմական նավատորմիկ) հարձակողական գործողությունները 1941–45-ի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, ապրիլի 8-ից մայիսի 12-ը՝ Ղրիմը գերմանա–ֆաշիստական զորքերից ազատագրելու նպատակով։ Դեռևս 1943-ի հոկտեմբեր–նոյեմբերին սովետական զորքերը ճեղքեցին Տուրեցկի վալի ամրությունները Պերեկոպի պարանոցում և հենակետեր գրավեցին Սիվաշի հվ․ ափին և Կերչի թերակղզում։ Սովետական հրամանատարությունը նախատեսում էր Սիմֆերոպոլ–Սևաստոպոլ ընդհանուր ուղղությամբ հզոր հարվածներ հասցնել և շրջապատել ու ոչնչացնել թշնամու խմբավորումը՝ թույլ չտալով նրան էվակուացվել Ղրիմից։ Օպերացիային մասնակցում էր 470 հզ․ մարդ, 5982 հրանոթ ու ականանետ, 559 տանկ և ինքնագնաց հրետանային սարքավորում, 1250 ինքնաթիռ։
Հարձակումը սկսեցին 4-րդ Ուկր․ ռազմաճակատի զորքերը (հրամ․ բանակի գեն․ Ֆ․ Տոլբուխին) ապրիլի 8-ին և նույն օրը, ճեղքելով թշնամու ամրությունները, գրավեցին Արմյանսկը։ Ապրիլի 11-ի գիշերը հարձակման անցան Մերձծովյան առանձին բանակի զորքերը և 4-րդ օդային բանակի ու Սևծովյան նավատորմի ավիացիայի աջակցությամբ ազատագրեցին Կերչը։ Զարգացնելով հարձակումը սովետական զորքերը ապրիլի 15–16-ին դուրս եկան Սևաստոպոլ, մայիսի 5-ին սկսեցին նրա գրոհը և մայիսի 9-ին ազատագրեցին քաղաքը։ Մայիսի 12-ին թշնամու մնացած զորքերը անձնատուր եղան Խերսոնես հրվանդանում։ Ֆաշիստական խմբավորման ջախջախմանը մեծապես նպաստեցին Ղրիմի պարտիզանները։ Ղ․ օ․ ավարտվեց գերմ․ 17-րդ բանակի լիակատար ջախջախմամբ (թշնամու կորուստները կազմեցին 140 հզ․ մարդ), վերացավ սովետական ճակատի հվ․ թևին սպառնացող վտանգը, բարելավվեց Սևծովյան նավատորմի բազավորումը։
Ղրիմի ազատագրմանը մասնակցեց 89-րդ հայկ․ Թամանյան դիվիզիան, որն աչքի ընկավ նախ Կերչի հենակետում, ապա քաղաքի ազատագրման մարտերում,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/49
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված է
ՂՐԻՄԻ 49