Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


50 ՂՐՂԻ
Սևաստոպոլի գրոհի և հատկապես Գորնայա բարձունքի գրավման ժամանակ։ Դիվիզիան պարգևատրվեց Կարմիր աստղի շքանշանով, իսկ նրա 390-րդ և 400-րդ գնդերը արժանացան Սևաստոպոլյան անվանմանը։ Պերեկոպի պարանոցի ճեղքմանը մասնակցեց գեն․-մայոր Ա․ Կարապետյանի ղեկավարած դիվիզիան։ Էլտիգենում դեսանտ էր իջել 137-րդ գունդը՝ փոխգնդապետ Գ․ Բուլբուլյանի գլխավորությամբ։ Օպերացիայի հաջողությանը մեծապես նպաստեց Ն․ Ստեփանյանի գրոհային ավիացիոն գունդը։ Ղ․ օ–ում, ի թիվս 126 մարդու, Սովետական Միության հերոսի կոչման արժանացան Ս․ Բաղդասարյանը, Խ․ Խաչատրյանը, Ա․ Հարությունյանը, Հ․ Մկրտչյանը, Վ․ Ռոստոմյանը, Ա․ Բաբայանը, Հ․ Չաքրյանը։ 89-րդ հրաձգային դիվիզիայի զոհված մարտիկների հիշատակին Գորնայա բարձունքի լանջին կանգնեցված է հուշարձան։
Գրկ․ Հայ ժողովրդի պատմություն, հ․ 8, գլուխ 3, Ե․, 1975։ Великая Отечественная война Советского Союза․ 1941–1945․ Краткая история, 2 изд․, М․, 1970, с․ 336–39․ Վ. Ղազախեցյան ՂՐՂԻ (1978-ից՝ Արծվաբերդ), գյուղ Հայկական ՍՍՀ Շամշադինի շրջանում, շրջկենտրոնից 17 կմ հարավ–արևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ և ութամյա դպրոցներ, կուլտուրայի տուն, 2 գրադարան, կապի բաժանմունք, հեռախոսակայան, մանկապարտեզ, հիվանդանոց (50 մահճակալով)։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են ամրոցներ, գյուղատեղիներ, եկեղեցիներ (միջնադար), Մուսմալար և Սեպրիկ կիկլոպյան ամրոցները, որոնք Նորաշեն և Նավրուս ամրոցների հետ նույն պաշտպանական համակարգի մասն են կազմում։ Մուսմալար ամրոցին մոտ է «Խուրջին–հողեր» կոչվող ուշ բրոնզեդարյան դամբարանադաշտը (պեղել է Մ․ Ա․ Եսայանը 1963–65-ին)։ Ղ–ի մոտ պեղվել են նաև միջին բրոնզեդարյան (հանվել է հիմնականում սև և կենդանակերպ ու երկրաչափական պատկերներով, կարմիր գունազարդ խեցեղեն), ինչպես և վաղ երկաթեդարյան դամբարաններ։ Ղ–ի շուրջ սփռված են նաև Ղամշկուտ, Քարի ձոր, Դարանջ, Կռապաշտի յալ դամբարանադաշտերը։
ՂՈՒԲԱ, քաղաք, Ադրբեջանական ՍՍՀ համանուն վարչական շրջանի կենտրոնը։ Գտնվում է Մեծ Կովկասի հս–արլ․ նախալեռներում, Կուդիալչայ գետի աջ ափին։ Ավտոճանապարհների հանգույց է։ 19 հզ․ բն․ (1970)։ Այգեգործական շրջանի կենտրոն է։ Կան պտղի–բանջարեղենի պահածոների, միկրոէլեկտրաշարժիչների գործարաններ, ՀԷԿ, պտղաբուծության, խաղողագործության և մերձարևադարձային կուլտուրաների ԳՀԻ, սովխոզտեխնիկում, բժշկ․ ուսումնարան, հայրենագիտական թանգարան, դրամատիկական թատրոն։ Ղ․ գորգագործության հնագույն կենտրոն է։ Հիմնադրվել է XV դ․։
ՂՈՒԲԱՅԻ ԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ֆեոդալական պետական կազմավորում Ադրբեջանի հյուսիս–արևելքում։ Ստեղծվել է XVIII դ., 2-րդ կեսին, կենտրոնն էր Ղուբա (Կուբա) քաղաքը։ 1758–89-ին իշխել է Ֆաթալի խանը (1736–89), որը խանության շուրջն է միավորել Ադրբեջանի մերձկասպյան բոլոր հողերը՝ մինչև Արդաբիլ քաղաքը։ 1787-ին վրաց Հերակլ II թագավորի հետ դաշինք է կնքել ընդդեմ Իրանի։ 1775, 1783 և 1787-ին Ղ․ խ–յան դեսպանները դիմել են ռուս. կառավարությանը՝ խնդրելով նրա հովանավորությունը։ 1790-ական թթ․ սկզբին Ղ․ խ․ մասնատվել է, իսկ 1806-ին միացել Ռուսաստանին, որը վավերացվել է 1813-ի Գյուլիստանի հաշտության պայմանագրով։
Գրկ. Абдуллаев Г․ Б․, Из истории северо-восточного Азербайджана в 60–80 гг․ XVIII в․, Баку, 1958․
ՂՈՒԶԵԼ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Ալջեվազի գավառում, Վանա լճից արևմուտք, Սիփան լեռան մոտ։ 1909-ին ուներ 120 (20 ընտանիք) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Ղ–ի հայերը 1915-ի հուլիսին, ռուս. զորքերի հետ գաղթել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։
ՂՈՒԼ ԱՐԶՈՒՆԻ (մոտ 1650, հավանաբար՝ Նոր Ջուղա –1750), հայ աշուղ, Ղուլ Էգազի ժամանակակիցը և հետևորդը։ Սովորել է Նոր Ջուղայում։ Երկար ժամանակ ապրել է Կալկաթայում։ Ղ․ Ա–ի մասին տեղեկություններ և նրա հատուկենտ երգերը հրապարակվել են սկսած 1823-ից։ Գրականագետ–արվեստաբան Ա․ Երեմյանը «Պարսկահայ աշուղներ» (1930) գրքում զետեղել է նրա 8 երգը, Գ․ Թարվերդյանը «Հայ աշուղներ» (1937) ժողովածուում՝ բանավոր պահպանված մինչ այդ անտիպ մեկ երգը։ Գրականագետ Հ․ Սահակյանը «Հայ աշուղներ» (1961) գրքում ամփոփել է աշուղի մասին տեղեկություններն ու մատենագրությունը և վերահրատարակել նրա հայտնի 9 երգից 7-ը։ Ղ․ Ա–ի երգերի մեղեդիները մեզ չեն հասել։ Մ. Մանուկյան ՂՈՒԼ ԷԳԱԶ (մոտ 1650–1734, Նոր Ջուղա), հայ աշուղ, պարսկահայ աշուղական դպրոցի ավագ ներկայացուցիչը։ Նրա դավթարը հայտնաբերված չէ, սակայն 1823-ից սկսած հանդեսներում և բանասիրական աշխատություններում հրատարակվել են նրա հատուկենտ երգերը և կենսագրական տեղեկություններ։ Գրականագետ-արվեստաբան Ա․ Երեմյանը «Պարսկահայ աշուղներ» (1930) գրքում զետեղել է աշուղի բանավոր փոխանցմամբ պահպանված 6 երգի տեքստերը։ Գրականագետ Հ․ Սահակյանը «Հայ աշուղներ» (1961) գրքում ամփոփել է Ղ․ Է–ի մասին տեղեկություններն ու մատենագրությունը և վերահրատարակել նրա երգերը՝ ավելացնելով իր հայտնաբերած (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանի № 5954 ձեռագրում) երեք ու Գ․ Թարվերդյանի հայտնաբերած մեկ երգը։ Ղ․ Է–ի երգերի մեղեդիները մեզ չեն հասել։ Մ. Մանուկյան ՂՈՒԼԱԼԻՍ, հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Բոգդանովկայի շրջանում, շրջկենտրոնից 12 կմ հյուսիս–արևմուտք։ Միավորված է Գոնդուրայի սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, գրադարան, ակումբ։ Գյուղում պահպանվել է եկեղեցի։ Հայերը եկել են Ծալկայի շրջանից։
ՂՈՒԼԱԼԻՍ, հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Ախալցխայի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հարավ–արևմուտք։ Միավորված է Փոքր Պամաճիի սովետական տնտեսության հետ։ Ունի տարրական դպրոց, գրադարան և ակումբ։ Ղ–ի հայերը գաղթել են 1830-ին, Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգից։ Գյուղի շրջակայքում կան ամրոցի ավերակներ։
ՂՈՒԼԱՄ ՂԱՖՈՒՐ [իսկական անուն–ազգանունը՝ Ղաֆուր Ղուլամովիչ Ղուլամով (1903, Տաշքենդ –1966, Տաշքենդ)], ուզբեկ սովետական գրող։ Ուզբեկ․ ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), Ուզբեկ․ ՍՍՀ ժող․ բանաստեղծ (1963)։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ Ուզբեկ. նոր տաղաչափության հիմնադիրներից; «Կուկան–բատրակ» (1930) պոեմում, «Դինամո» (1931), «Հումորիստական պատմվածքներ» (1931) ժողովածուներում քննադատել է անցյալի արատավոր կողմերը։ Գրել է հակաֆաշիստական բանաստեղծություններ («Ես հրեա եմ», «Դու որբ չես» ևն), որոնք ամփոփվել են «Արևելքից եմ գալիս» (1943, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1946) ժողովածուում։ Ղ․ Ղ․ երգել է սովետական երկրի կյանքը («Ամեն ինչ քոնն է», 1947, «Հայրենի երկրի երջանկությունը», 1951, «Տոն Յանգի–Երեում», 1957, «Լենինը և Արևելքը», 1961 ևն)։ Ուզբեկերեն է թարգմանել համաշխարհային դասականների ստեղծագործություններից։ Լենինյան մրցանակի դափնեկիր (1970, ետմահու)։ Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով։
Երկ. Բանաստեղծություններ, Ե„ 1961։ Չարաճճին, Ե․, 1973։
ՂՈՒԼԹԻԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի համանուն գավառի Տատիկի գավառակում։ 1909-ին ուներ 1779 (334 ընտանիք) հայ բնակիչ։ Ղ․ Բիթլիսի գավառի ամենամեծ գյուղն էր։ Աչքի էր ընկնում գեղեցիկ դիրքով, ջրերի առատությամբ և բերքառատ հողերով։ Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ ու