Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/495

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ՄԵՐՁԱՐԵՎԱԴԱՐՁԱՅԻՆ 495

են օդի բարձր խոնավությունը և փոթորկային քամիները, որոնք առաջանում են ցուրտ մայր ցամաքի և համեմատաբար տաք ծովի միջև եղած ճնշման մեծ գրադիենտի հետևանքով։ Տեղումների տարեկան քանակը 500 մմ է, գլխավորապես՝ ձնային։ Ամռանը տարածքն ազատվում է սառույցներից։ Ջրի աղիությունը տարվա ընթացքում քիչ է փոփոխվում (33–34°/oo)։ Բնորոշ է ծովի ալիքայնությունը (ալիքների բարձրությունը՝ 2–5 մ–ից մինչև 10 մ)։ Զարգացած է պլանկտոնը, որի շնորհիվ հարուստ է ձկներով և թռչուններով։ Մ․ գ․ կետորսության հիմնական շրջանն է։ Կղզիները ծածկված են մամուռներով, քարաքոսերով և թփուտներով։
ՄԵՐՁԱՎԱՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Էջմիածնի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հյուսիս–արևելք։ 1947-ից ուսումնափորձարարական բազա է։ Այստեղ են գտնվում այգեգործության, պտղագործության և գինեգործության ԳՀԻ, ՀՍՍՀ բույսերի պաշտպանության ինստ–ը, երկրագործության ինստ–ի սելեկցիայի և բուսական ռեսուրսների ուսումնասիրության բաժինը։ Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարաններ, կապի բաժանմունք, կինո, հեռախոսային հանգույց, կենցաղսպասարկման տաղավար, մսուր–մանկապարտեզ, հիվանդանոց։ Հիմնադրվել է 1947-ին։
ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ, Ասիայի արևմուտքի և Աֆրիկայի հյուսիս–արևելքի տերիտորիաների անվանումը։ Այստեղ են գտնվում Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը, Սուդանը, Իսրայելը, Հորդանանը, Սիրիան, Լիբանանը, Թուրքիան, Իրաքը, Սաուդյան Արաբիան, Եմենի Արաբական Հանրապետությունը, Եմենի Ժողովրդա–Դհմոկրատական Հանրապետությունը, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, Օմանը, Բահրեյնը, Միջերկրական ծովում գտնվող Կիպրոսի Հանրապետությունը։ Արտասահմանյան գրականությունում Մ․ Ա–ի երկրները Իրանի և Աֆղանստանի հետ կազմում են Միջին Արևելք հասկացությունը։ XIX դ․ և XX դ․ սկզբում Մ․ Ա․ հասկացության մեջ մտնում էր Օսմանյան կայսրության ամբողջ տարածքը, ինչպես նաև Բալկանյան թերակղզու երկրները։
ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ, Ամերկոմ (American Committee for Relief in the Near East, ACRNE), ամերիկյան բարեգործական հաստատություն։ Ստեղծվել է 1918-ին՝ Հայկական և սիրիական նպաստամատույց կոմիտեների (1915) միավորմամբ՝ Մերձավոր Արևելքի երկրների պատերազմից տուժած և կարիքավոր բնակչությանը (հայեր, հույներ, ասորիներ ևն) պարենով, հագուստով և դեղորայքով օգնելու նպատակով։ Հայաստանում և Անդրկովկասում գործել է 1919-ի մայիսից, երբ Հայաստանի բուրժուական հանրապետության կառավարության հետ կնքված պայմանագրով ստանձնել է հայ որբերի խնամքն ու դաստիարակությունը պետ․ մանկատներում, ապաստարաններում, հիվանդանոցներում (1919-ին՝ 75 որբանոց՝ 20 հզ․ որբերով, 10 հիվանդանոց, ինչպես նաև Թուրքիայում, Հունաստանում և այլ երկրներում եղած 25 հզ․ որբերը)։ Ամերկոմի գործունեությունը շարունակվել է նաև սովետական իշխանության օրոք։ Սովետական Հայաստանի կառավարությունը (1921), իսկ ավելի ուշ Անդրֆեդերացիայի ժողկոմխորհը (1923) Ամերկոմի հետ կնքած հատուկ համաձայնագրերով հսկողության տակ են առել նրա գործունեությունը՝ սահմանափակելով այն բացառապես բարեգործական շրջանակներում։ Որբանոցների կրթության ու դաստիարակության վերահսկողությունը իրականացրել է լուսժողկոմատը։ Ամերկոմի ծառայողների (1922-ին՝ 4500 հոգի) վրա տարածվել է սովետական աշխատանքային օրենսդրությունը, նրանք ընդգրկվել են արհմիությունների մեջ։ Հայաստանում Ամերկոմի տրամադրության տակ եղել են 7․298 դեսյատին հողամաս, շենքեր, գույք ևն, որոնցից օգտվել է արտոնյալ պայմաններով։
Սովետական Հայաստանի ժող․ տնտեսության վերականգնման և ժողովրդի բարեկեցության բարելավման համեմատ Ամերկոմի գործունեությունը նվազել է (1926-ին՝ նրա խնամած որբերի թիվը ՀՍՍՀ–ում կազմել է 7440), իսկ 1931-ին՝ ամբողջովին դադարեցվել։ 1923–26-ին սովետական կառավարությունը որբանոցներից դուրս է բերել և ինքնուրույն աշխատանքի տեղավորել ավելի քան 15 հզ․ մեծահասակ որբերի։ Որբերի և գաղթականների ծանր վիճակը թեթևացնելու գործում ցուցաբերած օգնության համար Ամերկոմի գործունեությունն արժանացել է սովետական կառավարության դրական գնահատականին, թեպետ այդ գործունեության մեջ դրսևորվել են բուրժ․ բարեգործությանը հատուկ բացասական գծեր։ ԱՄՆ–ի կառավարող շրջանները փորձել են Ամերկոմն օգտագործել նաև հակահեղափոխական, հակասովետական նպատակներով։
1916–26-ին Հայաստանում և Մերձավոր Արևելքի հայաբնակ վայրերում որբանոցներ է պահել և բարեգործական այլ աշխատանքներ է տարել նաև Անգլիական օգնության կոմիտեն (Անգլկոմ)։
Գրկ. Մելիքսեթյան Հ․ Ու․, Արևմտահայերի բռնագաղթը և սփյուռքահայերի հայրենադարձությունը Սովետական Հայաստան (1915–1940 թթ․)․ Ե․, 1975։ Hovhannisian R․ G․, The Republic of Armenia, v- 1, Berkeley, Los Angeles, London, 1971․
ՄԵՐՁԱՐԵՎԱԴԱՐՁԱՅԻՆ ԿԼԻՄԱ, մերձարևադարձային գոտուն հատուկ կլիմա, ամռանը ձևավորվում է մերձարևադարձային անտիցիկլոնների, ձմռանը՝ միջին լայնությունների ցիկլոնների ազդեցությամբ (տես Մթնոլորտի շրջանառություն)։ Մ․ կ–ին հատուկ են պարզ արտահայտված չոր և խոնավ եղանակները։ Շրջանների խոնավացման աստիճանը փոփոխվում է կախված տեղումների քանակից՝ ծայրահեղ դեպքում ստեղծելով պայմաններ խոնավ անտառների կամ անապատների գոյության համար։ Երկրի մակերևույթի ռադիացիոն հաշվեկշիռը ամբողջ տարին դրական է, ջերմաստիճանի տարեկան ընթացքը՝ լավ արտահայտված։ Հարթավայրերում բացակայում է հաստատուն ձնածածկույթը։ Տաք պայմանները նպաստում են մշտադալար բուսականության գոյությանը։
Մթնոլորտի շրջանառության սեզոնային փոփոխությունները մեծ տարածությունների վրա պայմանավորում են արմ–ից արլ․ խոնավացման զգալի տարբերություններ։ Մայր ցամաքների արմ–ում տեղումների տարեկան ընթացքում պարզ արտահայտված է խոնավ ձմեռ և չոր ամառ (Միջերկրածովյան տիպ), արլ–ում՝ մուսսոնային տիպ։ Երկու կիսագնդերում Մ․ կ․ տարածված է 30°–40°, տեղ–տեղ մինչև 25°–45° լայնությունների միջև։ ՍՍՀՄ–ում Մ․ կ․ արտահայտված է Անդրկովկասում, Միջին Ասիայում և Ղրիմի հվ–ում։
ՄԵՐՁԱՐԵՎԱԴԱՐՁԱՅԻՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐ, մեծ մասամբ մշտադալար, երբեմն տերևաթափ բազմամյա բույսեր, որոնք մշակվում են մերձարևադարձային գոտում։ Մ․կ–ից նարնջենին, կիտրոնը, մանդարինը, գրեյպֆրութը, թզենին, խուրման, ձիթենին ևն ծառեր են։ Տեխ․ նշանակություն ունեն թեյը, դափնին, շաքարեղեգը, էվկալիպտը, բամբուկը, եղրիզենին ևն, դեկորատիվ՝ նոճին, արմավենին, մագնոլիան, սեկվոյան ևն։ Դրանց մեծ մասը ՍՍՀՄ–ում մշակվում է։ Մ․ կ․ բնորոշվում են ցածր ցրտադիմացկունությամբ և երկարատև վեգետացիայով։ Ի տարբերություն արևադարձային բույսերի, Մ․ կ–ի աճի ու զարգացման համար պահանջվում է որոշ չափով կայուն ձմեռային հանգստի շրջան։ Մերձարևադարձային պտղաբուծությունը զարգացած է գլխավորապես միջերկրածովյան երկրներում։ ՍՍՀՄ–ում ամենից շատ (86%) մշակվում է մանդարին։ Ցիտրուսայինների պտուղները երկշերտ կեղևով են։ Արտաքինը դեղին կամ նարնջագույն է, ունի եթերայուղերով լցված անոթներ, որոնց վնասվելուց պտուղները կորցնում են բույրը և արագ փչանում։ Երկրորդ շերտը սպիտակ է, դառը (պարունակում է հեսպերիդին գլյուկոզիդ)։ Պտուղների սննդային արժեքը շատ բարձր է, պարունակում են շաքարներ, օրգ․ թթուներ, վիտամիններ (C, B1, B2, РР, կարոտին), պեկտինային նյութեր, հանքային աղեր, եթերայուղեր, գլյուկոզիդներ։ Օգտագործում են թարմ և վերամշակված (հյութ, մարմելադ, մուրաբա, ստանում են յուղ, կիտրոնաթթու ևն) վիճակում, էվկալիպտի տերևները, որոնք պարունակում են 4% եթերայուղ, կիրառվում են բժշկության և օծանելիքի արդյունաբերության, իսկ բնափայտը՝ կահույքի և այլ արտադրության մեջ։ Բամբուկի բնափայտից պատրաստում են կահույք