Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/496

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

496 ՄԵՐՁԱՐԿՏԻԿԱԿԱՆ
և սպորտային առարկաներ։ Եղրիզենու պտուղներից ստանում են բարձրարժեք յուղ, որն օգտագործվում է լաքեր ու ներկեր արտադրելու համար։
ՀՍՍՀ մերձարևադարձային գոտին հիմնականում գտնվում է Մեղրու ցածրադիր մասում, որտեղ աճում եև թզենի, նռնենի, նշենի։ Կիտրոնն աճեցվում է Կարճևանում (1924-ից)․ ապրիլից մինչև հոկտեմբեր պահում են դրսում, այնուհետև՝ ծածկի տակ։Պ․ Սերոբյան ՄԵՐՁԱՐԿՏԻԿԱԿԱՆ ԳՈՏԻ, աշխարհագրական գոտի Հյուսիսային կիսագնդում, արկտիկական և բարեխառն գոտիների միջև։ Հվ․ սահմանը օվկիանոսում անցնում է սառույցների սեզոնային տարածման սահմանով։ Կլիման ցուրտ է։ Ամենատաք ամսվա միջին ջերմաստիճանը 5°–10°C է, ցուրտ ամսվանը՝ –5°C–ից մինչև –30°C, – 40°C (երբեմն՝ – 50°C)։
Ամռանը գերակշռում են արմ․ բարեխառն օդային հոսանքները և ցիկլոնային ինտենսիվ գործունեությունը, ձմռանը՝ արկտիկական օդային հոսանքները և մթնոլորտի անտիցիկլոնային վիճակը։ Տեղումները (տարեկան՝ 300–500 մմ) գլխավորապես թափվում են պինդ վիճակում, որոնց քանակը գերակշռում է գոլորշիացմանը։ Ձնածածկույթը պահպանվում է ավելի քան 8 ամիս։ Կա գրունտների խոր սառածություն։ Միկրո– և մեզոռելիեֆում գերակշռում են հիդրոլակոլիթները՝ կապված սոլիֆլյուկցիայի հետ։ Մ․ գ–ում առանձնացվում են տունդրայի և անտառատունդրայի զոնաներ։ Հյուսիսային Ամերիկայում և Եվրասիայում առանձնացվում են երկուական մերձօվկիանոսային և մեկական ցամաքային սեկտորներ (տես նաև Կլիմայական գոտիներ
ՄԵՐՁԲԱԼԹՅԱՆ ԵՐԿՐԱՄԱՍ (Օստզեե երկրամաս), Կուռլանդական, Լիֆլանդական և Էստլանդական նահանգների (Էստոնական ՍՍՀ ներկայիս տերիտորիան և Լատվիական ՍՍՀ տերիտորիայի մեծ մասը) ընդհանուր անվանումը Ռուսական կայսրությունում։ 1801–76-ը եղել է գեներալ–նահանգապետություն Ռիգա կենտրոնով։
ՄԵՐՁԲԱԼԹՅԱՆ ՕՊԵՐԱՑԻԱ 1944, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ (1941–45) 1-ին, 2-րդ, 3-րդ Մերձբալթյան և Լենինգրադյան ռազմաճակատների ու Բալթիական նավատորմի ստրատեգիական հարձակողական գործողությունները սեպտեմբեր–հոկտեմբերին, Սովետական Մերձբալթիկան գերմանա–ֆաշիստական զորքերից ազատագրելու համար։ Մ․ օ-ի մեջ մտնում էին Ռիգայի, Տալլինի, Մոոնզունդյան, Մեմելի օժանդակ օպերացիաները։ 1944-ի ամռանը սովետական զորքերը ազատագրել էին Էստոնական ՍՍՀ մի փոքր և Լիտվական ՍՍՀ ու Լատվիական ՍՍՀ զգալի տարածքներ։ Մերձբալթիկայում գերմանացիներն ունեին մեծ թվով ուժեր (56 դիվիզիա և 3 բրիգադ, ավելի քան 700 հզ․ զինվոր, 1200 տանկ և գրոհող հրետանի, 400 մարտական ինքնաթիռ ևն) և ամուր պաշտպանություն։
Գերագույն գլխավոր հրամանատարության ծրագիրն էր Ռիգայի ուղղությամբ Մերձբալթյան բոլոր ռազմաճակատների, և Տալլինի ուղղությամբ Բալթիական նավատորմի ու Լենինգրադյան ռազմաճակատի միացյալ գործողություններով մասնատել թշնամու ուժերը, շրջապատել ու ոչնչացնել նրա խմբավորումները և լիովին ազատագրել Մերձբալթիկան։ Ծրագիրն իրագործելու համար տրամադրվում էր 900 հզ․ զինվոր, մոտ 7500 հրանոթ, 3000 տանկ և ինքնագնաց հրանոթ, 2500 ինքնաթիռ։ Օպերացիաների ընդհանուր ղեկավարությունն իրականացնելու էր Սովետական Միության մարշալ Ա․ Վասիլևսկին։
Սեպտ․ 14-ին Մերձբալթյան ռազմաճակատների զորքերը (3-րդը՝ բանակի գեն․ Ի․ Մասլեննիկովի, 2-րդը՝ բանակի գեն․ Ա․ Երյոմենկոյի, 1-ինը՝ բանակի գեն․ Հ․ Բաղրամյանի հրամանատարությամբ) սկսեցին Ռիգայի հարձակողական օպերացիան։ 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի զորքերը, հաջողությամբ ճեղքելով թշնամու պաշտպանությունը, արագությամբ առաջացան մինչև 50 կմ։ Ռիգայից հվ․, իրենց զորքերի վիճակը թեթևացնելու նպատակով գերմանացիները ձեռնարկեցին երկու հակահարձակում (Դոբելեից հվ–արմ․ և Բալդոնեից հս–արմ․), սակայն՝ անհաջող։ Սեպտ․ 17-ին Լենինգրադյան ռազմաճակատի զորքերը (հրամանատար՝ Սովետական Միության մարշալ Լ․ Գովորով) սկսեցին Տալլինի օպերացիան և սեպտ․ 22-ին ազատագրեցին քաղաքը։ Թշնամու պաշտպանությունը կարողացան հաղթահարել նաև 2-րդ և 3-րդ Մերձբալթյան ռազմաճակատների զորքերը։ Արդեն սեպտ․ 26-ին Լենինգրադյան ռազմաճակատի զորքերը ազատագրեցին Էստոնիայի ամբողջ տարածքը, բացառությամբ Մոոնզունդյան կղզիների։ Ստրատեգիական այս փուլում սովետական զորքերը չկարողացան կտրել թշնամու «Հյուսիս» բանակախումբը Արևելյան Պրուսիայից։ Թշնամին կարողացավ Ռիգայի շրջանում կենտրոնացնել խոշոր խմբավորում (ավելի քան 30 դիվիզիա), Մեմելի ուղղությամբ ուներ 8 դիվիզիա, որոնք սեպտ․ 21-ին մտան «Հյուսիս» բանակախմբի մեջ։
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ սովետական գերագույն հրամանատարությունը որոշեց փոխել գլխավոր հարվածի