Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/498

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

498 ՄԵՐՁՎՈԼԳՅԱՆ
Դնեպրի, Հարավային Բուգի, Դնեստրի և այլ գետերի հովիտներով։ Ափագիծը զառիթափ է, հաճախ՝ սողանքներով։ Շատ են լիմաններն (Դնեպրի, Դնեստրի ևն) ու ավազալեզվակները։ Գերակշռում են հվ․ սևահողերով ու մուգ շագանակագույն հողերով տափաստանային լանդշաֆտները։
ՄԵՐՁՎՈԼԳՅԱՆ ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆ, գտնվում է Վոլգայի աջ ափին, Գորկուց մինչև Վոլգոգրադ։ Բարձրությունը մինչև 375 մ է (Ժիգուլներ)։ Կազմված է մեզոզոյի և պալեոգենի ավազներից, կավերից, մերգելներից, կավճից, տեղ–տեղ՝ պալեոզոյի կրաքարերից և դոլոմիտներից։ Արլ․ և հս․ լանջերը զառիթափ են, արմ․ լանջը՝ զառիկող։ Գերակշռում են էրոզիոն ռելիեֆը, Վոլգայի ափին՝ սողանքները։ Մի շարք վայրերում զարգացած է կարստը։ Լանդշաֆտը անտառատափաստանային և տափաստանային է։ Տարածքը հերկված է։ Օգտակար հանածոներից կան նավթ, այրվող գազեր, թերթաքարեր, ֆոսֆորիտներ, հանքային շինանյութեր։
ՄԵՐՃՈՒՄԻԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանճագի գավառում։ 1914-ին ուներ 9 տուն հայ և 4 տուն ասորի բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Կար եկեղեցի (Ս․ Հովհաննես)։ Մ–ի հայերը տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանցից շատերը զոհվել են բռնագաղթի ճանապարհին։
ՄԵՐՈՄՈՐՖ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ (< հուն․ μέρος – մաս, կոտորակ և μορφή – ձև, տեսք), ֆունկցիաներ, որոնք տրված տիրույթում (մասնավորաբար վերջավոր կոմպլեքս հարթության մեջ) կարող են ներկայացվել երկու միարժեք անալիտիկ (ամբողջ) ֆունկցիաների հարաբերության տեսքով։ Մ․ ֆ․ կարող են սահմանվել նաև որպես տիրույթում բևեռներից բացի այլ եզակի կետեր չունեցող անալիտիկ ֆունկցիաներ։ Մ․ ֆ․ են Էյլերի ֆունկցիան, ոացիոնալ ֆունկցիաները, եռանկյունաչափական ֆունկցիաները ևն։
Հայ մաթեմատիկոսները վերջին տասնամյակների ընթացքում մի շարք կարևոր արդյունքներ են ստացել Մ․ ֆ–ի տեսության բնագավառում։
ՄԵՐՈՍԼԱՎՍԿԻ (Mieroslavski) Լյուդվիկ (1814–1878), լեհ քաղաքական գործիչ։ Մասնակցել է 1830–31-ի Լեհական ապստամբությանը, տարագրվել Ֆրանսիա։ 1845-ին ուղարկվել է Պոզնան՝ լեհ․ ազատագրական ապստամբություն կազմակերպելու, բայց ձերբակալվել է պրուս. իշխանությունների կողմից և դատապարտվել մահապատժի, որը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ։ Ազատվել է 1848-ին Գերմանիայում սկսված հեղափոխության հետևանքով։ 1848-ի մարտ–մայիսին Պոզնանի իշխանությունում ղեկավարել է լեհ․ ազգային ջոկատները, որոնց զինաթափումից հետո արտաքսվել է Ֆրանսիա։ 1850–60-ական թթ․ կապ է հաստատել բոնապարտիստների հետ։ Ձգտել է իրեն ենթարկել Լեհաստանում հասունացող հեղափոխական շարժման ղեկավարությունը, դեմ էր ռուս–լեհ․ հեղափոխական դաշինքին։ 1863–64-ի լեհ․ ապստամբության սկզբին հռչակվել է դիկտատոր, 1863-ի փետրվարին պարտվել է ցարական զորքերից և նորից վտարանդվել։
ՄԵՐՈՎԻՆԳՅԱՆ ԱՐՎԵՍՏ, V–VIII դարերում Մերովինգների պետության մեջ միավորված Ֆրանսիայի մի շարք մարզերի (հիմնականում հս․ և կենտրոնական) արվեստի պայմանական անվանումը։ Մ․ ա․ հետևել է ուշ գոթական և գալլա–հռոմեական, ինչպես և բարբարոսների արվեստի ավանդույթներին։ Այդ շրջանի ճարտ–ը (տիպական են մկրտարանները, կրիպտեները, բազիլիկ եկեղեցիները), չնայած շինարարական տեխնիկայի ընդհանուր անկմանը, հող է նախապատրաստել «Կարոլինգյան վերածննդի» շրջանի մինչռոմանական շինարվեստի ծաղկման համար (տես Կարոլինգյան արվեստ)։ Բարձր զարգացման է հասել դեկորատիվ–կիրառական արվեստը (սարկոֆագների հարթաքանդակներ)։ Գրքարվեստում հիմնական ուշադրությունը դարձվել է գլխատառերի և անվանաթերթերի մանրանկարներին, առանձին պատկերային մոտիվներ լուծված են զարդագրերի սկզբունքով, վառ, պարզ գունահարաբերումներով։
ՄԵՐՈՎԻՆԳՆԵՐ (Merovingiens), առաջին թագավորական դինաստիան Ֆրանկական պետությունում։ Ավանդական տոհմահայրը Մերովեն է (Merovaeus)։ Մ–ի օրոք Ֆրանկ. պետությունում սկզբնավորվում են ֆեոդալական հարաբերությունները։ Մ․ տիրել են մինչև 751-ը։
Մ–ի գլխավոր ներկայացուցիչներն են․ Խիլդերիկ I (կառավարել է 457–481-ին), դինաստիայի փաստական հիմնադիրը, Խլոդվիգ I (կառավարել է 481–511-ին), Խիլպերիկ I (կառավարել է 561–584-ին, ֆրանկ. հողերի մի մասում՝ Սուասոն կենտրոնով), Սիգեբերտ I (կառավարել է 561–575-ին, Ավստրազիայում), Կլոտար II (584–629, մինչև 613-ը՝ Նեյստրիայում), Դագոբերտ I (629–639), Խիլդերիկ III (743–751), որին տապալեց Պիպին Կարճահասակը։
ՄԵՐՋԱՆԻ ԼԵՌՆԵՐ, Ներքին Տավրոսի կենտրոնական հատվածը Հայկական բարձրավանդակի արևմտյան մասում։ Երկարությունը մոտ 50 կմ է, բարձրությունը՝ մինչև 3449 մ (Մերջան լեռ)։ Ձգվում է մերձլայնական ուղղությամբ, Բոլորմոր լեռնանցքից մինչև Մնձուր գետի հովիտը։ Ծալքաբեկորային լեռնաշղթա է՝ կազմված յուրայի նստվածքային և հրաբխածին ապարներից։ Հս․ լանջերը կարճ են և զառիթափ, հվ՝․ երկար։ Կլիման բարեխառն է՝ վերընթաց գոտիական տարբերություններով, հս․ լանջերի ավելի մեծ խոնավությամբ։ Լեռնաանտառային դարչնագույն, մասամբ գորշ հողերում աճում են լայնատերև անտառներ, 2200–2400 մ վեր՝ թփուտներ, ենթալպյան և ալպյան մարգագետիններ։
ՄԵՐՍԵՐՈՒՄ [անգլ․ գյուտարար Ջ․ Մերսերի (J․ Mercer, 1791–1866) անունով], հիմքերի խիտ լուծույթներով բամբակե գործվածքների կամ թաղանթանյութերի (մանվածք, թելք) մշակում (սովորաբար 15–18°C-ում)։ Մ․ կայուն փայլ է տալիս նյութին և բարձրացնում նրա որակը (հիգրոսկոպությունը, ամրությունը, ներկվելու ունակությունը)։ Պրոցեսը կատարվում է Մ–ման մեքենաների օգնությամբ, որոնց վրա նյութը ներծծվում է նատրիումի հիդրօքսիդով, քամվում և լվացվում։
ՄԵՐՍԻԵ (Mercier) Շառլ (1904, Լիոն – 23․4․1978, Փարիզ), ֆրանսիացի արևելագետ–հայագետ։ Աշակերտել է Լ․ Մարիեսին։ 1940–41-ին դասավանդել է Հալեպի հայկ․ կոլեջում։ 1941-ին, վերադառնալով Փարիզ, շարունակել է հայերենի ու վրացերենի ուսումնասիրությունը։ 1946–77-ին ընդմիջումներով վարել է Փարիզի Արևելյան հին լեզուների դպրոցի հայկ․ և վրաց․ ամբիոնները։ 1948-ին, իր ուսուցիչների հետ, ֆրանս․ է թարգմանել և հրատարակել Ներսես Լամբրոնացու «Եկեղեցական ժողովո ճառք»-ը, 1953-ին՝ «Իսահակի, Հակոբի և Մովսեսի օրհնությունների մեկնությունը» (հուն․, հայկ․ և վրաց․ տեքստերը), 1960-ին՝ Եզնիկ Կողբացու «Հաղագս Աստուծո» («Եղծ աղանդոց») երկը (քննական թարգմանություն, որի վրա Լ․ Մարիեսը աշխատել է մոտ 10 տարի)։ Լատ․ է թարգմանել նաև Ս․ Եփրեմի հիմները («Հայերենում պահպանված Ս․ Եփրեմի հիմները», 1962), որոնց հուն. բնագիրը չի պահպանվել։ Մ․ 1972-ին այցելել է Հայաստան, 1974-ին՝ Վրաստան։ Խ․ Կարադելյան ՄԵՐՍԻՆ, քաղաք Միջերկրական ծովի ափին, նախկին Ադանայի վիլայեթում (Կիլիկիա)։ Ունի ավելի քան 114 հզ․ բն․ (1978)։ Նավահանգիստ է Մերսինի ծոցում։ 1914-ին ուներ 12 հզ․ բն․, որից 2500-ը՝ հայ։ Հայերը հիմնականում զբաղվում էին արհեստներով և առևտրով։ Ունեին երկու եկեղեցի, զույգ դպրոց (արական, իգական) և մանկապարտեզ։ Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։
ՄԵՐՍՈՒՄ, մ ա ս ա ժ (ֆրանս․ massage), բուժման մեթոդ, իրականացվում է մարդու մարմնի մակերևույթին և օրգաններին ձեռքով կամ հատուկ սարքերով մեխանիկական և ռեֆլեկտոր գրգիռներ հաղորդելով։ Կիրառվել է Չինաստանում (մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակ), Հնդկաստանում, Հին Հունաստանում, Եգիպտոսում և Հռոմում։ Մ․ գրգռում է մաշկի, մկանների, հոդերի, անոթների պատերի նյարդային վերջույթները, կենտրոնական նյարդային համակարգը և ներքին օրգանները, նպաստում մաշկի անոթների լայնացմանը, արյան շրջանառության արագացմանը, բարելավում է հյուսվածքների սնուցումը, ուժեղացնում քրտնագեղձերի արտազատական ֆունկցիան։ Մ․ մեծացնում է կապանային