Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/499

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ՄԵՔԵՆԱ 499


ապարատի առաձգականությունը և շարժունությունը, լավացնում մարդու ինքնազգացումը։ Հակացուցումները․ սուր բորբոքային պրոցեսներ, չարորակ ուռուցքներ, արյան և ավշային անոթների հիվանդություններ։ Մ–ման հիմնական ձևերն են՝ շոյում, տրորում, ճմլում, թակում, թրթռում։ Մ․ լինում է մարզական, բուժական, հիգիենային։ ՀՍՍՀ–ում Մ․ լայն տարածում ունի մանկաբուժական պրակտիկայում, պոլիկլինիկաներում (մինչև մեկ տարեկան երեխաների համար) և մանկական առողջարաններում։ Մ–ման հատուկ ձև է սրտի Մ․, որը մարդու վերակենդանացման մեթոդներից է, կիրառվում է սրտի աշխատանքի դադարի դեպքում։ Կատարվում է հիվանդին առաջին օգնություն ցույց տալու ժամանակ՝ առանց կրծքավանդակը բացելու (սրտի անուղղակի կամ փակ Մ․) կամ սրտի անմիջական ռիթմիկ սեղմումներով՝ կրծքավանդակի բացմամբ ընթացող վիրահատությունների դեպքում (սրտի ուղղակի կամ բաց Մ․)։
ՄԵՐՎ, Միջին Ասիայի հնագույն քաղաքներից։ Գտնվել է Մուրգաբ գետի ափին (ներկայիս Թուրքմեն․ ՍՍՀ Բայրամ Ալի քաղաքի մոտ)։ Մ–ի ավերակներն ուսումնասիրվում են XIX դ․ 80-ական թթ․ (1946-ից պեղում է սովետական հնագետ Մ․ Մասոնի հնագիտ․ արշավախումբը)։ Մ–ի հնագույն մասը՝ Էրկ Կալան, գոյություն է ունեցել մ․ թ․ ա․ 1-ին հազարամյակի կեսից։ Մ․ բարգավաճել է մ․ թ․ ա․ II դ․–մ․ թ․ III դ․, ունեցել է մոտ 60 կմ2 տարածք, եռամաս կառուցվածք՝ միջնաբերդ (Էրկ Կալա), բուն քաղաք (այժմյան՝ Գյաուր Կալա) և արվարձան (բոլորն էլ՝ պարսպապատ)։ III դարից Մ․ եղել է Սասանյանների պետության կազմում, իսկ VII դ․ նվաճել են արաբները։ Այս շրջանում Գյաուր Կալայում կառուցվել են բուդդայական և քրիստոնեական մենաստաններ, ֆեոդալների դղյակներ։ Մ․ առավել ծաղկման է հասել XI դ․–XIII դ․ 1-ին կեսին, երբ դարձել է սելջուկների մայրաքաղաքը։ XII դ․ վերջին–XIII դ․ սկզբին Խորեզմշահերի պետության խոշոր կենտրոն էր։ 1222-ին Մ․ ավերել են մոնղոլները։ Դրանից հետո քաղաքը մասնակիորեն վերածնվել է, բայց այլևս նշանակալի դեր չի խաղացել։ 1520–24-ին և 1601 –1747-ին գտնվել է պարսիկների իշխանության ներքո, XIX դ․ վերջնականապես անկում է ապրել։
ՄԵՐՏՈՆ (Merton) Ռոբերտ Քինգ (ծն․ 1910), ամերիկյան «ակադեմիական» սոցիոլոգիայի ներկայացուցիչ։ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր (1947)։ Քննադատելով արդի բուրժ․ սոցիոլոգիայում էմպիրիկի և տեսականի խզումը՝ Մ․ առաջ քաշեց «միջին մակարդակի տեսությունների» գաղափարը, որը պետք է կամրջի փորձնական տվյալները և ընդհանուր (բարձրագույն) տեսությունը։ Մ․ ղեկավարվել է կառուցվածքային–ֆունկցիոնալ վերլուծության մեթոդով, միաժամանակ քննադատել դրա ծայրահեղությունները (մասնավորապես, անձնավորության ֆունկցիոնալ ներդրման շնորհիվ, հասարակության ինտեգրացման և հավասարակշռության ձգտելու մասին դրույթը)։ Այս առումով «շեղված» վարքագիծը՝ սոցիալ անոմիան բացատրելիս ներմուծում է բացահայտ և ոչ բացահայտ ֆունկցիաներ, ինչպես նաև «դիսֆունկցիա» հասկացությունները՝ հասարակական կառուցվածքի խախտված համամասնությունը նշելու համար։ Մ․ առաջարկում է ուսումնասիրել այդ խոտորումները և սոցիալ-հոգեբանական միջոցառումներով պայքարել դրանց դեմ։ Մ․ հետազոտել է նաև գիտության, ճանաչողության, զանգվածային հաղորդակցության սոցիոլոգիական հարցերը։
Երկ․ Social Theory and Social Structure, N Y․, 1968; Contemporary Social Problems, ed․ with R․ Nisbet, 3 ed․, N․ Y․, 1971.
Գրկ․ Андреева Г․ M., Современная буржуазная эмпирическая социология, М., 1965; Loomis Ch․ P․, Loomis Z․ К., Modern Social Theories, N. Y․, 1961 (ունի մատենագիտություն)։Ա․ Ադիբեկյան ՄԵՐՈՒԺԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ, Մեհրուժան Արծրունի (ծն․ թ․ անհտ․–371)․ նախարար, Արծրունյաց տոհմի նահապետ։ 359-ին վերսկսված պարսկա–հռոմեական պատերազմների ժամանակ լքել է Հայոց թագավոր Արշակ Բ-ին և գլխավորել է պարսկ․ կողմնորոշում ունեցող հայ նախարարների խմբավորումը՝ գործակցելով Սասանյան Շապուհ II արքային (որի քույր Որմիզդուխտին կնության էր առել)։ Մ․ Ա–ու մերձավոր կուսակիցն էր Վահան Մամիկոնյանը, որը նրա քրոջ ամուսինն էր։ Պարսկ․ զորքերը Մ․ Ա–ու առաջնորդությամբ ներխուժել են Հայաստան, գրավել Տիգրանակերտ քաղաքը, ասպատակել Աղձն (Արզն), Անգեղ–տուն, Բարձր Հայքի Մընձուր, Դարանաղի գավառները, Ծոփք նահանգը։ Դարանաղիում պարսից զորքը Մ․ Ա–ու օգնությամբ գրավել է Անի ամրոցը։ Մ․ Ա–ու և նրա գլխավորած նախարարների դերն ավելի է մեծացել հատկապես 363-ի պարսկա–հռոմեական պայմանագրից հետո, երբ Հռոմը հրաժարվել է օգնել հայերին։ Նա եռանդուն պայքար է տարել Հռոմի կողմը հակված ուժերի և, առաջին հերթին, Հայոց եկեղեցու դեմ՝ ձգտելով Սասանյանների օգնությամբ պահպանել Հայոց թագավորությունը և վերականգնել Հայաստանում նախաքրիստոնեական (հեթանոսական) կրոնը՝ զրադաշտականության ձևով։ Ըստ Մովսես Խորենացու, Ձիրավի ճակատամարտում պարսկ․ զորքի պարտությունից հետո Կոգովիտ գավառում Մ․ Ա․ ձերբակալվել և մահապատժի է ենթարկվել Սմբատ Բագրատունու ձեռքով։
Գրկ․ Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Մանանդյան Հ․, Երկ․, հ․ 2, Ե․, 1978։Վ․ Վարդանյան ՄԵՑՑՈ–ՍՈՊՐԱՆՈ (իտալ․ mezzosoprano, < mezzo – միջին), կանացի երգչական ձայն, սոպրանոյի և կոնարալտոյի նկատմամբ միջին դիրքում։ Տարբերակում են բարձր (քնարական) Մ–ս․ (մոտ է սոպրանոյին) և ցածր (մոտենում է կոնտրալտոյին)։ Մ–ս–ի համար գրված օպերային դերերգերից են՝ Ամներիս (Վերդիի «Աիդա»), Կարմեն (Բիզեի «Կարմեն»), Մարֆա (Մուսորգսկու «Խովանշչինա»), Լյուբաշա (Ռիմսկի–Կորսակովի «Թագավորի հարսնացուն»), Ալմաստ (Սպենդիարյանի «Ալմաստ»), Փառանձեմ (Չուխաճյանի «Արշակ Բ») ևն։ Տարատեսակներից է կոլորատուրային Մ–ս․։
ՄԵՑՑՈ–ՏԻՆՏՈ (< իտալ․ mezzo – միջին և tinto – գունավորված, երանգավորված), մետաղի վրա փորագրության տեսակ, որն առնչվում է խորը տպագրությանը։ Մ–տ–ի փորագրանկարի տպակաղապարը պատրաստելիս թիթեղի ողորկ մակերեսը մեխ․ կամ քիմ․ եղանակով դարձվում է հատիկավոր։ Տպագրելիս այդօրինակ թիթեղից ստացվում է միահավասար սև երանգ։ Հատիկավորված թիթեղի վրա (մաքուր կամ ներկապատ) ասեղով կամ մատիտով գծվում է պատկերը, նախատեսված լուսավոր մասերը հարթեցվում են կամ քերելով կոկվում՝ ստեղծելով ստվերից դեպի լույս աստիճանական անցումներ։ Մ–ա․ տեխնիկայով կատարված փորագրանկարներն առանձնանում են երանգների խորությամբ ու թավշակերպությամբ, լուսաստվերի էֆեկտների հարստությամբ ու նրբությամբ։ Մ–տ․ եղանակը կիրառվում է նաև գունավոր տպագրության համար։ Այդ տեխնիկան հնարել է գերմ․ վարպետ Լ․ Զիգենը, XVII դ․ կեսին։ Լայնորեն տարածվել է XVIII–XIX դդ․, հիմնականում նկարների վերատպության համար։
ՄԵՔԵՆԱ, էներգիայի, նյութերի կամ ինֆորմացիայի փոխակերպման նպատակով որոշակի ներդաշնակ շարժումներ կատարող մեխանիկական սարք։ Նախատեսված է մարդու արտադրական ֆունկցիաները մասամբ կամ լիովին փոխարինելու համար։ Ըստ հիմնական նշանակման տարբերում են էներգետիկական, բանող և ինֆորմացիոն Մ–ներ։ Էներգետիկական Մ–ները ծառայում են էներգիայի ցանկացած տեսակը մեխանիկականի փոխակերպելու համար։ Այդ դասին են պատկանում էլեկտրաշարժիչները, էլեկտրագեներատորները (տես Էլեկտրական մեքենա), ներքին այրման շարժիչները, տուրբինները, շոգեգեներատորները ևն։ Բանող Մ–ները լինում են տեխնոլոգիական (մետաղահատ հաստոցներ, գլոցման հաստոններ, ջուլհակահաստոցներ, փաթեթավորման Մ–ներ, պոլիգրաֆիական Մ–ներ) և տրանսպորտային (ավտոմոբիլ, ջերմաքարշ, ինքնաթիռ, ուղղաթիռ, կոնվեյեր ևն)։ Տեխնոլոգիական Մ–ում նյութը մշակվող առարկան է, որը կարող է գտնվել պինդ, հեղուկ կամ գազանման վիճակում։ Այդ Մ–ներում նյութի փոխակերպումը՝ դրա ձևի, հատկությունների, վիճակի և դիրքի փոփոխությունն է։ Տրանսպորտային Մ–ներում տեղի է ունենում միայն նյութի՝ տեղափոխվող առարկայի, դիրքի փոփոխություն։ Ինֆորմացիոն Մ–ները նախատեսված են ինֆորմացիայի փոխակերպման համար։ Եթե ինֆորմացիան ներկայացված է թվերի տեսքով, ապա ինֆորմացիոն Մ․ կոչվում է հաշվիչ կամ հաշվողական (հաշվեմեքենաներ, մեխանիկական ինաեգրատորներ, հաշվապահական Մ–ներ)։
Այն Մ․, որում էներգիայի, նյութերի, ինֆորմացիայի փոխակերպումը կատարվում է առանց մարդու անմիջական մասնակցության, կոչվում է ավտոմատ