ՁՈՒԼՈՒՄ, տես Ձուլման արտադրություն։
ՁՈՒԼՈՒՄ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, քանդակագործական աշխատանքը մետաղից կերտելու առավել տարածված եղանակ. նույն կերպ ստեղծված գեղարվեստական ստեղծագործություն, ինչպես և մետաղե ամանեղեն, սեղանի սպասք, լուսամփոփները ևն պատրաստելու միջոցներ են։ Ձ․ գ․ սկզբնավորվել է մետաղի նախնական կիրառման և վերամշակման դարաշրջանում (տես Բրոնզի դար)։ Ձուլման արտադրության զարգացման համեմատ Ձ․ գ․ աստիճանաբար դարձել է առանձին բնագավառ, ուր գեղարվեստական խնդիրները ենթարկվում են կաղապարման և ձուլման առանձնահատկություններին, արտադրության որոշակի տեսակի համար մետաղի կամ համաձուլվածքի ընտրությանը։ Այդ նպատակին է ծառայում նաև ձուլվածքի մակերեսի հաճախ հեղինակային վերամշակումը (դրվագում, փորագրում, բրոնզափառում, ոսկեզօծում), որի շնորհիվ մասսայական արտադրությունը ձեռք է բերում եզակիության հատկանիշներ։
Ձ․ գ–ի հիմնական տեխնոլոգիան մշակվել է բրոնզը (տես Բրոնզը արվեստում) որպես նախանյութ ընտրելու հետ միաժամանակ, որը վաղուց ի վեր ամենից շատ կիրառվող համաձուլվածքն է։ Սկսած IV դարից ոչ մեծ առարկաներ ձուլելու ժամանակ որպես նախանյութ օգտագործվել է անագը (IV–VII դդ․ ղպտական դամբարանների հմայիլներ), որից XVI-XVIII դդ․ ձուլել են մեդալներ և գլխավորապես անոթներ։ XVII–XVIII դդ․ պարտեզային քանդակներ են ձուլել արճճից (Վերսալ, Պետրոդվորեց)։ XV դ․Գերմանիայում, ապա Եվրոպայի մյուս երկրներում (Ռուսաստանում՝ XVII դ․ վերջ) Ձ․ գ–ում օգտագործում են թուջը (պարտեզային քանդակ, կահույք, մահարձան, ցանկապատ ևն)։ Ինչպես բրոնզը, այնպես էլ թուջը, որը բավական էժան է, լայն կիրառում ունի ժամանակակից Ձ․ գ–ում։ Հայերը
Ձ․ գ–ին ծանոթ են հնուց։ Էջմիածնում, Լճաշենում, Արթիկում, Ստեփանավանում գտնվել են ցուլերի, այծերի, թռչունների բրոնզաձույլ արձանիկներ, ռազմակառքերի մոդելներ, գոտիներ ևն։ Միջին դդ․ պատրաստել են գեղարվեստորեն ձևավորված բուրվառներ, կանթեղներ, հավանգներ, սինիներ ևն։ Սովետական իշխանության տարիներին մոնումենտալ և կիրառական արվեստում լայն տարածում են գտել ինչպես բրոնզը, այնպես էլ թուջն ու տարբեր համաձուլվածքները։
Գրկ․ ЗОТОВ E․ H․, Փормовка художественного литья, М., 1947.
ՁՈՒՅԼ, հնամենի գյուղատեղի Վանա լճի հարավ–արևմտյան ափին։ Ըստ ավանդության Ձ․ մեծ բնակավայր է եղել դեռևս Հայկ Նահապետի ժամանակներում։ Այստեղ գտնվել է ոսկու միակտոր մի ձույլ, որ կշռում էր չորս ձիաբեռ։ Այդ պատճառով էլ գյուղը կոչվել է Ձ․։ Ոսկու այդ կտորը նման է եղել Ձ–ից ոչ շատ հեռու գտնվող Նեմրութ լեռանը։ Սկզբում շինականները որոշում են մանրատել ոսկին և բաժանել միմյանց միջև, սակայն գեղջավագը կանխում է նրանց և ասում․ «Երազում ես տեսա Հայկ Նահապետին։ Նա ասաց, որ այս ոսկին պատկանում է համայն Հայքին։ Ոչ ոք իրավունք չունի մանրատել այն։ Աստվածները կպատժեն այն մարդուն, ով փորձի թեկուզ մի եղունգի չափ ոսկի պոկել նրանից։ Այս ձույլին մենք կարող ենք ձեռք տալ միայն այն ժամանակ, երբ պետք լինի զենք կռել և հայրենի հողը պաշտպանել օտար ասպատակողներից։ Դա պարտավոր են իմանալ բոլոր հայերը և փոխանցել միմյանց որդուց–որդի»։
Ավանդությունն այդ ձույլ ոսկու մասին ուրիշ բան չի հաղորդում։ Սակայն Զ․ հայտնի է եղել ոչ միայն իր նշանավոր ոսկու կտորով։ Այս գյուղում պատրաստել են հայկական ընտիր նետ ու աղեղ։
Մ․ թ․ ա․ առաջին դարում Ձ․ գյուղը ասպատակել է հռոմեական զորավար Լուկուլլոսը։ Նա փորձել է տիրանալ Ձ–ի ոսկե ձույլին։ Սակայն Ձ–ի բնակիչները չեն հայտնել ոսկու տեղը։ Լուկուլլոսը ավերել է Ձ․ գյուղը և սրի քաշել նրա բնակիչներին։ Այն ժամանակվանից էլ Ձ․ գյուղի և նրա միակտոր ոսկու մասին ոչ մի տեղեկություն չկա։
ՁՈՒՍՊԱԹԱՂԱՆԹ, հոդերի, ջլաբունոցների և ձուսպապարկերի շարակցական պատյանի ներքին շերտը։ Արտադրում է ձուսպային հեղուկ, հարուստ է արյան և ավշային անոթներով, նյարդային վերջույթներով։ Ձ–ի շնորհիվ ձուսպային խոռոչի և անոթային հունի միջև կատարվում է նյութափոխանակություն։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/5
Արտաքին տեսք
Այս էջը հաստատված է
Ձ