Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ղ, հայերեն այբուբենի տասնութերորդ տառը։ Անունն է ղատ։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը տառակերտման սեփական սկզբունքով։ Կազմված է երեք ուղղաձիգ տարրերից, ընդ որում կարճ տարրը տեղավորված է երկարի ձախ կողմում, հավասար բարձրությամբ, և իրար են միանում վերին ծայրերից, իսկ լայնը գտնվում է երկարի աջ կողմում, ստորին ծայրից ցած, և երկարի ստորին ծայրին է միանում իր վերին ծայրով՝ ղ։ Ունի բոլոր հինգ տառատեսակները, որոնցում պահպանում է գծագրական իր յուրահատկությունը, համարյա առանց էական ձևափոխությունների։ Գրչագիրը գրվում է երկու տողագծերի միջև ուղղաձիգ՝ Ղ, և թեթև աջ թեքված։ Երկաթագիրը նույն գրչագիրն է, կարճի ու երկարի կոր նուրբով միացած՝ Ղ, օգտագործվել է նաև որպես գլխագիր։ Բոլորգրում, շղագրում և նոտրգրում հաճախ կորցնում է լայնը՝ Ղ, ղ, ղ։ Ղ տառը նշանագրում է հայերենի ետնալեզվային շփական ձայնեղ բաղաձայն հնչյունը (հնչույթը)։ ժամանակակից արևելահայ և արևմտահայ գրական տարբեբակներում երբեմն խլանալով հնչում է խ (հաղթել–հախթէլ)։ Ղ նշանակել է իննսուն և իննսուներորդ, բյուրի նշանով՝ (Ղ) իննսուն բյուր (900000)։ Արաբական թվանշանների գործածությունից հետո օգտագործվել է որպես քանակական և դասական թվական։ Այժմ գործածվում է միայն դասական թվականի արժեքով (Ղ-ինսուներորդ)։ Ա․ Մաթևոսյան ՂԱԲԱԽԼՈՒ, գյուղ Հայկական ՍՍՀ Եղեգնաձորի շրջանում, շրջկենտրոնից 16 կմ հյուսիս–արևելք։ Միավորված է Ղավուշուղի անասնապահական սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, մանկապարտեզ, բուժկայան։ ՂԱԲԱՂԹԱՓԱ, գյուղ հայկական ՍՍՀ Թալինի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հարավ–արևելք։ Միավորված է Դաշտադեմի սովետական տնտեսության հետ, վարչատերիտորիալ կարգով ենթարկվում է Թալինի ավանային սովետին։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ ՂԱԴԱ, գյուղ Աբխազական ԻՍՍՀ Գուլրիփշիի շրջանում, շրջկենտրոնից 35 կմ հյուսիս–արևելք։ Բնակչությունը՝ հայեր, վրացիներ։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ և անասնապահությամբ։ Ունի տարրական դպրոց։ Հայերը եկել են Տրապիզոնից, 1897-ին։ ՂԱԴՈԼԱՐ, հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Ախալքալաքի շրջանում, շրջկենտրոնից 21 կմ հյուսիս։ Գյուղից հյուսիս ձգվում են Թրիալեթի լեռները, իսկ հյուսիս–արլեվելյան կողմում գտնվում է Տաբացկուրի լիճը։ 1979-ի մարդահամարի տվյալներով Ղադոլարն ունի 710 (152 ընտանիք) բն․։ Զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ (կարտոֆիլ, հացահատիկային և կերային կուլտուրաներ)։ Գործում է պեմզաբլոկի արտադրամաս, ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկետ, կինոկետ, էլեկտրաղաց, սղոցարան, բաղնիք։ Ղադոլարի եկեղեցին (Ս․ Նարեկ) կառուցվել է 1868-ին։ Գյուղի հայերը եկել են 1830-ին, Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգի Օրթիզ գյուղից։ ՂԱԶԱԶՅԱՆ Անուշավան Վահանի [ծնվել է 18․3․1922, գ․ Շահումյան (Վրացական ՍՍՀ–ում)], հայ սովետական բժիշկ, ինֆեկցիոնիստ։ Բժշկության գիտական դոգտոր (1970), պրոֆեսոր (1972)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը (1951), աշխատել տեղում, 1955-ից՝ վարակիչ հիվանդությունների ամբիոնում (1973-ից՝ վարիչ)։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են լյարդի և աղիքային վարակիչ հիվանդությունների խառը ձևերի կլինիկակենսաքիմիական ուսումնասիրությանը։ Ղազարյանը եղել է ՍՍՀՄ ինֆեկցիոնիստների գիտական ընկերության նախագահության անդամ (1968–78), ՀՍՍՀ նույնանուն ընկերության հիմնադիրն ու նախագահը (1973–78)։ ՂԱԶԱԽ, քաղաք, Ադրբեջանական ՍՍՀ Ղազախի շրջանի կենտրոնը։ Գտնվում է Աղստաֆա գետի ափին, Աղստաֆա երկաթուղային կայարանից 9 կմ հարավ–արևմուտք։ Ավտոճանապարհների հանգույց է։ Մոտ 15 հազար բն․ (1976)։ Ունի գորգագործական ֆաբրիկա, պահածոների կոմբինատ, գյուղատնտեսական տեխնիկում, ժողոովրդական թատրոն, այստեղ է ադրբեջանցի բանաստեղծ Մ․ Վագիֆի անվան թանգարանը։ ՂԱԶԱԽԱԿԱՆ ԱՐԽԱՐԱՍԵՐԻՆՈՍ մսաբրդատու նրբագեղմ ոչխարների ցեղ։