Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/519

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
ՄԹՆՈԼՈՐՏԻ 519

Մարս) անդրադարձումը կատարվում է նաև մոլորակի մակերևույթից։ Անդրադարձած ճառագայթումը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել Մ․ մ–ի քիմ․ բաղադրության և ֆիզիկական հատկությունների մասին։ Մ․ մ–ի վերաբերյալ մեծ քանակությամբ գիտական տեղեկություններ են ստացվել շնորհիվ սովետական և ամերիկյան ավտոմատ միջմոլորակային կայանների թռիչքների։ Մասնավորապես, դրանց օգնությամբ է հայտնագործվել Մերկուրիի չափազանց նոսր մթնոլորտը։
Գրկ․ Мороз В. И․, Физика планет, М․, 1967; Брандт Дж, Ходж П., Астрофизика солнечной системы, пер․ с англ․, М․, 1967; Ксанфомалити Л. В., Планеты открытые заново, М., 1978․Ա․ Նիկողոսյան ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, 1․ մթնոլորտում տեղի ունեցող էլեկտրական երևույթների և պրոցեսների համախումբ, 2․ մթնոլորտի ֆիզիկայի բաժին, որն ուսումնասիրում է էլեկտրական երևույթները մթնոլորտում և դրա էլեկտրական հատկությունները։ Մթնոլորտն օժտված է ժամանակի ընթացքում փոփոխվող և բարձրությունից կախված էլեկտրահաղորդականությամբ, որը պայմանավորված է մթնոլորտում դրական և բացասական լիցքերի՝ իոնների, առկայությամբ։ Իոնների թիվը կախված է իոնիչների ներգործությունից։ Տրոպոսֆերայում այդպիսի իոնիչներ են տիեզերական ճառագայթները, երկրապարների և մթնոլորտի ռադիոակտիվ ճառագայթումը, իսկ մթնոլորտի ավելի բարձր շերտերում՝ Արեգակի ուլտրամանուշակագույն և այլ ճառագայթները։
Չխախտված մթնոլորտային պայմաններում (պարզ եղանակ) էլեկտրական դաշտի լարվածությունը մթնոլորտում հավասար է 130 վ/մ և բարձրության հետ նվազում է էքսպոնենտային օրենքով։ Երկրի մակերևույթին մոտ՝ 300–3000 մ հաստության շերտում, որտեղ կուտակվում են աերոզոլները, էլեկտրական դաշտի լարվածությունը կարող է աճել բարձրությունից կախված։ Դաշտի լարվածությունը կախված է մի շարք օդերևութաբանական գործոններից՝ օդի խոնավությունից, թափանցիկությունից, քամու արագությունից ևն։ Լարվածությունը լայն սահմաններում փոփոխվում է ամպրոպների, հորդ անձրևների, ձյունահողմերի ժամանակ։
Մ․ է–յան ուսումնասիրությունը էապես նպաստում է ռադիոակտիվ հանքաքարերի և աղբյուրների որոնման և շանթապաշտպանության միջոցառումների մշակման գործին։
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՃԱԿԱՏ, անցողիկ նեղ զոնա օդային զանգվածների (հիմնականում տաք և ցուրտ) միջև։ Բնորոշվում է ջերմաստիճանի և օդերևութաբանական այլ տարրերի կտրուկ փոփոխումներով։ Լինում են արկտիկական՝ արկտիկական և միջին լայնությունների, բևեռային՝ միջին լայնությունների և արևադարձային, արևադարձային՝ արևադարձային և հասարակածային օդային զանգվածների միջև ճակատներ։ Մ․ ճ–ի լայնությունը մի քանի տասնյակ կմ է, հաստությունը՝ մի քանի հարյուր մետր։ Մ․ ճ․ աննշան թեքված է դեպի Երկրի մակերևույթը, որի ստորին մասում սեպի ձևով, գտնվում է ցուրտ, վերևում՝ տաք օդը։ Թեքությունը պայմանավորված է տաք և ցուրտ օդային զանգվածներում Մ․ ճ–ի ճնշման գրադիենտի ըստ բարձրության փոփոխության տարբերությամբ և Կորիոլիսի ուժի ազդեցությամբ։ Տաք և ցուրտ օդային զանգվածների որոշակի դասավորության հետևանքով Մ․ ճ–ում նկատվում է ինվերսիա կամ իզոթերմիա, երբեմն էլ՝ ջերմաստիճանի ըստ բարձրության անոմալ թույլ անկում։ Մ․ ճ․ տեսականորեն դիտարկվում է որպես բաժանման մակերևույթ (ճակատային մակերևույթ) օդային զանգվածների միջև։ Ճակատային մակերևույթի թեքության հետևանքով Երկրի մակերևույթի հետ նրա հատման գիծը կոչվում է ճակատային գիծ։ Մ․ ճ․ բաժանվում է 3 հիմնական տիպի՝ տաք, ցուրտ և օկլյուզիային։ Տաք են կոչվում այն Մ․ ճ–ները, որոնց թիկունքում գտնվում է համեմատաբար տաք օդը, ցուրտ՝ երբ թիկունքում գտնվում է ցուրտ օդը։ Մ․ ճ–ները հիմնականում առաջանում են ցիկլոններում, որտեղ, որպես կանոն, ցուրտ Մ․ ճ–ները շարժվում են ավելի արագ, քան տաքերը։ Շարժման արագությունների տարբերությունները հանգեցնում են նրան, որ երբեմն ցուրտ Մ․ ճ․ հասնում է տաքին, միաձուլվում նրա հետ։ Արդյունքում առաջացած կոմպլեքսային Մ․ ճ․ կոչվում է օկլյուզիային։ Տարբերում են ցուրտ և տաք տիպի օկլյուզիային Մ․ ճ․։ Երբ ցուրտ Մ․ ճ–ի թիկունքում գտնվող օդը ավելի տաք է, քան տաք Մ․ ճ–ի առջևում գտնվող օդը, օկլյուզիային ճակատը համարվում է տաք տիպի, իսկ երբ ցուրտ Մ․ ճ–ի թիկունքում գտնվող օդի ջերմաստիճանը ավելի ցածր է, քան տաք Մ․ ճ–ի առջևում գտնվող օդինը՝ ցուրտ տիպի։ Մ․ ճ–ներն առաջացնում են իրենց տիպերին հատուկ ամպային համակարգեր (տես Ամպամածություն և Մթնոլորտային տեղումներ
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՃՆՇՈՒՄ, մթնոլորտում գտնվող առարկաների և Երկրի մակերևույթի վրա գործող օդի ճնշում։ Մթնոլորտի վիճակի կարևորագույն բնութագիրն է, հավասար է մթնոլորտի տվյալ մակարդակից մինչև նրա վերին սահմանը տարածված օդի միավոր մակերեսով սյան կշռին։ Չափվում է բարոմետրով, արտահայտվում՝ միլիբարերով (մբ, 1 մբ=1000 դին/սմ2), բարոմետրի սնդիկի սյան բարձրությամբ (մմ սնդ․ ս․) նյուտոններով 1 մ2 մակերեսի վրա (ն/մ2), պասկալներով ևն։
Ծովի մակարդակի վրա Մ․ ճ․ միջին արժեքը 1013,25 մբ կամ 760 մմ սնդ․ ս․ է (0°С, 45° լայնության տակ), որն ընդունված է որպես ճնշման «նորմալ» մեծություն։ Մ․ ճ․ նվազում է ըստ բարձրության (տես Բարոմետրիկ բանաձև)։ Նվազման առավել ինտենսիվությունը նկատվում է ստորին շերտերում․ 5 կմ բարձրության վրա Մ․ ճ․ հավասար է ծովի մակարդակի վրա եղած արժեքի մոա կեսին։ Դրա պատճառը օդի խտության բաշխումն է ըստ բարձրության։ Մ․ ճ․ անհավասար է բաշխվում նաև հորիզոնական ուղղությամբ, որը տեղի է ունենում ինչպես օրինաչափ պարբերությամբ, այնպես էլ ոչ օրինաչափ։ Վերջինս, որը հաճախ է դիտվում, հիմնականում կախված է մթնոլորտի ընդհանուր շրջանառության պայմաններից։ Քանի որ ցուրտ օդային զանգվածներում բարձր խտության հետևանքով Մ․ ճ–ի անկումն ըստ բարձրության տեղի է ունենում ավելի արագ, քան տաք զանգվածներում, ուստի առաջին դեպքում տրոպոսֆերայի ստորին շերտերում առաջանում է ցածր ճնշման շրջան, իսկ երկրորդ դեպքում՝ բարձր։ Դրա ճիշտ հակառակ պատկերը տեղի է ունենում երկրամերձ շերտերում։ Ծովի մակարդակի վրա Մ․ ճ–ի տատանման ծայրագույն արժեքները հասնում են մինչև 1080 մբ (Ասիական անտիցիկլոնում) և 887 մբ (արևադարձային ցիկլոններում)։ Օրվա ընթացքում դիտվում են Մ․ ճ–ի երկու առավելագույն (9–10 և 21–22 ժամերին) և երկու նվազագույն (3–4 և 13–16 ժամերին) արժեքներ։
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՏԵՂՈՒՄՆԵՐ, ամպերից թափվող հեղուկ կաթիլային կամ պինդ վիճակի ջուր (անձրև, ձյուն, կարկուտ ևն), ինչպես նաև երկրի մակերևույթի կամ առանձին առարկաների վրա նստած, օդից անջատված ջուր (ցող, եղյամ, մերկասառույց ևն)։ Առաջինները կոչվում են ուղղաձիգ Մ․ տ․, իսկ երկրորդները՝ հորիզոնական։ Մ․ տ–ի քանակը չափում են թափված ջրի շերտի բարձրությամբ, արտահայտված մմ–ով, ինտենսիվությունը՝ մմ–ով րոպեում, ժամում, օրում։ Երկրագնդի վրա տարվա ընթացքում թափվող Մ․ տ–ի միջին քանակը մոտ 1000 մմ է (ավելի քան 500 հզ․ կմ3 ջուր)։ Մ․ տ․ տարածական բաշխումը խիստ անհամաչափ է և կախված է մթնոլորտի ընդհանուր շրջանառությունից։ Այսպես, արևադարձային գոտում Մ․ տ–ի տարեկան միջին քանակը գերազանցում է 1000 մմ-ից, որոշ վայրերում հասնում մինչև 12000 մմ, իսկ մերձարևադարձային գոտում (պասսատների զոնայում) և բարեխառն գոտու անապատներում չի գերազանցում 250 մմ–ից։ Բարեխառն գոտում Մ․ տ–ի տարեկան քանակը տատանվում է 250–1000 մմ–ի սահմաններում, իսկ աշխարհագրական բարձր լայնություններում՝ 250 մմ–ից պակաս։ Մ․ տ․ տարածական բաշխման պրոցեսում զգալի դեր են խաղում նաև տեղանքի լեռնագրությունը և ռելիեֆի դիրքադրությունը։ Լեռները դանդաղեցնում են ցիկլոնների շարժման արագությունը և նպաստում Մ․ տ–ի տևողության մեծացմանը։ Մ․ տ–ի քանակը հողմակողմ լանջերին ավելի է, քան հողմատակ լանջերին։ Ըստ տարեկան ընթացքի տարբերում են Մ․ տ–ի հետնյալ տիպերը՝ հասարակածային (առավելագույն արժեքը նկատվում է գարնանային և աշնանային օրահավասարումներից հետո), արևադարձային (ամառային աոավելագույն արժեքով), մուսսոնային (ամռանը խիստ ցայտուն արտահայտված առավելագույն արժեքով և չոր ձմեռով), մերձարևադարձային կամ միջերկրածովյան (ձմռան առավելագույն արժեքով և չոր ամառով)։ Մ․ տ․ Երկրի վրա ջրի շրջանառության օղակներից մեկն է։
ՄԹՆՈԼՈՐՏԻ ՃԱՌԱԳԱՅԹՈՒՄ, մթնոլորտի սեփական ինֆրակարմիր (4–120 մկմ