Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

54 ՂՈՒԿԱՍՅԱՆՑ
ՂՈՒԿԱՍՅԱՆՑ ՀԱՅՐԱՊԵՏ [(ծածկանունը՝ Գարեգին), 1845, Շամախի – 1920, Բաքու], մանկավարժ, հրապարակախոս, հասարակական գործիչ։ Ավարտել է Շամախու հայոց հոգևոր (1867), ապա՝ տեղի քաղաքային դպրոցները։ Աշխատել է որպես ուսուցիչ և տեսուչ Շամախու հոգևոր, Արղության–Սահականուշյան (Ալեքսանդրապոլ), Գայանյան, Մարիամյան (Թիֆլիս), Հռիփսիմյան, Մեսրոպյան (Բաքու) դպրոցներում և Գևորգյան ճեմարանում։ Հայկ․ դպրոցների փակվելուց հետո (1896) ձեռնադրվել է քահանա՝ Գարեգին անվամբ։ Հեղինակ է «Դասագիրք ընթերցանության Հայոց դպրոցների համար» (վերահրատարակվել է հինգ անգամ), «Ընդհանուր պատմություն» (1880), «Համառոտ հայացք մայրենի լեզվի ուսման վրա» (1874), «Տասնամյակ Սահականուշյան օրիորդաց ուսումնարանին հայոց Ալեքսանդրապոլա» (1883), «Քերականութիւն գրաբար լեզուի Հայոց ի պէտս նորավարժից» (1884) ևն աշխատությունների, թարգմանել է Ա․ Դիստերվեգի «Հիմնական դիդակտիկական կանոններ» (1880), «Եղիշեի պատմությունը Վարդանի և հայոց պատերազմի համար» (աշխարհաբար, 1891) ևն գործեր։Հ․ Ներսիսյան ՂՈՒԿԱՍՈՎ Պավել (Պողոս) Հովսեփի (1858– մահ․ թ․ անհտ․), Ռուսաստանի ֆինանսական օլիգարխիայի ներկայացուցիչ, Բաքվի խոշոր նավթարդյունաբերող, ինժեներ։ Եղբոր՝ Արշակի հետ ղեկավարել է նավթային մի շարք խոշոր ընկերություններ և վարչություններ։ Եղել է Բաքվի նավթարդյունաբերողների համագումարների նախագահ (1890–1906, 1915–17), 1906–12-ին՝ Պետ․ խորհրդի անդամ, 1916-ից՝ Ռուսաստանի առևտրաարդյունաբերական բանկային խորհրդի նախագահ։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո Ղուկասովները տարագրվել են։ 1920-ական թթ. եղել են Փարիզում կազմակերպված «Տորգպրոմ» հակահեղափոխական կազմակերպության ակտիվ գործիչներ։
ՂՈՒՇՉԻ, հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Ծալկայի շրջանում, Խրամ գետի ափին, շրջկենտրոնից 25 կմ արևմուտք։ Սովետական տնտեսությունն զբաղվում է հացահատիկի, բանջարեղենի, կարտոֆիլի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, մանկապարտեզ, բուժկայան, անասնաբուժական կայան։ Հիմնադրվել է 1830-ին։ 1870-ին Ղ–ում կառուցվել է նոր եկեղեցի և կամարակապ քարե կամուրջ Խրամ գետի վրա։ Ղ–ում է ծնվել գեներալմայոր Հ․ Սիմոնյանը։
ՂՈՒՐԱՆ (< արաբ. gur’än – ընթերցվածք), մահմեդականության սուրբ գիրքը։ Ղ․ Մահմեդի քարոզների հավաքածուն է, որը պարունակում է կրոնադավանական, ծիսական և կենցաղային պատվիրաններ, իրավական դրույթներ, խրատներ, առակներ, աղոթքներ, անեծքներ ևն։ Ղ․, իբր, վերջին մարգարե Մուհամմեդին որպես «հայտնություն» ալլահի (աստծու) թելադրած պատգամների ամբողջությունն է։ Մուհամմեդի օրոք բանավոր տարածված և 632-ից գրառված այդ քարոզները Օսման խալիֆի հրամանով 650-ական թթ․ խմբագրվել և ճանաչվել են որպես կանոնացված («Օսմանի Ղ․»)։ Ղ–ի տեքստի ուղղագրությունը, ընթերցման կանոնները, կառուցվածքը վերջնականորեն կանոնացվել է Կահիրեի 1923-ի պաշտոնական հրատարակությամբ։ Ղ․ բաղկացած է 114 գլխից (սուրահներից)։ Ղ–ի դրույթները սնվել են հուդայական ու քրիստոնեական, մասամբ՝ նաև զրադաշտական ու մանիքեական ուսմունքներից։ Ըստ Ղ–ի, ալլահը միակ և ամենազոր արարիչն է, որն իր պատգամները, հատկապես աշխարհի վախճանի, վերջին դատաստանի և հանդերձյալ կյանքի վերաբերյալ, մարդկանց հաղորդում է մարգարեների միջոցով։ Ղ․ սահմանում է հավատացյալների հիմնական պարտականությունները, ծիսակարգը, պաշտամունքը ևն։ Ղ–ով սրբագործվել են սոցիալական անհավասարությունը, մասնավոր սեփականությունը, կնոջ ոչ-լիարժեքության վերաբերյալ դրույթը և դասակարգային հասարակության այլ ատրիբուտները։ Ղ–ում առկա անորոշություններն ու հակասությունները անհրաժեշտ դարձրեցին մեկնությունները (թաֆսիր)։ Ղ–ի որոշ դրույթներ քննադատել են արաբ մտածողները [Բաշշար իբն Բուրդ, Աբու’լ Աթախիա (VIII դ․), Իբն առ–Ռաուանդի (IX դ․), Աբուլ–լ–ալա–ալ–Մաարի (XI դ․)]։ Ղ–ի մեկնություններում արտացոլվել են մահմեդական աստվածաբանության զարգացման զանազան միտումները, մահմեդական համայնքում սոցիալ–քաղաքական և գաղափարախոսական պայքարը, ինչպես և սոցիալ–տնտեսական փոփոխություններին Ղ․ հարմարեցնելու ձգտումը։ Ղ–ի մեկնությունները և ուսումնասիրությունն սկզբնավորել են մահմեդական աստվածաբանությունը, քաղաքացիական և կրոնական իրավունքը (շարիաթ), նպաստել արաբ. մշակույթի զարգացմանը։ Ղ․ արաբ․ ինչպես և համաշխարհային գրականության մեծարժեք հուշարձան է, որի լեզուն ու ոճը համարվում են դասական արաբերենի անկրկնելի իդեալ։ Ղ․, հակառակ աստվածաբանների արգելքին, թարգմանվել է արլ․ մի շարք լեզուներով (թուրքերեն, պարսկերեն, ուրդու ևն, հատվածաբար՝ նաև հայերեն), հետագայում նաև եվրոպական լեզուներով (ֆրանս․ 1647-ին, լատ․ 1698-ին, ռուս․ 1716-ին ևն)։ Ղ․ հայերեն ամբողջական թարգմանվել է 1909-ին (վերահրատարակվել է 1910-ին, թրգմ․ Ա․ Ամիրխանյանց), 1912-ին (թրգմ․ Հ․ Գուրպեթյան), 1911-ին՝ ֆրանսերենից (թրգմ․ Լ․ Լարենց)։ XIX դ․ սկսված Ղ–ի գիտական ուսումնասիրությունը, պատմա-մշակութային և քննադատական մեկնաբանությունը հնարավորություն տվեցին վերհանել Ղ–ի ստեղծման իսկական պատմությունը, նրանում տեղ գտած իրականն ու առասպելա–աստվածաբտնականը, ճշգրտել Մուհամմեդի կենսագրությունը։
Գրկ․ տես Մահմեդականություն, հոդվածի գրականությունը։Ե․ Նաջարյան ՂՈՒՐԴՂՈՒԼԱՂ, գյուղ Հայկական ՍՍՀ Գորիսի շրջանում, շրջկենտրոնից 26 կմ հարավ–արևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան։
ՂՈՒՐՍԱԼԻ, գյուղ Հայկական ՍՍՀ Սպիտակի շրջանում, Փամբակ գետի աջ ափին, շրջկենտրոնից 7 կմ հարավ–արևելք։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև շաքարի ճակնդեղի, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, կինո, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան։ Գյուղում պահպանվել է եկեղեցի (VII դ․)։
ՂՓՉԱՂԵՐԵՆ, կումանևրեն, պոլովցիների լեզու, պատկանում է թյուրքական լեզվաընտանիքի ղփչաղյան լեզվախմբին։ Խոսվել է Միջին Ասիայի տարածքում, մերձսևծովյան շրջաններում, Ղրիմում և Բալկանյան թերակղզու մի մասում։ Հնչյունական համակարգը աչքի է ընկնում թյուրքական լեզուներին բնորոշ համապատասխանությունների անկայունությամբ [տաս/տաշ (քար) տիպի բառերում], քերականական կառուցվածքը՝ ածական դերանունների զուգահեռ ձևերի օգտագործմամբ, ինչպես նաև օղուզյան բառապաշարի առկայությամբ։
ՂՓՉԱՂՆԵՐ (պոլովցիներ, կումաններ, կուներ), միջնադարյան թյուրքալեզու ժողովուրդ։ X դ․ զբաղեցնում էին Հվ–Արմ․ Ղազախստանի տարածքը։ Բաժանված էին ցեղերի և վարում էին վաչկատուն կյանք։ X դ․ կեսին, անցնելով Վոլգան, հորդեցին Հյուսիսային Կովկասի և Հյուսիսային Մերձսևծովյան շրջանի տափաստանները։ Նրանց գրաված հսկայական տարածքը, որը տարածվում էր Դանուբից մինչև Տյան Շան, XI–XV դդ․ կոչվում էր Դևշտի–Ղփչաղ (Ղփչաղների հարթավայր)։ Ղ․ չունեին պետություն, ապրում էին ցեղային միություններով, որոնց գլուխ կանգնած էր խանը։ Հիմնական զբաղմունքն անասնապահությունն էր։ Զորքը կազմված էր թեթև և ծանր հեծելազորից։ Ռուս. տարեգրություններում Ղ․ առաջին անգամ հիշատակվում են 1054-ին, երբ նրանք