սովորել են՝ ընդօրինակելով կենդանիներին։
Մ–ին իդեալիստական մեկնաբանություն է տվել Պլատոնը։ Ի տարբերություն մարդկային արվեստի, որը նմանակում է անցողիկ և նյութական աշխարհը, Պլատոնը իսկական արվեստի նպատակ է ճանաչել գաղափարների բացարձակ գեղեցկության նմանակումը։ Արիստոտելը զարգացրել է Մ–ի մատերիալիստական ուսմունքը, ըստ որի արվեստը իրականության, հատկապես մարդկային գործողությունների, վերարտադրությունն է։ Նրա կարծիքով նմանողության ունակությունը հատուկ է մարդուն ի ծնե։ Մ–ի տեսությանը հետևել են Լուկրեցիոսը, Պլուտարքոսը, Պլոտինը, Թովմա Աքվինացին, Լ․ Ալբերտին, Լեոնարդո դա Վինչին ևն։ Մ–ի գաղափարը մեծ տեղ է գրավում կլասիցիզմի գեղագիտության մեջ։ Մ․ ունեցել է իր հակառակորդները ի դեմս Պատրիցիի, Ի․ Կանտի, Գ․ Հեգելի, Ֆ․ Շելինգի ևն։
Հայ գեղագիտության մեջ Մ–ի գաղափարն արտահայտել են Դավիթ Քերականը, Անանուն Մեկնիչը, Մովսես Խորենացին, Եզնիկ Կողբացին, Դավիթ Անհաղթը, Ստեփանոս Սյունեցին և ուրիշները։ Մ–ի ամբողջական ուսմունք է մշակել Հովհաննես Սարկավագ Իմաստասերը, ըստ որի, բնությունը արվեստի միակ հիմքն է և արվեստագետի ուսուցիչը, սակայն բնությանը պետք չէ կուրորեն ընդօրինակել, այլ ստեղծագործաբար վերարտադրել։ Նրա հայացքներում միաձուլվում են անտիկ շրջանից սկիզբ առնող Մ–ի երկու ըմբռնում, բնության վերարտադրումը որպես գեղարվեստական ստեղծագործության ընթացքի անհրաժեշտ բաղադրամաս (Հերակլիտ, Սոկրատես, Արիստոտել) և վերարտադրումը որպես արվեստի հիմք և աղբյուր (Դեմոկրիտ, Լուկրեցիոս)։ Նոր ժամանակում Մ–ին անդրադարձել են Ստեփանոս Լեհացին, Խաչատուր Էրզրումցին և ուրիշներ։
Գրկ ․Лосев А․ Փ․, История античной эстетики (ранняя классика), М․, 1963; Նույնի, История античной эстетики․ Софисты․ Сократ․ Платон, М․, 1969; Лосев А․ Փ., Шестаков В․ П․, История эстетических категорий, М., 1965; Апресян Г․ 3․, Из истории армянской эстетической мысли, кн․ 1, Е․, 1973; Ауэрбах Э․, Мимесис։ Изображение действительности в западноевропейской литературе, пер․ с нем․, М․, 1976; Очерк развития эстетической мысли в Армении, М․, 1976․
ՄԻՄԵՏԻԶՄ (< հուն. μιμητής – նմանակող), մի տեսակի կենդանիների (իմիտատոր) նմանությունը թշնամիներից ինչ–որ ձևով պաշտպանված այլ տեսակի (մոդել) հետ։ Միմիկրիայի մասնավոր դեպքն է։ Մ․ արդյունավետ է այն դեպքում, երբ նմանակողը բնակվում է նույն տեղանքում, ինչ որ մոդելը, և քանակապես զգալիորեն զիջում է նրան։ Տարբերում են Մ–ի 2 ձև՝ Հ․ Բեյթսի և Ֆ․ Մյուլլերի։ Գիշատիչներից պաշտպանված և չպաշտպանված կենդանիների նմանությունը կոչվում է բեյթսյան Մ․։ Օրինակ՝ բազմաթիվ ճանճերի, թիթեռների նմանությունը մեղուներին, կրետներին, իշամեղուներին։ Մյուլլերյան Մ–ի դեպքում գիշատիչներից պաշտպանված կենդանիների մի քանի տեսակներ արտաքինով նման են իրար և առաջացնում են այսպես կոչված միմիկրիայի «օղակ»։ Գիշատիչները մեկ տեսակի նկատմամբ համապատասխան ռեֆլեքս մշակելուց հետո չեն վնասում նաև «օղակի» մյուս անդամներին։
ՄԻՄԵՐԱ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Տրապիզոնի վիլայեթի Պլատանա գավառակում։ 1914-ին ուներ 65 տուն հայ բնակիչ, որոնց նախորդները գաղթել էին Համշենից XVII դ․ վերջին։ Զբաղվում էին անասնապահությամբ, կաթնատնտեսությամբ և մեղվաբուծությամբ։ Բնակիչների զգալի մասը հողազուրկ էր։ Գյուղում կար եկեղեցի և ուսումնարան։ Բնակիչները տեղահանվել և զոհվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։
ՄԻՄԻԿԱ (< հուն․ μίμιχός – նմանվող), տես Դիմախաղ։
ՄԻՄԻԿՐԻԱ (անգլ․ mimicry, < հուն․ μιμιχός – նմանվող), միմեզիա, կենդանիների պաշտպանական գունավորման և ձևի տեսակներից մեկը, որի դեպքում կենդանին նմանվում է շրջապատող միջավայրի առարկաներին, բույսերին, ինչպես նաև գիշատիչների կողմից ոչ ուտելի կամ դրանցից պաշտպանված կենդանիներին (միմետիզմ)։ Առաջացել է էվոլյուցիայի ընթացքում, բնական ընտրությամբ, որպես գոյության պայքարի միջոց։ Շրջապատի առարկաներին նմանվելու օրինակներ, կտցար-կաչաղակի, քարադրի և մի շարք այլ թռչունների ձվերը նման են հղկված գետաքարերի, երկայնաքիթ բզեզները և առագաստաթիթեռների թրթուրները թռչունի ծիրտ են հիշեցնում։ Ավելի հաճախ կենդանիները նմանվում են բույսերի առանձին օրգանների։ Օրինակ՝ ծովաձի և ծովասեղ ձկները հիշեցնում են այն ջրիմուռներին, որոնց մեջ թաքնվում են։ Արևադարձային բազմաթիվ օձեր չեն տարբերվում լիաններից։ Շատ թիթեռներ, ուղղաթևեր, ձկներ ունեն թարմ կամ չոր տերևների գույներ, ուրվագծեր և նույնիսկ ջղավորություն։ Բազմաթիվ աղոթարարներ նմանվում են բույսերի ընձյուղների, իսկ մի քանիսը՝ ծաղիկների։ Կենդանիների որոշ տեսակներ նման են կոտրված ճյուղերի, քարաքոսերի։ Որոշ չոր տերևների նման թիթեռներ շրջանաձև շարժումներ են կատարում և հիշեցնում թափվող տերևներին։ Տերևներին նմանվող շատ միջատներ ակտիվ են օրվա ամենաշոգ ժամին, երբ նրանց համար վտանգավոր թռչունները քիչ են թռչում և, հակառակը, անշարժ են առավոտյան և երեկոյան, երբ թռչուններն ավելի ակտիվ են։ Միջատների մոտ լավ է արտահայտված իրենց գունավորմանը համապատասխան ֆոն ընտրելու բնազդը։
Բույսերի Մ․ գլխավորապես ծառայում է օգտակար կենդանիներին գրավելու և վնասակարներին վանելու (վախեցնելու) համար։ Հաճախ դա վերաբերում է առանձին օրգաններին և ոչ թե ամբողջ օրգանիզմին, ինչպես հատուկ է կենդանիներին։ Այսպես, նեկտարազուրկ շատ ծաղիկներ նման են մեղրատուներին, գրավում են միջատներին և ապահովում փոշոտումը։ Միջատակեր բույսերի որսացող օրգանները հաճախ հիշեցնում են այլ բույսերի վառ ծաղիկներին և դրանով հրապուրում միջատներին։ Խոլորձի ծաղիկները նմանվում են որոշ տեսակի միջատների էգերին և գրավում են դրանց արուներին (հատկապես այն շրջանում, երբ էգերը դեռ քիչ են)։ Առանձին բույսեր իրենց փոշոտող միջատներին հրապուրող կամ խոտակեր կենդանիներին վանող հոտեր են արձակում։
Պատկերազարդումը տես 592–593-րդ էջերից հետո՝ ներդիրում։
ՄԻՄՆԵՐՄՈՍ (Μίμνερμος), մ․ թ․ ա․ VII դ․ 2-րդ կեսի հույն բանաստեղծ։ Ծնվել է Կոլոփոն քաղաքում (Փոքր Ասիա)։ Մ. համարվում է էրոտիկ պոեզիայի հիմնադիրը հին հուն. գրականության մեջ։ Ալեքսանդրյան և հռոմ․ բանաստեղծների (Կալլիմաքոս, Տիբուլտոս, Պրոպերտիոս) վրա Մ–ի եղերերգերի ազդեցության հարցը մնում է վիճելի։ Բանաստեղծի սիրած կնոջ անունով է կոչվել նրա եղերերգերի ժողովածուն՝ «Նաննո»-ն (պահպանվել են պատառիկներ)։ «Զմյուռնական» պոեմը լիդիացիների դեմ Զմյուռնիա քաղաքի բնակիչների հերոսական պայքարի մասին է։
ՄԻՄՈՍ (< հուն․ μίμος – նմանակող, նմանակում), կատակերգակ դերասան Հին Հունաստանում, Հռոմում և Բյուզանդիայում։ Դերասանի այս տիպը զարգացել է հատկապես հելլենիզմի դարաշրջանում (III–I դդ․) և դարձել հռոմ․, ապա՝ վաղ միջնադարյան առաջավորասիական թատրոնին բնորոշ երևույթ։ Մ․ են կոչվել նաև հելլենիզմի շրջանի պիեսները, որոնք նախատեսել են մնջկատակի, պարի, երգի ու խոսքի համատեղում։
«ՄԻՄՈՍ», եռօրյա երգիծական հանդես։ Լույս է տեսել 1875–77-ին, Կ․ Պոլսում, հայերեն և հայատառ թուրքերեն։ Արտոնատեր՝ Ա․ Սագայան, խմբագիրներ՝ Հ․ Հաճյան, Ն․ Պեզիրճյան։ Տպագրել է երգիծական հոդվածներ ու բանաստեղծություններ, ծաղրել քաղքենիությունը, օտարամոլությունը, հայ ընտանիքներում տեղ գտած անընդունելի բարքերը։ Ծանոթացրել է ազգային հաստատությունների գործունեությանը, տպագրել լուրեր պոլսահայ կյանքից, տեղեկություններ՝ միջազգային իրադարձությունների մասին։
ՄԻՅԱՄՈՏՈ Կենձի (ծն․ 1908), Ճապոնիայի կոմունիստական շարժման գործիչ։ Ճապոնիայի կոմկուսի (ՃԿԿ) անդամ 1931-ից։ Ավարտել է (1932) Տոկիոյի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1930–32-ին մասնակցել է ուսանողական շարժումներին։ 1932-ին աշխատել է ՃԿԿ ԿԿ պրոպագանդայի և ագիտացիայի բաժնում։ 1933-ին ընտրվել է ՃԿԿ ԿԿ, ԿԿ քարտուղարության և քաղբյուրոյի անդամ։ 1933–45-ին եղել է բանտարկության մեջ։ 1945-ից ՃԿԿ ԿԿ, 1946-ից՝ քաղբյուրոյի (1955-ից՝ Նախագահության) անդամ։ 1946–49-ին՝ ՃԿԿ տեսական օրգան «Չենեյ» ամսագրի խմբագիր։ 1947–50-ին՝ կուսակցության վերահսկիչ հանձնաժողովի նախագահ։ 1955–58-ին ՃԿԿ ԿԿ քարտուղար, «Ակահատա» թերթի գլխավոր խմբագիր (մինչև 1957-ը)։ 1958–1970-ին՝ ՃԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար, 1964-ից՝ Նախագահության մշտական բյուրոյի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/552
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ