Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Ճ
Ճ, հայերեն այբուբենի տասնիններորդ տառը։ Անունն է ճէ։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը՝ տառակերտման սեփական սկզբունքով։ Մտնում է «կրկնավոր» տառախմբի մեջ։ Կազմված է երեք ուղղաձիգ՝ երկար և դրանից ձախ՝ կարճ և աջ՝ լայն տարրերից։ Ընդ որում կարճը և երկարը իրար են միանում ստորին ծայրերից, ապա կարճը և երկարին թեքությամբ հատող լայնը կրկնվող նուրբով վերին ծայրերից միանում են իրար։ Հետագայում դյուրագրության և քիչ տեղ զբաղեցնելու համար երկարը հակվում է դեպի ձախ, և տառը հավաք տեսք է ընդունում։ Համարյա նույնությամբ գործածվում է գրչագրում և երկաթագրում, ինչպես նաև գլխագրում՝ ճ, Ճ, ճ։ Վիմագրություններում ավելի է պարզեցվում, և տառը ստծեղվում է երեք համարյա ուղիղ գծերի հատումով։
Բոլորգրում Ճ–ի գծագրումն սկսվում է իրար միացած նուրբերով՝ ճ։ Բոլորգրից էլ սերում են շղագիրը և նոտրգիրը՝ ճ, Ճ։ Ճ տառը նշանագրում է ժամանակակից արևելահայ գրական տարբերակի առաջնալեզվային լեզվատամնային պայթաշփական խուլ բաղաձայն հնչյունը (հնչույթը)։ Արևմտահայ գրական տարբերակում այն ամենուրեք ձայնեղ է (ճաշ–ջաշ, հաճախ–հաջախ)։ Ճ նշանակել է հարյուր և հարյուրավորների սկիզբն է, որից հետո եկող տառերը հաջորդաբար ավելանում են հարյուր միավորով։ Բյուրի (ճ) նշանով նշանակում է մեկ միլիոն։ Արաբ. թվանշանների ընդունումից հետո էլ գործածվել է որպես քանակական և դասական թվական։ Այժմ գործածվում է միայն որպես դասական թվական (Ճ–հարյուրերորդ)։Ա. Մաթևոսյան ՃԱԲՈՒԿԻԱՆԻ Վախթանգ Միխայիլի [ծն․ 27․2(12․3)․ 1910, Թիֆլիս], սովետական բալետի վրացի դերասան, բալետմայստեր և մանկավարժ։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1950)։ 1924-ին ավարտել է Մ․ Ի․ Պերինիի ստուդիան և ընդունվել Թիֆլիսի օպերայի և բալետի թատրոն։ 1926–29-ին վերապատրաստվել է Լենինգրադի Ա․ Յա․ Վահանովայի անվ․ պարարվեստի ուսումնարանում։ 1929–41-ին՝ Լենինգրադի օպերայի և բալետի թատրոնի մենապարող, դերապարերից են՝ Բազիլ (Մինկուսի «Դոն Կիխոտ»), Ալբերտ (Ադանի «Ժիզել»), Ֆրոնդոսո (Ա․ Կրեյնի «Լաուրենսիա»)։ Նույն թատրոնում բեմադրել է Բալանչիվաձեի «Լեռների սիրտը» (1938), Կրեյնի «Լաուրենսիա» (1939) և այլ բալետներ։ 1941–73-ին գլխավորել է Թբիլիսիի Զ․ Փալիաշվիլու անվ․ օպերայի և բալետի թատրոնի բալետային խումբը, բեմադրել է Կիլաձեի «Սինաթլե» (1947), Թորաձեի «Գորդա» (1950), Մաչավարիանիի «Օթելլո» (1957), Ցինցաձեի «Դևը» (1961) ևն։ 1933-ից հյուրախաղերով եղել է արտասահմանում։ 1963-ին Երևանում հանդես է եկել Օթելլոյի, Գորդայի, Ֆրոնդոսոյի և այլ դերապարերով։ Դասավանդել է Թբիլիսիի պարարվեստի ուսումնարանում (1950–77-ին՝ գեղ․ ղեկավար), 1965–1970-ին գլխավորել է Թբիլիսիի Ռուսթավելու անվ․ թատերական ինստ–ի բալետմայստերական բաժինը։ Արժանացել է ՍՍՀՄ պետ․ (1941, 1948, 1951) և լենինյան (1958) մրցանակների։
Պատկերազարդումը տես 2-րդ հատորի 225-րդ էջից առաջ՝ ներդիրում։
ՃԱԳԱՐ վայրի (Oryctolagus cuniculus), նապաստականմանների կարգի կաթնասուն կենդանի։ Ընտանի ճագարի ցեղերի նախահայրը (տես Ճագարաբուծություն)։ Մարմնի երկարությունը 35–45 սմ է, կենդանի միջին զանգվածը՝ 1,3–2,2 կգ։ Գույնը՝ գորշ մոխրագույն։ Բազմանում է տարին մի քանի անգամ (յուրաքանչյուր ծնին՝ 3–9 ձագ)։ Սնվում է հիմնականում խոտաբույսերով։ Հսկայական գաղութներով ապրում է բաց տարածություններում։ Որսի լավ կենդանի է (օգտագործվում են միսը և մորթին)։ Հայրենիքը Հարավ–Արևմտյան Եվրոպան և Հյուսիս–Արևմտյան Աֆրիկան է։ Ներմուծվել է և լայնորեն տարածվել Կենտրոնական Եվրոպայում, Մեծ Բրիտանիայում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, Հարավային Աֆրիկայում և ԱՄՆ–ի հս․ շրջաններում, ՍՍՀՄ–ում՝ Հարավ–Արևմտյան Ուկրաինայում։ Որոշ երկրներում (օրինակ, Ավստրալիայում) մեծ վնաս է հասցնում գյուղատնտեսությանը և ֆաունային։
ՃԱԳԱՐԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ, անասնապահության ճյուղ, զրաղվում է ճագարների բուծմամբ՝ միս, մորթի և աղվամազ ստանալու համար։ Ճագարի միսը դյուրամարս, դիետիկ սննդամթերք է (շատ է սպիտակուցի և ավելի քիչ ճարպի՝ հատկապես խոլեսթերինի պարունակությունը)։ Մորթին արժեքավոր հումք է մորթեղենի արդյունաբերության համար։