Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/581

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կնքված համաձայնագրով ստեղծվեց Մ․ ռ․ տ․։ Մ․ ռ․ տ–ում ընդգրկվել էին այդ երկրներից մեկական անդամ՝ իրենց տեղակալներով և գլխավոր մեղադրող։ Գլխավոր հանցագործների քննության ու մեղադրման իրավունքը վերապահված էր մեղադրող կողմերին։ Տես Նյուրնբերգյան դատավարություն, Տոկիոյի դատավարություն։Ա․ Եսայան ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ, պետությունների միջև կնքվող և վավերացվող իրավական փաստաթուղթ, որի հիմնական նպատակն է փոխադարձ պայմանավորվածությամբ անցկացնել վտանգավոր, կարանտինային հիվանդությունների (ժանտախտ, խոլերա, բնական ծաղիկ, դեղին տենդ) ներթափանցումը կանխող միջոցառումներ։ Միջազգային սանիտարական համաժողովները և դրանցում ընդունված համաձայնագրերը լայն զարգացում են ստացել XIX դ․։
1851-ին Փարիզում կայացել է համաճարակների դեմ պայքարի առաջին միջազգային կոնֆերանսը, իսկ 1892-ին, հերթական համաժողովում, ընդունվել է Մ․ ս․ հ․։ 1851–1951-ին տարբեր պետությունների նախաձեռնությամբ հրավիրվել են միջազգային սանիտարական ավելի քան 20 համաժողովներ, որոնցում ընդունվել և վավերացվել են 13 Մ․ ս․ հ․։
1907-ին Հռոմի միջազգային սանիտարական կոնֆերանսում ստեղծվել է առաջին Միջազգային սանիտարական կազմակերպությունը՝ Հասարակական հիգիենայի միջազգային բյուրոն, որը գործել է Փարիզում՝ 1909–46-ին։ Դրա հիմնական խնդիրն էր․ հետևել Մ․ ս․ հ–երի պահանջների, կարանտինային կանոնների կատարմանը, հաղորդել տեղեկություններ կարանտինային հիվանդությունների համաճարակային վիճակի մասին և երկրներին տեխ․ ու կոնսուլտատիվ օգնություն ցույց տալ։ ՍՍՀՄ–ը Մ․ ս․ հ․–ի մասնակից է 1926-ից։ 1923-ին Ազգերի լիգայի կազմում հիմնվել է հիգիենայի սեկցիա, որը կատարել է Միջազգային բյուրոյի պարտականությունները և նպաստել նաև գիտական պրոբլեմային հարցերի ուսումնասիրությանը։ 1948-ին, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի որոշմամբ, ստեղծվել է Միջազգային առողջապահական նոր կազմակերպություն (տես Առողջապահության համաշխարհային կազմակերպություն), որն ստանձնել է Միջազգային բյուրոյի և Ազգերի լիգայի հիգիենայի սեկցիայի պարտականությունները։ Ա․ Մայրապետյան ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՈՎՈՐՈՒՅԹ, նորմեր, որոնք ձևավորվել են պետությունների միջազգային պրակտիկայում երկարատև կրկնվելու հետևանքով։ Իրավաբանական ուժ են ձեռք բերում պետությունների կողմից ճանաչվելուց հետո և դառնում միջազգային իրավունքի աղբյուր։ Պետությունների պրակտիկայում պատահում են նաև երկարատև կրկնվող այնպիսի համանման գործողություններ, որոնք պարտադիր իրավական ուժ չունեն (քաղաքավարական, բարոյական կանոններ)։ Դրանց անտեսումը դիտվում է որպես անբարյացակամ ակտ։Ա․ Եսայան ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱԼՅՈՒՏԱՅԻՆ ՖՈՆԴ, ՄԱԿ–ի մասնագիտացված հաստատություն․ նպատակն է նպաստել արտաքին առևտրի զարգացմանը, պետությունների վալյուտային համագործակցությանը, տրամադրել անդամ–պետություններին օտարերկրյա վալյուտա, պահպանել նրանց վճարման հաշվեկշիռների հավասարակշռությունը, կարգավորել վալյուտային կուրսը։ Հիմնադրվել է 1944-ին, գործում է 1947-ից։ Ընդգրկում է 138 պետություն (1980)։ Փաստորեն վերահսկում է ԱՄՆ, որը ձգտում է նրա գործունեությունն օգտագործել դոլլարի դիրքերն ամրապնդելու համար։ Մ․ վ․ ֆ–ի ընդհանուր գումարը կազմվում է անդամ–պետությունների մուծումներից (քվոտաներից)։ 1977–1978-ին այն կազմել է 38789 մլն ՓՀԻ («Փոխառության հատուկ իրավունքներ»՝ պայմանական միավոր, որի արժեքը որոշվում է կապիտալիստական առաջատար երկրների վալյուտաներով)։ ԱՄՆ–ի մուծումը 8405 մլն է, Մեծ Բրիտանիայինը՝ 2925, ԳՖՀ–ինը՝ 2156 մլն ևն։ Մ․ վ․ ֆ–ում ձայները բաշխվում են ըստ մուծումների։ Յուրաքանչյուր անդամ–պետություն ունի 250, գումարած ամեն 100 հզ․ ՓՀԻ–ի դիմաց 1 ձայն։ Մ․ վ․ ֆ–ի գլխավոր մարմինը կառավարիչների խորհուրդն է, գործադիր մարմինը՝ դիրեկտորատը, որն զբաղվում է ընթացիկ հարցերով։ Մ․ վ․ ֆ–ի մարմինները գտնվում են Վաշինգտոնում։ ՍՍՀՄ Մ․ վ․ ֆ–ի անդամ չէ։ Սոցիալիստական երկրներից անդամակցում են Ռումինիան և Հարավսլավիան։ Ա․ Եսայան ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿ, կապիտալիզմի պայմաններում՝ միջազգային տնտ․ հարաբերությունների ոլորտում փոխատվական կապիտալի շարժման ձև․ վերադարձման, ժամկետայնության, տոկոսի վճարման պայմաններով վալյուտային ու ֆինանսական ռեսուրսների տրամադրում։ Լայն տարածում է ստացել իմպերիալիզմի փուլում։ Կատարում է մի շարք ֆունկցիաներ․ խթանում է ապրանքների ու ծառայությունների արտահանումը, նպաստավոր պայմաններ է ստեղծում օտարերկրյա մասնավոր կապիտալի երկարաժամկետ ներդրման համար, պարտապան–երկրներից տոկոսի ձևով շահույթի կորզման գործիք է ծառայում, նպաստում այդ երկրներում արտասահմանյան մոնոպոլիաների կամակատար տնտ․ և քաղ․ ռեժիմներ հաստատելուն։ Ըստ վարկավորման օբյեկտի տարբերում են ապրանքային (տրամադրում են գնորդները) և ֆինանսական (տրամադրում են փոխատու-բանկերը), ըստ տնտ․ բովանդակության՝ առևտրական (կապված արտաքին առևտրական գործառնությունների հետ) ու ֆինանսական (կարող են օգտագործվել ցանկացած նպատակներով), ըստ վերադարձման ժամկետների՝ կարճաժամկետ (մինչև 1 տարի), միջին ժամկետի (1-ից մինչև 5–7 տարի) ու երկարաժամկետ (5–7 տարուց ավելի) վարկեր։ Մ․ վ․ տրամադրում են մասնավոր ֆիրմաները, բանկերը, միջնորդները, կառավարությունները, միջազգային ֆինանսական կազմակերպությունները (օրինակ, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ, Միջազգային վալյուտային ֆոնդ, Զարգացման միջամերիկյան բանկ ևն)։
Միջազգային սոցիալիստական վարկը ժամանակավոր օգտագործման համար ապրանքային կամ դրամական ռեսուրսների փոխադարձ տրամադրումն է՝ վերադարձման պայմանով և որոշակի վճարով (տոկոս)։ Երկրների միջև վարկային հարաբերությունների սկզբունքներն են՝ սոցիալիստական ինտերնացիոնալիզմը, հավասարությունը, սուվերենությունը, փոխշահավետությունը, ընկերական փոխօգնությունը։ Մ․ վ․ ներառում է վարկերն ըստ քլիրինգի, Միջազգային ինվեստիցիոն բանկի (ՄԻԲ) վարկերը՝ ձեռնարկությունների ու կառույցների շինարարության համար, Տնտեսական համագործակցության միջազգային բանկի (ՏՀՄԲ) վարկերը՝ արտաքին վարկավորման համար։ ՏՀՄԲ և ՄՀԲ վարկավորում են (տոկոսային դրույքները համապատասխանաբար՝ 2–5 և 4–6%) փոխանակային ռուբլով ու ազատ շրջանառող վալյուտայով։ Սոցիալիստական Մ․ վ․ հանդես է գալիս հիմնականում 3 ձևով՝ ապրանքային, ինվեստիցիոն, վալյուտային (դրամական)։ Ապրանքային վարկերը տրամադրվում են սովորաբար կարճ և միջին ժամկետներով, արդ․, պարենային և այլ ապրանքների մատակարարման ձևով, ինվեստիցիոնը՝ խոշոր օբյեկտների շինարարության համար անհրաժեշտ սարքավորումների ու արդ․ ձեռնարկությունների համալիր մատակարարման, նախագծային աշխատանքների վճարման, իսկ վալյուտային վարկերը՝ ազատ շրջանառող վալյուտայով կամ ոսկով համաշխարհային կապիտալիստական շուկայում անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու և այլ նպատակներով։ Սոցիալիստական Մ․ վ․ կրում է արտադրողական և նպատակային բնույթ, տրամադրումը, օգտագործումն ու մարումը նախատեսվում են վարկատու–երկրի և փոխառու–երկրի ժողտնտեսության պլաններում ու պետ․ բյուջեում։ Խոշոր վարկատու–երկրներ են ՍՍՀՄ, ՉՍՍՀ, ԳԴՀ։ Սոցիալիստական երկրները զարգացող պետություններին վարկեր են արամադրում տնտ․ ու տեխ․ օգնության ու արտաքին առևտրի ֆինանսավորման նպատակով, առանց ռազմաքաղաքական որևէ պայմանի, 10–15 և ավելի տարի ժամկետով, համեմատաբար ցածր՝ տարեկան 2,5% վճարով։ Սոցիալիստական երկրները վարկային համակարգով կապված են նաև զարգացած կապիտալիստական պետությունների հետ, սակայն ստացված փոխառություններն էական դեր չեն կատարում ժողտնտեսության զարգացման համար։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, առանձին երկրների, երկրների խմբերի, համաշխարհային սոցիալիստական ու կապիտալիստական համակարգերի միջև ու դրանց ներսում զարգացող տնտեսական կապերի ամբողջություն։ Իրականացվում է անկախության, իրավահավասարության և կողմերի փոխադարձ շահավետության սկզբունքներով։ Հիմքը աշխատանքի միջազգային բաժանման խորացումն է։
Կապիտալիստական երկրների Մ․ տ․ հ․ առանձին մոնոպոլիաների և մոնոպոլիստական