Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/586

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԻՋԱՏԱԿԵՐՆԵՐ (Insectivora), կաթնասուն կենդանիների կարգ։ Մարմնի երկարությունը 3 սմ–ից (գաճաճ սրնչակ) 39 սմ է (տենրեկ)։ Դունչը սուր է, վերջանում է շարժուն կնճիթով։ Աչքերը փոքր են, որոշ տեսակների մոտ՝ մաշկի տակ ծածկված։ Մ–ի մեծամասնության մարմինը պատված է խիտ, կարճ մազերով (խլուրդներ, սրնչակներ, մշկամկներ), հազվադեպ՝ ցցամազերով (տենրեկներ) կամ ասեղներով (ոզնիներ)։ Գունավորումը միատոն է, գորշ, թուխ կամ սև, երբեմն՝ բծավոր։ Որոշ տեսակների պոչը կարճ է (ոզնիներ), մյուսներինը՝ երկար, համարյա մարմնի չափ (մշկամկներ)։ Մաշկային գեղձերը լավ են արտահայտված և առանձին Մ–ի մոտ արտադրում են սուր հոտով։ Լավ զարգացած է գլխուղեղի փոքր հոտառության բաժինը, կիսագնդերը փոքր են և հաճախ չեն ծածկում ուղեղիկը, տեսողությունը թույլ է։ Մ–ի կարգը ընդգրկում է 9 ընտանիք (շուրջ 300 տեսակ, որից 38-ը՝ ՍՍՀՄ–ում)։ ՀՍՍՀ–ում հանդիպում է 3 ընտանիք (ոզնիներ, սրընչակներ, խլուրդներ), 12 տեսակ։ Մ․ տարածված են ամբողջ աշխարհում (բացի Ավստրալիայից, Անտարկտիդայից և Հարավային Ամերիկայի մեծ մասից)։ Հանդիպում են ամենուրեք․ հս–ում՝ մինչև Սառուցյալ օվկիանոսի ափերն ու մերձափնյա կղզիները, լեռներում՝ մինչև ձյուներն ու սառցադաշտերը։ Մ․ վարում են վերգետնյա (ոզնիներ), ստորգետնյա (խլուրդներ) կամ կիսաջրային, ջրային (մշկամկներ) կենսակերպ։ Գերազանցապես գիշերային կենդանիներ են, ամենակեր, սակայն գերադասում են կենդանական կերը (անողնաշարավոր և մանր ողնաշարավոր կենդանիներ)։ Մեծ մասն ապրում է գետնափոր, երբեմն բարդ բներում։ Ակտիվ են ամբողջ տարին, ոզնիների որոշ տեսակներ ձմռանը քուն են մտնում։ Մ․ բազմանում են տարին մինչև 3 անգամ, ծնում 1–25 ձագ։ Օգտակար կենդանիներ են, ոչնչացնում են վնասակար միջատներին, մշկամկները, խլուրդներն ունեն արժեքավոր մորթի։ Մ․ կարող են վտանգավոր հիվանդություններ տարածող տզերի միջանկյալ տեր լինել։
Մ․ ընկերքավոր կաթնասունների ամենահին և պարզունակ խումբն է, որից սկիզբ են առել կաթնասունների բազմաթիվ կարգեր (կրծողներ, գիշատիչներ, պրիմատներ ևն)։ Բ․ Մարտիրոսյան ՄԻՋԱՏԱՍՊԱՆՆԵՐ, ինսեկտիցիդներ, վնասատու միջատների դեմ պայքարի քիմիական միջոցներ։ Ըստ միջատի օրգանիզմ թափանցելու ուղիների ստորաբաժանվում են 4 խմբի․ ա․ աղիքային Մ․ օրգանիզմ են թափանցում բերանի խոռոչով։ Մեծ մասամբ մկնդեղի անօրգանական միացություններն են (կալցիումի, բարիումի, մագնեզիումի, կապարի արսենատներ), մետաղների ֆտորիդները, սիլիցիումի ֆտորիդը ևն։ Օգտագործումը սահմանափակ է․ բ․ կոնտակտային Մ․ օրգանիզմ են թափանցում մաշկի միջոցով՝ ֆոսֆորի, քլորի, ազոտի և ծծմբի օրգ․ միացությունները, պիրեթրումը ևն, գ․ ներբուսային կամ համակարգային Մ․ ներծծվում են բույսերի արմատների, տերևների միջոցով, սննդանյութերի հետ դրանք տեղափոխվում են անոթային համակարգով, և մակաբույծ միջատների համար բույսերը դառնում են թունավոր։ Դրանցից են մեթիլմերկապտաֆոսը, ֆոսֆամիդը ևն։ Ներբուսային․ կիրառվում են նաև կենդանիների էկտոմակաբույծների, վարակիչ հիվանդություններ տարածողների դեմ պայքարելու համար։ Դ․ ֆումիգանտներ կամ շնչառական Մ․ շնչառության պրոցեսում միջատների օրգանիզմ են թափանցում գոլորշի կամ գազային վիճակում։ Դրանցից են՝ քլորպիկրինը, դիքլորէթանը, մեթիլբրոմիդը, ծծմբածխածինը ևն։ Մ–ի ընդունված դասակարգումը պայմանական է, քանի որ դրանց մեծ մասը կարող է օրգանիզմ թափանցել միաժամանակ մի քանի ուղիներով։ Մ․ օգտագործվում են սրսկման, փոշոտման, ֆումիգացման, ախտահանման ևն եղանակներով։ Մ–ի ազդեցության տևողությունը մեկ օրից մինչև մի քանի տարի է։ Մ–ի (հիմնականում օրգ․) արտադրությունն անընդհատ աճում է։
Ստեղծվում են պայքարի կենսաբանական, կենսաֆիզիկական, մեխանիկական, կենսաքիմիական, ագրոտեխնիկական այնպիսի եղանակներ, որոնք անվնաս են շրջապատի, մարդու ինչպես նաև օգտակար՝ կենդանիների համար։ Տես նաև Թունաքիմիկատներ։ Հ․ Թումանյան ՄԻՋԱՏՆԵՐ (Insecta կամ Hexapoda), հոդվածոտանիների տիպի անողնաշարավոր կենդանիների դաս։ Բնորոշ է թռչելու հատկությունը։ Մարմինը (երկարությունը՝ 0,2–300 մմ), հատվածավոր է, հաստ կուտիկուլայով պատված և կազմված է 3 բաժնից՝ գլուխ, կուրծք և փորիկ։ Կմախքն արտաքին է, հիմնականում խիտինային։ Գլխի վրա գտնվում են մեկ զույգ բեղիկները, զույգ բարդ (ֆասետային) և պարզ աչքերը, բերանային օրգանները։ Բեղիկները (անտենաները) լինում են թելաձև, թիթեղաձև, փետրաձև, ծնկաձև ևն և ծառայում են որպես հոտառության, շոշափելիքի օրգան։ Բերանային ապարատը կրծող, լիզող, ծծող և ծակող տիպի է։ Կուրծքը կազմված է առաջնակրծքից, միջնակրծքից և ետնակրծքից, որոնցից յուրաքանչյուրին միացած են մեկ զույգ ոտքեր։ Վերջիններս լինում են վազող, ցատկող, քայլող, բռնող, փորող ևն և կազմված են հետևյալ մասերից՝ կոնք, զիստ, ազդր, սրունք և թաթ։ Մեծ մասին բնորոշ են միջնակրծքին և ետնակրծքին միացած 2 զույգ ջղավոր թաղանթաթևերը։ Փորիկը բաղկացած է մինչև 11 հատվածից և հասուն անհատների մոտ զուրկ է ոտքերից։ Շատ Մ–ի փորիկներն ունեն հավելվածներ՝ արուների զուգավորման օրգանը, էգերի ձվադիրը կամ խայթը ևն։ Մ–ի նյարդային համակարգը լարասանդղաձև է, գլխի առջևի, միջին և ետին հանգույցները միաձուլվելով կազմել են գլխուղեղը։ Նյարդային գործունեությունն արտահայտվում է տարբեր բնազդներում՝ սննդառության, արուների և էգերի փոխհարաբերության, բնի կառուցման, սերնդի պահպանման ևն։ Առանձին տեսակների մոտ հնարավոր է պայմանական ռեֆլեքսների մշակումը։ Լավ զարգացած են զգացողության, տեսողության, լսողության, շոշափելիքի ևն օրգանները։ Հոտառության օրգանները կենտրոնացած են հիմնականում բեղիկների, համինը՝ բերանը շրջապատող հավելումների վրա։ Որոշ տեսակների արուները հոտառությամբ գտնում են մի քանի կիլոմետր հեռու գտնվող էգերին։ Մ–ի մի մասը լավ զգում է միջավայրի ջերմաստիճանի փոփոխությունները, արձակում ձայներ և դրանք ընկալում հատուկ օրգաններով։ Լավ զարգացած է մկանային համակարգը, որը բաղկացած է արտակարգ հաճախ կծկվելու ընդունակ ընդլայնական զոլավոր մկաններից։ Ունենում են մինչև 2000 մկան (ուռենու փայտատիչ), որոնց օգնությամբ կատարում են ամենաբազմազան շարժումներ և թռչում մինչև 50 կմ/ժ արագությամբ։ Մարսողական խողովակն սկսվում է բերանի խոռոչից, որը կարճ կլանով միանում է կերակրափողին։ Վերջինիս ետին մասը շատ Մ–ի մոտ լայնանալով առաջացնում է կտնառք։ Միջնաղին համեմատաբար կարճ է, այնտեղ քայքայվում է սննդանյութը և ներծծվում։ Ետնաղու մեջ ներծծվում են ջուրը, որոշ նյութեր և ձևավորվում է կղանքը։
Շնչառության համակարգը կազմված է մարմնի բոլոր մասերում ճյուղավորված բազմաթիվ օդատար խողովակներից՝ տրախեաներից։ Մարմնի կողքերում գտնվող շնչանցքերից օդը մտնում է տրախեաները և անմիջապես հասնում հյուսվածքներին ու բջիջներին։ Շնչառական շարժումների քանակը մեկ րոպեում հասնում է 20–35-ի։ Մ–ի արյունատար համակարգը բաց է․ մարմնի խոռոչը լցնող արյունը (հեմոլիմֆան) շարժվում է մեջքային մասում գտնվող սրտի աշխատանքի շնորհիվ։ Այն մեծ մասամբ դեղնավուն է, հեմոգլոբին ունեն որոշ տեսակներ, որոնց արյունը կարմիր է։ Ֆագոցիտներից բացի արյունը պարունակում է սննդարար նյութերով հարուստ բջիջներ՝ էնոցիտներ ևն։ Արտաթորությունը կատարվում է մալպիգյան անոթներով (քանակը տատանվում է 2-ից մինչև 150 և ավելի), որոնց միջոցով հեռացվում են կենսագործունեության վնասակար և ոչ պիտանի նյութերը։ Մ․ բազմանում են սեռական ճանապարհով, կուսածնությամբ և կենդանածնությամբ։ Շատ տեսակների մոտ լավ արտահայտված է սեռական երկձևությունը։ Զարգանում են փուլերի փոփոխությամբ և կերպարանափոխությամբ (տես Մետամորֆոզ)։ Ոչ լրիվ կերպարանափոխությանը բնորոշ է 3 փուլ, ձու, թրթուր և հասուն