Ֆիզիկա–աշխարհագրական ակնարկ։ Մ․ ծ․ գտնվում է Եվրասիայի և Աֆրիկայի միջև։ Դարդանելի նեղուցով միացած է Մարմարա, Բոսֆորի նեղուցով՝ Սև, Սուեզի ջրանցքով՝ Կարմիր ծովերին։ Առավել մասնատված են հս–արլ․ ափերը։ Պիրենեյան, Ապենինյան, Բալկանյան և Փոքր Ասիա թերակղզիները, Բալեարյան, Կորսիկա, Սարդինիա, Սիցիլիա, Կրետե և Կիպրոս կղզիները Մ․ ծ․ բաժանում են Ալբորան, Բալեարյան, Լիգուրական, Տիրենյան, Ադրիատիկ, Հոնիական, Եգեյան ծովերի և Վալենսիայի, Լիոնի, Ջենովայի, Տարանտո, Անթալիա, Իսկենդերուն, Սիդրա և Գաբես ծոցերի։ Այդ ցամաքազանգվածներն ու գոգավորությունները առաջացել են ալպիական լեռնակազմության ընթացքում Թետիս օվկիանոսի տեղում, որի ամենախոշոր մնացորդն է հանդիսանում Մ․ ծ․։ Տիրենեյան ծովի կենտրոնական մասի և եզրային խզումների հետ են կապված Վեզուվը, Լիպարյան և Պոնցիանյան կղզիների հրաբուխները։ Մ․ ծ–ի հատակը բաժանված է թեք լանջերով մի քանի գոգավորությունների, 2000–4000 մ խորությամբ։ Ափերի երկարությամբ այդ գոգավորությունները շրջապատված են ծանծաղուտի նեղ շերտով, որոնք ընդարձակվում են Թունիսի, Սիցիլիայի, ինչպես նաև Ադրիատիկ ծովի սահմաններում։
Կլիման մերձարևադարձային է, միջերկրածովյան տիպի՝ շոգ ու չորային ամառներով, մեղմ ու խոնավ ձմեռներով։ Հունվարին օդի միջին ջերմաստիճանը հս–ում 7–10°C է, հվ–ում՝ 14–16°C, օգոստոսինը, համապատասխանաբար՝ 22–24°C և 25–30°C։ Ջրի ջերմաստիճանը փետրվարին հասնում է 8–17°C, օգոստոսին՝ 19–30°C։ Տարեկան միջին տեղումները 400 մմ են (հս–արմ–ում՝ 1100–1300 մմ, հվ–արլ–ում՝ 50–100 մմ)։
Ջրաբանական ռեժիմը։ Գետերից ն․ տեղումներից ստացվող ջրի համեմատությամբ Մ․ ծ–ի մակերեսից գոլորշիացող քանակի գերազանցության հետևանքով Մ․ ծ–ի մակարդակը ցածրանում է, որն առաջ է բերում Ատլանտյան օվկիանոսից և Սև ծովից մակերեսային աղաթույլ և համեմատաբար թեթև ջրերի ներհոսք (Ջիբրալթարի նեղուցով՝ 42,32 հզ․ կմ³, Դարդանելի նեղուցով՝ 350 կմ³ ջուր)։ Մ․ ծ–ից բարձր աղիությամբ ջուրը արտահոսում է նեղուցների հատակով, համապատասխանաբար՝ 40,80 հզ․ կմ³ և 180 կմ³։ Մ․ ծ․ են թափվում Էբրո, Ռոն, Տիբեր, Պո, Նեղոս և այլ գետերը, որոնց ընդհանուր տարեկան հոսքը 430 կմ³ է։
Ծովային հոսանքներից գլխավորը Ջիբրալթարի նեղուցի մակերեսով ներհոսող շիթն է, որն անցնելով Աֆրիկայի հս․ ափերի մոտով հասնում է մինչև Լիբանան։ Առանձին ծովերում բնորոշ են տեղական ցիկլոնային շրջապտույտի հոսանքներ։ Մ․ ծ–ի ջրի գույնը վառ կապույտ է, թափանցիկությունը՝ մինչև 60 մ։ Աղիությունը, մեծ գոլորշիացման հետևանքով, շատ բարձր է՝ 36‰-ից (արմ–ում) մինչև 39,5‰ (արլ–ում)։
Կենդանական աշխարհը թվական տեսակետից համեմատաբար աղքատ է պլանկտոնի սակավության պատճառով։ Սակայն ֆաունայի տեսակային կազմը շատ բազմազան է, շնորհիվ բնական պայմանների բազմազանության և հարևան ջրավազանների հետ Մ․ ծ–ի կապված լինելուն։ Հանդիպում են դելֆիններ, փոկեր, ծովային կրիաներ, 550 տեսակ ձկներ (շնաձուկ, սկումբրիա, հարինգ, թյուննոս, ստավրիդա ևն), որոնցից մոտ 70 տեսակը՝ էնդեմիկ, կակղամորթներից տարածված են ոստրեներ, միդիաներ, ծովարմավներ, անողնաշարավորներից՝ ութոտանիներ, կաղամարներ, թանաքաձուկ, ծովախեցգետիններ, լանգուստներ։ Կան շատ մեդուզաներ, սիֆոնոֆորներ, Եգեյան ծովում՝ սպունգներ և կարմիր մարջան։
Մեծ է Մ․ ծ–ի տնտեսա–աշխարհագրական նշանակությունը, այն եվրոպական պետությունների համար հանդիսանում է Հյուսիսային Աֆրիկայի և մանավանդ Մերձավոր Արևելքի երկրների, Ավստրալիայի, Օվկիանիայի (Սուեզի ջրանցքի միջոցով) հետ հաղորդակցության կարևորագույն ուղիներից մեկը, որով ներմուծվում են մետաղի հանքանյութեր, բոքսիտներ, գյուղատնտ․ հումք և առավելապես նավթ (Մ․ ծ․ համարվում է «նավթային ուղի»)։ Հիմնական նավահանգիստներն են Մարսելը, Տրիեստը, Ջենովան, որտեղ ինչպես և Սարդինիա, Սիցիլիա կղզիներում զարգացել են քիմ․ և մետալուրգիական արդյունաբերության ճյուղերը։ Առափնյա ծանծաղուտային գոտում սկսվել է նավթի և գազի արդյունահանումը։ Մ․ ծ–ի ափերին կան բազմաթիվ հանգստավայրեր (առավել հայտնի են Լազուր ափը, Բալեարյան կղզիները ևն)։
ՄԻՋԵՐԿՐԱԾՈՎՅԱՆ ԿԼԻՄԱ, մերձարևադարձային կլիմայի տիպ՝ չոր շոգ ամառով և անձրևոտ տաք ձմեռով։ Հատուկ է միջերկրածովյան երկրներին, ՍՍՀՄ–ում՝ Ղրիմի հվ–ին և Կովկասի հս–արմ․ սևծովյան ափերին։ Մ․ կ–ի տարբերակները դիտվում են Հյուսիսային և Հարավային Ամերիկայի խաղաղօվկիանոսյան ափերի մերձարևադարձային լայնություններում, Աֆրիկայի և Ավստրալիայի հվ–արմ․ շրջաններում։ Մ․ կ․ ունեցող մարզերը ամռանը գտնվում են մերձարևադարձային անտիցիկլոնների, ձմռանը՝ ցիկլոնների ազդեցության տակ։ Մ․ կ․ ունեցող վայրերի մեծ մասում ամառային ամիսներին օդի ջերմաստիճանը 20–25°C է, ձմռանը՝ 5–12°C։ Տարեկան տեղումները՝ 400–600 մմ (լեռներում՝ մինչև 1000 մմ)։ Մշտական ձյունածածկույթ չի առաջանում։ Աֆրիկայի հվ–արմ․ մասում, Ամերիկայում և Ավստրալիայում, օվկիանոսի ազդեցության ավելացման հետևանքով, Մ․ կ․ բնութագրվում է ավելի զով ամառով (15–20°C) և մեղմ ձմեռով (10–15°C)։ Միջերկրածովյան շրջանից հվ․ և արլ․ ընկած երկրներում ձևավորվում է Մ․ կ–ի ցամաքային տարբերակը՝ քիչ տեղումներով (տարեկան՝ 100–200 մմ), Առաջավոր Ասիայի բարձրավանդակում՝ ցուրտ ձմեռ։ Բուսածածկույթում կան երաշտադիմացկուն շատ տեսակներ (անտառներ և մշտադալար թփեր)։
ՄԻՋԸՆԴԵՐՔ (mesenterium), ընդերքի ներորովայնամզային օրգանները որովայնի խոռոչի ետին պատին միացնող կապան։ Կազմված է ընդերային որովայնամզի զույգ թերթիկներից։ Մ–ի ետին եզրը ամրացած է որովայնի պատին և կոչվում է արմատ, իսկ առաջայինը ազատ գրկում է համապատասխան աղիքը։ Երկու թերթիկների միջև գտնվում են տվյալ օրգանի արյան, ավշային անոթները, նյարդերն ու ավշահանգույցները։ Մ–ով օժտված են՝ բարակ աղիքները, կույր աղիքը, որդանման ելունը, միջաձիգ ու սիգմայաձև խթաղիքը, ուղիղ աղիքի վերին 1/3-ը։
ՄԻՋԻՆ ԱՄՈՒՐՅԱՆ ԴԱՇՏԱՎԱՅՐ, Ամուրա–Սունգարյան հարթավայր, ՍՍՀՄ Խաբարովսկի երկրամասի հարավում և Չինաստանի հյուսիս–արևելքում։ Երկարությունը 670 կմ է, լայնությունը՝ 100–200 կմ։ Ցամաքուրդվում է Ամուր գետով։ Մակերևույթը հարթ է, ճահճակալած, տեղ–տեղ կան բլրաշարեր։ Կլիման մուսսոնային է։ Ծածկված է անտառներով։ Մ․ Ա․ դ–ում է Խաբարովսկ քաղաքը։
ՄԻՋԻՆ ԱՍԻԱ, 1․ ՍՍՀՍ ասիական տերիտորիայի մաս։ Գտնվում է արմ–ից Կասպից ծովի, արլ–ից՝ ՍՍՀՍ և Չինաստանի պետ․ սահմանի, հս–ից՝ Արալա–Իրտիշական ջրբաժանի և հվ–ից՝ Իրանի ու Աֆղանստանի հետ ՍՍՀՍ պետ․ սահմանի միջև։ Սինչև 1924–25-ը կոչվում էր Թուրքեստան, որը հետագայում, ի տարբերություն Կենտրոնական Ասիայի, կոչվեց Մ․ Ա․։ Նրա մեծ մասը հարթավայր է՝ զբաղեցված Թուրանի դաշտավայրով, որին հս–արլ–ից սահմանակցվում են Բալխաշ–Ալակոլի ավազանի հարթավայրերը, հս–ից՝ Տուրգայան սարավանդի հվ․ մասը և Ղազախական մանրաբլուրները կիսաանապատային և չոր տափաստանային լանդշաֆտներով։ Հարթավայրային մասի բարձրությունը 28 մ-ից (Կասպից ծովի արլ․ ափ) մինչև 300 մ է։ Առանձին փակ իջվածքների հատակը իջնում է մինչև –132 մ (Կարագիե), –81 մ (Ակչակայա), իսկ կղզային լեռները Կզըլկում անապատի կենտրոնական մասում բարձրանում են մինչև 922 մ (Տամդիտաու լեռ)։ Մ․ Ա–ի հվ–արլ․ մասն զբաղեցնում են Տյան Շանի (Հաղթանակի պիկ, 7439 մ) և Պամիրա–Ալայի (Կոմունիզմի պիկ, 7495 մ, ՍՍՀՄ ամենաբարձր լեռնագագաթը) լեռնային համակարգերը։ Մ․ Ա–ի հվ․ սահմանի երկարությամբ ձգվում է Կոպետդաղի լեռնաշղթան (մինչև 2942 մ)։ Կան նավթի, գազի, ոսկու, բազմամետաղների, գունավոր և հազվագյուտ մետաղների, ածխի հանքավայրեր։ Կլիման հարթավայրային մասում անապատային և կիսաանապատային է, լեռներում հանդես է գալիս կլիմայական ուղղաձիգ գոտիականությունը։ Մ․ Ա․ ներքին հոսքի մարզ է։ Խոշոր լճերն են Արալյան ծովն ու Բալխաշը, գետերը՝ Ամուդարյան, Սիրդարյան և Իլին։ Թուրանի հարթավայրում և Բալխաշ–Ալակոլյան ավազանում տիրապետում են անապատային լանդշաֆտները, հս–ում և հվ–ում՝ մերձարևադարձային անապատները։ Անապատային հարթավայրերն օգտագործվում են արոտավայրերի և ոռոգելի հողագործության համար։
2․ Մ․ Ա․։ Տարածություն, ընդգրկում է Ուզբեկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության, Կիրգիզական
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/588
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ