Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/589

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Սովետական Սոցիալիստական Հանրապետության, Տաջիկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության և Թուրքմենական Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքները, որոնք միասին կազմում են Միջինասիական տնտ․ շրջանը։
Բնակչությունը։ Բնակչության ընդհանուր թիվը՝ 25,470 մլն (1979)․։ Խտությունը տատանվում է 1–3-ից (անապատային և կիսաանապատային շրջաններում) մինչև 278 մարդ (Ուզբ․ ՍՍՀ–ի Անդիժանի մարզում)։ Քաղաքներում բնակվում է բնակչության 40,8%–ը։ 1940–1970-ի ընթացքում բնակչությունն ավելի քան կրկնապատկվել է, իսկ 1959-ից ավելացել է մոտ 11,6 մլն–ով, որը հետևանք է ինչպես ՍՍՀՄ–ում ամենամեծ ծնելիության (3–3,5%), այնպես էլ միգրացիոն երևույթների (1953–74-ը Մ. Ա–ում և Ղազախստանում բնակություն են հաստատել մոտ 1,2 մլն մարդ)։
Մ․ Ա-ի ժողովուրդներն ունեն պատմական ճակատագրի ընդհանրության և էթնիկական ազգակցության հետևանքով առաջացած նյութական ու հոգևոր մշակույթի ընդհանուր շատ գծեր։ Էթնիկական զարգացման երկարատև երևույթի, բնակչության տեղաշարժի, պատմական տարբեր ժամանակներում Մ․ Ա–ում հարևան երկրների ժողովուրդների զգալի խմբերի բնակություն հաստատելու հետևանքով այստեղ կազմավորվեցին խոշոր ազգություններ, որոնց մի մասը մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը սկսել էին ձևավորվել որպես բուրժ․, իսկ սովետական կարգերի օրոք՝ սոցիալիստական ազգեր (ուզբեկներ, տաջիկներ, կիրգիզներ, թուրքմեններ, կարակալպակներ), որոնցից յուրաքանչյուրը սովետական իշխանության տարիներին ստացավ պետականություն։ Մ․ Ա–ում զգալի թիվ են կազմում ռուսները, ինչպես նաև թաթարները, բաշկիրները, մորդվաները, հայերը, ադրբեջանցիները, կան նաև կորեացիներ, ույգուրներ, դունգաններ, արաբներ, բելուջներ, քրդեր, իրանցիներ ևն։ Մ․ Ա–ի բոլոր հանրապետությունները բազմազգ են։ Բնակչության մոտ 70%-ը (ուզբեկներ, կիրգիզներ, թուրքմեններ, կարակալպակներ, ղազախներ, թաթարներ, ույգուրներ) խոսում է ալթայան ընտանիքի թյուրքական խմբի լեզուներով, 11%-ը՝ հնդեվրոպական ընտանիքի իրանական խմբի լեզուներով (տաջիկներ, յագնոբացիներ և մերձպամիրյան ազգություններ, քրդեր, բելուջներ)։ Դունգանները խոսում են չինարենի բարբառներից մեկով, կորեացիները՝ մայրենի լեզվով, հրեաները՝ տաջիկերենի հատուկ խոսվածքով, արաբները՝ ուզբեկերեն կամ տաջիկերեն, գնչուները՝ տաջիկերեն։ Բնակչության 17%–ը կազմում են ռուսներն ու ուկրաինացիները, որոնք, բացի իրենց մայրենի լեզվին տիրապետելուց, խոսում են շրջապատող բնակչության լեզուներով։
Մ․ Ա–ի բնակչությունը մարդաբանական առումով տարասեռ է։ Տաջիկները և ուզբեկները եվրոպեոիդներ են, պատկանում են պամիրոֆերգանայան ռասային, կիրգիզները, ղազախները և կարակալպակները՝ հարավսիբիրական ռասային, թուրքմենները՝ եվրոպեոիդ ռասայի միջերկրածովյան խմբին՝ մոնղոլոիդների որոշ գծերով։ Անցյալում Մ․ Ա–ի բնակչության մեծ մասը դավանում էր մահմեդականություն։
ՄԻՋԻՆ ԱՍԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺԱՆՈՒՄ, տերիտորիալ–պետական վերափոխություններ 1924–1925-ին Միջին Ասիայում։ Իրականացրել է սովետական պետությունը համաձայն Միջին Ասիայի ժողովուրդների ազատ կամքի և կոմունիստական կուսակցության անցկացրած ազգային քաղաքականության։ Ազգային–պետական բաժանման իրականացման կարևոր քայլերից էր Թուրքեստանի Ինքնավար Սովետական Սոցիալիստական Հանրապետության (ՌՍՖՍՀ–ի կազմում, 1918), Բուխարայի Ժողովրդական Սովետական Հանրապետության, Խորեզմի Ժողովրդական Սովետական Հանրապետության (1920) ստեղծումը, որոնց տարածքները սահմանազատված չէին ըստ ազգային պատկանելության։ Միջին Ասիայի տարածքի ազգային–պետական բաժանման նախապատրաստման և անցկացման ընթացքում Վ․ Ի․ Լենինը կուսակցությանը կողմնորոշում էր բազմակողմանիորեն հաշվի առնել տեղական պայմանները, աշխատավորների ցանկությունները։ 1920-ական թթ․ կեսին արդեն առկա էին բոլոր նախադրյալները (վերացվել էր բասմաչությունը, ամրապնդվել բանվոր դասակարգի և գյուղացիության դաշինքը, սոցիալիստական էին դարձել Խորեզմի և Բուխարայի ժող․ հանրապետությունները, ՌԿ(բ)Կ–ի մեջ էին մտել նրանց կուսակցությունները, ստեղծվել էր ՌԿ(բ)Կ միջինասիական բյուրո, սկսվել էր միասնական տնտ․ գործունեություն) Մ․ Ա․ ա․ պ․ բ․ անցկացնելու համար։ 1924-ի հունիսի 12-ին ՌԿ(բ)Կ Կենտկոմը որոշում ընդունեց «Միջին Ասիայի հանրապետությունների ազգային սահմանազատման մասին», որից հետո սկսվեց բացատրական–ագիտացիոն աշխատանքը։ Այն ընթանում էր ազգայնականների և ազգայնամոլների դեմ սուր պայքարում, բեկերը, հոգևորականները հանդես էին գալիս պանիսլամիզմի դիրքերից, պայքարում «Մեծ Ուզբեկաոան», «Մեծ Ղազախստան» ստեղծելու համար։ Կուսակցությունը վճռականորեն մերժեց նացիոնալ–ուկլոնիստների այդ փորձերը։ 1924-ի սեպտեմբերին վերջացան նախապատրաստական աշխատանքները։ ՍՍՀՄ Կենտգործկոմի II գումարման 2-րդ նստաշրջանը լսեց միջինասիական հանրապետությունների և ՌՍՖՍՀ իշխանության գերագույն մարմինների որոշումները և դրանք ընդունեց որպես պետ․ օրենք։
Սահմանազատման հետևանքով 1924–1925-ին Թուրքեստանի, Բուխարայի և Խորեզմի հանրապետությունների տերիտորիաներից կազմավորվեցին Ուզբեկական և Թուրքմ․ ՍՍՀ–ները, Ուզբեկական ՍՍՀ–ի կազմում՝ Տաջ․ ԻՍՍՀ, Կարա–Կիրգիզական ԻՄ ՌՍՖՍՀ կազմում 1925-ին վերանվանվեց Կիրգ․ ԻՄ (1926-ին՝ Կիրգ․ ԻՍՍՀ), Կարակալպակյան ԻՄ, և ղազախներով բնակեցված Թուրքեստանի ԻՍՍՀ շրջանները մտան Ղազախական ԻՍԱՀ–ի մեջ (մինչև 1925-ը կոչվել է Կիրգ․ ԻՍՍՀ)։ Թուրքմ․ ՍՍՀ և Ուզբեկական ՍՍՀ մտան ՍՍՀՄ–ի մեջ 1925-ին։ Սոցիալիստական շինարարության հետագա տարիներին Տաջ․ ԻՍՍՀ (1929), Ղազախական ԻՍՍՀ և Կիրգ․ ԻՍՍՀ (1936) վերածվեցին միութենական հանրապետությունների, իսկ Կարակալպակյան ԻՄ՝ Կարակալպակյան ԻՍՍՀ–ի (1932) ՌՍՖՍՀ կազմում (1936-ից՝ Ուզբեկական ՍՍՀ–ի կազմում)։ Արդյունքում ուզբեկներով, ղազախներով, տաջիկներով, թուրքմեններով, կարակալպակներով բնակեցված տարածքները միավորվեցին համապատասխան սովետական ազգային պետ․ կազմավորումներում։ Այդ իրադարձությունը նպաստեց միջինասիական ժողովուրդներին սոցիալիզմի շինարարության մեջ ներգրավելուն, նրանց տնտ․ կապերի ամրապնդմանը և զարգացմանը, արագացրեց սոցիալիստական ազգերի կազմավորումը, հարստացրեց ՍՍՀՄ–ում ազգային հարցի հեղափոխական լուծման պատմական փորձը։
ՄԻՋԻՆ ԱՍՏՂԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿ, տես Ժամանակ։
ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔ, Եվրոպայի և Պակիստանի միջև գտնվող Արևմտյան Ասիայի պայմանական անվանումը։ Երբեմն, հատկապես անգլ․ և ամերիկյան գրականության մեջ, փոխարինվում է «Մերձավոր Արնելք» տերմինով, բայց հաճախ հասկացվում է որպես Միջին Արևելքի երկրների ամբողջությունը Իրանի ու Աֆղանստանի հետ և այդ պատճառով էլ մեծ մասամբ օգտագործվում է ոչ թե առանձին, այլ «Մերձավոր և Միջին Արևելք» միացյալ տերմինի կազմում։
ՄԻՋԻՆ ԳԻԾ, 1․ եռանկյան, եռանկյան որևէ երկու կողմերի միջնակետերը միացնող հատվածը (մյուս՝ երրորդ կողմը անվանում են հիմք)։ Եռանկյան Մ․ գ․ զուգահեռ է հիմքին և հավասար է նրա կեսին։ 2․ Սեղանի, սեղանի ոչ զուգահեռ կողմերի միջնակետերը միացնող հատվածը։ Սեղանի Մ․ գ․ զուգահեռ է հիմքերին (զուգահեռ կողմերին) և հավասար դրանց կիսագումարին։
ՄԻՋԻՆ ԴԱՆՈՒԲՅԱՆ ԴԱՇՏԱՎԱՅՐ, գտնվում է Դանուբ գետի միջին հոսանքի ավազանում, Հունգարիայի (մեծ մասը), Չեխոսլովակիայի, Ռումինիայի, Հարավսլավիայի և Ավստրիայի սահմաններում։ Հս–արլ–ում մտնում է Ուկր․ ՍՍՀ–ի Անդրկարպատյան մարզի մեջ։ Տարածությունը մոտ 200 հզ․ կմ² է, բարձրությունը՝ 100–200 մ։ Միջլեռնային տեկտոնական իջվածք է։ Կազմված է նեոգենի կրաքարերից, ավազաքարերից և կավերից, ծածկված պլեյստոցենի լյոսային, ավազա–կավային գոյացություններով։ Կան բոքսիտների, նավթի, այրվող գազի, գորշ ածխի հանքավայրեր։ Կլիման չափավոր ցամաքային է, արլ–ում՝ չոր։ Հունվարի միջին ջերմաստիճանը –1°C-ից – 2°C է, հուլիսինը՝ 20–22°C, տարեկան տեղումները՝ 500–600 մմ (լեռներում՝ մինչև 900 մմ)։ Տիրապետում են սևահողերն ու ալյուվիալ հողերը։ Տարածքի 70–80%–ը մշակվում է։ Առավել նշանավոր քաղաքներն են Բուդապեշտը, Զագրեբը, Բրատիսլավան, Տիմիշոարան։
ՄԻՋԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐԹԱՎԱՅՐ, գտնվում է հիմնականում Լեհաստանի, ԳԴՀ, ԳՖՀ հյուսիսում և Դանիայում։