Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ՃԱԿՆԴԵՂԱՀԱՎԱՔ 59

ՃԱԿԱՏԱՆՈՑ, ճականոց, կանացի զարդ, գլխի հարդարանքի մաս։ Գործածվում էր ավանդական տարազի համալիրներում՝ մինչև XX դ․ սկիզբը (այժմ հանդիպում է միայն Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հադրութի շրջանի տարեց կանանց մոտ)։ Կրում էին ամուսնացած կանայք։ Լինում էր տարբեր ձևի։ Բարձր Հայքում Ճ թավշապատ էր, զարդարվում էր գունավոր թելերով, ասեղնակար (մանուշակի, նարգիզի և այլ ծաղիկների ու տերևների պատկերներ) ժանյակով․ հարուստ խավի կանանց մոտ՝ ոսկյա ծաղկաձև և տերևաձև թերթիկներով, մարգարիտներով։ Ավելի տարածված էր դրամաշարով Ճ․, որն աղջիկները նշանդրեքի օըը ստանում էին փեսայի մորից՝ իբրև նվեր։ Վասպուրականում Ճ․ (մախչա) պատրաստվում էր արծաթից՝ զուգաթելի, դրվագման եղանակներով, բաղկացած էր նշաձև, լուսնաձև զարդերով, գունավոր ակներով, մարջանե կախիկներով յոթ տախտակներից։ Գողթն գավառում Ճ․ բարձրադիր էր, ասեղնագործվում էր ոսկեթելով (բուսական զարդանախշեր), եզրին ամրացվում էր երեքական փոքր տախտակներից կազմված կախիկների շարան, յուրաքանչյուրի ծայրին՝ կարմիր ակներով երեքական գնդաձև զարդեր։ Ն․ Ավագյան ՃԱԿԱՏԵՆ գյուղ Հայկական ՍԱՀ Ղափանի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հարավ–արևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտի, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Գյուղի շրջակայքում պահպանվել են եկեղեցի (X դ․), մատուռներ, կամուրջ (XVII դ․)։
ՃԱԿԱՏՔ, գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում։ Տարածվում էր Հայկական պար լեռնաշղթայի և Երասխ գետի միջև, վերջինիս Վարդամարգ և Ագարակ վտակների ավազանում։ Հս–արմ–ից և հս–արլ–ից Երասխով սահմանակից էր Արշարունիք և Արագածոտն, հվ–արմ–ից և հվ–արլ–ից (Հայկական պարով)՝ Բագրևանդ և Կոգովիտ, արլ–ից՝ Մասյացոտն գավառներին։ Ճ–ի հվ․ և արմ․ մասերը լեռնոտ են, կենտրոնական մասում բարձրանամ են Բարդող և Փարլու (Փերլու) լեռնագագաթները։ Հս–ը (Երասխի աջափնյակը) հարթավայրային է, հողը՝ բերրի և այգեվետ։ Կլիման ցամաքային է։ Ոռոգվում է Վարդամարգ, Ագարակ, Թանդուրեկ, Թեղեկճի և այլ գետերի, ինչպես նաև Հայկական պարի վրա գոյացած մանր լճակների ջրերով։ Ունի քարածխի և հատկապես աղի հարուստ պաշարներ։ Կողբի կերակրի բարձրորակ աղահանքը շահագործվել է հնագույն ժամանակներից և առ այսօր պահպանում է իր արդ․ նշանակությունը։
Արշակունիների և Բագրատունիների թագավորության ժամանակներում Ճ. մտել է արքունի տիրույթների մեջ։ XIII դ․ սկզբին ազատագրվել է սելջուկյան թուրքերից և անցել Զաքարյաններին։ Ճ–ի բազմաթիվ բնակավայրեր կործանվել են Լենկթեմուրի արշավանքների (1387 և 1393) հետևանքով։
XV դ․ Ճ․ տրոհված էր երկու վիճակի՝ Կողբի և Սուրմառու (համանուն կենտրոնների անունով)։ XVI–XVIII դդ․՝ պարսկ․ տիրապետության ներքո, Սուրմառին կազմում էր Երևանի խանության Սուրմալու մահալը, իսկ Կողբը մտնում էր նույն խանության Սառթլի մահալի մեջ։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո Ճ․ Մասյացոտնի արլ․ մասի հետ կազմում էր Սուրմառի(Սուրմալու) գավառը և բաժանվում էր երկու վիճակի՝ Սուրմառու (50 գյուղով) և Ձորագյուղ–Բարչենիս (54 գյուղով)։
ԳրկԱլիշան Ղ․, Այրարատ, Վնտ․, 1890։ Հակոբյան Թ․ Խ․, Հայաստանի պատմական աշխարհագրություն, Ե․, 1968։ Թ․ Հակոբյան ՃԱԿՆԴԵՂ (Beta), թելուկազգիների ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա բույսերի ցեղ։ Հայտնի է 13 տեսակ (11 վայրի և 2 մշակովի), ՍՍՀՄ–ում՝ 5-ը (այդ թվում 2 մշակովի)։ Վայրի տեսակների տարածման արեալներն են՝ Միջերկրական ծովափը, Առաջավոր Ասիան, Անդրկովկասը, Ղրիմը, Բալկանները, Արևելքում հասնում են մինչև Հնդկաստան, Արևմուտքում՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Սկանդինավիայի առափնյա շրջանները։ Մշակովի տեսակներն են՝ երկամյա տերևային Ճ․ կամ մանգոլդը (B․ cicla) և սովորական Ճ. (B․ vulgaris), որը ստորաբաժանվում է եվրոպական (սեղանի, կերի և շաքարի Ճ-ի տարատեսակների խմբեր) և ասիական (թույլ զարգացած արմատապտուղով նվազ կուլտուրական տարատեսակների խմբեր) ենթատեսակների։
Սեղանի, կարմիր, բանջարի Ճ․ աճման առաջին տարում առաջացնում է 0,4–0,9 կգ զանգվածով, գնդաձվաձև արմատապտուղ, ունի մուգ կարմիր, կարմիր–մանուշակագույն միջուկ և կարմիր ջղերով կանաչ կամ կարմիր տերևներով վարդակ։ Սննդի մեջ օգտագործում են արմատապտուղը (պարունակում է 13–20% չոր նյութեր, այդ թվում՝ 9–16% շաքար, 1,8–3% սպիտակուց, մինչև 0,5% օրգ․ թթուներ, 0,7–1,4% թաղանթանյութ, 0,8–1,3% հանքային աղեր, С, В, PP խմբի վիտամիններ): Տարածված է բոլոր մայր ցամաքներում։ ՍՍՀՄ–ում մշակվում է երկրագործական բոլոր գոտիներում (1977-ին մոտ 60 հզ․ հա)։
Կերի Ճ․ կյանքի առաջին տարում առաջացնում է խոշոր (մինչև 10–12 կգ), տարբեր ձևի և գույնի արմատապտուղ ու կանաչ տերևներով վարդակ։ Օգտագործվում է որպես հյութալի կեր (տերևները նաև սիլոսացնում են)։ 100 կգ արմատապտուղը պարունակում է 12,2 կերի միավոր և 0,9 կգ մարսելի սպիտակուց, իսկ 100 կգ տերևները՝ համապատասխանաբար 10,2 և 1,8 կգ։ Արմատապտուղների միջին բերքատվությունը 300–400 ց/հա է։ Մշակվում է Ուկրաինայում, ՌՍՖՍՀ ոչ սևահողային գոտում, Պովոլժիեում, Բելոռուսիայում, Լիտվայում։
Շաքարի Ճ․, ցանքի տարում զարգանում է շաքարով (մինչև 19% ) հարուստ, սպիտակ միջուկով արմատապտուղը (300–600 գ) և սպիտակ–կանաչ տերևների վարդակը։ Ծաղիկները հնգատիպ են, երկսեռ, խումբ–խումբ նստած տերևածոցերում՝ ցողունի ամբողջ երկարությամբ։ Պտուղը ընկուզիկ է, հասունանալիս ընկուզիկները սերտաճում են ու վերածվում պտղաբույլի՝ կնձիկի (յուրաքանչյուրում4 2–6 սերմ)։ Ջերմասեր, լուսասեր, խոնավասեր, աղադիմացկուն, երաշտադիմացկուն շաքարի արդյունաբերությանը հումքով ապահովող, կարևորագույն տեխ․ բույս է։ Թափոնները՝ մզուկը և մաթն, արժեքավոր կերեր են։ Աշխարհում շաքարի Ճ–ի ցանքատարածությունը 9,38 մլն հա է (1976)։ Մշակվում է գլխավորապես եվրոպական երկրներում (ՍՍՀՄ, Լեհաստան, ԳԴՀ, ԳՖՀ, Չեխոսլուիսկիա, Ֆրանսիա, Անգլիա, Իտալիա, Հունգարիա, Բելգիա ևն)։ ՍՍՀՄ–ում գործարանային շաքարի Ճ–ի ցանքատարածությունը կազմում է 3,76 մլն հա (1978)։
ՀՍՍՀ–ում շաքարի Ճ–ի մշակումն սկսվել է Շիրակի ջրանցքի շահագործումից հետո, Ախուրյանի, Սպիտակի, Արթիկի, Ամասիայի շրջաններում։ Արտադրանքը վերամշակվում է Սպիտակի շաքարի գործարանում։ ՀՍՍՀ–ում շրջանացված են Ռամոնսկայա–931, Վերխնյաչեսկայա–038, Պերվոմայսկի պոլիհիբրիդ–10 ևն։ Շաքարի Ճ–ի համար լավ նախորդներ են հատիկաընդեղեն ու շարահերկ գյուղատնտ․ բույսերը, աշնանացան ցորենը։ Նախորդող բույսերի բերքահավաքից հետո կատարվում է երեսվար, ապա 27–30 սմ խորությամբ ցրտահերկ, վաղ գարնանը՝ փոցխում, իսկ ցանքից առաջ՝ 6–12 սմ խորությամբ կուլտիվացում։ Ցանքի նորման բազմասերմ կնձիկների դեպքում՝ 25–28 կգ/հա, միասերմի դեպքում՝ 15–18 կգ/հա։ ՀՍՍՀ–ում ճ–ի բերքը հավաքում են սեպտ․ 25-ից մինչև հոկտ․ 15-ը։ 1978-ին ՀՍՍՀ–ում գործարանային Ճ–ի ցանքատարածությունը 4,6 հզ․ հա էր։
ՃԱԿՆԴԵՂԱՀԱՎԱՔ ԿՈՄԲԱՅՆ, շաքարի ճակնդեղի բերքը հավաքող մեքենա, հողից հանում է արմատները (պալարները), կտրում փրերը, դրանք զետեղում բունկերի մեջ, կամ արմատները բարձում կողքից ընթացող մեքենայի թափքի, իսկ փրերը՝ տրակտորային բեռնասայլակի վրա։ ՍՍՀՄ–ում արտադրվում է 2 տեսակի Ճ․ կ․