երկրային կոմիտեի անդամ։ Փետրվարին մասնակցել է Ադրբեջանի կոմունիստական կազմակերպությունների առաջին համագումարին, ընտրվել Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի կազմում։ Սովետական կարգեր հաստատվելուց հետո՝ 1920-ի օգոստոսին Մ․ ընտրվել է Ադրբեջանի արհմիությունների խորհրդի նախագահ։ 1921–25-ին եղել է ԱԿԿ Բաքվի կոմիտեի քարտուղար։ Կուսակցության XI համագումարի մի խումբ պատգամավորների հետ հանդիպել է Վ․ Ի․ Լենինին։ 1925–29-ին ԱԿԿ ԿԿ առաջին քարտուղարն էր։ 1929-ին ընտրվել է ՀամԿ(բ)Կ Պերմի օկրուգային կոմիտեի, ապա Ուրալի մարզկոմի քարտուղար, 1933-ից՝ կուսակցության Ղազախստանի երկրամասային կոմիտեի քարտուղար։ 1937-ից Մ․ Ղազախստանի կոմկուսի ԿԿ առաջին քարտուղարն էր։ Եղել է ՍՄԿԿ X, XI, XIV–XVII համագումարների պատգամավոր, XV–XVI համագումարներում ընտրվել է ՍՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու, XVII-ում՝ ԿԿ անդամ։ ՍՍՀՄ Կենտգործկոմի անդամ էր։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Գրկ․ Սիմոնյան Ռ․ Ա․, Փոթորկածինը, Ե․, 1979։ Ляхов В․ И․, Левон Исаевич Мирзоян, Вопросы истории КПСС, 1965, № 1, с․ 101․
ՄԻՐԶՈՅԱՆ Լյուդվիկ Վասիլի (ծն․ 1․5․1923, Երևան), հայ սովետական աստղագետ։ Ֆիզմաթ գիտ․ դ–ր (1968), պրոֆեսոր (1970), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1974)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1942–45)։ Ավարտել է Երևանի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը (1947)։ 1949-ից դասավանդում է Երևանի համալսարանում։ 1959-ից Բյուրականի աստղադիտարանի դիրեկտորի տեղակալն է, 1965-ից՝ աստղերի ու միգամածությունների ֆիզիկայի բաժնի վարիչը։ Աշխատանքները վերաբերում են աստղերի ֆիզիկային ու էվոլյուցիային։ Կարևոր արդյունքներ է ստացել աստղասփյուռների ընդարձակման ու դրանցում գտնվող աստղերի անկայունության զարգացման վերաբերյալ։ «Գիտեյիք» ընկերության նախագահության անդամ է, աստղագիտության և տիեզերագնացության գիտամեթոդական խորհրդի նախագահ։ «Աստղաֆիզիկա» համամիութենական պարբերականի գլխավոր խմբագրի տեղակալ (1965)։ ՍՍՀՄ ԳԱ աստղագիտական խորհրդի անդամ (1970), Միջազգային աստղագիտական միության և նրա մասնագիտական հանձնաժողովների անդամ (1958), Աստղագնացության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ (1970), Փարիզի աստղաֆիզիկայի ինստ–ի անդամ–խորհրդական (1970–75)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Երկ․ Բռնկվող աստղեր, Ե․, 1973։ Космогония звезд и галактик, в кн․։ Проблемы современной космогонии, М․, 1972; Нестационарность и эволюция звезд, Е., 1981․
ՄԻՐԶՈՅԱՆ Սամվել Ալեքսանի (ծն․ 1․9․1918, Գորիս), հայ սովետական կենսաբան–միջատաբան։ Կենսբ․ գիտ․ դ–ր (1973)։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ Ավարտել է Երևանի համալսարանը (1941)։ 1960–64-ին եղել է ՀՍՍՀ երկրագործության ԳՀԻ–ի բույսերի պաշտպանության բաժնի ահազանգման ու կանխագուշակման սեկտորի վարիչ, 1964-ից՝ ՀՍՍՀ բույսերի պաշտպանության ԳՀԻ–ի անտառի պաշտպանության լաբորատորիայի վարիչ։ Գիտական աշխատանքները վերաբերում են անտառային միջատաբանության, անտառի պաշտպանության, օգտակար միջատների պահպանության հարցերին։ Բացահայտել է ՀՍՍՀ անտառների, տնկարանների և պուրակների դենդրոֆիլ միջատների տեսակակազմը, որոշել դրանց տնտ․ նշանակությունը, մշակել վնասատուների դեմ պայքարի միջոցառումներ, կազմել ՀՍՍՀ կենդանաաշխարհագրական ու շրջանացման քարտեզ։
Երկ․ Անտառային ծառերի վնասատուները և պայքարը նրանց դեմ, Ե․, 1954 (հեղինակակից՝ Մելիք–Նուբարյան Ա․)։ Дендрофильные насекомные лесов и парков Армении, Е․, 1977․
ՄԻՐԶՈՅԱՆ Սիմոն Հակոբի (ծն․ 6․1․1910, Թիֆլիս), հայ սովետական դեղաբան։ Հայաստանում դեղաբանության հիմնադիրներից։ ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ (1960), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1961)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ 1931-ին ավարտել է Երևանի բժշկ․ ինստ–ի բուժական ֆակուլտետը, աշխատել դեղաբանության ամբիոնում (1936 ից վարիչն է)։ 1950-ին կուրորտոլոգիայի և ֆիզիկական մեթոդներով բուժման ԳՀԻ–ում կազմակերպել է փորձառական կուրորտաբանության բաժին։ 1971–78-ին եղել է ՀՍՍՀ առողջապահության մինիստրության գիտական բժշկ․ խորհրդի նախագահ։
Մ–ի աշխատանքները հիմնականում վերաբերում են բնական և սինթետիկ ծագման նոր դեղամիջոցների հայտնաբերման, դեղաբանական և բալնեոլոգիական գործոնների ադեցության մեխանիզմների լուսաբանման հարցերին, ֆիզիոլոգիայի ու դեղաբանության փորձառական հետազոտման մեթոդների մշակմանը։ Մ․ ուսումնասիրել է օրգանիզմ դեղանյութեր ներմուծելիս տարբեր օրգանների ու համակարգերի վրա ներքին ընկալիչ (ինտերոռեցեպտորային) ազդակների դերը օրգանիզմի ռեակցիաների փոփոխման գործում։ Մշակել է դեղանյութերի ազդեցության ռեֆլեկտոր վերլուծության մեթոդ։ Մ–ի ղեկավարությամբ (բուսաբանների և քիմիկոսների հետ) հետազոտվել են ՀՍՍՀ բուսաշխարհում ալկալոիդներ, գլիկոզիդներ, ներկող և դաբաղող նյութեր պարունակող դեղաբույսերը (արդյունքներն ամփոփված են «Հայաստանի դեղաբույսերը և նրանց բուժիչ պրեպարատները» ժողովածուում, 1949), հայտնաբերվել է ալկալոիդներ պարունակող 65 բույս, ստացվել «արագածին» նոր ալկալոիդը։ Ստացվել են արյան շրջանառությունը և շնչառությունը խթանող, ճնշումն իջեցնող, միզամուղ, արյունահոսությունը դադարեցնող պատրաստուկներ, հայտնաբերվել լեղագոյացման ու լեղարտադրման պրոցեսի վրա ազդող դեղաբույսեր, բուսական անտիբիոտիկներ, հետազոտվել են ստամոքս–աղիքային համակարգի հյութազատական և շարժողական ֆունկցիաների և ստամոքսի տարբեր ընկալիչ գոտիների վրա գանգլերոնի, քվատերոնի, արփենալի ազդեցության մեխանիզմները և ստացել հակախոցային «դիմեկումարոն» պատրաստուկը։ Մ․ հաստատել է ուղեղի ֆիզիոլոգիապես ակտիվ կենսածին նյութերի (օրինակ՝ գամմաամինակարագաթթվի) կարգավորող ազդեցությունը ուղեղային արյան շրջանառության վրա, մշակել վերջինիս էնդոգեն (ներքնածին) կարգավորման ինքնատիպ կոնցեպցիա։
Մ․ ՍՍՀՄ ԳԱ ֆիզիոլոգիայի բաժնի բյուրոյին կից դեղաբանության բաժանմունքի, դեղաբանության համամիութենական ընկերության կենտրոնական վարչության նախագահության, ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի պետ․ մրցանակներ շնորհող հանձնաժողովի անդամ է, ՀՍՍՀ Դեղաբանների ընկերության վարչության նախագահը, ՀՍՍՀ ԳԱ կենսաբանական բաժանմունքի ակադեմիկոս–քարտուղարի տեղակալ։
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով։ 1976-ին Մ․ արժանացել է ՀՍՍՀ ԳԱ Նախագահության վաստակագրի։
Երկ․ Օ роли ГАМК и ее превращений в регуляции мозгового кровотока, «Вопросы биохимии мозга», т․ 13, 1978 (соавторы Акопян В․ П․, Топчян А․ В ); Comparative Effects of Prostaglandins on the Embryonic Myocardium, «Acta Biologica et medica Germanica», В 37, 1978 (հեղինակակից՝ Boroyan R G ); The Role of Tissue Sulphydric Groups in the Production of Different Impulse Discharge from Interocepters, «Essayson Physiological Evolution», Oxford–London, 1965․
ՄԻՐԶՈՅԱՆ Վարդան Միրզոյի [10․7(22․7)․1877, գ․ Երնջակ (այժմ՝ Նախիջևանի ԻՍՍՀ–ում) – 24․1․1968, Երևան], հայ սովետական դերասան, մանկավարժ, թատերական գործիչ։ ՀՍՍՀ ժող․ արտիստ (1949)։ Բեմ է բարձրացել Թիֆլիսում, 1897-ին։ Խաղացել է Հ․ Աբելյանի, Սիրանույշի և այլոց խմբերում, կատարել դրամատիկական և բնութագրական դերեր (Վասիլ Լեկապե, Լ․ Շանթի «Կայսր», Գրոսման, Մ․ Յուշկևիչի «Թագավոր», Լուկա, Գորկու «Հատակում»)։ 1919-ին Երևանում բացել է Դրամատիկական ստուդիա։ Աշխատել է Ալեքսանդրապոլի, Բաքվի, Թիֆլիսի թատրոններում, 1929–52-ին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում (Բազազ Արտեմ, «Գիքոր», ըստ Թումանյանի, Սամսոն աղա, «Կրակե օղակում», ըստ Վ․ Անանյանի, Ֆիլիպ արքա, «Թիլ Ուլենշպիգել», ըստ Շ․ դը Կոստերի)։ 1929-ից դասավանդել է Երևանի թատերական ուսումնարանում, տեխնիկումում և ինստ–ում։ Նկարահանվել է կինոյում։ 1966-ին հրատարակել է «Թատերական օրագրեր»-ը։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/619
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ