են Մ– հ–ների Մինիստրների խորհուրդների նախագահները (ՍՍՀՄ սահմանադրություն, հոդված 129), ՍՍՀՄ գերագույն դատարանի կազմի մեջ՝ Մ․ հ–ների գերագույն դատարանի նախագահները (ՍՍՀՄ սահմանադրություն, հոդված 153)։ Մ․ հ–ների դատախազներին, որքանով ՍՍՀՄ–ում դատախազությունը միութենական միասնական համակարգ է, նշանակում է ՍՍՀՄ գլխավոր դատախազը։ Մ․ հ–ների առաջարկով կարող է գումարվել ՍՍՀՄ Գերագույն սովետի արտակարգ նստաշրջան։ Մ․ հ–յան տերիտորիան, առանց նրա համաձայնության, չի կարող փոխվել։ Մ․ հ․ սահմանում է իր երկրամասային, մարզային, օկրուգային ու շրջանային բաժանումը, լուծում է վարչատերիտորիալ կառուցվածքի այլ հարցեր (ՍՍՀՄ սահմանադրություն, հոդված 79)։ Մ․ հ․ իրավունք ունի հարաբերություններ հաստատել օտարերկրյա պետությունների հետ, կնքել պայմանագիր, փոխանակել դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցիչներ, մասնակցել միջազգային կազմակերպությունների գործունեությանը (ՍՍՀՄ սահմանադրություն, հոդված 80)։ Մ․ հ․ ապահովում է տնտ․ և սոցիալական կոմպլեքսային զարգացումն իր տերիտորիայում, նպաստում է այդ տերիտորիայում ՍՍՀ Միության լիազորությունների իրականացմանը, կենսագործում է ՍՍՀՄ պետ․ իշխանության և կառավարման բարձրագույն մարմինների որոշումները։ Մ․ հ․ իր տնօրինությանը վերապահված հարցերում կոորդինացնում և վերահսկում է միութենական ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեությունը։
Գրկ․ Բրեժնև Լ․ Ի․, Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միության հիսնամյակի մասին, Ե․, 1973։ ՍՍՀՄ սահմանադրություն։ ՀՍՍՀ սահմանադրություն։
ՄԻՈՒԹՅԱՆ ՍՈՎԵՏ, ՍՍՀՄ Գերագույնսովետի երկու պալատներից մեկը, որն ի տարբերություն Ազգությունների սովետի, արտահայտում է ՍՍՀ Միության ողջ աշխատավորության ընդհանուր շահերը՝ անկախ ազգությունից։ Ընտրվում է 5 տարի ժամկետով, ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրություններով՝ փակ գաղտնի քվեարկությամբ՝ ըստ հավասար թվով բնակչություն ունեցող ընտրական օկրուգների (ընդամենը՝ 750 օկրուգ)։ Մ․ ս․ ունի նույն իրավունքները, ինչ Ազգությունների սովետը և նույնքան դեպուտատներ։ Ընտրում է նախագահ, նախագահի 4 տեղակալներ, մշտական հանձնաժողովներ։
«ՄԻՈՒԹՅՈՒՆ», հասարակական, քաղաքական և ուսումնական կիսամսյա հանդես։ Զմյուռնիայի Հաշտենից ընկերության հրատարակություն։ Լույս է տեսել 1860-ին, Զմյուռնիայում։ Խմբագիր՝ Ս․ Վանանդեցի։ Պաշտպանել է Ազգային սահմանադրությունը, ձգտել գաղթավայրի միաբանության։ Նպաստել է ազգային լուսավորությանն ու առաջադիմությանը, դրականորեն վերաբերվել Ս․ Ոսկանյանի «Արևմուտք»–ի դիրքորոշմանը։ Լուսաբանել է Զմյուռնիայի վարժարանների, «Վասպուրական թատրոնի» գործունեությունը, ներկայացրել եվրոպական գրականությունը։ Աշխատակցել են Տ․ Սավանալյանը, Գ․ Կոստանդյանը, Հ․ Տետեյանը, Մ․ Մամուրյանը, Ա․ Պալապանյանը, Ղ․ Մամուրյանը, Ս․ Չելեքյանը, Ա․ Ղոնճայանը, Ս․ Փափազյանը և ուրիշներ։ 1861–62-ին հրատարակվել է «Միություն սահմանադրական» անունով։
«ՄԻՈՒԹՅՈՒՆ», Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) պաշտոնաթերթ։ Լույս է տեսել 1912–61-ին (1912–27-ին՝ Կահիրեում, 1928–40-ին՝ Փարիզում, 1947–61-ին՝ Նյու Յորքում)։ 1961-ին«Մ․»-ի և «Հուշարար»-ի միավորումով ստեղծվել է «Հուշարար–Միություն»-ը, որը պահպանել է «Մ․»-ի համարակալությունը։
«ՄԻՈՒԹՅՈՒՆ», գրական–գեղարվեստական, հասարակական շաբաթաթերթ։ Ընդհանուր հայ աշակերտական միության օրգան։ Լույս է տեսել 1917–19-ին, Թիֆլիսում։ Խմբագիրներ՝ Գ․ Աբովյան, Ս․ Էլբակյան։ Լուսաբանել է դպրոցական կյանքը Անդրկովկասում, արծարծել կրթության և դաստիարակության հարցեր։ Մեծ ուշադրություն է նվիրել մայրենի լեզվով ծրագրերի ստեղծմանն ու կատարելագործմանը, պարբերաբար անդրադարձել հայոց լեզվի ու գրականության, պատմության, աշխարհագրության և այլ առարկաների ուսուցման խնդիրներին՝ այդ նպատակով մեթոդական օգնություն ցույց տվել ուսուցիչներին։ «Մ․» տպագրել է լուրեր Անդրկովկասի մշակութային, գրական, հասարակական կյանքից, գեղարվեստական ստեղծագործություններ, բանավիճային հոդվածներ։ Աշխատակցել են Գ․ Քացաղյանը, Ա․ Քանանյանը, Ա․ Ամիրխանյանը, Հ․ Շեկոյանը և ուրիշներ։
«ՄԻՈՒԹՅՈՒՆ», հասարակական, քաղաքական և գրական շաբաթաթերթ։ Պաղեստինահայ առաջադիմական ընկերակցության հրատարակություն։ Լույս է տեսել 1945–47-ին, Հայֆայում (Պաղեստին)։ Խմբագիր՝ Հ․ Մարտիրոսյան (1947-ին՝ խմբագրական կոլեգիա)։ Լուսաբանել է Մերձավոր Արևելքի (հատկապես Պաղեստինի) հայ գաղթավայրերի կյանքը։ Ներկայացրել է ՀՍՍՀ տնտեսության, գիտության ու մշակույթի նվաճումները, ծանոթացրել սովետական մյուս հանրապետությունների կյանքին։ Մեծ տեղ է հատկացրել ներգաղթին։ Հանդես է եկել դաշնակցության դեմ, անդրադարձել միջազգային դրությանը, Պաղեստինի քաղ․ կացությանը։ Տպագրել է նաև առողջապահական հոդվածներ, մարզական լուրեր։
«ՄԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ», բուրժուա–կալվածատիրական նացիոնալիստական կուսակցություն Թուրքիայում։ Տես Երիտթուրքեր։
«ՄԻՈՒԹՅՈՒՆ Ի ՓՐԿՈՒԹՅՈՒՆ», հայ ազգային–ազատագրական խմբակ։ Հիմնադրվել է 1872-ի մարտին, Վանում, Մկրտիչ Ա Վանեցու և Գ․ Սրվանձտյանի ազատագրական գաղափարախոսության ազդեցությամբ՝ թուրք և քուրդ հարստահարիչների դեմ պայքարի նպատակով։ Խմբակի ղեկավարներ Հ․ Կալոյանը և Ն․ Շիրվանյանը 1872–ի մայիսին այցելել են Երևան ու Թիֆլիս, Կովկասի փոխարքային հայտնել ռուսահպատակություն ընդունելու իրենց ցանկությունը, խնդրել օգնություն։ Օսմանյան բռնակալության դաժան պայմաններում, գոյատևելով մոտ 2 տարի, խմբակը զգալի աշխատանք է կատարել Վանի և շրջակա գյուղերի բնակիչների մեջ ազատագրական գաղափարների տարածման գործում։
ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՒՆ Մոսկվայում, հասարակական շենք, ռուսականկլասիցիզմի ճարտարապետական հուշարձան։ Կառուցել է ճարտ․ Մ․ Կազակովը (մինչև 1775-ը) իշխան Վ․ Մ․ Դոլգորուկի-Կրիմսկու համար։ 1784-ին, երբ շենքը դարձել է «Ազնվական հավաքի» ժողովատեղի, Կազակովը այն ընդլայնել է, փոխել հատակագիծը, ներքին բակի փոխարեն կառուցել նշանավոր Սյունազարդ դահլիճը (24,8X39,5 մ, բարձրությունը՝ 14,5 մ)։ 1812-ի հրդեհից հետո շենքը վերականգնել է ճարտ․ Ա․Բակարյովը, 1903–08-ին այն վերակառուցել է ճարտ․ Ա․ Մեյսները։ 1917-ին, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, շենքը տրվել է արհմիութենական կազմակերպություններին։ Այն դարձել է սովետական գրականության և արվեստի պրոպագանդայի կենտրոն, որտեղ անց են կացվում հանդիսավոր երեկոներ, դասախոսություններ, արտադրության առաջավորների և նորարարների երեկոներ, երիտասարդության և պիոներների համար միջոցառումներ։ 1917-ին առաջին անգամ այստեղ անց է կացվել Նոր տարվա տոնածառի հանդես, որը 1935-ից դարձել է ավանդական։
Սյունազարդ դահլիճում են գումարվում Սովետների, արհմիությունների, գրողների և կոմպոզիտորների համագումարները։ Այստեղ են կայացել Կոմինտերնի, ԿԻՄ–ի կոնգրեսները, միութենական խորհրդակցություններ։ 1918–22-ին ավելի քան 40 անգամ ելույթ է ունեցել Վ․ Ի․ Լենինը։ 1924-ի հունվարի 23–27-ը Մ․ տ–ան Սյունազարդ դահլիճում է դրվել Վ․ Ի․ Լենինի աճյունը։
ՄԻՔԱՅԵԼ, Բյուզանդիայի կայսրեր։ Հիշատակության արժանի են․
Մ․ I Ռանգաբե, կայսր 811–813-ին։ Հաջորդել է Նիկեփորոս I-ին։ Սիրաշահել է իր նախորդից հալածված կղերին և ավագանուն, հալածել պավլիկյաններին։ Չկարողանալով լուծել ներքին ու արտաքին քաղաքականության շատ հարցեր՝ հրաժարվել է գահից։
Մ․ II Թլվատ Ամորիացի, կայսր 820–829-ին։ Ամորիական դինաստիայի հիմնադիրը։ Թեև օժանդակել էր Լևոն V Հայկազնին գահ բարձրանալու, 820-ին դավադրաբար սպանել է նրան և տիրել գահին։ Ձգտել է մեղմել պատկերամարտների և պատկերապաշտների հակամարտությունը, ճնշել է Թովմա Գազիրացու (Թովմա Սլավոն) ապստամբությունը։ Պարտություն է կրել բուլղարների դեմ պատերազմում։
Մ․ III, կայսր 842-ից։ Ամորիական դինաստիայից։ Բյուզ․ կայսր Թեոփիլոսի և հայազգի Թեոդորայի որդին։ Սկզբնապես թագավորել է մոր և մոր ազգականների խնամակալությամբ։ Սպանվել է
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/623
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ