Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1973-ից ուսուցումը ձրի է։ Գրադարաններից են՝ համալսարանինը (ավելի քան 250 հզ․ գիրք), Ճ–ի ուսումնասիրության ինստ–ին (Կինգսթոն) կից հանրայինը (1879, ավելի քան 30 հզ․ գիրք)։ Թանգարաններից են բնապատմական, գեղարվեստի և պատմության, գեղարվեստական պատկերասրահը։
Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը։ 1980-ին Կինգսթոնում լույս են տեսել ավելի քան 40 թերթ ու հանդես։ Խոշորագույններն են՝ «Դեյլի գլիներ» («Daily Gleaner», 1834-ից), «Սթար» («Star», 1951-ից), «Ջամայկա դեյլի նյուս» («Jamaica Daily Mews», 1973-ից) օրաթերթերը, «Վոյս օֆ Ջամայկա» («Voice of Jamaica», 1952-ից) շաբաթաթերթը, «Կարիբիըն չալլինջ» («Caribbean Challenge», 1957-ից) ամսագիրը։
Ռադիոհաղորդումները իրականացնում են «Ճամայկայի ռադիո» (1950-ից) և «Ջամայկա բրոդքասթինգ քորփորեյշըն» (1959-ից) ընկերությունները։ Հեռուստատեսությունը գործում է 1963-ից։
Գրականությունը։ Զարգանում է անգլերենով և Ճ–ի կրեոլերենով։ Անգլերենով գրականությունն առաջացել է XVIII դ․։ Ազգային թեման առաջին անգամ արտացոլվել է «Մառլին կամ Պլանտատորների կյանքը Ճամայկայում» (1828) անստորագիր վեպում, Տ․ Ռեդկամի (Տ․ Գ․ Մակ–Դերմոտ, 1870–1933) պոեզիայում և դրամատուրգիայում և Գ․ Ջ․ դը Լիսսերի (1878–1944) վեպերում։ Գրականության վերելքն սկսվել է երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45) հետո՝ կապված ազգային–ազատագրական շարժման վերելքի հետ։ Աշխատավորության մասին պատմող սոցիալական վեպերով հանդես է եկել Ռ․ Մեյսը (1905–55)։ Ազգային–ազատագրական պայքարին են նվիրված Վ․ Ռիդի (ծն․ 1913) վեպերը։ Ժամանակակից Վեստ Ինդիայի կյանքն են պատկերում Ջ․ Հիրնի (ծն․ 1925) և Օ․ Պատերսոնի (ծն․ 1940) վեպերը։ Կ․ Մակ–Կեյը (1890–1948) իր բանաստեղծություններում ու արձակում մարմնավորել է ճամայկացի նեգրերի վիշտն ու զայրույթը։ Ու․ Ռոբերտսի (1886-1962), Ֆ․ Շերլոկի (ծն․ 1902), Դ․ Քեմփբելլի (ծն․ 1917), Հ․ Կարբերիի (ծն․ 1928) բանաստեղծություններում հնչում են հայրենի բնության և ազգային պատմության թեմաները։ Հայտնի են Տ․ Ռոնի (ծն․ 1940) պիեսները։
Ճարտարապետությունը և կերպարվեստը։ Ճ–ի արվեստում եվրոպական, հիմնականում անգլ․, մշակույթի ազդեցությունը զուգորդված է աֆրիկյան ժողովուրդների ավանդույթներին։ XVII–XVIII դարերից պահպանվել են միահարկ քարե ն աղյուսե կառույցներ։ XIX դ․ կեսից գերիշխել են երկհարկանի փայտե տները։ XX դ․ կառուցվում են ժամանակակից շենքեր։ XX դ․ կեսից զարգանում է պրոֆեսիոնալ կերպարվեստը։ Ժող․ ավանդական արհեստներն են փայտի փորագրումը, գեղարվեստական մետաղամշակումը։
Գրկ․ Булавин В․ И․, Ямайка, М․, 1968; Аникина Е․, Особенности экономического и политического развития Ямайки, «Латинская Америка», 1973, № 3; Современная Вест-Индская новелла, М․, 1975․
ՃԱՄԲԱՐ ռազմական, բնակավայրերից դուրս բանակատեղ, որը հատկապես սարքավորվում է զորքերի ուսումնավարժական խնդիրներին համապատասխան։ Ճ–ները հայտնի են հնագույն ժամանակներից։ Եղել են երթային և երկարաժամկետ։ Ճ–ներ ստեղծելու ն սարքավորելու արվեստը, որը հետագայում կիրառել են նաև մյուս ժողովուրդները, մեծ զարգացման է հասել Հին Հռոմում։
Ռուսաստանում Ճ–ի ստեղծման և ամրացման կանոնադրությունը շարադրվել է 1607–21-ին․ Պետրոս I-ի օրոք զորքերը առաջին անգամ դուրս են բերվել ուսումնա–վարժական Ճ–ներ։ XIX դ․ 2-րդ կեսից հրետանու և ոչնչացման այլ միջոցների զարգացման համեմատ, անհրաժեշտ է եղել տարակենտրոնացնել զորքերը մարտում և Ճ., որպես զորքի ամրացված կայան, կորցրել է իր նշանակությունը։
Սովետական զինված ուժերում (նաև մյուս երկրների բանակներում) կան ուսումնական ճ–ներ և կենտրոններ, որոնք կարևոր դեր են կատարում դաշտային պայմաններում զորքերի պատրաստության գործում։Մ․ Կարապետյան ՃԱՄԲԱՐԱԿԻ ԼԵՌՆԱՆՑՔ, գտնվում է Հայկական ՍՍՀ–ում, Միափորի լեռնաշղթայի արևելյան մասում, 2060 մ բարձրության վրա։ Միացնում է Խնձորուտ և Գետիկ գետերի ավազանները։
ՃԱՅ (Garrulus glandarius), չարդ ճնճղուկազգիների կարգի ագռավների ընտանիքի թռչուն։ Մարմնի երկարությունը 34 սմ է, քաշը՝ մինչև 160 գ։ Ճակատը սպիտակավուն է, գագաթը սև, մարմինը բաց մոխրաշիկավուն, պոչը սպիտակ։ Թևի վերին մեծ ծածկափետուրները երկնագույն են, սև շերտերով, առաջին կարգի թափահարող փետուրները՝ սև։ Բնադրում է ծառերին, դնում 5–7 խայտաբղետ ձու։ Թխսում են և՛ էգը, և՛ արուն (16–17 օր)։ Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայի հս–արմ–ում, ՍՍՀՄ–ում՝ հիմնականում Ղրիմի և Կովկասի անտառներում, որտեղից ձմռանը քոչում է։ ՀՍՍՀ անտառներում և այգիներում հանդիպում է կովկասյան Ճ․։ Սնվում է միջատներով ու թրթուրներով, հատապտուղներով, սերմերով, անտառներում՝ հիմնականում կաղինով, որը ձմռան համար թաղում է հողում և այդպիսով նպաստում կաղնու տարածմանը։
ՃԱՆԱՇՅԱՆ Մեսրոպ (Պետրոս) Գևորգի (11․1․1908, Անկարա – 13․4․1974, Վենետիկ), գրականագետ, բանաստեղծ, թարգմանիչ։ Սկզբնական կրթությունն ստացել է Վենետիկի Մուրատ–Ռափայելյան վարժարանում։ Այնուհետև սովորել է Մխիթարյան միաբանության դպրոցում (1923–27), Հռոմի Ա․ Անսելմոսի համաւսարանի փիլ․ (1928–31) և աստվածաբանության (1931–1935) ֆակուլտետներում։ Մխիթարյան միաբանության անդամ 1931-ից։ 1937-ին տեղափոխվել է Փարիզ, դասավանդել հայկ․ վարժարաններում։ 1939–42-ին եղել է Վենետիկի վարժարանի տնօրենը, 1942-ից, որոշ ընդմիջումներով՝ «Բազմավեպ»-ի խմբագիրը, 1955–69-ին՝ նաև տպարանապետը։ 1953-ին Ճ․ հրատարակել է «Պատմություն արդի հայ գրականության» մեծածավալ աշխատության 1-ին հատորը, 1973-ին՝ «Հայ գրականության նոր շրջանի համառոտ պատմությունը»։ Առանձին գրքերով լույս է ընծայել «Լորդ Բայրոնը Ս․ Ղազարում» (ֆրանս․ 1960), «Սայաթ–Նովա» (1964), «Ս․ Ներսես Շնորհալիի շարականները» (1973) և այլ գրական ուսումնասիրություններ։ Տպագրել է «Հոգետավիղ» (1954), «Լուսաղբյուր» (1960), «Մեսրոպական» (1963, նվիրված Մեսրոպ Մաշտոցին), «Փշրված քնար» (1973, նվիրված Պ․ Դուրյանին) բանաստեղծությունների ժողովածուները։ Կազմել է «Ծաղկաքաղ արդի հայ գրականության» (հ․ 1–2, 1957–60) հատընտիրը, «Հայկական մանրանկարչություն» (1966) ալբոմը (արվեստաբան Մ․ Տեր–Ներսեսյանի առաջաբանով)։
Ճ․ իտալ․ է թարգմանել հայ գրողների մի շարք չափածո գործեր, որոնք լույս են տեսել «Արդի հայ բանաստեղծություն» (1963) գրքով։ Նախաբանում հակիրճ տվել է հայ գրականության անցած ուղին։
Երկ․ Փոլ Վալերի և իր բանաստեղծությանը, Վնտ․, 1947։ Alcuni canti popolari ed inni sacri armeni, Venezia, 1952; Canzoniere di Sayath-Nova, Venezia, 1964; Inni sacri di S․ Nerses il Grazioso, Venezia, 1973.Խ. Կարադելյան ՃԱՆԱՉՈՂ ՄԵՔԵՆԱ, ազդանշանների ճանաչման տեխնիկական համակարգ։ Ազդանշանները կերպարի, պատկերի կամ որևէ իրադրության կարևոր հատկանիշների համախումբ են՝ ներկայացված էլեկտրական մեծություններով։ Կերպարի կարևոր հատկանիշների համախումբը կոչվում է էտալոն։ ճանաչումը կատարվում է ընթացիկ պատկերի պատկանելիության որոշումով՝ կերպարի նախօրոք մշակված էտալոնի հետ պատկերի համեմատմամբ։ Ճանաչման մեթոդները կիրառություն են գտել գործնական խնդիրների լուծման բնագավառներում․ 1․ տառերի և թվանշանների ճանաչում՝ հաշվողական մեքենաների հիշողության մեջ տվյալներ ներմուծելու համար, 2․ բանավոր խոսքի բառերի ճանաչում՝ ավտոմատների կառավարման և հաշվողական մեքենա տվյալների ներմուծման համար, 3․ հիվանդությունների ախտորոշում, 4․ մեքենաների անսարքությունների որոշում, 5․ երկրաբանական հետախուզության տվյալների մշակում, 6․ ռադիոլոկացիոն ազդանշանների մշակում, 7․ կենդանի բջիջների ավտոմատ դասակարգում, 8․ տարրական մասնիկների հետքերի պատկերների մշակում ֆիզիկական փորձերում, 9․ արբանյակների նկարահանումների մշակում, 10․ տիեզերական նկարահանումների մշակում ևն։ Առավել հեշտ խնդիրները լուծվում են նկարագրության և դասակարգման (էտալոնի հետ համեմատելու) միջոցով։ Բարդ խնդիրների լուծման համար օգտագործվում են ուսուցման