Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/630

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Մ․ Ա–ու անունով մեզ հայտնի է հինգ ձեռագիր, որոնցից չորսը գտնվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում (Հոռոմոսի վանքում ընդօրինակված՝ Սամուել Անեցու «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց», ԺԳ դ․, ձեռ․ ․№ 3613, և Սուլթանիայում ընդօրինակված՝ 1321 թ․ ժողովածու, ձեռ․ № 2961, 1338 թ․ Աստվածաշունչ, ձեռ․ № 4429, 1356–1357 թթ․ Ավետարան, ձեռ․ № 7740)։ Երուսաղեմում է գտնվում 1356 թ․ Ավետարանը (Ս․ Հակոբյանց վանքի մատենադարան, ձեռ․ № 1941)։ Մ․ Ա–ու պատկերազարդած ձեռագրերում մասամբ զգացվում է Ավագի և նաև նոր միջավայրի ազդեցությունը։
Գրկ․ Հովսեփյան Գ․, Մխիթար Անեցի գրիչ ն նկարիչ, «Հասկ» հայագիտական տարեգիրք, Անթիլիաս, 1948, էջ 192–221։Ա․ Գևորգյան ՄԽԻԹԱՐ ԳՈՇ [1120-ական թթ․, գ․ Գանձակ (այժմ՝ Կիրովաբադ) – 1213, Նոր Գետիկ վանք (այժմ՝ Գոշավանք, Իջևանի շրջանի Գոշ գյուղում)], հայ մտածող–գիտնական, օրենսդիր, առակագիր, մանկավարժ, հասարակական գործիչ։ Սովորել սկսել է ծննդավայրում։ Չափահաս դառնալով՝ ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Աշակերտել է Հովհաննես Տավուշեցուն և ուրիշ գիտնականների, ստացել վարդապետի կոչում։ Այնուհետև Մ․ Գ․ գնացել է Կիլիկիա․ թաքցնելով վարդապետական աստիճան ունենալը, ուսանել է Սև լեռան երևելի գիտնականների մոտ և վերստին ստացել վարդապետի աստիճան։ Վերադառնալով հայրենիք՝ սկզբում ապրել է Գանձակում, ապա տեղափոխվել Խաչեն, այստեղից էլ՝ Գետիկ վանքը։ Որոշ ժամանակ անց երկրաշարժից ավերվել են վանքն ու շրջակա գյուղերը։ Ամիրսպասալար Զաքարե (տես Զաքարե Բ Մեծ) և Իվանե Զաքարյան (տես Իվանե Ա) իշխանների հովանավորությամբ և օժանդակությամբ Գետիկից ոչ հեռու՝ Տանձուտա ձորում կառուցել է Նոր Գետիկ վանքը և հանգրվանել այնտեղ։ Մ․ Գ–ի իմաստության համբավն այնքան է հռչակվել, որ շատերը (նույնիսկ վարդապետներ) հեռավոր վայրերից եկել են աշակերտելու նրան։ Մեծարվել է «այր իմաստուն և հեզ, վարդապետական ուսմամբ հռչակեալ», «մեծ վարդապետ», «հռչակաւորն և մեծիմաստն գիտութեամբ»։ Մ․ Գ․ մեծ հեղինակություն է վայելել ոչ միայն մտավորականների, այլև ժամանակի քաղ․ ու պետ․ գործիչների շրշանում, եղել է Զաքարե Երկայնաբազուկի խոստովանահայրն ու խորհրդատուն։ Միջնադարում նրա մասին պատմվել են ավանդություններ, որոնց մեջ նա սրբացվել է։
Մ․ Գ–ի գրչին են պատկանում մատենագրության զանազան ճյուղերին վերաբերող մոտ մեկ տասնյակ աշխատություններ․ «Համառօտ մեկնութիւն մարգարեութեանն Երեմիայի», «Ողբք ի վերայ բնութեանս՝ ի դիմաց Ադամայ առ որդիս նորա», «Յայտարարութիւն ուղղափառութեան հաւատոյ ընդդէմ ամենայն հերձուածողաց՝ ի խնդրոյ մեծ զօրավարին Զաքարէի և եղբօր իւրոյ» («Արարատ», ամսագիր, 1900–1901), «Թուղթ խրատականք», «Շարք հայրապետացն Աղուանից», աղոթքներ, «Վկայութիւն սրբոյն Խոսրովայ», առակներ, «Դատաստանագիրք հայոց» (հրատարակված են վերջին յոթը, իսկ երկրորդը մեզ չի հասել)։ Ուշագրավ են «Յայտարարութիւն»-ը, որ Զաքարեին և Իվանեին ուղղված գրություն (նամակ) է, որով հեղինակը հորդորել է նրանց մեղմելու հայ և վրաց եկեղեցիների տարբերությունների պատճառով եղած բամբասանքների ազդեցությունը այդ երկու ժողովուրդների քաղ․ համակեցության վրա, և «Շարք հայրապետացն Աղուանից»-ը, միակ աղբյուրը, որտեղ համառոտ շարադրված է Աղվանքի XI–XII դդ․ պատմությունը։
Բացառիկ արժեք են ներկայացնում Մխիթար Գոշի Դատաստանագիրքն ու առակների ժողովածուն։ Եթե Մ․ Գ․ հասարակական կյանքում տեղի ունեցած փոփոխությունները, մարդկային–ընկերակցական նոր առաջ եկած հարաբերությունները Դատաստանագրքում աշխատում է կարգավորել օրենսդրական միջոցներով, ապա առակներում նույն նպատակին ձգտում է հասնել խրատական միջոցներով։ Մ․ Գ–ի առակների նյութը հիմնականում հասարակական ու կենցաղային խնդիրներն են, դասակարգերի, դասերի ու խավերի, անհատների փոխհարաբերության հարցերը, որոնք նոր էին հայ գրականության մեջ։ Այստեղ արտացոլված է դարաշրջանի հասարակության պատկերը բազմազան գծերով։ Առակագիրը շոշափում է սոցիալական խնդիրներ, որով նրա ժողովածուն առանձին կարևորություն է ստանում ժամանակի սոցիալ–պատմական իրադրության պարզաբանման համար։ Մի շարք առակներում երևում է հասարակական շերտավորումը և սոցիալական պայքարի առկայությունը։ Մարդիկ դատում ու դատապարտում են իշխաններին, տրտնջում թագավորներից, նույնիսկ՝ աստծուց։ Սակայն, հեղինակի կարծիքով, ժողովուրդը պետք է հնազանդվի իշխողներին, իսկ վերջիններս պարտավոր են նրան պահպանել օտար կեղեքիչներից ու վտանգից։ Մ․ Գ․ ձգտում է մեղմել մի կողմից՝ հնազանդյալների ու տերերի հակամարտությունը, մյուս կողմից՝ աշխարհիկ ու հոգևոր իշխողների հակասությունները՝ ազգային ուժերը համախմբելու և արտաքին թշնամու դեմ կենտրոնացնելու նպատակով, մի նպատակ ու պահանջ, որով պայմանավորված էր նաև նրա Դատաստանագրքի երևան գալը։ Առակներում ևս Մ․ Գ․ կենտրոնացած ուժեղ պետականության գաղափարն է արծարծում։ Այստեղ այլաբանորեն կոնկրետ մարդն է նկարագծվում՝ իբրև գյուղացի, քաղաքացի, ազնվական–իշխան, արհեստավոր, կրոնավոր, թագավոր ևն՝ իր կեցության առանձնահատկություններով։ Մ․ Գ․ իր ժողովածուն կազմել է ուսուցողական նպատակներով։ Նրա համար առակը հրապարակախոսության միջոց է՝ դրվատելու առաքինությունները, ծաղրելու պակասությունները, հիմարությունն ու տգիտությունը, խարազանելու չարիքը։ Ժողովածուն ունի կուռ կառուցվածք, պարունակում է 190 առակ, որոնք երեք գլխավոր բաժիններում («առակք բարոյականք», «առակք առասպելականք» և «առակք ստեղծականք») դասավորված են որոշակի կարգով ըստ գործող անձանց կամ նյութի՝ երկնային մարմիններ ու երկիր, տնկիներ ու ծառեր, բույսեր ու ծաղիկներ, սերմեր ու բանջարներ, մրգեր, լեռ, գետ, աղբյուր, ջրային ու ցամաքային կենդանիներ, թռչուններ, մարիկ։ Բարոյականք կոչված առակների նյութը բույսերի ու կենդանիների հատկություններն են, բարքը, որ հեղինակը դնում է իբրև առակի պատմողական մաս և դրանից հանում բարոյախոսական եզրակացություն։ Այդ պատճառով էլ այս խմբի առակները մեծ մասամբ սակավ գործողությամբ այլաբանական համեմատություններ են։ Գործողությունն ուժեղ է առասպելական և ստեղծական կոչված առակներում, որոնց նյութը քաղված է կենդանիների ու մարդկանց կյանքից։ Բոլոր դեպքերում պատմվածքի մասը ծավալուն չէ։ Առասպելական, մասամբ և ստեղծական առակներում Մ․ Գ․ վերցնում է այնպիսի գործող անձինք, որոնց սոսկ անունները պատրաստի հասկացություններ են․ աղվես՝ խորամանկություն, նապաստակ՝ վախկոտություն, արջ (կամ գայլ)՝ միամտություն–հիմարություն ևն։ Նրա առակների ժողովածուն առաջին արձակ ստեղծագործությունն է հայ գրականության մեջ, որ գրված է իբրև գրական-գեղարվեստական երկ։ Այս իմաստով Մ․ Գ․ գեղարվեստական արձակի հիմնադիրն է հայ գրականության մեջ։
Մ․ Գ–ի ժողովածուով XII դ․ հայ գրականության մեջ մուտք է գործել ժող․ բանարվեստի տեսակը՝ առակը, որն իր հետ բերել է նաև ժող․ ոգի ու մտածողություն, ազդարարելով գրականության աշխարհականացման մի կարևոր փուլ։
Մ․ Գ–ի առակներն առաջին անգամ հրատարակվել են 1790-ին Վենետիկում, թարգմանվել են ֆրանս․ և ռուս․։
Երկ․ Կաթողիկոսք և դէպք Աղուանից աշխարհին ի մեջ ԺԲ դարու, տես Ալիշան Ղ., Հայապատում, մաս 2, Վնտ․, 1901։ Առակներ։ Տեքստը ձեռագրերի համեմատությամբ և ներածությունը Էմ․ Պիվազյանի, Ե․, 1951։ Գիրք դատաստանի, Ե․, 1975։
Գրկ․ Աբեղյան Մ․, Երկեր, հ․ 4, Ե․, 1970։ Mapp H․, Сборники притч Вардана, ч․ 1, Исследование, СПБ, 1899; Орбели И․, Басни средневековой Армении, Избр․ труды, т․ 1, М․, 1968․Էմ․ Պիվազյան ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ԴԱՏԱՍՏԱՆԱԳԻՐՔ, հայ իրավունքի հուշարձան, կազմել է Մխիթար Գոշը՝ 1184-ին։ Ճիշտ անվանումն է «Գիրք Դատաստանի»։ Պահպանվել են բազմաթիվ ձեռագրեր (շուրջ 40-ը՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում)։ Գրվել է դասակարգային հակասությունները մեղմացնելու, ժողովրդի ազգային–ազատագրական ոգին բարձրացնելու նպատակով։ Հայտնի են դատաստանագրքի Ա, Բ, Գ խմբագրությունները։ Ա խմբագրությունը բաղկացած է նախադրությունից և բուն դատաստանագրքից (251 հոդված)։ Բ խմբագրությունը բաժանվում է աշխարհական (130 հոդված) և եկեղեցական մասերի (124 հոդված)։ Գ խմբագրությունը նույնանում է Ա–ի հետ, սակայն համառոտ է և տարբերվում է ըստ