նրա սկզբունքները։ Մ․ Հ–ու երկերում «մեծ փիլիսոփա Սինայի որդու» (Աբու Ալի Իբն–Սինա) «Կանոնից» քաղումները բազմաթիվ են, ու նրա նման Մ․ Հ․ ևս բնության երևույթների նկատմամբ մատերիալիստական մոտեցում, ինքնուրույն մտածողություն և հելլենիստական դպրության նկատմամբ մեծ սեր է ունեցել։ Համաշխարհային բժշկության ու բնագիտության պատմության մեջ բժշկապետի դերը բարձր է գնահատել նրա երկի գերմաներեն թարգմանող Է․ Զեյդելը։
Մ․ Հ–ու գիտական ժառանգության մեկուկես դար առաջ սկսված ուսումնասիրությունը թևակոխել է մի նոր փուլ, բուսաբուժության բնագավառում մեծ բժշկապետի հարուստ փորձը ժամանակակից բժշկության համար լուրջ ուշադրության և հետազոտման առարկա է դարձել։ «Ջերմանց մխիթարություն» աշխատությունն առաջին անգամ հրատարակվել է Վենետիկում՝ 1832-ին, 1955-ին՝ Երևանում (ռուսերեն) ընդարձակ ուսումնասիրությամբ և ծանոթագրություններով։
Երկ․ Утешение при лихорадках, 2 изд․, доп․, Е․, 1968; Seidel Е․, Mechitar’s des Meisterarztes aus Her «Trost bel Fiebem», Lpz․, 1908․
Գրկ․ Ներսես Շնորհալի, Բանք չափաւ, Վնտ․, 1928, էջ 301–324։ Ալիշան Ղ․, Շնորհալի և պարագայ իւր, Վնտ․, 1873, էջ 257–260։ Հովնանյան Ղ․, Հետազոտութիւնք նախնեաց ոամկօրէնի վրայ, մաս 1, տետր 1, Վնն․, 1897, էջ 67–91։ Կծոյան Ա․ Ս․, Մխիթար Հերացի, Ե․, 1968։ Оганесян Л․ А․, История медицины в Армении, ч․ 2, Е․, 1946, с․ 74–142; Torkomian Y․, Un Medecin Armenien du XII Siecle, Mekhithar de Her, «Revue Scientifique», P․, 1899, 30 sep․
ՄԽԻԹԱՐ ՀՅՈՒՍՆ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), միջնադարյան հայ ճարտարապետ։ 1188–1208-ին կառուցել է Գոշավանքի համալիրի մեծ մասը։ Մ․ Հ–ի կառուցած առաջին՝ Գրիգոր Լուսավորիչ կոչված եկեղեցին (չի պահպանվել) եղել է փայտակերտ (այստեղից էլ՝ նրա «Հյուսն» մականունը), որը Գոշավանքի սան Կիրակոս Գանձակեցին անվանում է «գեղեցկային»։ 1191–1196-ին Մ․ Հ․ կառուցել է Գոշավանքի գլխավոր Ս․ Աստվածածին եկեղեցին։ Ճարտ–ի բարձր հեղինակության վկայություն է նրան անձնական արձանագրության տեղ հատկացնելը եկեղեցու ներսում։ Կիրակոս Գանձակեցու վկայությամբ Մ․ Հ․ Մխիթար Գոշի հանձնարարությամբ կառուցել է նաև վանքի Ս․ Հովհաննես Կարապետ փոքր եկեղեցին, Ս․ Առաքելոց և Ս․ Հռիփսիմե (մուտքի ճակատի արձանագրության մեջ կառուցման թիվն է ու ճարտ–ի անունը) մատուռները, Ս․ Հոգի փայտակերտ և Ս․ Համբարձման եկեղեցիները, Ս․ Աստվածածին եկեղեցու գավիթը։ Վերջինիս ներսում, կամարներից մեկի վրա Մ․ Հ–ի թողած հիշատակարան–արձանագրությունն է՝ իր կյանքի ու գործունեության համառոտ ամփոփումը։ Մ․ Հ․ կառուցել է նաև մի այլ քարաշեն ժամատուն՝ փայտակերտ վերնահարկով, սկսել է գմբեթավոր նոր եկեղեցու շինարարությունը, որն ընդհատվել է և ավարտվել միայն 1231-ին։ Մ․ Հ․ միջնադարյան Հայաստանի այն սակավաթիվ ճարտ–ներից է, որն իր ժամանակ արդեն գնահատվել է որպես մշակույթի տաղանդավոր գործիչ, և որի անվան հիշատակությունը պահպանվել է թե՛ իր ստեղծած բազմաթիվ հուշարձանների վրա, թե՛ պատմիչի (Կիրակոս Գանձակեցի) մոտ։
Գրկ․ Բարխուդարյան Ս․, Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե․, 1963։
ՄԽԻԹԱՐ ՍԱՍՆԵՑԻ (Կերմանեցի), (XIII դ․ 60-ական թթ․, Կերմանց – 1337, Մեծոփավանք), մատենագիր, մանկավարժ: Սովորել է Ապահունիքի Կերմանց գյուղում, ապա՝ Քաջբերունիքի Մեծոփավանքում, ուր և ձեռնադրվել է քահանա։ 1282–85-ին ուսումը շարունակել է Գլաձորի համալսարանում, աշակերտել Ներսես Մշեցուն և Եսայի Նչեցուն։ Որպես համալսարանի առաջին շրջանավարտ նրան շնորհվել է վարդապետական աստիճան։ Վերադառնալով Մեծոփավանք ծավալ ել է գիտամանկավարժական, գրչական և քարոզչական բեղմնավոր գործունեություն։ Մ․ Ս–ուց մեզ է հասել տասը ձեռագիր, որոնցից չորսը գտնվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում (№ № 193, 952, 1180, 3606), երկուսը՝ Երուսաղեմում ևն։
Գրկ․ Հովսեփյան Գ․, Մխիթար Սասնեցի, Վաղ–պատ, 1899։
ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ (7․2․1676, Սեբաստիա – 27․4․1749, Վենետիկ), հայ հասարակական, գիտական, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան միաբանության հիմնադիրը։ Պետրոսի և Շահրիստանի որդին։ Մկրտության անունը՝ Մանուկ։ 1685– 91-ին սովորել է ծննդավայրի Ս․ Նշան, 1691–92-ին՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693-ին մեկնել է Բերիա (Քաղիբոն, Հալեպ), ծանոթացել միսիոներների հետ։ 1696-ին ձեռնադրվել է քահանա, 1699-ին՝ վարդապետ։ Դեռ վաղ տարիքում մտադրվել է հիմնել կրոն, միաբանություն՝ հայ ժողովրդի «հոգևոր և իմացական կարիքները» հոգալու համար։ 1697-ին մեկնել է Կ․ Պոլիս՝ Խաչատուր Կարնեցու հետ իր ծրագրած միաբանությունը հիմնելու ակնկալությամբ։ 1698-ին Մարզվանում և Կարինի Կարմիր (Հնձուց) վանքի դպրոցում զբաղվել է ուսուցչությամբ; 1700-ին վերստին անցել է Կ․ Պոլիս, իր շուրջը համախմբել մոտ 15 աշակերտ և գաղտնի, խուսափելով լուսավորչական եկեղեցու հալածանքներից, կաթոլիկություն քարոզել նրանց։ Միաժամանակ հրատարակության է պատրաստել կրոն. բնույթի մի քանի գրքեր։ 1701-ի սեպտ․ 8-ին համախոհների և աշակերտների հետ ժողով է գումարել, հիմնել միաբանություն (Մ․ Ս–ու մահվանից հետո կոչվել է նրա անունով), հաստատել կանոնադրությունը։ 1703-ին մեկնել է Մորեա (Հին Պելոպոնես) և միաբանության վայր ընտրել Վենետիկին ենթակա Մեթոն բերդաքաղաքը։ 1705-ին այցելել է Հռոմ, ձեռք բերել տեղական իշխանության համաձայնությունը՝ Մորեայում վանք հիմնելու համար։ 1706-ից իր տաս աշակերտով ձեռնամուխ է եղել վանքի կառուցման աշխատանքներին։ Սակայն Մ․ Ս․ ամբաստանվել է Հռոմի պապի առաջ, որի հետևանքով չեն հաստատվել միաբանության համար իր կազմած կանոնները, և հարկադրաբար ընդունել է Բենեդիկտյան ուխտի կանոնները։ Խուսափելով թուրք. առաջիկա հարձակումից՝ Մ․ Ս–ու միաբանությունը 1715-ին տեղափոխվել է Վենետիկ և 1717-ի սեպտ․ 8-ին ծերակույտի արտոնագրով հաստատվել Ս․ Ղազար կղզում։ Իր իսկ գծագրերով կառուցել է վանք, եկեղեցի և օժանդակ շինություններ։ Այնուհետև համառ ու հետևողական գործունեություն է ծավալել՝ պատրաստելու այնպիսի միաբան–գործիչներ, որոնք ընդունակ լինեն լուսավորություն տարածել հայ ժողովրդի լայն խավերի մեջ։ Հաջողությամբ վարել է միաբանության տնտ․, վարչա–կազմակերպչական, դաստիարակչական–կրթական կյանքը, զբաղվել գիտա–մատենագիտական աշխատանքներով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտությունները, ուղենշել նրանց հետագա գիտ․ գործունեությունը, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։
Մ․ Ս․ աշխարհաբար հայերենի առաջին քերականության («Դուռն քերականութեան աշխարհաբար լեզուին հայոց», թրքախոս հայերին հասկանալի լինելու համար առաջին մասը շարադրել է թուրքերեն, 1727, երկրորդը՝ հայերեն, անտիպ) հեղինակն է՝ Յո․ Շրյոդերի քերականությունից հետո։ Նշանակալից երևույթ է «Քերականութիւն գրաբառի լեզուի հայկազան սեռի» (1730, 2-րդ հրտ․ «Քերականութիւն գրաբառ լեզուի հայկազեան սեռի», 1770) երկը, որտեղ Մ․ Ս․ քննել է գրաբարի ձևաբանությունը (խոսքի մասերը, հոլովումը, խոնարհումը), շարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության, առոգանության և այլ հարցերի։ Չնայած հեղինակը խուսափել է լատինաբանությունից (տես Լատինաբան հայերեն), այնուամենայնիվ երբեմն տուրք է տվել դրան։ Մ․ Ս–ու «Քերականութիւն․․․»-ը դարձել է Անտոնի կաթողիկոսի գրած վրացերենի առաջին քերականության հիմքը։ Մ․ Ս–ու հայագիտական խոշորագույն ներդրումը «Բառգիրք հայկազեան լեզուի» (հ․ 1–2, 1749–69) մեծածավալ աշխատությունն է։ Այն ներառնում է ավելի քան 100 հզ․ բառահոդված։ Մ․ Ս․ հավաքել է հայ մատենագիրների տպագիր և անտիպ գործերի բոլոր բառերը, բացատրել դրանք, վկայություններով պարզաբանել իմաստները։ Բացատրությունների ընթացքում օգտագործել է աշխարհաբարի օրինակներ, հաճախ դիմել է թուրքերենին, հունարենին ու լատիներենին, անդրադարձել բառի ծագումնաբանությանը։ Երկրորդ հատորում ամփոփված է նաև Աստվածաշնչի հատուկ անունների, ինչպես նաև աշխարհաբարից գրաբար և
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/633
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ