Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/637

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Ս․ Էփրիկյանը (1873–1952), Ա․ Ղազիկյանը (1870–1841), Վ․ Հացունին (1870–1944), Մ․ Պոտուրյանը (1881–1959), Ն․ Ակինյանը (1883-1963), Վ․ Հովհաննիսյանը (1894–1977) և ուրիշներ։ Ներկայումս Մ․ մ–յան մշակութային գործունեությունը համեմատաբար փոքր բաժին ունի հայագիտության և մանավանդ հայ գեղարվեստական գրականության համընդհանուր զարգացման գործում։ Վենետիկի Մխիթարյանների վերջին շրջանի գործերից հիշատակելի են Պ․ Անանյանի «Սեբեոսի պատմության գրքի մասին քանի մը լուսաբանություններ» (1973), Մ․ Ճանաշյանի «Հ․ Արսեն Ղազիկյան և իր թարգմանությունները» (1974), «Պետրոս Դուրյան՝ դար մը ետք» (1974), Լ․ Զեքիյանի «Հայ թատրոնի սկզբնաքայլերը և հայ վերածնունդի շարժումը» (1975), Տ․ Յարտըմյանի «Քեսունի Կարմիր վանքը» (1975) ևն աշխատություններ։ Վիեննայի Մխիթարյանները շարունակում են «Ազգային մատենադարան» արժեքավոր մատենաշարի հրատարակումը։ Ուշադրության արժանի հայագիտական հոդվածներ են հրատարակվում «Բազմավեպ»-ում և «Հանդես ամսօրյա»-ում։
Գրկ․ Մխիթարյան Հոբելյան 1701–1901, Վնտ․, 1901։ Սարգիսյան Բ․, Երկհարյուրամյա գրականական գործունեություն և նշանավոր գործիչներ Վենետկո Մխիթարյան միաբանության, Վնտ․, 1905։ Ղազիկյան Ա․, Հայկական նոր մատենագիտություն, Վնտ․, 1909-1912, Էջ 2023-2035։ Ակինյան Ն․, Ակնարկ մը Վիեննական Մխիթարյան միաբանության գրական գործունեության վրա, Վնն․, 1912։ Ընդհանուր գրացուցակ Մխիթարյան գրավաճառանոցի, Վնն․ 1972։ Գրացուցակ Մխիթարյան տպարանին․ 1700–1978, Վնտ․, 1978։Ս․ Շտիկյան ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐ, Մխիթարյան միաբանության հիմնած հայկական դպրոցներ։ Մինչև Մխիթարյան միաբանության ստեղծումը (1701) նրա հիմնադիր Մխիթար Սեբասաացին դպրոցներ է բացել Կարինի Կարմիր վանքում (1698), Կ․ Պոլսի Ղալաթիա թաղամասում (1700)։ 1717-ին Ս․ Ղազար տեղափոխված միաբանությունը վանքին կից հիմնել է ճեմարան (ակադեմիա), որը հետագայում դարձել է ճանաչված ուսումնագիտական կենտրոն։ Այստեղ հայերենին, արլ․ լեզուներին և մշակույթին ծանոթացել են Եվրոպայի բազմաթիվ մտավորականներ (Բայրոն, Բրեյնդ, Ստենդալ, Դիարիխ, Պետերման և ուրիշներ)։ XIX դ․ Մխիթարյան միաբանությունը Կ․ Պոլսում ուներ 6 նախակրթարան։ Իրենց երկարատև գործունեությամբ առանձնանում են Մագըզ Աղաճի (1847), Քաղկեդոնի (1870) նախակրթարանները։ Վիեննայի Մխիթարյանները Կ․ Պոլսի ֆրանցիսկյան վանքին կից հիմնել են դպրոց (1830), որը 1857-ին տեղափոխվել է Բանկալթիի թաղամասը։ Դպրոցներ են հիմնել Հունգարիայի հայ գաղթավայրերում՝ Վարատինում (1749), Սիռվիզում (1797), Եղիսաբեթուպոլսում (1746, ծրագիրն ու կանոնադրությունը 1790-ին կազմել է Մ․ Չամչյանը), նաև Պարտիզակում (1883), Նիկոմիդիայում (1887), Սավորայում (1885), Ղարասու Բազարում (1825), Տրապիզոնում (1817), Սիմֆերոպոլում (1862), Ախալցխայում (1831), Մուշում (1892), Մերդինում (1911), Խարբերդում (1912), Քավթառլու գյուղում (1880, այժմ՝ Փանիկ, Արթիկի շրջան)։ Դպրոցական գործի ղեկավարման մեջ միասնականություն հաստատելու նպատակով միաբանությունը կազմել է (1843) Խնամակալից ժողով՝ Ս․ Թեոդորյանի և Ռ․ Թրյանի գլխավորությամբ։ Մինչև առաջին համաշխարհային պատերազմը Վիեննայի Մխիթարյաններն ունեցել են 26 դպրոց։ 1918-ին Կ․ Պոլսի Շիշլի թաղամասում հիմնվել է որբանոց–դպրոց, որը 1921-ին տեղափոխվել է Գատը գյուղը, 1922-ին՝ Իտալիայի Ֆիեսո գյուղը, ապա՝ Միլան։ 1936-ին նոր դպրոցներ են հիմնվել Ալեքսանդրիայում, Հալեպում (վերջինս՝ լիցեյի ծրագրով)։
Վենետիկի Մխիթարյանների տնօրինության տակ այժմ գործում են Սամվել–Մուրադյան վարժարանը (Ֆրանսիա), Մուրատ–Ռափայելյան վարժարանը (Իտալիա), Բուենոս Այրեսի և Հալեպի Մխիթարյան վարժարանները։ Միաբանությունն ունի նաև երկու ընծայարան՝ Բեյրութում և Ս․ Ղազարում։ Առանձին ընծայարաններ ունեն նաև Վիեննայի միաբանները, որոնց հովանավորությամբ Կ․ Պոլսում գործում է Բանկալթիի լիցեյը։Ա․Իգնատյան ՄԽԻԹԱՐՅԱՆՆԵՐ ՎԵՆԵՏԻԿԻ, տես Մխիթարյան միաբանություն։
ՄԽԻԹԱՐՅԱՆՆԵՐ ՎԻԵՆՆԱՅԻ, Մխիթարյան միաբանության ճյուղավորումը՝ հաստատված նախ Տրիեստում (1773–1810), ապա՝ Վիեննայում (1811-ից)։ Չնայած առանձնանալուն, մշակութային և կրոնական գործունեությամբ մնացել են Մխիթարյան միաբանության անբաժան մասը։ 1900-ից սերտորեն համագործակցում են Վենետիկի Մխիթարյանների հետ։
ՄԽՈՑ, մեքենայի կամ սարքի շարժական դետալ, որը կիպ փակում է գլանի լայնական հատվածքը և շարժվում նրա առանցքին զուգահեռ։ Մխոցավոր մեքենաներում և մեխանիզմներում Մ․ ծառայում է մեխանիկական էներգիան հեղուկի (գազի) ճնշման էներգիայի կամ հակառակը փոխակերպելու համար։ Երկտակտ ներքին այրման շարժիչներում կատարում է նաև գազաբաշխման ֆունկցիաներ։ Կառուցվածքից, երկարության և տրամագծի հարաբերությունից կախված Մ–ները լինում են՝ փողավոր, սկավառակավոր, սուզված։
ՄԽՈՑԱՅԻՆ ՄԵՔԵՆԱ, մեքենա, որում աշխատող մարմնի (գազ, գոլորշի, ջուր) էներգիայի փոխակերպումը կատարվում է գլանում տեղափոխվող մխոցի օգնությամբ։ Մ․ մ–ի գլանում մխոցի ետադարձ-համընթաց շարժման դեպքում աշխատող մարմնի ծավալը, մյուս պարամետրերի (ճնշում, ջերմաստիճան ևն) հետ, պարբերաբար փոփոխվում է, որի հետևանքով աշխատող մարմնի էներգիան կամ նվազում է (Մ․ մ․–շարժիչ), կամ աճում (Մ․ մ.–կոմպրեսոր, պոմպ)։ Մ․ մ–ներ են ներքին այրման շարժիչների մեծ մասը, շոգեմեքենաները, մխոցային կոմպրեսորները և պոմպերը։
ՄԽՉՅԱՆ Լիպարիտ Հովհաննեսի [1894, Կարս – 1921, գ․ Իմանշալու (այժմ՝ ՀՍՍՀ Արտաշատի շրջան, գ․ Մխչյան)], Հայաստանում սովետական կարգերի հաստատման համար մղված պայքարի մասնակից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1917-ից։ Ավարտել է Վլադիմիրյան զինվորական ուսումնարանը և Օմսկի գնդացրային դպրոցը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է Արևմտյան, 1917-ից՝ Կովկասյան ռազմաճակատում։ Ծառայել է Ալեքսանդրապոլում (Լենինական) և Սարիղամիշում։ Հեղափոխական գործունեություն է ծավալել զինվորների շրջանում։ 1920-ի Մայիսյան ապստամբության օրերին ընտրվել է Սարիղամիշի ռազմահեղափոխական կոմիտեի կազմում, եղել կարմիր զորքերի կայազորի պետ։ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո նշանակվել է հայկական կարմիր բանակի առաջին առանձին հրաձգային բրիգադի կոմիսար։ Դաշնակների 1921-ի փետրվարյան խռովության ժամանակ եղել է Ղամարլուի (Արտաշատ) ռազմաճակատի հրամանատարը և զոհվել մարտում։ Թաղված է Երևանի 26 կոմիսարների անվ․ զբոսայգում։ ՀՍՍՀ Արտաշատի շրջանի Իմանշալու գյուղը 1935-ից կոչվում է Մ–ի անունով։ Նրան է նվիրված Ե․ Չարենցի «Իմ ընկեր Լիպոն» բանաստեղծությունը։
Գրկ․ Կարապետյան Լ․ Գ., Լիպարիտ Մխչյան, Ե․, 1965։ Մ․ Հովհաննիսյան ՄԽՉՅԱՆ, գյուղ Հայկական ԱՄՀ Արտաշատի շրջանում, շրջկենտրոնից 10 կմ հյուսիս–արևմուտք։ Մ–ով է անցնում Երևան–Արտաշատ խճուղին։ Կոլտնտեսությունն զբաղվում է խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի 2 միջնակարգ դպրոց (մեկը՝ երեկոյան), կուլտուրայի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կինո, հեռախոսակայան, մսուր–մանկապարտեզ, դեղատուն, ամբուլատորիա։ Մ–ի տարածքում են միջշրջանային անասնաբուծական տոհմակայանը, Բուրաստանի կոնյակի գործարանի կետը, «Գլխհայջրշին» գլխավոր վարչության № 3 ավտոբազան, Հայկական ՍՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրության № 1 շարժական մեքենայացված շարասյունը և կենտրոնական բազան, Հայկական ՍՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության