համար արժանացել է հերոսի կոչման։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Ետպատերազմյան տարիներին ծառայել է սովետական բանակի տարբեր օկրուգներում, Թամանյան դիվիզիայում, ապա Մոսկվայում՝ սովետական բանակի գլխավոր շտաբում։ Կ. Հարությունյան
ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Ասատուր Շմավոնի [գրական անունը՝ Ասատուր Շեմս, ծն․ 11․7․1912, Ղզլթամուր (այժմ՝ Ոսկեվազ, ՀՍՍՀ Աշտարակի շրջանում)], հայ սովետական պատմաբան, բանասեր, արվեստաբան։ Պատմական գիտ․ դ–ր (1964), պրոֆեսոր (1973)։ 1939-ին ավարտել է Թբիլիսիի գյուղատնտ․ ինստ–ը։ 1940-ից աշխատում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1955-ին հրատարակել է «Հայկական զարդարվեստ» աշխատությունը, որտեղ լուսաբանված են հայկ․ զարդարվեստի հիմնական մոտիվների ծագման գաղափարական բովանդակության հարցերը։ «Հայկական միջնադարյան ժողովրդական երգեր» (1956) ժողովածուում Մ․ առաջին անգամ ի մի է բերել այդ երգերի քննական բնագրերը՝ գիտական ուսումնասիրությամբ։ «Աղվանից աշխարհի գրականության հարցերի շուրջը» (1966) աշխատության մեջ հեղինակը մասնավորապես քննում և պարզաբանում է պատմական Հայաստանի Արցախ և Ուտիք գավառների պատմության հարցեր։ «Հայ միջնադարյան հանելուկներ․ IV–XVIII դդ․» (1980) գիրքն ընդգրկում է այդ շրջանի հանելուկների հարուստ ժառանգությունը՝ գիտաքննական բնագրերով։ Գրել է ուսումնասիրություններ Նաղաշ Հովնաթանի, Բաղդասար Դպիրի (երկուսն էլ՝ Շ․ Նազարյանի հեղինակակցությամբ), Գրիգոր Տղայի մասին, կազմել նրանց գործերի գիտական բնագրերը։ Լ․ Ս․ Խաչիկյանի հետ ղեկավարել է Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանի ձեռագրացուցակի 1-ին և 2-րդ հատորների (1965, 1970) կազմումն ու խմբագրումը։ Կազմել է «Հայ գրականության քրեստոմատիա» (1970)՝ 8-րդ դասարանի համար։ Հրատարակել է նաև բանաստեղծությունների գրքույկներ։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։Ա․ Դոլուխանյան
ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արամայիս Նավասարդի [ծն․ 1911, գ․ Բյուրական (այժմ՝ ՀՍՍՀ Աշտարակի շրջանում)], հայ սովետական պատմաբան։ Պատմ․ գիտ․ դ–ր (1957), պրոֆեսոր (1966)։ ՍՄԿԿ անդամ 1938-ից։ Ավարտել է Հայկական մանկավարժական ինստ–ի պատմության ֆակուլտետը (1940)։ 1942-ից մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (եղել է ռազմաճակատային թերթերի խմբագիր)։ Աշխատել է ՀԿԿ Երևանի կազմակերպության Կիրովյան շրջկոմի առաջին քարտուղար (1948–50), ՀԿԿ Կենտկոմի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչ (1950–51), ՀԿԿ Երևանի օկրուգային կոմիտեի առաջին քարտուղար (1952–53), մարքսիզմ–լենինիզմի ինստ–ի հայկ․ մասնաճյուղի դիրեկտոր (1954–58), այնուհետև՝ ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստ–ում (ավագ գիտաշխատող, սեկտորի վարիչ)։ Աշխատությունները վերաբերում են Հայաստանի ու Անդրկովկասի հեղափոխական շարժումներին («Ռևոլյուցիան Անդրկովկասում և Ռուսաստանի պատվիրակները», 1961, «Վ․ Ի․ Լենինը և հայ ժողովրդի ազատագրական պայքարը», 1963, «Հոկտեմբերի բարիկադների վրա», 1967) Հայրենական մեծ պատերազմին [«Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմում (1941–1945)», 1954], կուսակցական և ռազմ. գործիչներին («Ալեքսանդր Մյասնիկյան», 1955, «Մարշալ Բաղրամյան», 1978)։ ՀԿԿ XV–XVIII համագումարներում ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի անդամ, եղել Հայկ․ ՍՍՀ III–V գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Գ․ Սարգսյան
ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Էլվիրա Գուրգենի (ծն․ 17․8․1944, Երևան), սովետական բալետի հայ արտիստուհի։ ՀՍՍՀ ժող․ արտիստուհի (1978)։ ՍՄԿԿ անդամ 1973-ից։ 1963-ին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը (Ա․ Բոգանկովայի դասարան)։ Նույն թվականից՝ Երևանի օպերայի և բալետի մենապարուհի։ Լավագույն դերապարերից են՝ Մոխրոտ (Պրոկոֆևի «Մոխրոտը»), Արմավենի (Սպենդիարյանի «Երեք արմավենի»), Անաիս (Եղիազարյանի «Անուրջների լիճը»), Կիտրի (Մինկուսի «Դոն Կիխոտ»), Օդետա–Օդիլիա (Չայկովսկու «Կարապի լիճը»), Ֆրիգիա, Էգինա (Խաչատրյանի «Սպարտակ») ևն։ Հյուրախաղերով հանդես է եկել Սովետական Միության մի շարք քաղաքներում և արտասահմանյան երկրներում (ԱՄՆ, ԳՖՀ, Արգենտինա, Մեքսիկա, Իտալիա ևն)։Գ․ Ստեփանյան
ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Մանուկ Յախշիբեկի (ծն․ 29․6․1934, Երևան), հայ սովետական արձակագիր։ Ավարտել է Երևանի Կ․ Մարքսի անվ․ պոլիտեխնիկական ինստ–ը (1956)։ Հրատարակվել է 1959-ից։ Լույս է ընծայել «Մեծ քաղաքի աղմուկը» (1962), «Նահանջ տարի» (1974), «Կանչ» (ռուս,․ 1980) պատմվածքների ժողովածուները, «Հալոցք» (1966), «Երկուշաբթիից երկուշաբթի» (1968) վիպակները։ Գրում է նաև մանուկների համար («Հեքիաթներ Աննայի համար», 1980)։ Նրա սցենարներով նկարահանվել են «Խաչմերուկում» [1975, Մանհայմի (ԳՖՀ) կինոփառատոնի «Ոսկե կինոդուկատ» մրցանակ] և «Ճանապարհին» (1976) գեղարվեստական կինոնկարները։
ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Պետրոս Մկրտչի (կուսակցական ծածկանունը՝ Պիեր) [1867, Գանձակ (այժմ՝ Կիրովաբադ) – 1933, Բաքու], Անդրկովկասի հեղափոխական շարժումների մասնակից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1905-ից։ 1906-ից Բաքվում և Թիֆլիսում աշխատակցել է բոլշևիկյան թերթերին, կատարել կուսակցական հանձնարարություններ։ Բաքվում նրա լուսանկարչատունը եղել է բոլշևիկների ընդհատակյա հավաքատեղի։ Մուսավաթականների տիրապետության շրջանում Մ․ Բաքվի ընդհատակյա բոլշևիկյան կոմիտեի ակտիվ անդամներից էր։ Կուսակցական աշխատանք է տարել նաև Լեռնային Ղարաբաղում։ Սովետական իշխանության հաստատումից հետո եղել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրական կոլեգիայի անդամ։ Լ․ Առաքելյան
ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Ստեփան Խաչատուրի [ծն․ 5(18)․11․1917, Նոր Բայազետ (այժմ՝ Կամո)], հայ սովետական ճարտարապետ։ Ճարտարապետության դ–ր (1967)։ ՍՄԿԿ անդամ 1947-ից։ 1941-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստ–ի շինարարական ֆակուլտետը։ 1950-ից աշխատում է ՀՍՍՀ ԳԱ արվեստի ինստ–ում, 1965-ից՝ կերպարվեստի բաժնի վարիչ։ Ւ թիվս այլ պրոբլեմների Մ․ ուսումնասիրել է պատմական հայ ճարտ–յան կենտրոնագմբեթ կառույցների ձևերի էվոլյուցիան՝ հիմք ունենալով Զվարթնոցի համակարգը։ Մ–ի գիտական աշխատանքների մյուս կարևոր արդյունքը հայ ճարտ–յան Սյունիքի դպրոցի հետազոտումն ու նրա գիտական հիմնավորումն է։
Երկ․ Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը․ Ե․, 1960։ Նիկողայոս Մաոը և հայկական ճարտարապետությունը, Ե․, 1969։ Զվարթնոցը և նույնատիպ հուշարձանները, Ե․, 1971։ Հայկական աշխարհիկ պատկերաքանդակը IX–XIV դարերում, Ե․, 1976։ Архитектура армянских притворов, Е․, 1952; Звартноц, М․, 1971; Documenti di architettura Armena, 1, Haghbat, Milano, 1968 (հեղինակակից Ալպագո Նովելլո Ա․)։Լ․ Բաբայան
ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Վազգեն Միքայելի [ծն․ 15․10․1915, գ․ Գետաշեն (այժմ՝ Ադրբ․ ՍՍՀ Խանլարի շրջանում)], հայ սովետական գրականագետ, քննադատ։ Բանասիրական գիտ․ թեկնածու (1962)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ 1939-ին ավարտել է Լենինգրադի օտար լեզուների ինստ–ի ֆրանս․ ֆակուլտետը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1948–53-ին