Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/666

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


սպառողի շահերին ու ճաշակին է հարմարեցնում ավանդական ռեալիզմը։ Մ–ի մանրբուրժ․ խռովարարության ցայտուն գծերից է «ավանգարդի» հակադրումը մարդկության մնացած մասին (տես Ավանգարդիզմ)։ Այնուամենայնիվ մոդեռնիստական ուղղությունները միավորող գլխավոր գեղագիտական սկզբունքը օբյեկտիվ իրականության համապատասխանությունից («նմանեցումից») հրաժարումն է։ Այս տեսակետը ունի որոշակի իմացաբանական հիմքեր՝ մարդու սուբյեկտիվությունը և իրականության նկատմամբ ակտիվ վերաբերմունքը արվեստում արտահայտվում են այն բանում, որ արվեստագետը իր անհատականությամբ ստեղծում է յուրահատուկ «գեղարվեստական իրականություն»։ Սակայն Մ․ բացարձականացնում է այդ ընթացքը, սուբյեկտիվությունը հասցնում սուբյեկտիվիզմի, արվեստի աշխարհը ներկայացնելով որպես ինքնապբոյեկտում, ազատ ինքնարտահայտում, անհատական–ինտուիտիվ «ներզգայում» են։ Ընդհանուր առմամբ Մ–ի հասարակական բովանդակությունը հակասական է․ դրանում արտահայտվող բողոքը բուրժ․ ապրելակերպի դեմ ավելի հաճախ արտահայտված է անկումայնության, անձնավորության ապադասակարգայնացման դիրքերից։ Միասնական գաղափարական հավատամքի բացակայությամբ է պայմանավորված մոդեռնիստների իրարամերժ քաղ․ համոզմունքների առկայությունը։
Գրկ․ Լենինը կուլտուրայի և արվեստի մասին, Ե․, 1958։ Модернизм. Анализ и критика основных направлений, 3 изд․, М․, 1980; Куликова И․ С․, Философия и искусство модернизма, М․, 1980․ Մ․ Դանիելյան ' ՄՈԴԵՐԱՏՈ (իտալ․ moderato – չափավոր), երաժշտության մեջ չափավոր տեմպի նշանակում, ալեգրոյի և ալեգրետոյի միջինը։
ՄՈԴԻԼԻԱՆԻ (Modigliani) Ամեդեո (12․7․1884, Լիվոռնո – 15․1․1920, Փարիզ), իտալացի գեղանկարիչ, քանդակագործ, փարիզյան դպրոցի ներկայացուցիչ։ 1906-ից ապրել է Փարիզում։ Սովորել է Ֆլորենցիայի Գեղարվեստի ակադեմիայում։ Կրել է Ա․ Թուլուզ–Լոտրեկի, Պ․ Սեզանի, Պ․Պիկասսոյի ստեղծագործության, ինչպես նաև աֆրիկյան արձանագործության ազդեցությունը։ Որպես քանդակագործ ձևավորվել է Կ․ Բրինկուշիի ազդեցությամբ՝ հակված լինելով երկրաչափական ձևերի ու երկարավուն պարզ համամասնությունների («Գլուխ», կրաքար, 1913, Թեյթ պատկերասրահ, Լոնդոն)։ Դեկորատիվ հարթայնությամբ, հորինվածքի ընդգծված լակոնականությամբ, ուրվագծային ռիթմի երաժշտականությամբ, գունապատկերի հագեցվածությամբ բնորոշ Մ–ի գեղանկարչական կատարման յուրաձևությունը որոշակի է դարձել 1910-ական թթ․ սկզբին։ Իր, իբրև կանոն, միաֆիգուր նկարներում (դիմանկարներ, մերկեր) Մ․ ստեղծել է մտերմիկ–անհատական, միաժամանակ մելամաղձոտ կերպարների յուրօրինակ մի աշխարհ, նրանց ինքնատիպ, մեղմ նրբերանգված հոգեբանությունը, լուսավոր բանաստեղծականությունը միահյուսվում են աշխարհում մարդու անպաշտպան լինելու մշտական, երբեմն ողբերգական զգացողությանը (Լ․ Զբորովսկու դիմանկարը, 1917, Գեղարվեստական թանգարան, Սան Պաուլու, «Պառկած մեծ մերկը», 1919, Ժամանակակից արվեստի թանգարան, Նյու Յորք)։
Պատկերազարդումը տես 672-րդ էջից հետո՝ ներդիրում։
ՄՈԴԻՖԻԿԱՑՈՒՄ (< ուշ լատ․ modificatio – փոփոխություն, ձևափոխություն) կենսաբանության մեջ, արտաքին միջավայրի պայմանների փոփոխության հետևանքով օրգանիզմի ոչ ժառանգական հատկությունների (ֆենոտիպի) փոփոխությունը, միևնույն հատկանիշի ֆենոտիպային դրսևորման տարբերությունները։ Միջավայրի մոդիֆիկացնող գործոնները (ջերմաստիճանը, լուսավորությունը, սննդային ռեժիմը ևն) ազդում են տվյալ հատկանիշի զարգացման զգայուն կամ Մ–ման շրջանում։ Մ․, որպես կանոն, օրգանիզմի հարմարվողականության ռեակցիան է միջավայրի այս կամ այն գործոնների ազդեցության նկատմամբ և սահմանափակվում է գենոտիպով պայմանավորված ռեակցիայի նորմայով։ Ոչ հարմարվողական Մ–ները զարգացման խանգարումներ են, մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական արատներ։ Եթե Մ․ կապված է որակական փոփոխությունների հանդես գալու կամ անհետանալու հետ, Մ–ման պրոցեսը կոչվում է ալտերնատիվ, իսկ քանակական հատկանիշների արտահայտման փոփոխությունների դեպքում՝ ֆլուկտուացիա։ Մ․, ի հակադրություն մուտացիաների, ժառանգաբար չի փոխանցվում։
ՄՈԴԻՖԻԿԱՑՈՒՄ մետաղների և համաձուլվածքների հալված մետաղների և համաձուլվածքների մեջ մոդիֆիկատորների (նյութեր, որոնց փոքր քանակությունը էապես փոխում է մշակվող մետաղի կամ համաձուլվածքի կառուցվածքն ու հատկությունները) ներմուծում։ Մ–ի հետևանքով համաձուլվածքները ձեռք են բերում ավելի նուրբ կառուցվածք, որը բարելավում է դրանց մեխանիկական հատկությունները։ Մ․ կիրառվում է թուջի, ալյումինի և այլ մետաղների ձուլույթների արդյունաբերության մեջ։ Որպես թուջի և պողպատի մոդիֆիկատորներ օգտագործում են մագնեզիումը, ֆեռոսիլիցիումը, սիլիկակալցիումը, ալյումինը, տիտանը։ Մ․ պոլիմերների, վերմոլեկուլային կառուցվածքի կարգավորման (բյուրեղացման սաղմերի ներմուծում, ջերմամշակում) կամ մոլեկուլի քիմ․ բաղադրության փոփոխության (ռեակցունակ խմբերի ներմուծում) միջոցով պոլիմերների հատկությունների նպատակային փոփոխություն։ Կիրառվում է, օրինակ, պլաստմասսաների հարվածային ամրությունը բարձրացնելու, քիմ․ մանրաթելերի ներկումը դյուրինացնելու համար։
ՄՈԴՐԵԿԻԼԻ Միքայել (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), X դարի Վրաստանի գրական–երաժշտական գործիչ, վանական։ Ծագումով Տայքի վրացադավան հայերից։ Համակարգել է Վրաստանում իր հավաքած եկեղեցական՝ բուն վրաց․ և հունարենից թարգմանված հիմները, ամփոփել մի ժողովածուում, որը արտագրվել է (կողմնակի տվյալների համաձայն) 994–1001-ին, Տայքում։ Պահպանվել է միայն մի մասը՝ 272 թերթ (37,5X29,5), հրապարակվել երկու հատորով՝ ֆաքսիմիլային և ժամանակակից շրիֆտով արտագրված վիճակում («Հիմներ», հրտ․ 1978)։ Հիմների 2/3-ը պարունակում են նոտագրության նշաններ («նիշանի», նշված են նաև ձայնեղանակները՝ «խմայի»), որոնք արտաքուստ նման են IX դ․ հայկ․ խազերին, բայց գործածության եղանակով ինքնատիպ են։ Չնայած իր համեմատական ընդհանուր պարզությանը, Մ–ի նոտագրության համակարգը, ինչպես և ժողովածուն, ամբողջապես դեռևս բավարար չափով ուսումնասիրված չեն, բայց ակնհայտ է վրաց․ միջնադարյան երաժշտական փոքրաքանակ գրչագրերի շարքում այդ ժողովածուի բացառիկ արժեքավորությունը։ Այն էական է նաև ընդհանուր արևելա–քրիստոնեական բանաստեղծական–երաժշտական մշակույթի ուսումնասիրության համար։ Բնագրի տեքստում որոշ հիմների վերջին բառերից հետո կան հայերեն նշումներ, որոնց մեծ մասը այդ բառերի թարգմանությունն է, մի քանիսը՝ Մ–ի և ժողովածուի գրիչներ Մուսեսի ու Ստեփանի հիշատակագրությունները (Աբուլաձե Ի․, «10-րդ դարի վրացերեն մի ձեռագրի հայերեն հիշատակագրությունները և նրանց նշանակությունը հայ բարբառագիտության համար», «ԲՄ», 1958, № 4)։Ռ․ Աթայան, Ս․ Երեմյան ՄՈԴՈՒԼ, տես Բացարձակ մեծություն։
ՄՈԴՈՒԼ (< լատ․ modulus – չափ) ճարտարապետության մեջ։ Պայմանականորեն ընդունված չափ, որին բազմապատիկ են շենքի (համալիրի) և նրա առանձին մասերի չափերը։ Տարբեր ժողովուրդների ճարտ․ արվեստում որպես Մ․ ընդունվել են տարբեր մեծություններ՝ կախված շենքի կառուցողական և կոմպոզիցիոն առանձնահատկություններից։ Կառույցի համար Մ․ կարող են ընտրվել՝ նրա հիմնական չափումներից մեկը (գմբեթի տրամագիծը կամ դահլիճի կողմերից մեկը՝ Եվրոպայի և Միջին Ասիայի միջնադարյան գմբեթավոր կառույցներում), ճարտ․ տարրերից որևէ մեկի չափը [սյան կտրվածքի տրամագիծը, տրիգլիֆի (եռակոսիկի) լայնությունը՝ անտիկ օրդերային կառույցներում] կամ շինարարական տարրերից մեկի չափը (գերանի, աղյուսի երկարությունը)։ Հայկական միջնադարյան գմբեթավոր կառույցներում, որպես Մ․, հիմնականում ընդունված է եղել գմբեթային քառակուսու կողմի մասը։ Որպես Մ․ կարող է ընդունվել նաև երկարության որևէ չափ՝ ֆուտ, սաժեն, մետր ևն, որն այս դեպքում անվանվում է գծային Մ․։
Մ–ի գաղափարը առաջացել է կառուցողական պահանջներից, այնուհետև դարձել կոմպոզիցիայի այն միջոցներից մեկը, որի շնորհիվ ճարտ․ ամբողջությունն ու նրա առանձին մասերը բերվում են ներդաշնակության (օրինակ՝ անտիկ ճարտ․ արվեստում ոսկե հատումը, Լը Կորբյուզիեի գործադրած մոդուլորը)։ Մ–ի կիրառումը բնավ չի հանգեցրել բոլոր մեծությունների մեխանիկական հաշվարկի, ընտրելով արտահայտիչ հարաբերակցություններ, ճարտարապետները,