Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Տավրոսի հս․ ճյուղավորության հվ․ լանջից։ Սնումը խառն է, հորդացումը՝ գարնանը։ Ճ–ի ափին է գտնվել պատմական Կթառիճ ամրոցը (այժմ՝ Բինգյոլ քաղաքը)։
ՃԱՊՈՆԱԿԱՆ ԳԻՐ, հիերոգլիֆներից (մոտ 15 հզ․) բաղկացած գրային համակարգ, որոնցով նշանակում են մեկ կամ մի քանի համանիշ ձևույթներ և վանկային այբուբենի երկու տարբերակ՝ հիրագանա, կատականա, առաջինը՝ օժանդակ ձևույթների ու նմանաձայնությունների, երկրորդը՝ նորագույն փոխառությունների գրության համար։ Ճ․ գ․ զուգակցում է գաղափարագրության ու հնչյունագրության սկզբունքները։ հիերոգլիֆները VI–VII դդ․ չինական փոխառություններ են։ Նախապես գրել են չինարեն, ապա սկսել են նշանակել ճապոներեն բառեր, ձևույթներ։ Յուրաքանչյուր բառ կարող էր գրվել 5–20 ցանկացած համանիշ նշանով։ XII դ․ մնացել են համեմատաբար պարզ կտրվածքներով վանկագրերը (կատականա) և դյուրագիծ բոլորգրերը (հիրագանա)։ 1946-ին մամուլում օգտագործվող հիերոգլիֆների թիվը կրճատվելով հասել է 1800-ի, 700-ի գրությունը պարզեցվել է։ Նկատվում է գաղափարագրությունից հնչյունագրության անցնելու միտում։ Բառերը չեն սահմանազատվում։ Գրությունը՝ վերից վար, աջից ձախ, երբեմն նաև՝ ձախից աջ։
ՃԱՊՈՆԱԿԱՆ ԾՈՎ, Խաղաղ օվկիանոսի կիսափակ ծով Եվրասիա մայր ցամաքի, Ճապոնական կղզիների և Սախալին կղզու միջև։ Ողողում է ՍՍՀՄ–ի, Կորեայի և Ճապոնիայի ափերը։ Ափագծի երկարությունը 7600 կմ է (3240 կմ ՍՍՀՄ սահմաններում)։ Կորեական նեղուցով հաղորդակցվում է Արևելա–Չինական և Դեղին ծովերի, Ցուգարու նեղուցով՝ Խաղաղ օվկիանոսի, Լապերուզի և Նևելսկու նեղուցներով՝ Օխոտի ծովի հետ։ Երկարությունը 2255 կմ է, առավելագույն լայնությունը՝ 1070 կմ։ Տարածությունը 1062 հզ․ կմ² է, առավելագույն խորությունը՝ 3699 մ, ջրի ծավալը՝ 1630 հզ․ կմ³։ Ափագիծը թույլ է կտրտված։ Առավել խոշոր են Պետրոս Մեծի, Արևելա–Կորեական, Իսիկարի, Տոյամա և Վակասու ծոցերը։ Հատակի ռելիեֆում առանձնացված են մայրցամաքային առափնյա ծանծաղուտը, մայրցամաքային լանջը, խորջրյա գոգավորությունն ու ստորջրյա բարձրությունները (Յամատո, Կիտա Օկի, Օկի)։ Սեյսմիկ շրջան է։ Օգտակար հանածոներից կան նավթ, գազ, ցրոնային ոսկի, կասիտերիտ։ Կլիման բարեխառն է, մուսսոնային։ Ծովի հվ–արլ․ մասով հաճախ են անցնում թայֆունները։ Ձմռանը հս․ մասը սառցակալում է։ Մակերեսային հոսանքներն առաջանում են Կուրոսիո տաք և Պրիմորիեի սառը հոսանքներից։ Զարգացած է ձկնորսությունը։ Գլխավոր նավահանգիստներն են Վլադիվոստոկը, Նախոդկան, Ալեքսանդրովսկ–Սախալինսկին (ՍՍՀՄ), Օտարուն, Նշգատան, Ցուրուզան, Մայձուրուն (Ճապոնիա), Վոնսանը, Հիննամը, Չհոնլինը (ԿԺԴՀ)։
ՃԱՊՈՆԱ–ՉԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ 1894—1895, Ճապոնիայի ագրեսիվ պատերազմը Չինաստանի դեմ՝ Կորեայի նկատմամբ ճապոնական վերահսկողություն հաստատելու և Չինաստան թափանցելու նպատակով։ Չինական բանակն ու նավատորմը խոշոր պարտություն կրեցին ցամաքում և ծովում։ 1894-ի հոկտեմբերից ռազմ. գործողությունները փոխադրվեցին Հյուսիս–Արևելյան Չինաստանի տարածքը, ճապոնական զորքերը գրավեցին Լյաոդունի թերակղզին, Վեյհայվեյը ևն։ 1895-ի ապրիլի 17-ին Չինաստանն ստորագրեց ստորացուցիչ հաշտություն (տես Սիմոնոսեկիի պայմանագիր 1895)։ Պատերազմը սկիզբ դրեց իմպերիալիստական տերությունների կողմից Չինաստանի բաժանմանը և ֆինանսական ստրկացմանը, խթանեց Ճապոնիայի կապիտալիստական զարգացումը, իսկ Տայվան և Պենխուլեդաո կղզիների զավթմամբ հիմք դրվեց ճապոնական գաղութային կայսրությանը։
ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐ, ազգ, Ճապոնիայի հիմնական բնակչությունը (99%–ից ավելին)։ Ընդհանուր թիվը՝ 110 մլն (1975)։ Բնակվում են նաև ԱՄՆ–ում (590 հզ․), Բրազիլիայում (մոտ 600 հզ․), Լատինական Ամերիկայի այլ երկրներում, Կանադայում։ Խոսում են ճապոներեն։ Ճապոնիայում տարածված կրոնը բուդդայականության մահայանա տարատեսակն, է (ունի բազմաթիվ աղանդներ), որին զուգահեռ դավանում են սինտոյականություն։ Սակավ տարածված են սինկրետիկ «նոր կրոնները», առավել սակավ՝ քրիստոնեությունը։ Այժմյան Ճապոնիայում բնակչության մոտ կեսը հավատացյալ չէ։ Ճ–ի մեջ տեղական տարբերությունները վերանում են։ Ազգագրական յուրահատկությունը պահպանում են միայն որոշ մանր կղզիների և Ռյուկյու արշիպելագի բնակիչները։ Ճ. որպես ցեղախումբ ձևավորվել են մ․ թ․ ա․ I հազարամյակի կեսին, Կորեական թերակղզու հվ–ից Ճապոնական կղզիներ տեղափոխված՝ էնեոլիթյան Յայոյի մշակույթի ցեղերի և այնական, մասնավորապես՝ մալայապոլինեզական տեղաբնիկ ցեղերի միասերման հետևանքով։ IV դ․ առաջին համաճապոնական պետության (Յամատո) առաջացման հետ կազմավորվում է ճապոնական ազգությունը։ 1867–68-ի բուրժ․ հեղափոխությունից հետո Ճ․ հանդես են գալիս որպես բուրժ․ ազգ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ճ․ կենցաղով և մշակույթով զգալիորեն մոտեցան եվրոպական ազգերին։
ՃԱՊՈՆԵՐԵՆ, ճապոնացիների լեզուն, Ճապոնիայի պետական լեզուն։ Հնչյունական և քերականական կառուցվածքով մոտ է ալթայան լեզուներին։ Խոսողների թիվը՝ մոտ 112 մլն (1976)։ Տրոհված է բարբառախմբերի՝ արմ․ (ընկած է հին գրական Ճ–ի հիմքում) և արլ․ (ընկած է ազգային գրական լեզվի հիմքում)։ Առկա են երկար ու կարճ ձայնավորներ։ Բառի մեջ յուրաքանչյուր բաղաձայնին հաջորդում է ձայնավորը։ Հնչումով մոտիկ բառերը մոտիկ են նաև իմաստով (mi-ru – նայել և móri – դայակ, nami – ալիքներ և numá – ճահիճ)։ Շեշտը երաժշտական է և կատարում է իմաստատարբերիչ դեր։ Բառային կազմի գրեթե կեսը չինական փոխառություններ են։ Ճ․ ունի համադրական, անվանական կառուցվածք։ Բացակայում են քերականական սեռը, դեմքը, թիվը, հոդը (որոշյալ–անորոշ, ստացական)։ Գոյականն ունի 12 հոլով (կցականության սկզբունք), բայը՝ 3 սեռի, 10 եղանակի, 3 ժամանակի (թեքականության սկզբունք), կերպի քերականական կարգեր։ Արմատները սովորաբար բազմավանկ են (երկու և ավելի)։ Գրավոր հնագույն հուշարձանները VI–VII դարերից են։
Գրկ. Сыромятников Н․А․, Становление новояпонского языка, М․, 1965; Ն ու յ ն ի, Древнеяпонский язык․ М․, 1972․

Imperial Seal of Japan.svg

ՃԱՊՈՆԻԱ (ճապոներեն՝ Նիպպոն, Նիհոն)

Բովանդակություն

I․ Ընդհանուր տեղեկություններ 
 69
II․ Պետական կարգը 
 69
III․ Բնությունը 
 69
IV․ Բնակչությունը 
 70
V․ Պատմական ակնարկ 
 70
VI․ Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները և հասարակական այլ կազմակերպություններ 
 72
VII․ Տնտեսա–աշխարհագրական ակնարկ 
 72
VIII․ Զինված ուժերը 
 75
IX․ Բժշկա–աշխարհագրական բնութագիրը 
 75
X․ Լուսավորությունը 
 75
XI․ Գիտությունը և գիտական հիմնարկները 
 75
XII․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը 
 78
XIII․ Գրականությունը 
 78
XIV․ Ճարտարապետությունը և կերպարվեստը 
 80
XV․ Երաժշտությունը 
 82
XVI․ Բալետը 
 83
XVII․ Թատրոնը 
 83
XVIII․ Կինոն 
 83