և փոքր Մ․ մթնոլորտից զուրկ պինդ մարմիններ են։ Տես նաև Արեգակնային համակարգ, Մթնոլորտ մոլորակների։
Գրկ․ Թումաևյան Բ․ Ե․, Միրզոյան Լ․ Վ․, Աստղագիտություն, Ե․, 1977:
ՄՈԼՉԱՆՈՎ Պավել Ստեպանովիչ [ծն․ 1(14)․3․1902], բելոռուս սովետական դերասան։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1949)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ 1922–26-ին սովորել է Մոսկվայի Բելոռուսական դրամատիկական ստուդիայում։ 1926–30-ին, 1936–51-ին (ընդհատումներով) աշխատել է Վիտեբսկի Բելոռուսական 2-րդ պետ․ դրամատիկական թատրոնում (այժմ՝ Յա․ Կուպալայի անվ․ թատրոն)։ 1951-ից աշխատում է Յա․ Կուպալայի անվ․ բելոռուսական թատրոնում (Մինսկ)։ Լավագույն դերերից են՝ Համլետ (Շեքսպիրի «Համլետ»), Մորին (Չեխովի «Ճայը»), Դոկտոր (Նազիմ Հիքմեթի «Բոլորից մոռացվածը»)։ Ստեղծել է Վ․ Ի․ Լենինի կերպարը Պոգոդինի «Հրացանավոր մարդը», Զորինի «Հավերժական աղբյուր» և այլ բեմադրություններում։ Նկարահանվել է կինոյում։ ՍՍՀՍ պետ․ մրցանակ (1946)։
ՄՈԼՏԿԵ Ավագ (Moltke) Հելմուտ Կարլ Բեռնհարդ (1800–1891), պրուսական և գերմանական ռազմական գործիչ, կոմս (1870), գեներալ–ֆելդմարշալ (1871), ռազմական տեսաբան։ Ավարտել է Բեռլինի ռազմ, ակադեմիան (1826)։ Օ․ Բիսմարկի աջակցությամբ ամրապնդել է պրուս. բանակը։ 1858–88-ին եղել է Գլխավոր շտաբի պետ և փաստորեն գլխավոր հրամանատար Դանիայի (1864), Ավստրիայի (1866) և Ֆրանսիայի (1870–71) դեմ պատերազմներում։ Իր երկերում առաջ է քաշել պատերազմների անխուսափելիության և նրանց «քաղաքակրթող» դերի, թշնամու վրա հանկարծակի հարձակվելու և շրջապատման միջոցով կայծակնային արագությամբ նրան ջախջախելու գաղափարը։ Գերմ․ միլիտարիզմի գաղափարախոսներից էր։
ՄՈԼՈՒՑՔ, մոլագարություն, մոլություն, 1․ բուռն, անզուսպ ու անդիմադրելի ձգտում, ներքին մղում որևէ երևույթի նկատմամբ։ Ս–ի հիվանդագին արտահայտություններից են թմրամոլությունը (տես Նարկոմանիա), ալկոհոլամոլությունը, պիրոմանիան (հրդեհ առաջացնելու անհաղթահարելի հիվանդագին հակում), կլեպտոմանիան (գողություն կատարելու հակում), դրոմոմանիան (թափառաշրջիկության հակում), սուիցիդոմանիան (ինքնասպանության փորձեր կատարելու հակում) ևն։
2․ Ծայր աստիճանի, սաստիկ զայրույթ, որն ուղեկցվում է հոգեշարժական գրգռվածությամբ։ Դրա արտահայտության ձևերից են՝ գրգռված մելանխոլիան (տես Մանիակալ–դեպրեսիվ պսիխոզ), ախտաբանական աֆեկտը (հոգեկան տրավմայից հանկարծակի առաջացած գիտակցության խանգարման ֆոնի վրա ընթացող խիստ գրգռված վիճակ, կործանիչ–ավերիչ և ագրեսիվ գործողություններով) ևն։
ՄՈԼՈՒՔՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (Moluccas, Maluku), Մալայան արշիպելագի արևելյան մասը Ինդոնեզիայում։ Տարածությունը 83,7 հզ․ կմ² է, բնակչությունը՝ մոտ 1 մլն (1971)։ Ձգվում են հս–ից հվ․ 1300 կմ։ Խոշոր կղզիներն են՝ Հալմահերա, Սերամ, Բուրու։ Ունեն լեռնային մակերևույթ, բազմաթիվ հրաբուխներ (10-ը գործող)։ Առավելագույն բարձրությունը 3019 մ է (Բինայա լեռ, Սերամ կղզում)։ Հաճախակի են երկրաշարժերը։ Կան անագի, ոսկու, նավթի հանքավայրեր։ Կլիման հասարակածային է։
ՄՈԽՐԱԲԵՐԴ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Գյավաշ գավառում, Վանա լճի հարավ–արևելյան ափին, Ծռտաքար լեռան հարավային լանջին։ 1915-ին ուներ 600 հայ բնակիչ (105 ընտանիք)։ Զբաղվում էին ձկնորսությամբ, երկրագործությամբ ու անասնապահությամբ։ 1915-ին մոխրաբերդցիները հարևան Նոր գյուղի բնակիչների հետ մարտի են բռնվել թուրք. հրոսակների հետ։ Մեկօրյա հերոսամարտն ավարտվել է մոխրաբերդցիների պարտությամբ։ Մի քանի ամիս հետո փրկվածները նահանջող ռուս. զորքերի հետ գաղթել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։
ՄՈԽՐԱԲԼՈՒՐ, վաղ բրոնզեդարյան արհեստական բլուր–բնակատեղի, Էջմիածնից 4 կմ հարավ, Քասաղ գետի հին հունի ձախ ափին։ Տարածքը՝ մոտ 3,5 հա։ Բազմաշերտ հուշարձան է։ Մշակութային շերտի առավելագույն հաստությունը շուրջ 10 մ է։ Բացահայտվել են մեկը մյուսի վրա հիմնված 12 բնակավայրերի ավերակներ։ Մ–ի հիմնական, ստորին, ավելի քան 8 մ խորությամբ շերտը ամփոփում է 9 բնակատեղի, հնագույնը՝ մ․ թ․ ա․ IV հազարամյակի 2-րդ կես, իսկ վերինը՝ լքվել մ․ թ․ ա․ III հազարամյակի կեսին։ Մ–ում բնակությունը վերահաստատվել է վաղ երկաթի դարում (մ․ թ․ ա․ II հազարամյակի վերջ, I-ի սկիզբ), նորից դադարել և կյանքի կոչվել միայն հելլենիստական դարաշրջանում։ Հնագույն բնակատեղին բաղկացած է եղել կլոր հատակագծով, հում աղյուսից կառուցված ոչ մեծ կացարաններից։ Մ․ թ․ ա․ III հազարամյակի 1-ին կեսին այն կառուցապատվել է հաստ պատեր ունեցող խոշոր շինություններով և դրսից պարսպապատվել։ Կենտրոնական հրապարակում կառուցվել է տաճարը, կենտրոնում՝ 4,5 մ բարձրությամբ, գագաթի մասում զոհասեղան ունեցող աշտարակով։ Տաճարը մոնումենտալ ճարտարապետության՝ ՍՍՀՄ տարածքում մինչև օրս հայտնի հնագույն կոթողն է։
Ոռոգելի երկրագործությունը եղել է Մ–ի բնակչության հիմնական զբաղմունքը։ Բնակիչները Քասաղ գետի հունը հատել են երկար պատվարով՝ ստեղծելով հիդրոտեխնիկական բարդ կառույց։ Արհեստների զարգացումը սերտորեն կապված է եղել բրոնզի մշակման հետ։ Մ․ թ․ ա․ III հազարամյակի 1-ին կեսով թվագրվող շերտերից հայտնաբերվել են հնոց–ձուլարան, հալոցներ, զենքեր ձուլելու քարե կաղապարներ, բրոնզե իրեր, կավանոթների հազարավոր նմուշներ։ Դրանցից շատերը զարդարվել են բարդ հորինվածքներով։ Պաշտամունքի զանազան իրերը (զոհարաններ, օջախներ, մոգական արձանիկներ ևն), կերպարվեստի այլ առարկաներն ու տաճարի ճարտ․ պատկերացում են տալիս բնակիչների հոգևոր կյանքի, պաշտամունքների վերաբերյալ։ Պաշտվել են ցուլը, օջախը, ջուրը, երկինքը, քարը, արագիլը ևն։ Մ․ թ․ ա․ III հազարամյակի 2-րդ քառորդում Մ․ երկրագործական դրացիական համայնքն էր՝ բաղկացած հիմնականում մեծ ընտանիք–գերդաստաններից։ Մ–ում 1970-ից պարբերաբար պեղումներ է կատարում Երևանի համալսարանի արշավախումբը։
Գրկ․ Արեշյան Գ․ Ե․, Մոխրաբլուր բնակավայրի ստորին շերտերի բնութագրման շուրջ, տես Հայագիտական հետազոտություններ, պր․ 1, Ե․, 1974։
ՄՈԽՐԱԳՈՒՅՆ ՀՈՂԵՐ, հողերի տիպ, ձևավորվել են մերձարևադարձային, կիսաանապատային բուսածածկի տակ։ Կազմավորվում են լյոսերի, լյոսանման կավավազների և գիպս, կարբոնատներ, դյուրալույծ աղեր պարունակող հին ալյուվիալ նստվածքների վրա։ Մ․ հ–ի համար բնորոշ է հողառաջացնող պրոցեսի տարեկան ցիկլայնությունը՝ գարնանային
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/693
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ