Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/707

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

միջնակարգում` 10 տարի է։ 1964-ին հիմնվել է պրոֆտեխկրթության համակարգ։ Բացվել են նաև միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություններ։
ՄԺՀ–ում առաջին բուհը՝ ուսուցչական ինստ․, կազմակերպվել է 1940-ին, Ուլան Բատորում, 1942-ին ՍՍՀՄ–ի օժանդակությամբ հիմնադրվել է մոնղ․ պետ․ համալսարանը։ 1969-ին ՅՈԻՆԵՍԿՕ–ի աջակցությամբ համալսարանին կից ստեղծվել է պոլիտեխնիկական ինստ․։ Ունի մանկավարժական (1951), գյուղատնտ․ (1958), բժշկ․ (1961) են ինստ–ներ (բոլորն էլ՝ Ուլան Բատորում)։ Մեծ թվով մասնագետներ են պատրաստվում ՍՍՀՄ–ի (նաև Հայկ․ ՍՍՀ–ի) բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություններում։
Ուլան Բատորում են գտնվում Պետ․ հանրային գրադարանը (1921, 1 մլն գիրք), Պետ․ կենտրոնական, Վ․ Ի․ Լենինի, Հեղափոխության կենտրոնական, Կրոնի պատմության, Կերպարվեստի և այլ թանգարաններ։
XI․ Գիտությունը և գիտական հիմնարկները
1․ Բնական և տեխնիկական գիտությունները
Ֆեոդալական Մոնղոլիայում բնագիտական գիտելիքները հիմնականում կուտակվել են աստղագիտության, բժշկության և գյուղատնտեսության բնագավառներում։ Ժող․ իշխանության տարիներին գիտությունը ՄԺՀ–ում հասել է զգալի հաջողությունների։ 1921-ից կապեր են հաստատվել սովետական գիտնականների հետ, 1929-ին ՍՍՀՄ ԳԱ և ՄԺՀ Գիտությունների կոմիտեի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր։ 1950–60-ական թթ․ զարգացում են ապրել գյուղատնտ․ գիտությունները։ Կենդանաբանության և բուսաբանության ասպարեզներում կատարվող ուսումնասիրությունները վերաբերում են կենդանիների մթերատվության բարձրացմանը, ցեղերի բարելավմանը, կենդանիների հիվանդությունների բուժմանն ու կանխարգելմանը, կերային պաշարների արդյունավետ օգտագործմանը, երկրագործության առաջավոր համակարգի մշակմանը։ ՄԺՀ ԳԱ թղթակից անդամ Տ․ Այուրզանի ղեկավարությամբ բուծվել է օրխոնյան մսաբրդատու կիսանրբագեղմ ոչխարների նոր ցեղ։ Գոբիի շրջանում կլիմայավարժեցնում են կարակուլյան ոչխարներ։ ՄԺՀ–ի անասնապահության առաջընթացին էապես նպաստել են ակադեմիկոս Ց․ Տոյվգոյի աշխատանքները։ Ուսումնասիրվում են ուղտաբուծության զարգացման հարցերը։ Ստեղծվել են երկրի կլիմայական խիստ պայմաններին հարմարեցված հացահատիկային, բանջարաբոստանային և պտղատու բույսերի նոր սորտեր (Խ․ Ջունդույժանցան, Մ․ Ուլզիա, ՄԺՀ ԳԱ թղթակից անդամ Է․ Շագդար և ուրիշներ)։ Հրատարակվել են «Կենտրոնական Մոնղոլիայի բույսերի որոշիչ», «ՄԺՀ–ի եթերատու բույսերը», «ՄԺՀ–ի արդյունագործական կենդանիները և դրանց պահպանությունը» և այլ աշխատություններ։
ՄԺՀ ԳԱ քիմիայի ինստ–ում ուսումնասիրվել են հողում միկրոտարրերի բաշխման օրինաչափությունները, կազմվել դրանց պարունակության քարտագրերը։ Ծավալվել են երկրաքիմիական և կենսաքիմիական լայն ուսումնասիրություններ։ Հրատարակվել է «Մոնղոլիայի պարենային բույսերի կենսաքիմիան» մենագրությունը։
ՏՓԽ–ի անդամ–երկրների մասնագետների համագործակցությամբ մոնղոլ երկրաբանները հայտնաբերել են օգտակար հանածոների բազմաթիվ հանքավայրեր։ Կազմվել են ՄԺՀ երկրբ․ և տեկտոնիկ քարտեզներ։ Հրատարակվել են ՄԺՀ ֆիզիկական (Շ․ Ցեգմիդ և ուրիշներ) և տնտ․ (Բ․ Գունգադաշ) աշխարհագրության վերաբերյալ աշխատություններ։
1956-ից ՄԺՀ ֆիզիկոսները մասնակցում են Միջուկային հետազոտությունների միացյալ ինստ–ի (ք․ Դուբնա, ՍՍՀՄ) աշխատանքներին։ 1961-ին ստեղծվել է ՄԺՀ ԳԱ ֆիզիկայի ինստ․, որտեղ ուսումնասիրվում են ռադիոակտիվ նստվածքների միգրացիայի առանձնահատկությունները, կատարվում աստղագիտական հետազոտություններ։ 1968-ին կազմակերպվել է մաթեմատիկայի ինստ․ (ունի հաշվողական կենտրոն), որտեղ ուսումնասիրվում են տեսական և կիրառական մաթեմատիկայի հարցեր։ Զգալի են մոնղոլ գիտնականների հաջողությունները բժշկության բնագավառում, մշակվել են համաճարակային հիվանդությունների դեմ պայքարի գիտական հիմունքներ, մի շարք այլ հիվանդությունների բուժման մեթոդներ։ Ուսումնասիրվում են ժող․ բժշկությունը և բնաշխարհի դեղաբույսերի հատկությունները։
2․ Հասարակական գիտությունները
Փիլիսոփայությունը։ Մոնղ․ պետության կազմավորումից (1206) հետո Մոնղոլիայում տարածված շամանությանը աստիճանաբար փոխարինել է բուդդայականությունը (լամայականությունը), ներթափանցել են բուդդայական կրոնավորների տրակտատները։ XVI–XVII դարերից սկսվել է մոնղ․ փիլիսոփաների, տրակտատների մեկնիչների գործունեությունը։ Ռոբժամբա Սոդնոմ Վանժալը հեղինակել է տրամաբանության և դիալեկտիկայի դասագիրք («Արևի շող»)։ Ագվան Բալդանը հնդ․ փիլիսոփայությանը վերաբերող իր եռահատոր պատմության (1846) մեջ վերլուծել է Հնդկաստանի մի շարք փիլ․ դպրոցներ և ուղղություններ։ XVIII դ․ 1-ին կեսին Չժան–չժա Խու–տուգ–տուն և ուրիշներ կազմել են փիլ․ տերմինների տիբեթերեն–մոնղոլերեն բառարան («Իմաստունների բառարան»)։ Ժանժա Ռոլբի Դորժին գրել է հնդ․ փիլիսոփայության պատմությանը վերաբերող երկհատոր աշխատություն։
Հոկտեմբերյան հեղափոխության ազդեցությամբ Մոնղոլիայում տարածվել են մարքսիզմի գաղափարները, որոնք դարձել են մոնղ․ ժողովրդահեղափոխական կուսակցության (ՄԺՀԿ) գործունեության գաղափարական հիմքը։ Մոնղոլ փիլիսոփաներն ու սոցիոլոգները զբաղվում են ՄԺՀ–ում սոցիալիստական շինարարության փորձի ընդհանրացմամբ։ ՄԺՀ–ում փիլ․ կադրեր պատրաստում է Դ․ Սուխե Բատորի անվ․ բարձրագույն կուսակցական դպրոցին (Ուլան Բատոր) կից մարքսիզմ–լենինիզմի և փիլիսոփայության ամբիոնը։
Պատմագիտությունը։ Մոնղ․ ֆեոդալական պատմագրության մեզ հասած առաջին հուշարձանը «Նվիրական ասք» անանուն ժամանակագրությունն է, որը գրվել է 1240-ից ոչ շուտ։ XVII–XIX դարերից հայտնի են անանուն «Ոսկե կոճակ», Սագան Սեցենի «Թանկարժեք կոճակ», Ռաշիպունցուգի «Բյուրեղապակե համրիչ» ևն ստեղծագործությունները, ուր արտացոլված են XIV–XVI դդ․ իրադարձությունները, ինչպես նաև լամայական կրոնավորների կենսագրություններ, տիբեթական և չինական պատմական գրականության մոնղ․ թարգմանություններ։ XIX դ․ կեսից մոնղ․ պատմագրության մեջ սաղմնավորվել է հակամանջուրական քննադատական ուղղությունը։
1921-ի ժող․ հեղափոխության հաղթանակից հետո մոնղ․ պատմագիտության մեջ սկսել է հիմնավորվել մարքս–լենինյան մեթոդաբանությունը։ 1920–30-ական թթ․ մոնղ․ են թարգմանվել մարքսիգմ–լենինիզմի դասականների հիմնական աշխատությունները։ Կարևոր ուշադրություն է դարձվել աղբյուրների հրապարակմանն ու հնագիտությանը։ Գիտական արժեք է ներկայացնում Խ․ Չոյբալսանի, Դ․ Դեմիդի և Դ․ Լոսոլի՝ մոնղ․ ժող․ հեղափոխությանը նվիրված կոլեկտիվ աշխատությունը։ 1940–50-ական թթ․ հրապարակվել են մի շարք մենագրություններ և կոլեկտիվ աշխատություններ, այդ թվում՝ մոնղոլ և սովետական գիտնականների համատեղ աշխատության՝ «ՄԺՀ պատմության» միհատորյակը, որը լուսաբանում է երկրի պատմությունը հին ժամանակներից մինչև XX դ․ 50-ական թթ․։ 1960–70-ական թթ․ աճել է պատմագիտության դերը ՄԺՀ–ի աշխատավորների կոմունիստական դաստիարակության, մոնղոլ ժողովրդի պատմության օրինաչափությունները բացահայտելու և գիտականորեն ընդհանրացնելու գործում։ 1960-ական թթ․ վերջին ստեղծվել են «ՄԺՀ պատմություն» (1966–1970) եռահատոր աշխատությունը և «ՄԺՀԿ պատմության ուրվագծերը» (1971) ընդհանրացնող աշխատությունը։ Երևան են եկել մի շարք կարևոր ուսումնասիրություններ XIX–XX դդ․ սահմանագծին Մոնղոլիայի սոցիալ–տնտեսական հարաբերությունների, ժող․ հեղափոխության և ՄԺՀ–ի կազմավորման (Բ․ Շիրենդիբ), արաթական շարժման (Շ․ Նացագդորժ),