Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/710

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նաև Կենտրոնական մանկական (1950-ից) և Տիկնիկների (1948-ից) թատրոնները։ Երաժշտա–դրամատիկական թատրոններ կան այմակային մի շարք կենտրոններում։
XVII․ Կինոն
1935-ին Ուլան Բատորում ստեղծվել է «Մոնղոլկինո» կինոստուդիան, որը 1937-ին նկարահանել է առաջին գեղարվեստական ֆիլմը։ Ազգային կինոարվեստի ձևավորման և կադրերի պատրաստման գործին նպաստել է ՄԺՀ և սովետական կինեմատոգրաֆիստների ստեղծագործական համագործակցությունը («Մոնղոլիայի զավակը», 1935, ռեժիսոր՝ Ի․ Զ․ Տրաուբերգ, «Նրա անունը Սուխե–Բատոր է», 1942, ռեժիսորներ՝ Ա․ Գ․ Զարխի և Ի․ Ե․ Խեյֆից ևն)։ ՄԺՀ լավագույն ֆիլմերից են «Երկու անասնապահ» (1955, ռեժիսոր՝ Ց․ Զանդրա), «Սրտի կանչով» (1966, ռեժիսոր՝ Ռ․ Դորժպալամ), «Ելք» (1968, ՍՍՀՄ–ի հետ, ռեժիսորներ՝ Ա․ Ի․ Բոբրովսկի և Ժ․ Բունտար), «Ժողովրդի պատվիրակը» (1959), «Ջրհեղեղ» (1966, երկուսն էլ ռեժիսոր՝ Դ․ Ժիգժիդ)։ Տարեկան (1973) թողարկվում են 3 գեղարվեստական և շուրջ 30 վավերագրական կարճամետրաժ ֆիլմեր։ Կինոյի գործիչներից են՝ դերասաններ Դ․ Գոմբոսուրենը, Լ․ Լխասուրենը, Դ․ Իչինխորլոն, Զ․ Ցենդեխուն, ռեժիսոր–վավերագրողներ Մ․ Բոլոդը, Ց․ Նավանը, սցենարիստ Լ․ Վանգանը, կոմպոզիտոր Դ․ Լուվսանշարավը և ուրիշներ։
Պատկերազարդումը տես 704–705–րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ XVIII։
Գրկ. Маркс К․ и Энгельс Փ., Соч․, 2 изд․, т․ 3, с- 150 –157; т․ 8, с․ 567–568; т․ 12, с․ 509, 724; т․ 29, с․ 154; Монгольская Народная Республика, М․, 1971; Геология Монгольской Народной Республики, т․ 1–2, М., 1973; Юнатов А․ А․, Основные черты растительного покрова Монгольской Народной Республики, М․–Л., 1950; История Монгольской Народной Республики, 2 изд․, М․, 1967; Рашид-ад-дин, Сборник летописей, т․ 1 (кн․ 1–2), т․ 3, М․–Л․, 1946–I960; Бартольд В․ В., Туркестан в эпоху монгольского нашествия, ч․ 1–2, СПБ, 1898–1900; Майский И․ М․, Монголия накануне революции, 2 изд․, М․, 1959; Златкин И․ Я․, Очерки новой и новейшей истории Монголии, М․, 1957; Очерки истории Монгольской народно-революционной партии, пер․ с монг․, М․, 1971; Ширендыб Б․, Народная революция в Монголии и образование Монгольской Народной Республики, 1921–1924, М․, 1956; Очерки экономики Монгольской Народной Республики, М․, 1969; Овдиенко И․ X․, Современная Монголия, М., 1964; Рощин С․ К․, Сельское хозяйство МНР на социалистическом пути, М․, 1971; Балдаев Р․ Л․, Народное образование в Монгольской Народной Республике, М․, 1971; Михайлов Г․ И․, Литературное наследство монголов, М․, 1969; Михайлов Г․, Яцковская К․, Монгольская литература, М․, 1969; Живопись Монгольской Народной Республики․ [Альбом], М., 1960; Майдар Д․, Архитектура и градостроительство Монголии, М․, 1972; Смирнов Б․ Ф., Музыкальная культура Монголии, М., 1963; Уварова Г․, Современный монгольский театр, 1921-1945, М․-Л., 1947․
ՄՈՆՂՈԼԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ 1921, հակաիմպերիալիստական, հակաֆեոդալական հեղափոխություն Մոնղոլիայում, որ կատարել են աշխատավոր անասնապահները (արաթները)՝ Մոնղ․ ժողովրդահեղափոխական կուսակցության (ՄԺՀԿ) ղեկավարությամբ։ Արաթների շարժումը սկսվել էր բարդ իրավիճակում, երբ Մոնղոլիան զավթեl էին չին․ ռազմամոլները և ռուս. սպիտակգվարդիական զորքերը՝ ճապոն. իմպերիալիզմի աջակցությամբ։ 1921-ի մարտի 1–3-ին տեղի ունեցած ՄԺՀԿ (մինչև 1925-ը՝ Մոնղ․ ժող․ կուսակցություն) I հիմնադիր համագումարն ընդունեց կուսակցության ծրագիր և զինված ապստամբության կուրս վերցրեց։ Փետրվարին ստեղծված պարտիզանական ջոկատները միավորվեցին Մոնղ․ ժող․ բանակի (ՄԺԲ) մեջ, շտաբի պետ և գլխավոր հրամանատար նշանակվեց Դ․ Սուխե Բատորը։ Մարտի 13-ին ընտրվեց ժամանակավոր ժող․ կառավարություն։ Մարտի 18-ին ՄԺԲ զորամասերը չին․ միլիտարիստներից ազատագրեցին Մայմաչեն (այժմ՝ Ալթան Բուլակ) քաղաքը, որից հետո պայքար ծավալվեց սպիտակգվարդիականների դեմ։ Հաշվի առնելով նրանց գերակշիռ ուժերը՝ ժամանակավոր ժող․ կառավարությունը դիմեց ՌՍՖՍՀ կառավարությանը՝ սպիտակ գվարդիականների դեմ համատեղ պայքարի առաջարկով։ Մայիսի վերջին–հունիսի սկզբին սովետա–մոնղոլական սահմանի շրջանում կարմիր բանակի, Հեռավորարևելյան Հանրապետության ժողովրդահեղափոխական բանակի և ՄԺԲ զորամասերը ջախջախեցին սպիտակգվարդիականներին, որոնք նահանջեցին հվ․։ Հունիսի 28-ին, ի պատասխան ժամանակավոր ժող․ կառավարության խնդրանքի, կարմիր բանակի զորամասերը մտան Մոնղոլիա և ՄԺԲ–ի հետ գործողություններ սկսեցին սպիտակգվարդիականների դեմ։ Հուլիսի 6-ին ազատագրվեց Մոնղոլիայի մայրաքաղաք Ուրգան։ Հուլիսի 10-ին կազմվեց մշտական ժող․ կառավարություն: Հաշվի առնելով ժողովրդի կրոնասիրությունը՝ կուսակցության ԿԿ որոշեց ժամանակավորապես պահպանել բոգդո գեգենին՝ միապետին (սահմանափակ իրավունքներով)։ Մ․ ժ․ հ–յան (որին աջակցում էին սովետական կոմունիստները և Կոմինտերնը) հաղթանակի հետևանքով երկրում հաստատվեց ժող․ իշխանություն, որը մոնղ․ ժողովրդի առջև ճանապարհ բացեց դեպի ազգային և սոցիալական ազատագրում, սոցիալիզմ և կոմունիզմ՝ շրջանցելով կապիտալիզմը։ 1924-ին Մոնղոլիան հռչակվեց ժող․ հանրապետություն։
Գրկ․ Чойбалсан X, Краткий очерк истории Монгольской народной революции, пер․ с монг․, М․, 1952․
ՄՈՆՂՈԼԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՄԺՀԿ)։ Կուսակցության հիմքերը դրվել են 1920-ի հունիսին, երբ, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցությամբ, մոնղոլական ժողովրդի ազգային–ազատագրական պայքարի վերելքի պայմաններում, երկրում գործող երկու ընդհատակյա հեղափոխական խմբերը (առաջացել էին 1919-ի կեսին, Ուրգայում, այժմ՝ Ուլան Բատոր) միավորվեցին հեղափոխական միասնական կազմակերպության՝ Մոնղոլական ժողովրդական կուսակցության (ՄԺԿ) մեջ։ Այս շրջանում երկրում աշխատավոր գյուղացիության արմատական շահերի արտահայտիչներն էին մի խումբ հեղափոխականներ՝ Դ․ Սուխե Բատորի և Խ․ Չոյբալսանի գլխավորությամբ։ ՄԺՀԿ կազմակերպորեն ձևակերպվել է կուսակցության I համագումարում (1921-ի մարտ), որտեղ ընտրվել է կուսակցության Կենտկոմ, ընդունվել քաղ․ ծրագիր։ Ծրագրում նշվել են գալիք հեղափոխության խնդիրները, իմպերիալիստական ճնշման վերացում, ազգային անկախության ձեռքբերում, ժող․ իշխանության հաստատում, երկրի հասարակական կյանքի դեմոկրատացում, որոշվել է առավել գործունյա կապեր հաստատել Կոմինտերնի հետ։ Շուտով ՄԺՀԿ ընդունվեց Կոմինտերն, իբրև համակիր կուսակցություն։ ՄԺՀԿ ղեկավարությամբ երկրում հաղթանակեց հակաիմպերիալիստական, հակաֆեոդալական ժող․ հեղափոխությունը (տես Մոնղոլական ժողովրդական հեղափոխություն 1921)։ 1921–24-ին, հաղթահարելով ֆեոդալների դիմադրությունը, կուսակցությունը հետևողականորեն իրականացնում էր երկրի հասարակական կյանքի հեղափոխական վերափոխման միջոցառումներ։ ՄԺՀԿ II համագումարը (1923) մի շարք փոփոխություններ մտցրեց կուսակցության ծրագրի և կանոնադրության մեջ։ Ձևակերպվեց այն դրույթը, որ կուսակցությունը դարձել է պետության ղեկավար և ուղղություն տվող ուժ։ Ծրագրում իրենց արտացոլումը գտան դեմոկրատական ցենտրալիզմի, կուսակցության անդամության լենինյան սկզբունքները։ Կուսակցության պատմության մեջ կարևոր տեղ է գրավում ՄԺՀԿ III համագումարը (1924), որը առաջ քաշեց Մոնղոլիան դեպի սոցիալիզմ տանող զարգացման ոչ կապիտալիստական ուղու մասին թեզը (նախատեսելով այս իրականացնել ՍՍՀՄ եղբայրական օգնությամբ)։ 1924-ի նոյեմբերին կայացած ժողովրդական մեծ խուրալը կուսակցության ԿԿ–ի III պլենումի (1924-ի հունիս) որոշման համապատասխան Մոնղոլիան հռչակեց ժող․ հանրապետություն և ընդունեց երկրի առաջին սահմանադրությունը։ Կուսակցության IV համագումարում (1925) ընդունված ՄԺՀԿ երկրորդ ծրագիրը կոնկրետացրեց կուսակցության խնդիրները երկրի ոչ կապիտալիստական ուղիով զարգացումն իրականացնելու համար։ Այդ ճանապարհին ՄԺՀԿ հաղթահարեց կուսակցության մեջ առաջացած «աջ» (1928) և «ձախ» (1932) թեքումները։ Այդ գործում ՄԺՀԿ–ին մեծ օգնություն ցույց տվեց Կոմինտերնը։
Մոնղոլական հեղափոխության անցումը դեմոկրատական փուլից սոցիալիստականի իր արտացոլումը գտավ կուսակցության X համագումարի (1940) որոշումներում։ Համագումարի ընդունած երրորդ ծրագիրը որոշեց երկրում սոցիալիզմի կառուցման հիմքերի ստեղծման գործում ՄԺՀԿ հիմնական խնդիրները։ Համագումարից հետո հրավիրված VIII ժողովրդական մեծ խուրալը (1940-ի հունիս) հաստատեց երկրի նոր սահմանադրությունը, որը օրենքի ուժով ամրապնդեց ՍԺՀԿ գլխավորությամբ