սոնատ)։ Հետագայում Մ․ գործածվել է ավելի ազատ՝ զուգակցվելով երաժշտական զարգացման այլ սկզբունքների հետ (Չայկովսկու 4–րդ, 5-րդ, Սեն Սանսի 3-րդ, Դվորժակի 9-րդ, Սկրյաբինի, Շոստակովիչի 7-րդ և այլ սիմֆոնիաները)։
ՄՈՆՈԼՈԳ (մոնո․․․ և հուն․ λόγος – խոսք, արտասանություն), տես Մենախոսություն։
ՄՈՆՈԽՈՐԴ (< հուն․ μονόχορδος – միալար, մոնո․․․ և հուն․ χορδή – լար), 1․ հին հունական միլարանի կսմիթային երաժշտական գործիք։ 2․ Երաժշտական–ակուստիկական ուսումնասիրությունների համար նախատեսված սարք։ Բաղկացած է ծայրերում 2 շեմիկներ ունեցող ռեզոնատորային երկարավուն փայտյա արկղից, վերին հնչերեսին ձգված մեկ լարից և շարժական հենակից։ Հայտնի է Պյութագորասի ժամանակներից (մ․ թ․ ա․ VI դ․)։ 3․ Հարմարանք դաշնամուրի մեջ, որի միջոցով մուրճիկը հարվածում է մեկ հնչյունի լարախմբի 2–3 լարերից միայն մեկին (ժամանակակից դաշնամուրներում Մ–ին համապատասխանում է ձախ ոտնակը)։ 4․ Մինչև XVIII դ․ կլավիկորդի անվանումը։
ՄՈՆՈԿԱՐՊ ԲՈՒՅՍԵՐ (մոնո․․․ և հուն․ καρπός – պտուղ, արդյունք), տես Միապտղաբեր բույսեր։
ՄՈՆՈԿԼԻՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ (մոնո․․․ և հուն․ χλίνω – հակել, խոնարհել), բյուրեղագիտական համակարգ, որն ընդգրկում է համաչափության երեք տեսակ կամ բյուրեղների երեք դաս․ ա․ դիէդրիկ առանցքային՝ երկրորդ կարգի մեկ բևեռային առանցք (), բ․ դիէդրիկ անառանցք՝ համաչափության մեկ հարթություն () և գ․ ռոմբա–պրիզմատիկ՝ երկրորդ կարգի առանցք, հարթություն և համաչափության կենտրոն ()։ Մ․ հ–ում հանդիպող բոլոր պարզ ձևերը բաց են, այսինքն՝ տարածություն չեն փակում։ Դրանք են՝ մոնոէդր (1 նիստ), դիէդր (երկու հատվող նիստեր), պինակոիդ (զուգահեռ երկու նիստեր) և ռոմբային պրիզմա (չորս նիստեր, որոնք հատվում են ըստ զուգահեռ կողերի)։ Մ․ հ–ին պատկանող բոլոր բյուրեղները օպտիկապես երկառանցք են։ Մ․ հ–ում են բյուրեղանում միներալների և արհեստական միացությունների բոլոր ուսումնասիրված բյուրեղների մոտ 42%–ը՝ գինեթթու, սախարոզա, կամֆորա, նավթալին, ինչպես նաև գիպսը, օրթոկլազը, մուսկովիտը, վոլֆրամիտը և այլ միներալներ։
ՄՈՆՈԿՈԻԼՏՈՒՐԱ երկրագործության մեջ (մոնո․․․ և լատ․ cultura – մշակում, զարգացում), 1․ տնտեսությունում մշակվող գյուղատնտեսական միակ կուլտուրա։ 2․ Մեկ տեսակ կուլտուրայի երկարատև, անընդհատ (կրկնվող) աճեցումը միևնույն հողամասում (դաշտ, բանջարանոց, մարգագետին)՝ առանց ցանքաշրջանառության (կուլտուրաների հաջորդափոխման) պահպանման։ Մ–ի դեպքում վատանում են հողի ֆիզիկական հատկությունները, նվազում հումուսի պարունակությունը, հողը միակողմանի ուժասպառվում է (օրինակ, հացահատիկային բույսերի երկարատև մշակումը միևնույն հողամասում հողը աղքատացնում է առավելապես ֆոսֆորով, շաքարի ճակնդեղինն ու կարտոֆիլինը՝ կալիումով, ընդավորներինը՝ ֆոսֆորով և կալցիումով), էրոզացվում ևն։ Դրա հետևանքով բերքատվությունը կտրուկ (1,5–2 անգամ) նվազում է։ Պարարտացումը միայն դանդաղեցնում է պրոցեսը։ Մ․ պայմաններ է ստեղծում մշակվող կուլտուրային հարմարված մոլախոտերի, վնասատու միջատների և հիվանդությունների հարուցիչների ինտենսիվ բազմացման համար։ Երկրագործության ինտենսիվացմանը զուգընթաց (ցանքաշրջանառությունների կիրառում) Մ․ դուրս մղվեց։
ՄՈՆՈՄԱԽԻ ԳԴԱԿ, ինքնակալության խորհրդանիշ Ռուսաստանում, ռուսական մեծ իշխանների և ցարերի թագը։ Ավանդության համաձայն, Մ․ գ․ (ոսկյա նրբահյուս սրածայր գլխարկ՝ պսակված խաչով, սամույրով, թանկարժեք քարերով, XIV դ․ միջինասիական գործ) ուղարկել է բյուզանդական կայսր Կոստանդին Մոնոմախն իր թոռանը՝ Կիևյան մեծ իշխան Վլադիմիր Մոնոմախին։ Մ․ գ–ով առաջինը թագադրվել է ցար Իվան IV (1547), սովորույթը պահպանվել է մինչև 1721-ը, երբ Մ․ գ․ փոխարինվել է կայսերական թագով։ Պահվում է Մոսկվայի Կրեմլի Զինապալատում։
ՄՈՆՈՄԵՏԱԼԻԶՄ (մոնո․․․ և հուն․ μεταλλέίον – մետաղ), դրամական համակարգ, երբ ընդհանուր համարժեք և դրամաշրջանառության հիմք է ծառայում որևէ մետաղ։ Կարող է լինել պղնձե, արծաթե, ոսկե։ Պղնձե Մ․ գոյություն է ունեցել Հռոմում (մ․ թ․ ա․ Ill–II դդ․), արծաթեն՝ Ռուսաստանում (1843–52), Հոլանդիայում (1847–75), Հնդկաստանում (1852–1893), Չինաստանում (մինչև 1935-ը)։ Ոսկե Մ․ սահմանվել է XVIII դ․ վերջին Մեծ Բրիտանիայում, իսկ XIX դ․ 2-րդ կեսից՝ նաև կապիտալիստական մյուս երկրներում (Ռուսաստանում՝ 1897-ին)։ Միամետաղ համակարգի պայմաններում շրջանառում են ոչ միայն ոսկե ու արծաթե, այլև թերարժեք դրամներ (օրինակ, ոսկե Մ–ի պայմաններում՝ պղնձե ու արծաթե դրամներ, նաև արժենիշներ)։ Կապիտալիզմի զարգացմամբ առավել տարածուն դարձավ ոսկե Մ․, իսկ առաջին համաշխարհային պատերազմից հետո այն փոխարինվեց բանկային տոմսերի ու թղթադրամների շրջանառությամբ։
ՄՈՆՈՄԵՐՆԵՐ (< մոնո․․․ և հուն. μέρος – մաս), ցածրամոլեկուլային նյութեր, որոնց մոլեկուլները ռեակցիայի մեջ են մտնում իրար կամ այլ մոլեկուլների հետ (տես Պոլիմերացում և Պոլիկոնդենսացում) և առաջացնում պոլիմերներ։ Պոլիմերվող Մ․ հիմնականում մոլեկուլում կրկնակի, եռակի քիմ․ կապեր
, , ևն (օլեֆիններ, դիենային և ացետիլենային ածխաջրածիններ, ալդեհիդներ ևն) կամ ցիկլային խմբավորումներ՝
- , ,
(օլեֆինների օքսիդներ, լակտամներ ևն) պարունակող խմբեր են։ Պոլիկոնդենսացող Մ–ի մոլեկուլներն ունեն երկու կամ ավելի ռեակցունակ (ֆունկցիոնալ) խմբեր, օրինակ, երկամիններ, երկկարբոնաթթուներ, ամինաթթուներ, գլիկոլներ ևն։ Եթե Մ․ ունեն երկու ֆունկցիոնալ խումբ, ապա նրանց պոլիկոնդենսացումից առաջանում են գծային, երկուսից ավելի դեպքում՝ ճյուղավորված և ցանցային պոլիմերներ։
ՄՈՆՈՄՈՏԱՊԱ, Մվենե Մուտապա, վաղ պետական միավորում Աֆրիկայում, Զամբեզի և Լիմպոպո գետերի միջագետքում։ Ստեղծել է մաշոնա ժողովրդի կարանգա ցեղը։ Մ․ ծաղկում է ապրել XIV–XV դդ․, երբ նրա քաղ․ ազդեցությունը տարածվել է միջագետքի սահմաններից դուրս գտնվող տարածքների վրա։ Մ–ի հասարակական–տնտեսական կառուցվածքը ձևավորվել է Զիմբաբվեի երկաթի դարի մշակույթի հիման վրա։ Կարանգայի գերագույն առաջնորդները, որոնք կրել են մվենե մուտապա տիտղոսը, ունեցել են քաղ․ և կրոնական մեծ իշխանություն։ Մեծ դեր է կատարել տոհմացեղային ավագանին, առաջացել են ռազմական դեմոկրատիային հատուկ պետ․ մարմինների տարրերի սաղմերը։ Մ–ում եղել է բնատնտեսություն։ Զգալի զարգացման են հասել երկրագործությունը, մետաղամշակությունը, խեցեգործությունը, մոնումենտալ քարաշինարարությունը, առևտրական կապերը։ Երկպառակտչական պատերազմների հետևանքով 1693-ին Մ․ կործանվել է ռոզվի ցեղերի կողմից։
Գրկ․ Фадеев Л․ А․, Мономотапа․ Древняя африканская цивилизация в междуречье Замбези-Лимпопо, в кн․։ Африканский этнографический сборник, т․ 4, М.–Л․, 1962․
ՄՈՆՈՆՈՒԿԼԵՈԶ ՎԱՐԱԿԻՉ, մոնոցիտային անգինա, գեղձային տենդ, Ֆիլատովի հիվանդություն (առաջին անգամ նկարագրել է Ն․ Ֆիլատովը՝ 1885-ին), սուր վարակիչ հիվանդություն, ընթանում է տենդով, անգինայով, ավշահանգույցների մեծացումով և արյան կազմի յուրահատուկ փոփոխություններով։ Հարուցիչը հավանաբար ֆիլտրվող վիրուսն է, որն ախտային է մարդկանց և կապիկների համար։ Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է կամ առողջ վիրուսակիրը։ Վարակվում են օդակաթիլային ճանապարհով։ Հարուցիչը շնչառական ուղիների լորձաթաղանթով անցնում է արյունատար անոթներ, արյան հոսքով տարածվում և ախտահարում ավշահանգույցները։ Գաղտնի շրջանը 6–18 օր է։ Հիվանդությունն սկսվում է ընդհանուր թուլությամբ, ջերմության բարձրացմամբ, կոկորդի ցավերով։ Նշագեղձերը պատվում են փառով։ Բնորոշ ախտանշանը պարանոցային ավշահանգույցների մեծացումն է, որոնք շոշափելիս ցավոտ չեն և չեն թարախակալվում։ Մաշկի և լորձաթաղանթների վրա երբեմն նկատվում են կետավոր արյունազեղումներ։ Լյարդը և փայծաղը մեծանում են։ Արյան մեջ ավելանում է լեյկոցիտների թիվը